ԿԱԼԻՆԱ ԻԶԱԲԵԼԱ ԶԻՈԼԱ

photoԲանաստեղծ, թարգմանիչ, էսսեիստ: Մասնակցել է Պոեզիայի մի շարք փառատոների, արժանացել հայրենական և միջազգային մրցանակների (Մարիա Կոնոպնիցկայայի, Ռիչարդ Մալչևսկի-Բրունայի, Թադեուշ Միչինսկու անվան, Ոսկե գրիչ և այլն): Լեհաստանի գրողների միության Պոզնանի բաժանմունքի նախագահը և Մարիա Կոնոպնիցկայայի անվան մրցանակի շնորհման Կազմակերպական կոմիտեի փոխնախագահն է:
* * *
թափառում եմ
իմ շուրթերով
մարմնիդ վրա
կրքի քարտեզ նկարելով

և ուզում եմ այնպես ճչաս
որ երկինքը
պատառոտվի
աստղեր տեղան
միլիոնավոր

այնժամ նրանց
շողշողացող անձրևի մեջ
կասեմ թե ես ինչ եմ ուզում

և կլինի այնպես
ինչպես ես եմ ուզում

ՓԽՐՈՒՆ` ԻՆՉՊԵՍ ՍԱՌՈՒՅՑԸ
դու ինձ գրել էիր
որ քեզ համար
փխրուն եմ ես…
ծաղկի նման բռնչենու

և ուղարկել էիր
սպիտակ մի մորճիկ
և քո սիրտը

չգիտեի ավաղ
որ սառույցից էին
և հալվեցին նրանք
իմ հայացքից

բառերը փխրուն են
սառույցի պես

ՄԻՆՉԵՎ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
հանդարտվում է իմ մեջ երաժշտությունը
որ արթնացնում էիր մի ժամանակ
նրբին շոյանքներով
ու չեմ կարողանում հիշել բառերը քո
և աչքերիդ գույնը

երկինքն իրիկնային
էլ չի հիշեցընում զբոսանքները մեր
օտար քաղաքների լույսերի մեջ

մեզ բաժանող հեռուն
երկարում է անցնող օրերի հետ
ամեն մի անտարբեր մեր բառի հետ
որ հնչում է հիմա հեռախոսով

սարդոստայն է ասես ժամանակը
փշուր-փշուր խամրած հուշերի շուրջ
և չգիտեմ արդեն ո՞րն էր իրականը
և ո՞րն էր որ միայն հորինել եմ

երաժշտությունը համրանում է իմ մեջ

ՈՒՐԻՇԻ ՀԵՏ
բարի եղիր իր հետ
և ընծայիր նրան այն բառերը որոնց սպասում է
կնքիր դրանք ոսկյա մատանյակով

գրիր նրա համար այն երգերը
որ ինձ համար գրել չհասցրիր
և պատերը ձեր տան
զարդիր կրակաթև թիթեռներով
այգիդ ոռոգելիս շատրվաններ հանիր
որոնցում արևը թաքցրել է միլիոն ծիածաններ

և գուրգուրիր նրան երեկոյան
ծովաստղերի հետքերն անտեսելով
և քուն մտիր հպված ճերմակ իր ուսերին
և մի մտաբերիր ոչ ափերս սուզված
քո մթան մեջ
ոչ էլ համբույրներս
որ արթնացնում էին քեզ
գիշերվա կեսին

ամեն առավոտյան ելիր զվարթադեմ
սուրճ մատուցիր նրան անկողնու մեջ
և ծրագրեք օրը ձեր հերթական

եղիր նրա դևն ու հրեշտակը
և անցյալը նրա և ապագան

իսկ ես կդադարեմ քեզ այցելել
նույնիսկ երազիդ մեջ

ԻՆՉ ՈՐ ՄԻ ՕՐ
գուցե ինչ որ մի օր
ես ափերով
դեմքդ գծագրեմ

գուցե ինչ որ մի օր
մատներիս տակ զգամ
ալեկոծված սրտիդ տրոփյունը

գուցե ինչ որ մի օր
քո գիշերվա եզրով
սահեմ դեպի եզրը լուսաբացիդ

գուցե ինչ որ մի օր

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ
խոսիր ինձ հետ
խոսիր թռչունների լեզվով
անգիտակից դարձած քո հայացքով
խոսիր ինչպես սեղմված մատները քո
քո գունատված դեմքով
ու հոգոցով

եղիր ինձ հետ
եղիր ավետումի նման իրիկնային
հեռախոսի զանգի
մթագնումի նման գիտակցության
եղիր
այն քնի պես որ իջնում է վրաս
լուսաբացից առաջ

ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ
մի անգամ եմ տեսել
հյուսիսափայլը ես
լույս էր
գեղեցկություն
և կախարդանք
հիմա երբեմնակի քո աչքերի մեջ եմ
տեսնում ես այն

երբ նայում ես դու ինձ –

բոցկլտացող երկու դահանակներ
կաթիլի հետ թախծի
և նրբության

ՉԵՄ ԿԱՐՈՏՈՒՄ
ես ամենևին քեզ չեմ կարոտում

դա ամպն է միայն
որ մի ակնթարթ արևն է ծածկում

տաք քամին է դա
որ չորացնում է ծաղիկներն այգում
ու տերևները

դա ներշնչանքն է որ բացակայում
և թույլ չի տալիս որ երգս գրեմ

քեզ չեմ կարոտում

Թարգմանությունը՝
Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.