ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ

ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆազատագրվիր ինքդ քեզնից

այնտեղ, ուր սերն է

Մինչև ականջախեցիները լռությամբ լեցուն
սենյակիս մեջ
ես լսում եմ՝ ինչպես են հեռավոր
օվկիանոսի սև խորքերում
սեր անում երկնագույն կետերը
ամեհի և քնքուշ ծվվոցներով,
և իմ մեջ թրթռում է ջուրը-սեր:

Սերը պարուրաձև ալիքներով
ծավալում է տիեզերքը…
Երբևէ կարևոր եղած մարդկանց
մահվան դիմակների վրա
կյանքը քթի տակ ժպտալով խաչակնքում է
կանաչ-կարմիր քարաքոսերով,
որ դեռևս հիշում են արևապաշտությունը:

***
Հանուն ծիսակարգի ես միշտ շիկնում եմ
քո մեջ մայր մտնելուց առաջ:
Մայրամուտի հավերժալույսի վերջին ճառագումի հետ
սահում է հայացքս հորիզոնի գծով`
լիզելով հեռավոր լեռների գագաթները…
Երկնքոտ ամպերը մեղմ գալարվում են
իմ շնչից,
ես շոշափում եմ օրվա մարող զարկերակը,
որ մահ չի գուժում բնավ,
այլ փափուկ ու քնքուշ զգուշությամբ տարրալուծում է
մենավոր ինքնորոշման մեջ տառապող
առանձնյակների կենսոլորտը…
փակ աչքերով սիրուն տրվելու գիշերով:

***
Գլուխս պտտվեց Ծիր Կաթինի ուղղությամբ:
Դու աչքով արեցիր կարմիր ու տկլոր
շշերի հետևից…
-Լսի՛ր, ի՞նչ ես անում այստեղ, սա ի՛մ երազն է…
շփոթից թափեցի ապրած օրերի աղը…
– Խա՛չ արա, խա՛չ արա… քանի վերևներում
չեն խառնել մեր մեղքերի հաշիվը:
Եվ ուշադիր եղիր քնելուց առաջ…
ես գիտեմ՝ հենց քնեցիր՝ սերը աղոտ մատներդ
թաքուն բերանն է տանելու էլի:

այնտեղ, ուր մարդիկ են ապրում

Կանգառային սիլի-բիլին
շարունակում է համեմել սպասումը
նրանց, ովքեր շտապում են
ու, մեկ է, չեն հասցնում ապրել
իրենց ժամանակը:
Էվոլյուցիան արագացման հակում ունի.
երևի հենց դո՛ւ էլ չես հասցնի
վայելել կրկնվելու հաճույքը:
Քո տեսակի մեջ վերջինն ես մնացել:
Շտապի՛ր…

***
Մեր ճանապարհներն ու մտքերը
շրջագծված են
սոցիալական խավերի,
կարգավիճակների,
դրամական հոսքերի
ու կրկնվող ճակատագրերի վիճակագրությամբ,
բայց դու բացառություն ես:

***
Հույսդ և հուսալքությունդ էժան մի ծախիր.
աստվածները քմահաճ են:
Դու քո քարքարոտ կավահողը հերկիր.
ինչ լինելու է, թող լինի:

***
Ճանապարհը գալիս է հորիզոնից
ու կորչում հորիզոնում.
նույնիսկ ստվերդ քո մշտական ուղեկիցը չէ,
բայց ամենուր,
ամեն քայլափոխի,
ամեն ներշնչումի և արտաշնչումի հետ
քեզ ուղեկցում է,
քեզ հետևում է,
քեզ պատում է,
քեզ դանդաղ հեռացնում է քեզնից
մեծ ճանապարհի փոշին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.