Հայկ ՀՐԱՅՐ

Հայկ  ՀՐԱՅՐԽաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ա­ՂՈԹ­ՔԻ ՇՆՉՈՎ

Մարդ­կա­յին հո­գու ծփա­ցող ջրե­րի մեջ, տիե­զեր­քում վե­րու­վա­րող տա­րա­նուն լից­քե­րի բա­խում­նե­րից դուրս` Հայկ Հրայրն իր ո­գե­ղեն կղզին ա­րա­րեց` բա­նաս­տեղ­ծի ե­րազ­նե­րի հո­վի­տը, որ­տե­ղից մարդ­կութ­յանն է հղում սի­րո, կա­րո­տի իր լու­սե­ղեն ման­ված­քը: Ի­րա­կա­նի և ա­նի­րա­կա­նի ան­ցում­ներն այն­պես անն­կատ են մնում, և երկ­րա­յին-երկ­նա­յին սահ­մանն այն­պես միահ­յուս է, որ թվում է` սո­վո­րա­կան քայլ­քով, հա­րա­զատ փո­ղոց­նե­րով կա­րող ես վեր ել­նել, շրջել երկն­քով մեկ ու վե­րա­դառ­նալ: Բա­նաս­տեղ­ծի հա­մար երկ­նա­յին տա­րածք­նե­րը նույն­պես Աստ­ծուց շնորհ­ված ու­ղի­ներ են` ո­գե­ղեն ճախ­րան­քի տա­նող: Նրա բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը շար­քից շարք դառ­նում են ա­վե­լի ե­թե­րա­յին, լու­սե­ղեն ու թա­փան­ցիկ: Դրանք ա­սես սի­րո սաղ­մոս­ներ և մեր մե­ղա­վոր հո­գի­նե­րը մաք­րող ա­ղոթք­ներ լի­նեն, ո­րոնք ցպռունկ լցված են բա­նաս­տեղ­ծի թանձ­րա­ցած կա­րոտ­նե­րով:

 

Հայկ  ՀՐԱՅՐ

… Գրկում եմ քեզ
Եվ հեռանում մեն մենակ,
Ինձ չփնտրես այս գիշեր,
Թող գիշերը լինի
սիրուս ընկերը,
Որ կարոտեմ
առավոտին քո բերած…

Բարի գիշեր ինձ չասես,
Ես մնում եմ աննկատ
Աստղալույսի ցոլքի մեջ,
Որ չտանի լուսաբացը քեզ
խանդով
Իր թևերին` բարուրած…

Ինձ չփնտրես այս գիշեր,
Թող կարոտեմ
առավոտին քո բերած…

Նռան գինի
…Շրթունքներդ նռան գինի`
Կգաս մի օր,
Լուռ կժպտաս,
Կասես` խմիր համբույրներս
Կարմի՜ր-կարմի՜ր
Կարոտների…

Ու ճաք կտա
Ու կդողա,
Կաթի՜լ-կաթի՜լ
Սրտիս վրա
Համը այրող սարսուռներիդ`
Որպես նռան կարմիր գինի…

Ու կարևի,
Կշիկանա,
Կրակը խաս կաթիլների
Բյուրեղներում մեր կրքերի`
Որպես նռան կարմիր գինի…

Հատիկ-հատիկ,
Կաթիլ-կաթիլ,
Կքամվի մեր երակներում
Արբունքը Ծիր Կաթինների
Երկինքներից
կարմի՜ր-կարմի՜ր…

Այս բաժակը
Այս բաժակը
Չի դատարկվում,
Չի հեռանում…
Կաթիլ-կաթիլ
Հուշ է խմում
Քո աչքերից,
Իմ կարոտի արբունքով լի
Կարասների՜ց…

Այս բաժակը
Սպասում է,
Որ փշրվի,
Փշաքաղվի,
Քո ափերում`
Քո շուրթերի
ջերմությունի՜ց…

Այս բաժակը
Ինձ չի լքում,
Հավատում է,
Աղոթում է,
Որ կխմի
Կենացը քո վերադարձի
Քո՜ շուրթերից,
Քո շուրթերի`
Սարսուռների՜ց…

Սիրո անձրև
… Ինչպես երկնքից
Անձրևն է իջնում
Աղոթքից ծնված,
Թող որ թաթախվի
Մեր սերը անէ`
Սիրո ջրերին
Երկնքից կախված…

Դու պարուրիր ինձ
Քո աղոթքներում`
Ես ծարավում եմ
Քո հայացքների
Ջրերի ձայնին…
Թող նրանք հոսեն
Իմ էության մեջ
Ջրվեժների պես,
Երկնքին հպված…

Թող ծարավը մեր սիրո
հրաշքի
Աստղերին քսվի,
Որ շաղվի ճամփան
Մեր կարոտների
Անտես հույսերի
Հրեղեն լույսին…

Կնքիր ինձ սիրուդ երկնքի
կանչով
Դու իմ անձրևն ես
Աղոթքի տեսքով,
Թող հնչեն բոլոր մեղեդիները`
Չգրված, գաղտնի,
Դու իմ աղոթքն ես
Անձրևի ձայնով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.