ԼՈՒՅՍ ՏԱԼՈՎ ՍՊԱՌՎԵՑ… / ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ԼևոնԼևոն Անանյանը մշտապես եղել է իմ հիացմունքի արժանի մտավորականը: Մարդասիրությունը նրա մշտական ուղեկիցն էր: Նա Հայաստանի գրողների միությունը գլխավորեց մեր երկրի համար շատ դժվար ժամանակներում. գրողների միությունն այլևս չէր ստանում պետական աջակցություն: Նա նոր կյանք պարգևեց միությանը՝ նրա բոլոր անդամների նկատմամբ պահպանելով աննկարագրելի հոգատարություն: Մեծ հայրենասեր էր և շատ լավ էր հասկանում, թե ինչ դեր ունի գրողների միությունը ազգային ոգին պահպանելու կենսական գործում: Բարձրաճաշակ էր, տաղանդավոր, գեղեցիկ և նրբազգաց: Երբեք չեմ մոռանա, թե արցախյան պատերազմի անլույս ու ցուրտ օրերին ինչպես էր թողարկում «Գարուն» ամսագրի բարձրարժեք համարները. նրա աշխատասենյակում մեկ աստիճան ջերմություն էր: Զարմանալի ձևով հասցնում էր լինել ամենուր, կամենում տեղյակ լինել ամեն ինչից: Հայ գրականության բազմաթիվ թարգմանական գրքերով այսօրվա գրողներին ներկայացրեց աշխարհին: Ձեռնարկ, որի կարիքը մշտապես կա և լինելու է: Լևոն Անանյանը արժեք էր ոչ միայն հայ գրականության և ՀԳՄ-ի համար, այլև հայ ժողովրդի: Ինչ-որ առումով նրան կարելի է համեմատել Մ.Գորկու Դանկոյի հետ, որն իր սրտի լույսով ճանապարհ էր բացում: Խոնարհվում եմ նրա կատարած գործի և նրա հիշատակի առաջ: Նրան երբեք հնարավոր չէ մոռանալ: Նա միշտ ապրելու է իրեն սիրողների և գնահատողների սրտերում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.