ՀԳՄ նախագահը «Փոքրիկ Նոբելյանի» հավակնորդների ցանկում է

Մանկագրության ոլորտում հեղինակավոր «Հանս Քրիստիան Անդերսեն» գրական միջազգային մրցանակի հավակնորդների թվում է նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Մրցանակաբաշխությանը ներկայացվել են աշխարհի լավագույն մանկագիրների անունները: Սա ամենահեղինակավոր գրական մրցանակն է մանկագրության ոլորտում, որը կոչում են նաև «Փոքրիկ Նոբելյան»:
Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ռուզան Տոնոյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ «Հանս Քրիստիան Անդերսեն» գրական մրցանակը շնորհվում է Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի կողմից, 1953-ին հիմնադրված այդ միջազգային կառույցին 77 երկիր է անդամակցում, Հայաստանն այդ կառույցի անդամ է 2012-ից: Հայաստանյան մասնաճյուղի նախագահն ասում է, որ այդ կառույցն ամբողջ աշխարհում զբաղվում է գրքի քաղաքականության խթանմամբ և զարգացմամբ: Ինչ վերաբերում է մրցանակաբաշխության կարգին, ապա թեկնածուին ներկայացնում է յուրաքանչյուր երկրի ազգային կոմիտեն. «Անդամ երկրները պետք է ունենան ազգային կոմիտեներ, որոնք էլ ներկայացնում են թեկնածուին: Այսինքն՝ Միլիտոնյանի թեկնածությունը Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղն է ներկայացրել»: 2 տարին մեկ անցկացվող միջազգային այս մրցանակաբաշխությանը Հայաստանն առաջին անգամ է հայտ ներկայացրել, քանի որ այդ կառույցին մեր երկիրն անդամագրվել է 2012-ից: Տոնոյանից հետաքրքրվեցինք՝ հայաստանյան մասնաճյուղը միայն Միլիտոնյանի թեկնածությո՞ւնն է քննարկել, թե՞ եղել են նաև այլ թեկնածուներ: «Այո, քննարկել է, այնտեղ կան որոշակի չափորոշիչներ, և ասեմ, որ այդքան հեշտ չէր ընտրություն կատարել, որովհետև ներկայացվող թեկնածուն նվազագույնը 10 գրքի հեղինակ պետք է լինի, այդ գրքերը պետք է թարգմանված լինեն աշխարհի տարբեր լեզուներով, ունենա նախկինում ստացած գրական մրցանակներ, լինի ապրող, ստեղծագործող գրող և որոշակի մասսայականություն վայելի իր երկրում ընթերցողների շրջանում: Ահա, այս բոլոր չափանիշները հաշվի առնելով, մենք ընտրեցինք Էդվարդ Միլիտոնյանին, որն այս պահին ամենահարմար և արժանի թեկնածուն էր»,- ասում է Ռուզան Տոնոյանն ու ընդգծում, որ մրցանակը տրվում է ոչ թե գրքին, այլ հեղինակին՝ մանկագրության մեջ ծավալած գործունեության համար: Իսկ ժյուրիի անդամների կողմից հաշվի են առնվում նաև այդ գրքերի գրական-գեղարվեստական մակարդակը, երևակայությունը զարգացնելու ունակությունը:
Մրցանակակիրներին ընտրելու համար գործում է 10 հոգանոց անկախ ժյուրի՝ աշխարհի տարբեր երկրներից: Ըստ այդմ, ներկայացված 77 թեկնածուներից մրցանակային փուլ են անցել 33 երկրի գրողներ, որոնց թվում՝ նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Հաղթողը հայտնի կդառնա 2018-ին: Մրցանակը կտրվի Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տարեկան կոնֆերանսի ժամանակ՝ 2018-ին, Ստամբուլում: Պարգևն իրենից ներկայացնում է ոսկե մեդալ և վկայագիր: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ուրախ է, որ այդ 10 հոգանոց միջազգային ժյուրիում հայ չկա, թե չէ կասեին՝ ինչ արեց, այդ հայն արեց: Նա մի քանի անգամ շեշտում է, որ իր թեկնածությունը ոչ թե Գրողների միությունն է առաջադրել, այլ՝ միջազգային կառույցի հայաստանյան մասնաճյուղը, ինքը տրամադրել է միայն անհրաժեշտ նյութերը: Միլիտոնյանն ընդգծում է՝ 33 մանկապատանեկան գիրք է հեղինակել, որոնցից 15-ը տպագրվել են այլ լեզուներով, իսկ ստեղծագործությունները՝ գրեթե 30 լեզվով, չհաշված միջազգային և հայաստանյան մրցանակները: Որից հետո հավելում է, որ արտասահմանում տպագրված իր բոլոր գրքերը հրատարակվել են միայն դրսի թարգմանիչների և հրատարակիչների գումարով. «Հայաստանն այդտեղ մատը մատին չի խփել, և հիմա էլ մի քանի գիրք հրատարակել եմ իմ անհատական միջոցներով: Հետո՝ խնդիրն այստեղ իմ անձը չէ, այլ՝ այն, որ առաջին անգամ հայկական մանկապատանեկան գրականությունը հայտնվում է աշխարհի մանկապատանեկան գրականության քարտեզի մեջ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.