ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Ղուկաս ՍիրունյանԵրկարատև հիվանդությունից հետո, կյանքի 68-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, 1980 թվականից ՀԳՄ անդամ Ղուկաս Սիրունյանը:
Ղ. Սիրունյանը ծնվել է 1949 թվականին, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): 1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ, «Ազատամարտ» շաբաթաթերթում: 1998-2010 թթ. եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության «Զինուժ» ծրագրի գլխավոր խմբագիրը: 2010-13 թթ. ԼՂՀ Քաշաթաղի շրջանում զբաղվել է ուսուցչությամբ: 2014-ից Հայաստանի գրողների միության գործադիր տնօրենն էր:
Հեղինակ է մեծերի և մանուկների համար գրված երկու տասնյակից ավելի չափածո և արձակ գրքերի: Այդ թվում`«Իրիկուն բարի, դարձիր առավոտ» (1977), «Մայրամե» (1984), «Տապանի վրա» (1996), «Գլոբուսով ճուտիկը» (2006), «Իմ թվերը» (2013), «Կակտուսի սերը» (մանկական պատմվածքներ) (2013), «Ուշացած կապիկներ» (2007), «Պիղատոսի արցունքները» (2014), «Բաց արեք, ես եմ» (2016), որոնք ջերմ ընդունելություն են գտել ընթերցողների ու մասնագետների կողմից, թարգմանվել մի շարք լեզուներով: Գրել է նաև կինոսցենարներ:
Ղ.Սիրունյանի մանկական երկու գրքերը` «Աստղածաղիկ» (1988) և «Տառափնջիկ» (2011), արժանացել են ՀԳՄ «Տարվա լավագույն գիրք» մրցանակին, իսկ 2007 թ. «Ուշացած կապիկներ» վեպին շնորհվել է Ռուսահայերի միության կողմից սահմանված գրական մրցանակ:
Իր գրական ծանրակշիռ վաստակի համար Ղուկաս Սիրունյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալով, իսկ «Բաց արեք, ես եմ» (2016) ժողովածուն արժանացել է ՀՀ նախագահի գրական մրցանակին:
Տաղանդավոր, սիրված բանաստեղծի, գրական կյանքի հմուտ կազմակերպչի, սրտացավ ընկերոջ, հայրենասեր հայի` Ղուկաս Սիրունյանի հիշատակը մշտապես վառ կմնա բազմաթիվ ընթերցողների, նրա արվեստը գնահատողների, գրչընկերների, մտերիմների ու հարազատների սրտերում:

Հայաստանի գրողների միության վարչություն

Նա ոչ մի տեղ էլ չի գնացել

Ցավալի, շատ ցավալի է Ղուկաս Սիրունյանի` բանաստեղծի, ընկերոջ, հայ մարդու կորուստը բոլորիս համար: Նրա բացակայությամբ անպայման մի կարևոր երանգ, գույն պակասելու է մեր գրական հանրության, ընդհանրապես ժողովրդի կյանքում: Անկասկած, կարոտելու ենք իր նախնիների բնօրրան Մուշ-Սասունի արմատներից սնված, տոհմիկ բառ ու բանը արյան մեջ կրող նրա մարդկային կերպարն ու արվեստագետի մի քիչ հախուռն, սովորական չափ ու ձևի մեջ չտեղավորվող հոգին, որ նրա ստեղծած բազմաթիվ ու բազմատեսակ բանաստեղծական գյուտերի աղբյուրն էր:
Այս ծանրագույն պահին, թերևս, մի մխիթարություն կարող ենք ունենալ, որ Ղուկասն ինքը, մի տեսակ, օլիմպիական հանգստությամբ, իմաստասիրական խորքերից, տիեզերական բարձունքներից էր նայում ընդհանրապես մարդու երկրային, ֆիզիկական գոյությանը և անմահության իր ուրույն հիմնավորումն ուներ, որն, ի վերջո, հանգում էր հոգիների վերամարմնավորման գաղափարին ու հավատին: Վկան` «Բալլադ հարազատներիս համար» քերթվածի տողերը`

Կհարցնեք` որտե՞ղ եմ, ինչո՞ւ չեմ գրում.
ասեմ` չեմ մեռել,
ես մեկից դարձա…
խոտ, կանաչ,
շրշացող, արև ու ջուր սիրող:
Շուտով կստանամ
անուն, և եթե Աստված կամենա`
նաև դեղաբույսի
վկայական, որովհետև խոտերը հաշվի են
առնում պոետ լինելս,
որը մարդաշխարհում հոգիներ է բուժել:

Վերջապես, չափազանց խորհրդանշական է Ղուկաս Սիրունյանի վերջին ժողովածուի խորագիրը` «Բաց արեք, ես եմ», որը վկայում է, որ նա ոչ մի տեղ էլ չի գնացել, բավական է որևէ մեկը բաց անի նրա գրքերը և այնտեղ անպայման կգտնի բանաստեղծի` ժողովրդի տագնապներով և հույսերով ներծծված միտքը, բաբախող սիրտն ու հոգին, այն հոգին, որը, ինչպես ինքն էր սիրում անընդհատ կրկնել, ստեղծված էր մարդուն սփոփելու համար:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Իմ ընկերը

Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծական հրաշալի ժողովածուն համալրվեց ևս մեկ թվով. մահվան առթիվ: Բայց դա դեռ վերջը չէ:
Որովհետև սկսվում է Բանաստեղծի հավերժի երթը Հայաստան աշխարհով և մեզ հետ, մեր կողքին:
Ղուկաս Սիրունյանի հոգում միավորվել են թե՛ Էրգրի, թե՛ Ուջանի և թե՛ Երևանի հանդեպ սերը, նրա ստեղծագործություններում ընթերցողի համար հարազատ են դառնում թե՛ նախնիների իդիլլիկ կյանքը ծաղկաշեն ու դաղձահոտ դաշտ ու սարերում, թե՛ համալսարանի միջանցքներում աղմկող ուսանողների սրամիտ զրույցները, թե՛ հոր, հոպարների, Արամ և Ղրիմ եղբայրների մշակած այգիները: Այդ այգիների թավիշ կանաչի վրայով քայլելիս ոտքը չի ծակի ոչ մի փուշ ու տատասկ:
«Գարնանը» բանաստեղծության մեջ Ղուկասը գրում է. «Գարունը այնքան մանուկ է, որ չգիտեմ` ինչ լեզվով խոսեմ հետը»:
Ո՛չ, բանաստեղծ, դու տիրապետում ես թե՛ մանկան հետ զրուցելու և թե՛ մեծերին ոգևորելու, դեպի վեր բարձրացնելու մոգական հատկություններով օժտված լեզվին:
Քո պոեզիան, արձակը, մանկական գործերը անհնարինը դարձնում են հնարավոր:
Եվ հանկարծ պարզվում է` Հրազդան գետում լողացող մանչուկներից մեկը Երևան քաղաքն է. «մազերին ռեհանի բույր էր, իսկ սրտից լսվում էր հին բակերի զվարթությունը»:
Ղուկաս Սիրունյան, ինչ խայտաբղետ օձի կաշվի փայլփլուն և բազմագույն կյանքով ապրեցիր: Կյանքի կեռմանները երբեք քեզ չփոխեցին: Միշտ անկեղծ, միշտ հանդուրժող, միշտ բարի…

Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Սիրելի Ղուկաս Սիրունյան

Մահվան ամենատես և ամենահաս ձեռքը հասավ նաև քեզ, քեզ, որ մեզանից ամենակենսախինդն էիր և բոլորովին նման չէիր մեռնողի: Ափսոս, հազա՜ր ափսոս.. քո բարի և անզուգական նկարագրին:
Ավա՜ղ, փակվեց քո կյանքի շրջանը, և կարող ենք ետ նայել անցած ճանապարհիդ… Դա հոգու ճանապարհ է` ընդդեմ մարմնի, ոգու ճանապարհ` ընդդեմ նյութի: Պոետական և պոետի մաքուր ճանապարհ է, որի մասին Սայաթ-Նովան կասեր` «հոգու խաթրու մարմնի ումբրը կես անող» ճանապարհ:
Ահա թե ինչու մարմինդ չդիմացավ:
Որքան ծրագրեր թողեցիր կիսատ, թողեցիր, մանավանդ, կիսատ տներ, որ փորձում էիր կառուցել ողջ կյանքիդ ընթացքում: Ո՞վ է դրանք ամբողջացնելու:
Խաղաղություն քո բազմատանջ մարմնին, խաղաղություն քո անհանգիստ հոգուն:
Արա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Թողեց ապրող
տող ու հաստատուն գիր
Իր մանկության եզերքում Էրգրի մասին չմարող զրույցներով էր սնվել-ձևավորվել, որոնք «իմ կյանքը լցրել էին մղձավանջներով»՝ ասաց մի օր: Երբեմն մի քիչ կտրուկ էր՝ իր նախնիների հանգվույն, արտաքուստ` խաղաղ, ներքուստ ալեբախումներով էր լի, որ մի պահի մեկ էլ պոռթկում ու դառնում էին ապրող տող ու հաստատուն գիր:
…Ցավը գամել էր անկողնուն, ու գիտեինք, որ իր համար դժվար պիտի լինի, թեկուզ ընկերական զրույցների ժամանակ մենք մեզ հուսադրում էինք… հույսն իր վրա դնելով. «Ղուկասը պինդ տեսակ է, կհաղթահարի…»: Չեղավ, չստացվեց: Ու հիմա ինքն էլ դարձավ հավերժի ճամփորդ` ասվածը պահ տալով մեզ, թողնելով չասվածի ափսոսանքը:
Նա այլևս պակասելու է որպես հարուստ ներաշխարհով ընկեր, բայց մնալու է որպես տաղանդավոր բանաստեղծ: Եվ իր հայրենի Ուջանի տարեգրության մեջ է նաև ապրելու՝ որպես նվիրյալ զավակ ու նախնյաց պատգամների հավատավոր շարունակող: Եվ առաջին հերթին՝ «Հեյ, Ուջան, հեյ, ուջանցիներ» փաստագրական գրքով, որի էջերում գաղթի ցավոտ ճանապարհներով անցած իր համագյուղացիներն են կամ նրանց զավակները: Այր էր ու պոետ և այդպես էլ հիշվելու է իրեն ճանաչող, գնահատող սիրողների առօրյայում ու գործերում:

Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Ես չմեռա 10 տարեկանում,
որովհետև բարձր ծերպեր
չէի մագլցել
և ոչ մի անգամ դեռ
չէի ընկել ցած։

Ես չմեռա 20 տարեկանում,
որովհետև շատ էի ուզում
իմանալ, թե ինչ կա
փակ դռան հետևում իմ
խարտյաշ տանտիրուհու…

Ես չմեռա 30 տարեկանում,
որովհետև նկատեցի
Աստծո սրունքները
և ցանկացա տեսնել
դեմքը նրա։

Ես չմեռա 40 տարեկանում,
որովհետև վերջացել էր
մանկությունը
և շատ էի ուզում իմանալ, թե
ինչ է սկսվելու հետո։

Ես չմեռա 50 տարեկանում,
որովհետև հոգնած էի և
շատ էի ուզում
վերջապես գտնել իմ
տան ճանապարհը։

Ես չմեռա 60 տարեկանում,
որովհետև նկատեցի`
սարսափելի խորունկ է
երկինքը
և ներքևից նայելը ավելի
հարմար է,
քան այնտեղ լինելը նույնիսկ։

Միայն թե իմանաք դուք,
իմ մտերիմներ,
թե որքան դժվար եմ հասել ձեզ և որքան դժվար եմ
պաշտպանվել ձեզնից,
թե չէ` ինչպես կապրեի
այսքան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.