ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ ՀԱԶԱԶԻ ՁՈՐԻ ԵՂԵՌՆԸ / Արմինէ ՄԻՆԱՍԵԱՆ

image001

image002

image003

image004
Նիւ Եորք

1988 թուականի ահաւոր երկրաշարժից յետոյ, գրեթէ ամեն տարի այցելում եմ Հայաստան, ի մասնաւորի Սպիտակ, երկրաշարժից վերապրող՝ Մարինէ Ասատրեանին: Խօսակցութեանս պահին նրանից խնդրեցի որոշ տեղեկութիւններ մօտակայ շրջանից: Խորը վշտով նա անդրադարձաւ Հազազի Ձորում տեղի ունեցած կոտորածի մասին:
Սպիտակից դէպի Երևան վերադառնալիս, ճանապարհին վարորդից խնդրեցի որ կանգ առնի Հազազի Ձորում, վայրը տեսնելու և նկարահանելու համար: Տեղում երևում էին մի քանի յուշարձաններ նուիրուած 1920 թ. զոհերի յիշատակին, բայց կար նաև այս վերջին տարիների կեանքից հեռացած անուանի մարդկանց յիշատակին տեղադրուած այլ յուշարձաններ, որում, այսօր կայ տարակարծութիւններ այդ մասին, որ վայրը պիտի պահպանուի միմիայն 1920 թ. զոհերի յիշատակումի համար: Նաև նկատեցի որ մի խումբ մարդիկ սփռոցը փռած, պարային նուագի բարձր տրամադրութեան տակ կեր ու խում էին անում, զուարճանում: Անկարող եղայ զայրութս ու մարդկային վիրաւորանքը թաքցնել: Մօտեցայ և համեստօրէն ասացի, այս վայրը մեր երկրորդ Տէր Զօրն է, Ծիծեռնակաբերդն է, կարևոր է որ մենք յարգանքով մօտենանք… Դուրները չեկաւ, յատկապէս որ արտասահմանից եկած մէկն էր իրենց նկատողութիւն անում: Յոյս ունենք որ նման մարդիկ աւելի խոհեմ ու պատասխանատու կը լինեն իրենց արարքի նկատմամբ: Յիշենք ու յարգենք մեր անմեղ զոհերի յիշատակը:
Հազազի Ձոր, Ջարդի Ձոր, Հերհերի Ձոր կամ Վայոց Ձոր… 1918 թ. գարնանը Թուրքիան Հայաստան ներխուժեց պատերազմ յայտարարելով, իսկ 1920 թուականի Սեպտեմբերին առանց յայտարարելու Մուստաֆա Քեմալ Փաշայի իշխանութիւնը ներխուժեց Արևելեան Հայաստան: Հայ ժողովուրդը նորէն նետուեց կեանքի ու մահուան կռուի մէջ: Սեպտեմբերի վերջին թուրքերը գրաուեցին Սարիղամիշը, Հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, իսկ Նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը: Այս անգամ թուրք բարբարոսները անլուր չարագործութիւններ էին կատարում գրաւուած շրջաններում: Ալեսանդրի գաւառում թուրք ջարդարարների ձեռքով սպանուեց մօտ 60 հազար մարդ, որոնցից 30 հազարը՝ կին և երեխայ: Թուրք աւազակները ոչնչացրին ու կողոպտեցին 20 միլիոն ռուբլու (ոսկով) հարստութիւն: Շիրակի ու Լոռու մասում կազմակերպեցին Հազազի Ձորի սպանդը: Ջաջուռի լեռանցքից ոչ շատ հեռու դեռևս երևելի են քեմալական նախճիրների հետքերը:
Ալեքսանդրապոլում և նրա շրջակայ մի շարք գիւղերում այդ թւում նաև Ղալթախչիում, ուղեկցեցին կոտորածն ու կողոպուտը: 15 հազարից աւելի երեխաների հաւաքեցին ասելով թէ պիտի տանեն Ալեքսանդրապոլ որբանոց դնելու, եթէ մնան այստեղ սովից կը մեռնեն: Երեխաներին լցնում են սայլերն ու տանամ, տանում Հազազի Ձորը, ոմանց սպանում ու ոմանց էլ կենդանի, կենդանի ձորի խորքերը գլորում: Թուրքերը միայն Աթաբէկ Խնկոյեանի ընտանիքից այդ ձորն են նետել ութ կին և տասներկու երեխայ: Եւ հէնց այդ առումով է որ այդ վայրը անուանւում է Ջարդի Ձոր կամ Վայոց Ձոր: Ու այդ գեղեցիկ բնութեան գրկում, անդորրութիւնը խանգարուած, ապրողների զգացողութեան լարերի մէջ դեռևս կարծես լսւում է զոհուած անմեղ երեխանների վայնասունը՝ նրանց աղեկտուր ու սարսափահար ձայները…
Պատմում են թէ 1918 թ. երբ թուրքերը պարտուեցին Ղարաքիլիսայում, մերոնք հազար գերի վերցրին և վերջում ազատ արձակեցին: Ազատուած այս գերիները տեղից հեռանալով ճանապարհի վրայ հայերի չորս գիւղերն են աւերում, ճարակի գիրկը նետում ու տեղացիներին գնդակահարում: Այս է, թուրքը թուրք է… վայրագ, անխիղճ ու զազրելի:
Ամէն տարի Ապրիլ 24-ին Ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման և Շիրակի ու Լոռու մարզի 50 գիւղերի անմեղ զոհերի յիշատակին հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում Ջարդի Ձորում: Գալիս են Ալեք Բոլ գաւառի Բասէն գիւղի և մօտակայ ապրող ժողուուրդը, գալիս են մարզային ու քաղաքային պաշտօնեաներ, կուսակցութիւնների ներկայացուցիչներ, գալիս են մեծ ու փոքր, գալիս են խոնարհումի համար, ծաղկեպսակներ են դնում նրանց յիշատակին ու արեան միջոցով յիշեցնել տալիս ցեղին ցաւը, տխուր անցեալն և վերահաստատելու ու կերտելու լուսաւոր յոյսի ապագան: Հայ ժողովուրդը երկար տարիներ է ողբացել իր կորստի համար, հիմա հարիւր տարի յետոյ, ժամանակն է հատուցման, ժամանակն է …պիտի՛ որ Թուրքիան ընդունի ու ճանաչի Ցեղասպանութիւնը: Պատմութիւնը խեղաթիւրում ու խայթում է հային: Թուրք ազերին շարունակում է իր կրակոցները, ահ ու սարսափի տակ պահում սահմանամերձ հայ գիւղացուն, աւերում գիւղերն ու բերրի դաշտերը: Ամեն Փառք ուՊատիւ Հայոց Բանակին, Սահմանը Պահպանող Հայոց Զինուժին, Ազատ ու Անկախ Մայր Հայաստանին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.