Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Մայիսի 9-ը, ի թիվս մեր մարտական հաջողությունների, նշանավորվեց, գոնե ինձ համար, շատ կարևոր մեկ հաղթանակով ևս՝ Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին: Այս հաղթանակը մի քանի խորհրդանշական բաղադրիչների ներդաշնակ համադրումն է, մտքի ու կամքի այն հավաքականությունը, որը ցանկացած հայի անթաքույց երազանքն է: Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տարածքում «Հայություն» խորագիրը կրող ցուցադրությունը կայացավ 18 հայ արվեստագետների շնորհիվ, ովքեր ապրում ու ստեղծագործում են Հայաստանում, Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում… Նրանք վերընձյուղված հայարմատն են, նրանցից ամեն մեկի գերդաստանի պատմությունը կարող է ցնցել թուրքական սպանդից փրկվելու, հաճախ՝ անհավանական բախտբերումով ու զարմացնել ապրելու և արարելու հանճարեղ համառությամբ… Ես հպարտորեն ուզում եմ ներկայացնել նրանց՝ Սարգիս (Թուրքիա, Ֆրանսիա), Հրայր Սարկիսյան (Սիրիա, Մեծ Բրիտանիա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա), Նինա Խաչատուրյան (ԱՄՆ, Ֆինլանդիա), Մխիթար Կարապետյան (Բելգիա), Հայկ Այվազյան (Լիբանան), Սիլվինա Տեր-Մկրտիչյան (Արգենտինա, Գերմանիա), Միքայել Օհանջանյան (Հայաստան), Մելիք Օհանյան (Ֆրանսիա), Երվանդ Ջանիկյան և Անջելա Ռիկի Լուչի (Իտալիա), Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա), Նիկոլ Բեզջյան (ԱՄՆ, Սիրիա), Այկատերինի Ջեգիսյան (Հունաստան), Աննա Բողիգյան (Եգիպտոս, Կանադա), Ռենե Գաբրի և Այրին Անաստաս (Իրան, Պաղեստին, ԱՄՆ), Արամ Ջիբիլյան (ԱՄՆ): Մեր տաղավարի համադրողը Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն է: Նրանցից ամեն մեկը բիենալե էր բերել 21-րդ դարի աշխարհաբնակ հային՝ անցյալի բեռով, ներկայի զգացողությամբ ու ապագայի տեսլականով:
Հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը 100-ամյա հեռավորությունից հիշելու և պահանջատեր լինելու պարտադրանքից բացի, ուղերձ ունի՝ յաթաղանի հարվածով կիսված ու կոտորակված, տարբեր աշխարհամասերում հանգրվան գտած ժողովուրդը, որ անտես ու ամուր պորտալարով կապված է հայրենիքին, պիտի միավորվի: Ո՛չ կոչերով ու կանչերով, որոշումներով ու հատուկ հրամանագրերով: Դրանցից կուշտ ենք ու արդյունքն էլ տեսել ենք՝ արդյունք չի՛ք: Որովհետև մեզ՝ աշխարհի տարբեր կողմերում հայի ինքնությունը մի կերպ կամ շատ հետևողականորեն պահողներիս, հայրենիքը պիտի նայի հավասար աչքով. ինչպես մայրը խտրականություն չի դնում իր զավակների միջև: Հայաստանը պիտի կանչի ու գրավի հնարավորությունների երաշխիքով: Արգենտինացին ու եղեգնաձորցին պիտի կարողանան իրենց մեծ կամ փոքր բիզնեսը դնել առանց պետական հարկահենության ենթարկվելու, Սորբոն կամ Հարվարդ ավարտածնե՛րը նաև պիտի դառնան նոր Հայաստանի բարեփոխիչները, ու վերջապես, թող լռե՛ն նրանք, ովքեր սփյուռքահային կնայեն միայն որպես դոլար բերողի, որ այստեղ ապրողներս մեզ մուրացիկ չզգանք մեր մեծապատիվ… իշխանավորների շնորհիվ: Որովհետև Հայրենիքը արժանապատիվ պահելը ամեն մեկին տրված չէ: Իսկ ընտրյալներ կան և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում:
Վկան՝ աշխարհի չորս կողմերից մեկտեղված, վերապրածների սերունդ արվեստագետները, ում արժանավոր հաղթանակի բանաձևը տվել է Չարենցը:

One thought on “Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

  1. ԱԽ եթէ միայն գիտնային թէ որքան ճիշդ է գրածդ թէ ԸՆՏՐԵԱԼՆԵՐ ԿԱՆ եւ ան ալ կարծուածէն աւելի թէ Հայրենիքի մէջ եւ թէ Սփիւռքի
    ինչ հրաշքներ կրնանք գործել թէ մեզի եւ թէ համայն մարդկութեան ։
    վերջ տանք ալա թուրքա մուռացկանութեան եւ ուժ տանք մեր բնատուր յատկութիւններուն-դադրինք քծնելէ բարերարներուն առջեւ եւ հարցազրոյցներով չնուաստացնենք զիրենք կրնան խօսիլ չգիտնալ բայց մեծ սիրտ կ՜ունենան-Օրինակ Քըրք Գրիգորեանի նման անձեր շատ աւելի խոր տպաւորութիւն կը գործեն իրենց համեստութեամբ քան եկեղեցաշէն ոճրագործ մը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.