ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս ԲԱԿՈՒՐԻՆ (ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ) ծննդյան 75-ամյակի առթիվ

ԲԱԿՈՒՐԸ …

Ես ամենևին չեմ կասկածում, որ հայ պատմաբանները կուսումնասիրեն և կլուսաբանեն Հայաստանի գրողների միության անգնահատելի դերը մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարթոնքի գործում, որը ստացավ «Ղարաբաղյան շարժում» անունը: Հավանաբար, արխիվներում պահպանվում են կուսակցական կամ թե ոչ կուսակցական ժողովների արձանագրությունները, գրողների ելույթների տեքստերը, պարբերական մամուլում լույս տեսած հողվածները: Օրինակ, հիշում եմ դեռևս 1987-ի սկզբին գրողների ընդհանուր ժողովին մենք քննարկում էինք հայկական պատմական երկու մարզերը Հայաստանի ԽՍՀ-ին միացնելու նպատակով Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության հանրաքվե անցկացնելու հարցը: Այնտեղ էլ որոշեցինք, որ մեր գրչակից ընկերներից մեկին Նախիջևան ուղարկելու խնդիրը (ԼՂԻՄ-ի հետ կապված նման հարց չկար): Եվ ահա Գրողների միությունը միաձայն որոշում ընդունեց Նախիջևան գործուղել Արցախյան շարժման բացառիկ գործիչներից մեկին` գրող, հրապարակախոս, տարեգիր ու տաղանդավոր հեռուստամեկնաբան Բակուր Կարապետյանին:
Ասեմ, որ այն ժամանակ թուրքերն ու կովկասյան թաթարները, որոնք չգիտես ինչու «ադրբեջանցիներ» անունը ստացան, վստահ էին, որ հայերը վաղուց են հաշտվել իրենց վիճակված «զոհի սինդրոմին»: Դա տիպիկ թուրքական ինքնախաբեություն էր: Ու դրանում համոզվել էր Բակուր Կարապետյանը` Արցախյան գոյապայքարի ամենաակտիվ մարտիկներից մեկը: Իրականացնելով Գրողների միության առաջադրանքը՝ նա հանդիպեց նախիջևանյան մեր համերկրացիներին: Չնայած խիստ նախազգուշացումներին ու հետապնդումներին, երկրամասից հեռանալու պահանջներին, Բակուրը եղավ հայկական բնակավայրերում, կարողացավ հսկայական նյութ հավաքել Նախիջևանում հայերի նկատմամբ եղեռնի շարունակության մասին: Այն ժամանակ հեշտ չէր հրապարակել նրա բերած նյութերը, սակայն դրանց մի մասը, այնուամենայնիվ, լույս տեսավ մամուլում: Ահա թե ինչ էր գրում նա. «Նախիջևանի «Թավրիզ» հյուրանոցի դիմաց Հին Ջուղայից հայկական մշակույթի եզակի նմուշներ էին բերել, որոնք հոշոտված, վնասված էին, հայերեն վիմագրերը` ջնջված: Երկրագիտական թանգարանում հայկական ոչ մի ցուցանմուշ չկար: Նախիջևանի շրջակայքում ես տեսել եմ, թե ինչպես են ոչնչացվում հայկական պատմամշակութային հուշարձանները: Ագուլիս քաղաքում հիմնահատակ ոչնչացվել են տասներկու վանքեր և եկեղեցիներ: Քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո հոշոտվում են համաշխարհային տաճարային ճարտարապետության գլուխգործոցները»:
Խոստովանեմ, որ դժվար է գերագնահատել գրող և կինոգործիչ Բակուրի դերը մեր սուրբ գոյապայքարում: Եվ, իրոք, ես կատարյալ սխրանք եմ համարում ոչ միայն մեր պատմության համար նրա արձակ ու վավերագրական էջերը, այլև նրա նկարահանած կենդանի կադրերը: Ու ամենագլխավորը, նա միշտ այնտեղ էր, որտեղ տեղի էին ունենում հայկական հերթական դրաման, ողբերգությունները: Նա առաջինն էր (ու երևի թե վերջինը), ով տեսախցիկով հայտնվեց արյունոտ Սում-գայիթում, որտեղ կոտորում, սպանում էին հայ բնակչությանը: Բակուրը, իրոք, ամենաթեժ կետերում էր: 1988-ի նոյեմբերի 24-ին էր, երբ ինձ զանգահարեց թուրք գրոհայիններով շրջապատված Կիրովաբադի հայկական թաղամասից: Այնտեղից նրա բերած կադրերում թուրքերի վայրագություններն են, նույն եղեռնի ճյուղավորումներից մեկը:
Իհարկե, դժվար է թերթային փոքրիկ ու նեղ շարվածքում տեղավորել մեր հոբելյարի հերոսությունների բոլոր պատմությունները: Սակայն ձգտել եմ կարճ տողագլուխներով ընթերցողներին պատմել Բակուրի մի քանի իսկական սխրանքների մասին:

Զորի ԲԱԼԱՅԱՆ

ԲԱԿՈՒՐԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՅԱՊԱՏՈՒՄԸ

Բակուր Կարապետյանի համար կարելի է ասել, որ նա ստեղծեց մի յուրօրինակ գրականություն՝ համադրական արձակ: Վերջինս հիմնված է պատմության և փաստերի ուսումնասիրման, արցախյան և ընդհանրապես ազգային մտահոգությունների հրապարակախոսական հարցադրումների և դրանք գեղարվեստորեն արտահայտելու վրա:
Բակուր Կարապետյանին կարելի է համարել Րաֆֆու փաստաուղեգրական արձակի շարունակողը: Խորհրդանշական է, որ թե՛ 19-րդ և թե՛ 20-րդ դարերում մղում տվողը եղել է Արցախի անցյալն ու ապագան:
Մեծ խորհուրդ կա և այն իրողության մեջ, որ 1981 թ. Բակուր Կարապետյանը գնացել է Թբիլիսիի և այնտեղից անցել այն ճանապարհով, որով Րաֆֆին էր անցել հարյուր տարի առաջ, որի համար ուղեգրությունն անվանել է «Հարյուր տարվա երկխոսություն»: Հարյուր տարին մեծ ժամանակահատված է, և թվում է, թե աշխարհայացքային առումով սերունդների մեջ վեճ պետք է լինի: Երկխոսությունը, սակայն, բանավեճի չի վերածվում, որովհետև Րաֆֆու ցավն ու մտահոգությունը փոխանցվում են մերօրյա հեղինակին: Նա դառնում է նույն ցավերի արտահայտողը, որովհետև անցնող հարյուր տարիների ընթացքում եթե որևէ բան փոխվել էր, ապա հօգուտ Արցախի չէ, որ փոխվել էր:
Ուղեգրությունը յուրօրինակ կառուցվածք ունի: Անցնելով Րաֆֆու ճանապարհով՝ նույն այդ ճանապարհի տարբեր բնակավայրերի, հուշարձանների ու աղբյուրների մասին վկայակոչում է Րաֆֆու 1880-ական թթ. գրածը և վերջինիս ավելացնում 1980-ական թթ. իր գրառումները:
Ինչպես որ Րաֆֆին ժամանակին նշել էր իր մտահոգությունները, այնպես էլ նա ավելացնում է նորերը: Րաֆֆին գեղարվեստական ենթատեքստով գրել էր ցարական գրաքննության պայմաններում, նույն ենթատեքստով իր հարցադրումներն է Բակուր Կարապետյանը կատարում Խորհրդային Միության փլուզմանը նախորդող տարիներին:
Երկու ուղեգրությունների երթուղին անցնում է Հյուսիսային Արցախով՝ Շահումյանի շրջանի մի քանի գյուղերով, ապա և Մարտակերտի այն գյուղերով, որոնք այսօր կա՛մ գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո և կա՛մ էլ 1992-94 թթ. և այս ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների թատերաբեմ էին:
Այս տեսանկյունից առանց խորը ցավի և հուզմունքի հնարավոր չէ կարդալ ուղեգրության այն հատվածները, որոնք վերաբերում են այժմ հակառակորդի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերին:
Հայրենի աշխարհի ճանապարհներով ձգվող ուղեգրության ժանրին իր նվիրվածությունը և գրական վարպետությունը նա նույն շրջագծում ցույց տվեց նաև «Երկխոսություն Քարվաճառի ճանապարհին» (Երևան, 2005 թ.) գրքում: Դարձյալ անցյալի և ներկայի զուգահեռով գրված այս ուղեգրությունը, սակայն, ունի մի էական տարբերություն: Այստեղ ևս թեև կան տարբեր մտահոգություններ՝ կապված Արցախի հետ, սակայն դրանք արդեն կապվում են մեր երկրի և ժողովրդի ունեցած պատասխանատվության ու հավաքական կամքի հետ:
Համադրական արձակի մի դրսևորում է նաև «Շուշեցու հիշատակարանը», որը հեղինակն անվանել է պատմավեպ, թեև այստեղ ներկայացվում են 1910-1970-ական թթ. իրադարձությունները: Այն թեև մասամբ նաև մեր ապրած կյանքն է ներկայացնում, սակայն այսօրվա տեսանկյունից իրապես թվում է հեռավոր պատմական մի անցյալ:
Այս գործը ոչ թե փաստավավերագրություն է, այլ փաստավավերագրական գրականություն, որն առաջին հերթին արտահայտվում է գլխավոր հերոսի ընտրությամբ: Վերջինս ոչ թե հավաքական, ընդհանրացված կերպար է, այլ արցախյան գյուղերից մեկի իրական բնակիչ: Այս վեպը բնորոշ մի օրինակ է, թե ինչպես մեկ մարդու միջոցով կարող է բեկվել և արտացոլվել ժողովրդի պատմությունը: Վեպի հերոսը ինը տարեկանում տեսնում է Շուշիի 1920 թ. կոտորածը, ապա՝ 1920-30-ական թթ. դժվարին տարիները, անցնում է Հայրենական մեծ պատերազմի ճանապարհներով, գերի ընկնում, գերությունից վերադառնում և հայրենի Արցախում շարունակում ապրել աներեր նույն կենսափիլիսոփայությամբ, որ դժբախտ են նրանք, ովքեր գտնվում են հայրենի հողից հեռու:
Գլխավոր հերոսի իրական անձնավորություն լինելը ավելի ընդգծելու համար գրքում բերված են հերոսի լուսանկարը և տարբեր փաստաթղթեր:
Ընդհանրապես անհրաժեշտ է նշել, որ Բակուր Կարապետյանի արձակի յուրահատկություններից մեկը շարադրանքը համապատասխան լուսանկարներով զուգակցելն է, որն առավել արտահայտիչ է դարձնում ասելիքը, հատկապես ուղեգրությունների դեպքում:
Շնորհավորելով հոբելյարին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ մաղթենք, որ նույն եռանդով ու նվիրվածությամբ նա անցյալի, ներկայի ու ապագայի ժամանակային երեք չափումներով ներկայացնի Արցախ աշխարհը տարբեր տես- անկյուններից, այնտեղ ապրող ժողո-վրդով ու նրա հարուստ և հերոսական պատմությամբ:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
գրականության ինստիտուտի տնօրեն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.