ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Սամվել Կոսյան

Ադրբեջանական «Մոդերատոր. ազ» կայքը նշում է, որ ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, մեկնաբանելով ահաբեկչական խմբավորումներում ներգրավված ազերիների մասին լուրը, որոնցից երեքին վերջերս` հակաահաբեկչական գործողության շրջանակում, ձերբակալել էր Թուրքիայի ոստիկանությունը, կոչ է արել ահաբեկչություններ իրականացնել Երևանում և ոչնչացնել հայերին: «Եթե ադրբեջանցին իրեն ահաբեկչության է պատրաստում,- ասել է նա,- ապա դա Երևանում պիտի իրականացնի կամ հայերի կողմից «օկուպացված» այլ տարածքներում: Պետք է ամեն ինչ անի` ոչնչացնելու հայերին»: Այս ֆոնին առնվազն աբսուրդ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Պոպովի հայտարարությունը, որ ազերիների առաջնորդը պատրաստ է խաղաղ բանակցությունների, երբ իրենց այցին նախորդել էր առաջնագծում Ադրբեջանի հերթական սադրանքը: Ըստ Ռուսաստանի միջազգային իրավունքի ընկերության անդամ Դենիս Դվորնիկովի` «Մինսկի խումբը դեռևս չի կողմնորոշվել արձագանքել: Եթե շարունակի չտեսնելու տալ` ինչպես են իրենց հայտարարությունների վրա սապոգներ սրբում, ապա առաջնային է դառնում հեղինակությունը վերջնականապես կորցնելու հավանականությունը: Այժմ Մինսկի խումբը ընտրության առաջ է` կա՛մ ինքը գործող մեխանիզմ է, այդ դեպքում պետք է նրա ձայնը լսելի լինի, կա՛մ էլ բուտաֆորային ինստիտուտ, որի կարծիքը շուտով կդադարեն լսել հակամարտության կողմերը»: Ալիևն արդեն դադարել է լսել ոչ միայն Մինսկի խմբի, այլև միջազգային շատ այլ կառույցների սթափության հորդորները: Մինսկի խումբը վաղուց պետք է եզրակացրած լիներ, որ Ալիևի համար խաղաղությունը ռազմական հռետորաբանության, սադրանքների ու ահաբեկչությունների պատանդ է, ինչը կնշանակի, որ չեզոք արտահայտությունների չափաքանակը սպառվել է, որ անհասցեականությունը կորցրել է իր արդիականությունը և եկել է կոնկրետ գործողությունների ժամանակը: Ընդամենը մեկ հասցեական հայտարարություն, ինչը խնդրի լուծման համար կաթիլ է զգուշավորության ու չեզոքության ծովում: Պետք է հրաժարվել ձևականություններից, որոնք ընդամենը ինչ-որ գործունեության կամ առաջընթացի նմանակում են և ոչ ավելի: Ընդհանրապես անհրաժեշտ է իրադրությունը դուրս բերել հավասարության չակերտներից, որով թերևս հնարավոր կլինի ինչ-ինչ լուծումների կամ գործնական երկխոսության եզրը գտնել: Այլ պարագայում, հաշվի առնելով Ալիևի ներկա հոգեվիճակը, բոլոր գործողություններն այլ բան չեն, քան մութ սենյակում սև կատու փնտրելը: Հայտնի խոսք է, որ խելագարներին պետք է սահմանափակել: Եթե խելագարությունը վերափոխվում է պետական քաղաքականության, ապա այլ բան չէ, քան ֆաշիզմի դրսևորում, ինչի վկայությունը սահմանային չդադարող կրակոցներն են: Haqqinaz.com կայքը նշում է. «Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմի: Նա ոչ մի պատերազմի պատրաստ չէ: Երբ Ալիևն ասում է. «Եթե չհաջողվի Ղարաբաղը բանակցությունների ճանապարհով ետ բերել, ինքը ուժի միջոցով ետ կբերի», դա սթափ մարդկանց մոտ ընդամենը քմծիծաղ է առաջացնում: Ադրբեջանը պնդում է, որ ռազմական, տնտեսական հզորությամբ, բնակչությամբ քանիցս գերազանցում է փոքրիկ, բնական ռեսուրսներ չունեցող Հայաստանին: Բայց պատմության մեջ այդպիսի օրինակ չես գտնի, երբ թույլ, փոքրաթիվ բնակչությամբ երկիրը «բռնազավթի» բոլոր առումներով իրեն գերազանցող հարևանի տարածքի մեկ քառորդը: Երկու տասնամյակ Ադրբեջանը ձևացնում է, որ անընդհատ զբաղված է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ և ուր որ է այն կլուծի: Սահմանային լարումները, հրաձգությունները, մարտական լոկալ գործողությունները իրականում միայն նրա համար են, որպեսզի ժողովուրդը չկասկածի, որ «Ալիևը զբաղված է խնդրով և ուր որ է այն կլուծի»: Ապրիլյան «բլիցկրիգի» ձախողումը ազդանշան էր, որ նման հաջորդ փորձը վերածվելու է երկարատև պատերազմի, ինչը կարող է ոչ միայն հիմնավորապես քայքայել երկրի տնտեսությունը, խարխլել Ալիևի իշխանության` գնալով թուլացող հենասյուները, այլև լրջորեն վտանգել տարածաշրջանային անվտանգությունը: Ալիևին այլ բան չի մնում, քան ապավինել նախկին ռազմավարությանը` շփման գծում ավելի ու ավելի ձգել բռնության պտուտակները: Այս իրավիճակը գնահատելով` Մինսկի խումբը պիտի փորձի վերանայել իր գործունեությունը, ապա թե ոչ, ենթադրյալ բանակցությունները կշարունակվեն նախորդների իներցիայով` զուրկ գործնական որևէ բովանդակությունից: Առանց լիակատար հրադադարի անհնար է խաղաղության մուտքը երաշխավորել. մի բան, որն այսօր փորձում են անել խնդրով «մտահոգ» մասնակիցները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.