Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ / Ջենովա

Ջենովան, ինչպես և ողջ Իտալիան, գիտեի գրքերից, նկարներից: Միջազգային ամենամյա պոեզիայի փառատոնին մասնակցելու հրավերը երջանիկ առիթ էր Ջենովան տեսնելու: Հոգնատանջ ճանապարհից հետո ահա վերջապես Ջենովա-հեքիաթը: Քաղաքը ծովի դիմահայաց բլուրների վրա է, մի շենքի տանիքը մյուսի առջև բացված պարտեզ է: Ծաղկածառերը վերևից հորդում են ներքև կամ ներքևից ոստնում վերև` գոյացնելով ծաղիկների ջրվեժներ… Ջենովան գիրք է, որ անվերջ թերթում ես, ու չի սպառվում: Այստեղ չկա արվարձան ու կենտրոն: Ամեն տեղ կենտրոն է ու արվարձան: Իրար են հաջորդում միջնադարյան պալատները, նեղ փողոցները` լվաց­քապարաններով կապկպված, թռչող շատրվաններով հրապարակները… Ապա երգեցիկ իտալերենը, ապա աղավնիները, որ սրճարանի սեղանի տակ քսմսվում են ոտներիդ, ապա անվերջանալի «գրացիաները», ժպիտները, հնադարն ու նորադարը՝ հյուսված իրար, և՛ կախովի այգիները ամենուր, և՛ բոլոր շենքերի քիվերից, պատշգամբներից թրթռացող ծաղիկների գորգերը: Փողոցներով վազում է ազատությունը, իսկ պարզ ու սրտամոտ սրճարաններում նստած է կյանքի թեթևությունը: Առաջին իսկ պահից ինձ համակել էր մի զգացողություն` ամեն ինչ այս քաղաքում ճիշտ է. անբռնազբոս հագնված աղջիկները, հսկայական բուրավետ ծառերը, անձրև-արև իրար հաջորդող խաղերը, նեղ բակերում հարմարեցրած ռեստորանները, առյուծների մարմարյա վիթխարի արձանները, որոնց մեջքին խաղում են երեխաները, Գարիբալդիի ձիարձանը հրապարակի մեջտեղում, մեր «Աստորիա» հյուրանոցը, որ առանձնապես չէին արժևորում տերերը, քանի որ այնքան էլ հին չէ, ընդամենը 16-րդ դար… Ամեն բան ճշտիվ իր տեղում էր, կյանքով լի և երազային:
Պոեզիայի փառատոնն անցկացավ սրճարաններում, բաց և սրտամոտ շփումներով, իհարկե, եղան նաև դահլիճային ընթերցումներ: Մեր խմբին (Կարինե Աշուղյանին, Ռուզաննա Ոսկանյանին և ինձ) լավ ընդունեցին ունկնդիրները: Քաղաքի և իտալական կյանքի առանձնահատկություններն ընկալելուն մեզ շատ օգնում էր խմբի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը՝ իր բազմիմացությամբ, իսկ թարգմանիչ Սուրենը, որ սովորել էր Ֆլորենցիայի համալսարանում, հաշվենք, որ հերանց էր եկել:
Հնգօրյա երազից հետո ան­հնար էր Ջենովային հրաժեշտ տալ: Քանի օր է` վերադարձել եմ, բայց արդյո՞ք վերադարձել եմ: Ջենովան սեր է, սիրուց չեն բաժանվում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.