ՂՐԻՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈ՞ՒՄ, ԹԵ՞… / Սամվել Կոսյան

Սամվել-ԿոսյանԻ պատասխան միջազգային հանրության ջանքերին` փրկելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Ղրիմի դեպքերը կայծակի արագությամբ են զարգանում: Կրկին փոխվել է հանրաքվեի ժամկետը՝ տեղափոխվելով մարտի 16-ին: Այդ օրը բնակիչները վճռելու են՝ ցանկանո՞ւմ են միանալ Ռուսաստանին, թե՞ մնում են Ուկրաինայի կազմում: Ավելի վաղ, Ղրիմի Բարձրագույն խորհուրդը դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ղրիմը որպես սուբյեկտ ՌԴ կազմում ընդգրկելու խնդրանքով, ինչի առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպում էր կազմակերպել: Հետևելով գերակշռող տրամադրություններին՝ անառարկելի է, որ հանրաքվեի արդյունքները գոնե 80 տոկոսով կանխատեսելի են: Խնդիրը Ռուսաստանն է՝ կընդունի՞ Ղրիմին: Այս առիթով կարծիքները տարբեր են: Ոմանք, հաշվի առնելով Արևմուտքի «հիստերիան», ենթադրում են, որ Ռուսաստանի ռեակցիան զուսպ կլինի, առավել ագրեսիվ մասի համար Ղրիմի որոշումը պետք է արագորեն քննարկվի Պետդումայում ու Ֆեդերացիայի խորհրդում և ապա ներկայացվի նախագահի ստորագրությանը: Այստեղ, Ղրիմի դեպքերի հետ կապված, զարմանալիորեն հաճախակիացել են հայտարարությունները ազգերի ինքնորոշման իրավունքի գերակա լինելու մասին: Մնում է ափսոսալ, որ Ռուսաստանում սրա մասին վերջերս են հիշել: 20 տարուց ավելի օրինական կարգով ինքնորոշված Ղարաբաղի պարագայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ռուսաստանը հնարավորինս խուսափել է այդ մասին բարձրաձայնել, երբ կարող էր, և ինչը թույլ կտար նրան ավելի կոնկրետ նախաձեռնությամբ հանդես գալ: Բայց, ինչպես ասում են, քաղաքականության մեջ ուժեղին իր շահերին հակառակ որևէ բան պարտադրելը վիրտուալ տիրույթից է: Շատ են նաև Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի ճակատագրի նմանության զուգահեռները: Թերևս երկու տարածքների նույնանման էջերի համադրությունը քիչ չէ: Սակայն, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, Ղրիմի հարևանները Թուրքիան ու Ադրբեջանը չեն: Ղրիմի ինքնորոշման ցանկության պարագայում Ուկրաինայում ջարդեր չկազմակերպվեցին, անգամ Արևմտյան Ուկրաինայում իրադարձությունների ամենաթեժ պահին ռուսաց լեզվի օր հայտարարվեց: Ատելության դաշտը, որի մեջ հայտնվել է Ղարաբաղը ու ընդհանրապես հայ ժողովուրդը, թույլ չի տալիս և դեռ երկար թույլ չի տա քաղաքակրթության, մարդասիրության, բարոյականության և բարիդրացիության մուտքը տարածաշրջան: Մյուս կողմից էլ, տարբերությունը մասշտաբների մեջ է: Հայաստանը Ուկրաինա չէ, և Ռուսաստանի ու աշխարհի համար նույնը չէ Հայաստանի և Ուկրաինայի նշանակությունը: Հայաստանը նաև Ռուսաստան չէ ինչպես ռազմական, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով: Հայաստանի դեպքում Արևմուտքը հազիվ թե պատրաստ լինի դիվանագիտական ավելի լուրջ ու գլոբալ զոհողությունների: Այսօր սեփական երկրի շահերի առաջնահերթություններն են կարգավորում համաշխարհային տնտեսության և քաղաքականության երթևեկությունը, և ավելի քան դժվարացել է որևէ մեկի կողմից ինքնագլուխ «կարմիր լույսի տակով» անցնելու հնարավորությունը: Ռուսաստանն էլ, չնայած իր ահռելի ռազմական, տարածքային ներուժին, դժվարությամբ պիտի կարողանա դիմակայել միջազգային հանրության ճնշումներին: Այնպես որ, քանի դեռ կրքերը չեն հանդարտվել, Ղրիմին իր կազմում ընդունելը մեծ ռիսկերի հետ է կապված: Այս պահին միգուցե առավել նպատակահարմարը փորձված սցենարով առաջնորդվելն է, որն իրեն արդարացրել է Հարավային Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի պարագայում, որոնք քանիցս որոշում են ընդունել միանալ Ռուսաստանին, սակայն ամբողջովին ռուսական ազդեցության տակ գտնվելով, նրանցից և ոչ մեկը Ռուսաստանի կազմում չէ: Ուկրաինայի նոր իշխանությունն, իհարկե, ջանքեր գործադրում է երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ, պատրաստ է քննարկել Ղրիմին ինքնավարության ավելի լայն լիազորություններ տալու հարցը, սակայն Ղրիմը վաղուց արդեն անհաղորդ է կիևյան ազդակներին: Ղրիմի ռուս և ռուսամետ բնակչության հնարավոր խոչընդոտը թերևս թաթարների ներկայությունն է, որոնք վախենում են՝ ՌԴ-ին միանալու դեպքում կսկսեն նեղել իրենց, և այս հարցով հակասության մեջ են մեծամասնության հետ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, դիմելով Ղրիմի թաթարներին, փորձել է քաջալերել նրանց. «Թող ձեզ մոտ անգամ հարց չառաջանա այն մասին, որ մենք իրադարձություններից դուրս կմնանք: Մենք առաջինը կշտապենք մեր եղբայրներին օգնության, որոնք դժվարության մեջ են հայտնվել»: Թուրքիայի նման աշխուժությունը պատահական չէ: Թուրքիան միշտ էլ հավակնություններ է ունեցել թերակղզու նկատմամբ: Սակայն ժամանակները փոխվել են, և նախկին շատ հաշվարկներ այլևս գործուն չեն: Ինչ վերաբերում է Ղրիմի դեպքերին, ապա հնարավոր է՝ մարտի 16-ի հանրաքվեից հետո աշխարհի գույնը փոխվի, աշխարհը դառնա ավելի հիվանդագին, հիստերիկ ու ագրեսիվ: Միաժամանակ պարզ կլինի՝ Ղրիմը ներառվո՞ւմ է Ռուսաստանի կազմում, թե՞…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.