ԾՆՈՒՆԴ ԿԱՄ ԻՆՔՆԱՌԵՐԵՍՈՒՄ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ / Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

 

Գրել ժամանակի էջում,
նույն է, թե` գրե՛լ վիրակապի վրա,
գրե՛լ ճանապարհի շնչառության մեջ,
հատուկենտ լսվող քայլերո՜ւմ անցորդի,
գրել երկնքի անձրևային հայացքում`
թռիչքո՜վ թռչունի:
Ճանապարհի ոգուց պոկում եմ մի փետուր
և մակագրո՜ւմ Անհայտի էջերի վրա…

1
Ես քայլում եմ ստվերի վրայով քաոսի,
դառնում հանգրվանը
ոգու արարչության:
Հետքերիս վրա բացվում են վիհերը:
Ես պատվում եմ
փետուրներո՜վ արձագանքի,
որպես շրջանակը առնչության:
Անորոշության բիբերը կտցահարող
թռչուննե՜ր են
վայրկյանները:
Իմ մեջ արթնանում է հիշողության կղզին:
Ներսը և դուրսը`
ալեկոծվո՜ղ փոթորիկ:
Ոռնացող հուշերս օրորվում են
կսկիծի ցցերին:

Իմ ամեն քայլը կշռվո՜ւմ է ոգու նժարներին:
Եվ իմաստազրկվո՜ւմ է տիրությունը եսի:
Իմ հետքը դառնում է ոգու սովից արթնացող
աներևո՜ւյթ կյանք,
ժամանակի պատա՛նդ:
Անհայտության սյուներն ի վեր
ծա՜ռս է լինում լույսը: Հիշողության
ձին:
Եվ ծառի ճյուղը
ծաղկած մթնոլո՜րտ է ասեղնագործում
վայրկյանների քարե հայացքի վրա:
Հիշողության բառը`
զսպանակ ոգու:
Իմ ստվերն աղբյուր է,
որից ելնող ուրվականները
ծարավի հուշարձաննե՜ր են`
նախնիներիս ոգո՛վ:
Պատմության մեկուսարանում`
հիշողության ճի՛չ:
Մաշկիս լուսանցքներում
գիշերող ճանապարհները
արթնանում են հետզհետե,
վառվում, որպես հիշողության փարոսնե՜ր…
Ակնթարթի պղնձե ճակատից
կաթում է քրտինքը, որպես դրա՛մ…
Ընկնավո՜ր է դարձել ժամանակը…
Մի ձեռք պատուհա՜ն
է նկարում հույսի
կարմիր կավիճով:
Պատերազմող երկրի սահմանները
բողբոջո՜ւմ են
ցավի մեջ,
զինվո՛ր,
քո խիղճը միշտ արթո՛ւն պահիր: Որպես լույս:
Ոգու հատիկնե՜ր է կտցում ճանապարհը:
Իմ ձգտումն ինձ կո՜ւլ է տալիս
հայացքի ներքո Բարձրյալի:
Գրիչս այս անգամ ոչ թե գրում,
այլ բացո՜ւմ է հետքը առասպելի:
Հավատի խարույկ:
Շուրթերիս մոխիրներում պեծկլտո՜ւմ է
երկինքը բառերի:
Լռության օվկիանոս`
անդրժամանակի թևերի տակ:
Հավատս թոթափում է իրենից
թարթիչները սովորության:
Պտտահողմի՜ երկինք:
Երազների աներևույթ հողմը
փլուզում է
աշտարակը գաղափարի:
Եվ աստղե՜ր են ծնվում աներևույթ Գոյի
հորիզոններում:

2
Անսահմանության տարերքում եռացող
անդո՜ւնդը երգի:
Երազներիս պատվանդանից ընկնում է
կշի՜ռն Անհայտի:
Աղոթքներիս անապատում վազվզում է
մանկության երկինքը: Հուշը
ասո՜ւպ է:
Լռության փոթորի՜կ:
Հիշատակի գագաթներին վառվում է
թռիչքների լույսը –
սիրո զոհասեղա՜ն:
Լույսը գլորվում է
եզրով անդունդի,
իբրև հաց,
տիեզերական պատարա՜գ:
Արցունքներիս մենակության ծովում
ճողփում է տառապանքիս լաստը:
Թռչո՛ւն,
մի՛ կտցիր աչքը հիշողության…
Արյան բռուցքներում ծլո՜ղ
հորիզոն կա:
Մանկության հայացքից արձակվող
ճանապարհները
լուսաբացնե՜ր են…
Հիշողության մատները շոյո՜ւմ են
երակները աստղի:
Հորիզո՛ն,
մի՛ կտցիր… աչքը տարածության…
Քարը
ավետաբեր հայացքն է տողի:
Հողը
անհայտության սե՜րմ է:
Երկնքի
հրե տե՜րևն է բխում
սալաքարերից…
Ոգու բներից ելնում են ճյուղերը
աներևույթ Գոյի:
Անհո՛ւն,
մի՛ կտցիր… աչքը Լռության…
(Հայը ճամփորդում է երակներով
երկնքի,
որպես հոգի,
այսուհետ` ա՜ստղ…):
Ես ինձ ընդառաջ եմ գալիս
անհայտությունի՛ց:

3
Անապատների ծարավն է բեկվում
իմ աչքերում:
Հուշի թևերը մեխվում են պատերին
գիշերախև կրքի:
Համբույրի՜ որոգայթ:
Մենակությունս
պտտահո՜ղմ է:
Ոտնահետքերիս ճիչերի վրա
գալարվում է
լուսաբացը ճանապարհների:
Իմ և իմ միջև… ծաղկե՜լ է ծառը…
Իսկ Անհունի աստիճաններով
բարձրանում է
ստվերը Քաոսի…

***
Քանդվող ճանապարհի ժպիտը միակ
անհեթեթության անդո՜ւնդ է կարծես…
Ավերված հիշողության արցունքո՜տ դեմքը…

4
Հասնելով հատակին լռության,
բարձրացնո՜ւմ եմ
դեմքը բառի:
Հայացքների բևեռների միջև
կանգնել եմ,
որպես անապատի ծարա՛վ…
Իսկ ինչո՞վ լցնել
անդունդը հոգու,
եթե հայացքը դո՜ւրս է թռչում
իմ դեմքից,
որպես խցա՛ն…

***
Քամին համբուրում է հիշողության
հասցեները
և կախում շիվերից Անհայտի,
որպես ականջօղե՜ր:
(Երա՛զ, դու ոգու սրբագործությո՜ւն…):
Տողերի դողը
հիշատակի հո՜ղմ է:
(Գրիչ իմ… հավատի ոգևորությո՜ւն),
Եռո՜ւմ է լուսաբացը,
որից ընկնող մի ճիչ
կամ աստղ
կարո՜ղ է փոխել
ուղղությունները
ճակատագրի…
Ելքի լաբիրինթո՛ս…
և խորան լույսի…
Մենակության բևեռներին զարկվող
տարածությունը
իմ ժամանա՛կն է:
Հետզհետե հետքերիս օրն է ծավալվում…
Հավատի աստղ,
հիշողության շեմ…
Սահմանից այն կողմ`
գլորվում է իմ տեսողությունը,
որպես գնդա՜կ…

Հայացքիս լապտերը
մե՛րթ վառվում է,
մե՛րթ էլ հանգչում`
տարածությունը թողնելով խավարի մեջ…
Ես իմ հիշողության
խարի՛սխն եմ…
Հասնելով ինձ`
ես դո՜ւրս եմ մնում ընթացքից ճանապարհի…
Գտնելով բառը`
ես գտնում եմ ակունքը Հարության-
բանալին Անհունի:

2 thoughts on “ԾՆՈՒՆԴ ԿԱՄ ԻՆՔՆԱՌԵՐԵՍՈՒՄ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ / Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.