Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Կարինե ԽոդիկյանԱկնոցս ջարդվել էր: Հատուկ պատվերով է արված, ժամեր շարունակ համակարգչի առջև նստելուց հետո քթարմատի վրա աննշան հետք անգամ չի մնում: Խնդիր չկա, ընդամենը ժամանակ պիտի գտնեմ ու գնամ «Աչքիդ լո՜ւյս» սրահը, որն արդեն ութ տարի մասնագիտորեն ու լավագույնս սպասարկում է, համոզված եմ, ոչ միայն ինձ: Երկու օր առաջ գտա այդ ժամանակն ու… Սկզբում նույնիսկ չհասկացա` ինչ է կատարվում ներսում. ցուցափեղկերի մի մասը դատարկ էր, սեղանիկներին տուփեր ու արկղեր էին… «Երևի հաշվառում է, կամ էլ մի լավ մաքրում են ամռանն ընդառաջ», մտածեցի ու անցա ներսի սրահը, որտեղ սովորաբար բարեհամբույր ժպիտով ինձ դիմավորում էր աշխատակցուհին: Սրահում մարդ չկա, փոխարենը՝ դատարկ ցուցափեղկեր, ակնոցի տուփեր ու մեծ արկղեր… Շվարած մնացել եմ, փորձում եմ հասկանալ` ինչ է պատահել, բայց անորոշ միտքը վանելով` երկարաձգում եմ պատասխանիս ժամանակը: Վերջապես հայտնվում է բարեհամբույր ժպիտով աղջիկը… Չի ժպտում, շփոթահար է և առաջին պահ ասես չհասկացավ` ով եմ, ինչու եմ հայտնվել:
– Փակվում ենք,- չասված հարցիս պատասխանեց ու սկսեց ինչ-որ բան փնտրել տուփերի կույտի մեջ: Կասկածելի երկար էր փնտրում…
– Բայց, ախր…- երբեմն որքա՛ն անիմաստ են խոսքերը: Հայացքս երևի ավելի խոսուն էր, կռահեց հարցս:
– Մարդ չկա,- ասաց, ասես դատավճիռ կարդաց: Չասաց` «Հաճախորդ չկա», ասաց` ՄԱՐԴ:- Տասնյոթ տարի աշխատում էինք, դուք գիտեք` ինչպես… վերջին երկու տարին մի կերպ դիմացանք, բայց արդեն… անհնար է: Երկրում մա՞րդ թողին որ…
Ութ տարուց ավելի է` այս սրահը իմ կյանքի մի մասն է, քաղաքի մի անկյուն, որտեղ ոչ միայն բարձրակարգ սպասարկում, այլև մարդկային ջերմություն և ուշադրություն եմ վայելել… Շրջվում եմ, փորձում եմ շատ զգույշ քայլել, ասես հուղարկավորման եմ ներկա:
– Սպասեք, ինչո՞ւ էիք եկել,- հարցնում է աղջիկը:
– Չէ՛, ոչինչ, մի թեթև բան է…- կմկմում եմ:
– Տվեք,- ձեռքիցս վերցնում է ակնոցը, զննում: – Վաղը եկեք:
– Բայց… այս իրարանցումի մեջ,- ինչո՞ւ եմ շշուկով խոսում, չեմ հասկանում:
– Ասենք` փակվում ենք, հո մարդկությունն էլ չվերջացա՞վ,- խնամքով տուփը դնում է դարակը, հետո նայում ինձ:- Ինչ անեմ` չգիտեմ… երևի ես էլ գնամ…
Երկիրը հայաթափողների համար այս պատմությունը ՈՉԻՆՉ է: Հավատացած եմ, որ ՈՉԻՆՉ է: Նրանք գիտեն` ինչ են անում: Հաշվե­նկատ ու սառնասիրտ ստիպում են, որ ՄԱՐԴԻԿ գնան, որ «դրսից փող ուղարկեն», որ «ներսում հեղափոխություն չանեն», իսկ իրենք կալվածքի վերածված երկրում հանգիստ ապրեն: Չէ՞ որ մոտ են իրենց նպատակին, արդեն այնպե՛ս առօրեկան է հնչում` «ՄԱՐԴ ՉԿԱ»…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.