ՃԻՉԸ` ՆԵՐՍՈՒՄ

Կարինե ԽոդիկյանԿարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Բարձրանում են Ծիծեռանակաբերդ: Դանդաղ, ծանրաքայլ, օրվա խորհրդին վայել հոգեվիճակով: Բարձրանում են Ծիծեռնակաբերդ: Սև պաստառներով, ծաղկեպսակներով, գարունն ու կյանքը շեշտող գունեղ ծաղիկներով: Բարձրանում են Ծիծեռնակաբերդ: Զույգերով, մենակ, գրկաչափ երեխաներով, ծեր ու ջահել:
Բարձրանում ենք Ծիծեռնակաբերդ: Ամեն մեկիս մտքում Օրվա խորհուրդն է ու նաև` օրվա հոգսը, Օրվա հեղձուկ հիշողությունն ու օրվա կենսական հարցերը:
Բարձրանում եմ Ծիծեռնակաբերդ: Մենակ եմ ու մենակ չեմ: Այս օրը կարծես ամբողջ երկիրն է տնից դուրս գալիս ու հորձանք տալիս այստեղ: Քայլում եմ: Նայում եմ ու չեմ նայում մարդկանց դեմքերին: Համոզված եմ, հիմա ամեն մեկն իր կռիվն է անում իմացյալ թշնամու հետ, Հիշողու­թյան թելը տանում-ագուցում արմատ-ու-սկիզբ կոչվողին ու մտածում` եթե չլիներ 15-ը, որտե՞ղ կլիներ ինքը` Երզնկայո՞ւմ, Մուշո՞ւմ, Նեմրութի փեշերի՞ն թե Վանա ծովի ափին… Քանի՞ անգամ եմ հարցրել ինձ ու չեմ գտել պատասխանը, որովհետև իմ Կարին-Էրզրումը իմն է ու իմը չէ…
Ինչո՞ւ եմ գրում այս տողերը, որոնք որքան էլ` իմը, նույնքան` ապրված ու ասված են բազմիցս: Գրում եմ, որովհետև այս տարի Ծիծեռնակաբերդ բարձրանալիս, առաջին անգամ այսքան տարիների ընթացքում, ես զգացի… բացակայողների ներկայությունը: Իմ երկիրը` ազատ, անկախ երկիրը լքած-արտագաղթածների ներկայությունը: Նրանց, որոնց թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, միայն վերջին հինգ տարիներին քառորդ միլիոնի հասավ: Նրանց, կրկին պաշտոնական տվյալներով` մոտ քսան հազարի, ովքեր հեռացան այս տարվա երեք ամիսներին: Վերջին օրերին ինտերնետում հայտնված մի լուսանկար` արված Իջևանում, երբ ընտանիքներն արդեն ավտոբուսներով են լքում իրենք ծննդավայրը, իր դաժան հանդարտությամբ միայն ապառաժը անտարբեր կթողներ… Ֆեյսբուքում Վահագ Ռաշ անունով անծանոթ մի ջահել մղկտում է. «Իմ շրջապատից միայն մինչև մայիսի վերջ երկիրը անվերադարձ կլքի 18 հոգի»: Ու մեր միջի ևս 40 տոկոսը, որ ամեն վայրկյան պատրաստ է թողնել ու հեռանալ…
Տարին գոնե մեկ անգամ ազգովի` բարձրաձայն կամ ճիչը ներսում պահած, արդարություն, դատ ու դատաստան ենք պահանջում օտարից ու թշնամուց: Իսկ ե՞րբ ազգովի արդարություն, դատ ու դատաստան կպահանջենք ինքներս մեզնից, նրանցից, ում «հասկացող» հայացքի ներքո ավելանում է Ծիծեռնակաբերդ բարձրացողների բացակայությունը: Այնքան, մինչև Երևանի մեկ այլ բլրի վրա վեր խոյանա Արտագաղթողի՞ հուշասյունը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.