Լոռեցի գրողների հանդիպումները Վանաձորի կրթօջախներում

Ինչպես հայտնի է, 2008 թվականին, Հայաստանի գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հռչակվել է Գիրք նվիրելու օր:
Փետրվարի 19-ին Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը և բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը հանդիպումներ ունեցան Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի ու մաթեմատիկայի և բնագիտական առարկաների թեքումով «Էվրիկա» դպրոցի աշակերտության հետ և կրթօջախներին նվիրեցին հայ ժամանակակից գրողների գրքերից:
Թիվ 20 դպրոցում հյուրերին ընդունեց տնօրեն Կարինե Աթոյանը, իսկ 6-րդ դասարանի աշակերտների հետ հանդիպմանը մասնակցում էր փոխտնօրեն Մարիետա Հարությունյանը: Մ. Միկոյանը ներկայացրեց օրվա խորհուրդը, համառոտ տեղեկացրեց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի 60-ամյա պատմության մասին, ապա կարդաց իր անտիպ գործերից մեկը: Խ. Գասպարյանն ասմունքեց Հրաչյա Սարուխանի և Արշակ Քոչինյանի բանաստեղծություններից, պատմեց անգլիացի գրող Ջեֆրի Չոսերի «Երեք ընկերները և մահը» հեքիաթը, որը չափազանց ուսանելի է երեխաների համար: Լ. Անթառանյանը կարդաց Հովհ. Թումանյանի քառյակներից և իր ստեղծագործություններից: Դպրոցի աշակերտ Վաչե Բադալյանը կատարեց «Մայր իմ» հայրենասիրական երգը՝ հաճելի անակնկալ մատուցելով և՛ հյուրերին, և՛ ներկաներին:
Աշակերտները հարցեր ուղղեցին գրողներին` ստանալով հանգամանալից և սպառիչ պատասխաններ:
«Էվրիկա» դպրոցում հյուրերին ընդունեց տնօրենը՝ մանկ. գիտ. դոկտոր Արմեն Ծատուրյանը և ավագ դասարանների աշակերտներին ներկայացրեց գրողներին:
Մ. Միկոյանը կարևորեց ընթերցանության դերը մարդու կյանքում: «Ինչ մասնագիտություն էլ ընտրեք, չկարդացած լինելը միշտ ստվերի նման հետապնդելու է ձեզ»,- ասաց նա, ապա կարդաց իր անտիպ գործերից մեկը:
Խ. Գասպարյանն ասմունքեց Պերսի Բիշի Շելլիի «Բարի գիշեր» և Էդգար Ալան Պոյի «Ուրուների դղյակը» բանաստեղծությունները՝ անգլերենից իր թարգմանությամբ:
Աշակերտների և գրողների միջև ծավալվեց հետաքրքիր հարց ու պատասխան: Հյուրերը թվարկեցին մի շարք ստեղծագործություններ, որոնք անհրաժեշտ է կարդալ ինչպես այժմ, այնպես էլ հետագա տարիներին:
Վերջում Խ. Գասպարյանը ասմունքեց Հովհ. Թումանյանի քառյակներից:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.