ԼԵՎՈՆ ՇԱՆԹԻ «ՇՂԹԱՅՎԱԾԸ» ԴՐԱՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ / Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ

Անհատի ազատության խնդիրը և մարդու պրոբլեմն ընդհանրապես եղել են Շանթի մտահոգությունների գլխավոր առարկան: Ապացույց՝ «Հին աստվածներ», «Կայսր», «Օշին Պայլ» և այլ ստեղծագործություններ: Այդ շարքին է պատկանում նաև «Շղթայվածը» դրաման: Գրության թվականը՝ 1918, կարևորվում է այն առումով, որ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներում Եվրոպայում և աշխարհում կատարված իրադարձությունները, ռուսական երկու հեղափոխությունները նոր տագնապներ էին ծնում Շանթի ներաշխարհում և մղում խորհելու իշխանության համար մղվող դաժան պայքարի, մարդու ազատության ու նպատակների շուրջ. չէ՞ որ պատերազմներն ու հեղափոխությունները ավերում էին երկրները, մարդուն զրկում հոգեկան ու ֆիզիկական ազատությունից, կաշկանդում նրա ձգտումներն ու երազները:
Դիմելով պատմական անցյալին, այս դեպքում՝ 12-րդ դարի Անի քաղաքի դեպքերին ու իրադարձություններին, Շանթը նկատի է ունեցել որոշակի նմանություն հայկական և հունական դիցաբանական հերոսների՝ Արտավազդի և Պրոմեթևսի միջև: Եթե շղթայված Պրոմեթևսը կապանքներից ազատվում է աստվածների կամքով, ապա Արտավազդը պիտի ազատվի մարդկանց միջոցով և աշխարհը փրկի կործանումից: Երկու դեպքում էլ առաջին պլանում է անհատի ազատության խնդիրը, որով պայմանավորված է նաև ողջ հասարակության ազատությունը:
Հանրահայտ է, որ հասարակության զարգացման կարևոր պայմաններից մեկը բարոյական նորմերի ու պահանջների առաջնահերթ կատարումն է, քանզի առանց ներքին բարոյականության ցանկացած ժողովուրդ կարող է դիմազրկվել:
Մարդկային բոլոր տեսակի՝ առօրեական, ազգամիջյան կամ քաղաքական հարաբերությունների համար բարոյականը մշտապես եղել ու մնում է ամենանրբազգաց չափանիշը, ժողովրդի հարատևության գլխավոր պայմանը: Ասվածը հաստատվում է պատմական անցյալի բազմաթիվ փաստերով, որոնց համաձայն բարոյապես տկարացած ժողովուրդը կորցնում է ապագայի հույսը և աստիճանաբար դուրս մղվում պատմության ընթացքից:
Անիի տիրակալ թուրք Էմիրը իրեն համարում է «Անիի միակ տերը», և նրա տիրապետության ժամանակ հասարակական կյանքում կատարվում են լուրջ փոփոխություններ. խաթարվել էին բարոյական նորմերը, հետին պլան էին մղվել պարտք, պատիվ, արդարություն ու խիղճ հասկացությունները, դրանց փոխարեն ասպարեզում իշխում էին կեղծիքը, նենգությունը, դավաճանությունն ու բռնությունը: Մարդը կրում էր անհաշիվ տառապանքներ: Այդ ամենի հետևանքով մարդկանց հոգուն ու մտքին տիրականորեն իշխում էր իրը, առարկան, որի հզոր հարվածի տակ փշրվում էին սերը, կարոտը, բարությունն ու խիղճը: Շանթը դրամայի փիլիսոփայության մեջ խտացնում է չարի և բարու, անհատի և հասարակության փոխհարաբերության գաղափարը, ցույց է տալիս որ չարի արմատը շահի նկատմամբ ունեցած մարդկանց մեծ կրքի մեջ է: Դեպի չարը տանող ուղին, դժբախտաբար, շատ կարճ է, իսկ դեպի բարին ձգվող ճանապարհը անչափ երկար է ու զառիվեր, այնտեղ հասնելու համար հարկավոր է շատ մաքառել և պայքարելիս չկորցնել հույսի դեռ չնշմարվող լույսն անգամ: Միաժամանակ չպետք է մոռանալ, որ չարն իր մեջ ունի նաև սեփական ոչնչացման նախապատճառը, սաղմը, որը հանգամանքների զարգացմամբ, մարդկային փոխհարաբերությունների մեջ, ի վերջո, դատապարտվում է և կործանվում:
Էմիրի բռնությունները սահման չունեն, և այդ բռնության դեմ պայքարելու փորձ է անում Էմիրի Հարճը, որի մտապատկերից չի հեռանում հրո ճարակ դառած հարազատ գերդաստանի տառապանքն ու վախճանը: Մղձավանջային օրերի սարսափը Հարճի գիտակցությունն ուղղում է Արտավազդի առասպելի կողմը, որի մասին նրան պատմել էր իմաստուն Նաղաշ Նաթանը: Այդ մտորումների ընթացքում Հարճի գիտակցության հեռավոր անկյուններում կենդանանում էր Արտավազդի պատկերը, և նրան թվում էր, թե օրերից մի օր գալու է Արտավազդը և փշրելու է իր շղթաները, դուրս է գալու Մասիսի խորշերից և այդ անիրավ աշխարհը ազատելու է չարիքի կապանքներից: Հարճին թվում էր, թե Նաղաշի «աչքերու բոցերուն մեջեն կնայի Արտավազդը, այդ աչքերու բոցերեն մեջեն պիտի գա Արտավազդը այս անիծած աշխարհքը քանդելու համար»:
Նաղաշը հաստատապես համոզել էր Հարճին, որ գալու է Արտավազդը և հիմնովին ավերելու է Աստծու կողմից ստեղծված և մարդկանց ձեռքով կողոպուտի ու թալանի վայր դարձրած տիրողների, գողերի, թուրքերի աշխարհը: Այո՛, թուրքերի աշխարհը, որովհետև դարերի ընթացքում մշտապես արթուն մնաց ավերելու, ջարդելու, սպանելու թուրք խուժանի կենդանական բնազդը և նույնը հաջորդ սերունդներին փոխանցելու ժառանգական մոլուցքը, որն արտահայտվում էր նաև չղջիկների նման գիշերները որսի դուրս գալու և նենգորեն գործելու մեջ: «Եվ ո՞վ է ըսեր, թե գիշերը քունի համար է, հավերու այդ հին սովորությունը մեր ապարանքին մեջ վաղուց է ջնջված: Գիշերները ստեղծված են շատ ավելի հետաքրքիր ու կենդանի գործելու համար»,- զառանցում է Շեշ Հասանը, իսկ թուրք Աստիճանավորը զինվորներին հորդորում է. «Այս գիշեր ամբողջ գիշեր, բոլոր արուները ձեր սուրին…»: Բորենատիպ թուրքը միաժամանակ ստիպված է խոստովանել հայի ստեղծագործ ոգու և իր ազգի գազանային էության մասին, բնազդով անգամ զգում է իր ցեղի մշտական արատը՝ անհամատեղելիությունը մշակույթի, մարդու ստեղծած հոգևոր արժեքների հետ. «Աստված վարպետ մատներ է տվեր հայուն, որ քերե, փորե, ուժեղ մատներ է տվեր թուրքին, որ խլե, վայլե»: Բարոյական սկզբունքների նմանատիպ տարբերություն ենք տեսնում նաև դրամայի երկու կին կերպարների՝ Հարճի և Այիշեի մտածելակերպի միջև: Եթե թրքուհու համար հրդեհը հրաշալի բան է, իր «ամենեն սիրած» երևույթներից, ապա հայուհի Հարճի համար այն աղետ է, ողբերգություն, որովհետև այրվող շենքի «առաստաղը կճարճատեր, գերանները կքակվեին… զենքերը կշաչեին… ու կպոռային այրվողները…»:
Շանթը դրամայում ստեղծել է շահագործվող դասակարգի ներկայացուցիչների բազմաթիվ կերպարներ՝ Դարբինը, Ներկարարը, Ջուլհակը, Երիտասարդը, Ժամկոչը և ուրիշներ, ովքեր միասնական ուժով խորտակում են Էմիրի բռնապետությունը և ազատում Անին: Սակայն երևում է իշխան Վահան Պահլավունին և ժառանգական իրավունքով իրեն համարում քաղաքի տերը: «Ես եմ տերը… Եվ իմս է այս քաղաքը»,- հայտարարում է նա և շարունակում նույն կերպ վարվել ժողովրդի հետ, ինչպես Էմիրը: Իր ազգակիցների դժգոհությանն արձագանքում է այսպես. «…ժողովուրդ ըսածդ միշտ կտրտնջա, միշտ ալ բեռը շալակը առած քարշ կու տա, ադպես է անոր հնադարյան սովորությունը»: Ժողովրդին համարելով անսիրտ ու անհոգի՝ Պահլավունին ավելի է ուժեղացնում շահագործումը՝ նորից արյուն հեղելով և ատելություն ու անեծք վաստակելով: Նույնիսկ իշխանուհին է դժգոհում այդ վիճակից. «Այսքան արյուն, այսքան արցունք, այսքան անեծք, ատելություն»,- ասում է նա:
Կյանքի կառուցվածքում նման խոր ճեղքվածքի առաջացումը մտահոգում է նույնիսկ Աշոտ Տայեցուն, և նա դիմում է Պահլավունուն. «Ժողովուրդը այլևս ոչ մեկ վստահություն չունի քաղաքի մեծավորներուն ու ազնվականներուն վրա… Պետք է ավելի զիջող ըլլանք: Ամբոխը միշտ է անասունի պես, իսկ երբ հուզվում է, կդառնա գազան: Խելացի բան չէ այդ գազանը ավելի գրգռելը»: Սակայն իշխելու, մարդկանց կամքի վրա բռնանալու մոլուցքը արգելում է լսելու Տայեցու խորհրդին, և նա պատասխանում է, որ ինքը չի ցանկանում խաղալիք դառնալ մի քանի «ռամիկ ու սինլքոր խառնակիչներու ձեռքը», քանզի ինքն է քաղաքի տերը, միակ տերը, «Եվ ի՜մս է այս քաղաքը»: Ժողովրդական զանգվածների ճնշման տակ Պահլավունին ստիպված է լինում հեռանալ իշխանությունից: Ներկարարի խոսքն արտահայտում է զանգվածային ըմբոստության բուն պատճառը. «Մինչև հիմա շղթայված էր մեր ժողովուրդը, ամեն տեսակի իշխաններ, էմիրներ կապեր, կաշկանդներ էին ծանր շղթաներով, ժողովուրդը հիմա ելեր է ոտքի և ալ չի ուզեր ոչ մեկ տեր իր գլխուն: Այսօրվանե ինքն է իր տերը իր գլխուն»: Այս անգամ կառավարման ղեկն անցնում է արհեստավորների ձեռքը, սակայն կարճ ժամանակում հայտնի է դառնում Դարբին Ավագի ու նրա համակիրների գիշատիչ դեմքը: Վերջինս իրեն համարում է Անիի տերը և իշխանությունը վերցնելով՝ արհամարհում է բոլորին, «բոլոր շնորհքով մարդիկը կփախցնե մոտեն»: Այժմ Էմիրին ու Պահլավունուն փոխարինելու էր եկել նոր բռնակալին, իսկ քաղաքում խուճապ է ու աննախադեպ խառնակչություն: Կասկածում են բոլորը բոլորին, բոլորը պայքարում բոլորի դեմ, վախենում միմյանցից: Մարդկային կյանքը դարձել էր առանձին անհատների ու կամքերի բախման թատերաբեմ, որտեղ յուրաքանչյուրը ձգտում էր հաստատել իր իշխանությունը մյուսների վրա: Նման դեպքերում ներքին անհամերաշխությունն ավելի շուտ է երկիրը կորստյան մատնում, քան օտար թշնամին:
Հարճը, որ հրդեհել էր Էմիրի պալատը, կարծում էր, թե իշխանությունը ժողովրդին հանձնելուց հետո արդեն խորտակվել է բռնության ամրոցը, իրականացել է ժողովրդի երազանքը, սակայն Դարբնի հետ առաջին իսկ հանդիպումից հետո ապրում է ծանր հիասթափություն և զղջում է Էմիրի պալատը այրելու համար: Նա հասկանում է, որ Դարբին ավագները կատարում են նույն հանցանքները, ինչ նախկինները, որ բռնակալները հաջորդում են միմյանց, իսկ ժողովրդի վիճակը ավելի է ծանրանում: «Ահա նորեն սակավ է հացը, առատ՝ սովածը, իրավունքը՝ պտղունցով, պարտքն ու տուրքը՝ պղինձով… հալածանք, սպառնալիք, բանտերը լիքը… ուժը հեծած թույլի վրա»,- դժգոհում են մարդիկ: Հարճը Դարբին Ավագի հայացքում ու աչքերում տեսնում է իշխելու, տիրելու անզուսպ մոլուցքով լցված նույն բռնակալին: «Մեր դեմ խաղ չկա» հոխորտանքը դառնում է ավագների գործունեության գլխավոր ուղեցույցը և մղվում է ոչ թե թշնամու, այլ սեփական ժողովրդի դեմ: Ովքեր պայքարել էին ազատության ու արդարության համար, այժմ դարձել էին իշխանությունն իրենց ձեռքը վերցրած նախկին սովյալների ստրուկը: Ամենուր պետք է լինի «մեր խոսքը, մեր խելքը, մեր կամքը: Եվ ոչ ոք պետք չէ, որ հակառակի»,- հոխորտում է Ավագը և ավելի ծանրացնում առանց այդ էլ ժողովրդի դժվարին կյանքը:
Իրականության ու երազանքի մտորումներում Հարճը հասկանում է, որ կեցության գլխավոր պայմանը ազատությունն է, և ոչ ոք իրավունք չունի մարելու կամ խեղդելու մարդկային հոգուց բխած ձայները: Բռնակալությունն ամբողջովին վերացնելու համար Շանթը պահանջում է ոչնչացնել յուրաքանչյուրի մեջ նստած բռնակալին, որովհետև այդ բռնակալը ցանկանում է իշխել բոլորի վրա, խլել ուրիշների ունեցվածքը, խժռել ուրիշների աշխատանքի արդյունքը: Բոլոր բռնակալները տապալվեցին, իսկ ի՞նչ շահեց ժողովուրդը,- ասում է Նաղաշը և ավելացնում. «Մի՞թե ավելի ծանր ու անտանելի չէ ընկեր բռնակալը, ա՛ն, որ ձեր մեջեն, ձեր վշտեն ու ձեր արցունքեն է ծներ ու նստեր է ձեր հացին, ձեր բաղդին ու ձեր հոգիին վրա… Գիտցե՛ք, ոչինչ չեք շահելու դուք, մինչև որ չխորտակեք այդ ամենքը ծնող, այդ ամենքը սնող մա՛յր բռնակալը, միակ բռնակալը, բո՛ւն, իսկականը»:
Հեղափոխությունը դիտելով որպես համընդհանուր քաոս, Շանթը առաջնային է համարում մարդու վերափոխման խնդիրը, որովհետև կյանքում ամեն ինչ բխում է մարդուց և ամեն ինչ հանգում է նրան, ուրեմն մարդն է այն բացարձակ ու բանական արարածը, ով ունակ է կարգավորելու կյանքի խոտորված կառուցվածքը և կործանումից փրկելու «համատարած քաոսում սուզված» աշխարհը:
Այսպիսով, հեղինակային հարցադրումը հանգում է մարդու ինքնակատարելագործմանը, այն, ինչը հարյուրամյակներ առաջ պահանջում էր Նարեկացին: Ընդունելով Աստծուն, Նարեկացին չէր ընդունում նրա կողմից ստեղծված աշխարհը և տառապում էր, որ այդ աշխարհը թաթախված է անլուր մեղքերի մեջ, և կյանքը լի է հակասություններով: Եթե Նարեկացին տեսնում էր, որ մարդու կառուցվածքը բաղադրված է ներհակ տարրերից, ապա Շանթը ներկայացնում է, որ «ներհակ ուժերից բաղադրված» մարդկանց աշխարհը աստիճանաբար փլուզվում է: Ուրեմն մարդը պետք է կարողանա կարգավորել իր ներքին աշխարհը, ուշադիր ու քննադատաբար նայել իր ներսը, գնահատել ու դատել իր արարքները:
Շանթի հերոսները եզրակացնում են, որ Աստծու ստեղծած աշխարհը անկատար է ու վերածվել է կեղծ, անիսկական կեցության, և այն փրկելու համար անհրաժեշտ են «նոր ցեղ ու նոր ձեռքեր», իսկ այդ նոր ձեռքերը երիտասարդներն են, որ պետք է օժտված լինեն բարու, գեղեցիկի ու արդարամտության զգացումով: Տեղին է ասված՝ «Եթե ուզում ես տեսնել, գուշակել մի ժողովրդի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»:
Դրամայի փիլիսոփայական հարցադրումը հանգում է ազատություն և արդարություն հաստատելու ուղիների որոնմանը, քանի որ մարդը շարունակում է ղեկավարվել կենդանական բնազդներով ու կառչած մնալ սեփական ես-ին: «Մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով,- ասում էր Թումանյանը… Ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքով… մինչև էն պստլիկ եսը…»: Ուրեմն, հաստատում է Շանթը, արդարության ու ճշմարտության հանդեպ ունեցած վերաբերմունքը պետք է վերածվի ոգեղեն սիրո, որպեսզի անհետանա մարդու միջի սատանան, և Կյանքի Դևի որոգայթներում մխրճված աշխարհը մաքրագործվի:
Դրամայի ընթերցումը հավաստի է դարձնում Շանթի այն միտումը, թե անցած դարերի հոլովույթում եթե փոխվել են պետությունների հասարակական-քաղաքական կառուցվածքն ու տնտեսաձևերը, ապա էականորեն չեն փոխվել մարդկային բարոյական նորմերը, և մարդն ընդհանրապես: Հայացքն անցյալից դեպի ներկան բացահայտում է որոշակի նմանություն: 20-րդ դարավերջին համառ պայքարի ու բազում զոհերի գնով ձեռք բերված անկախությունը տարիների ընթացքում խաթարվեց, նվազեց ազգային ամբողջականության զգացումը, գլուխ բարձրացրեց Կյանքի Դևի չարագուշակ կերպարանքը: Անցյալի սխալներից ձերբազատվելու փոխարեն մարդկանց մեջ ավելի խորացավ ատելությունն ու թշնամանքը, բռնությունն ու հալածանքը, չարությունը ծառացավ խղճի ու արդարության դեմ, ահագնացավ տարագրությունը: Որքա՜ն այժմեական է Իսահակյանի հերոսի խոսքը. «Եղկելի՛ մարդիկ, երեկը նրանց համար գոյություն չունի, այսօրն է նրանց համար միակ իրականը… երգում են և պարում, և չգիտեն, որ իրենց ոտների տակի երեկվա գերեզմանը վաղը իրենց գերեզմանն է լինելու…»:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հոգևոր կորստի և անտարբերության ներկա պայմաններում մարդը կարոտ է կարեկցանքի ու գթասրտության: «Ինչ-որ տեղ մի բան սխալ է» սարոյանական իմաստնությունը պահանջում է մարդու ներաշխարհից վանել անզորության ու մենակության զգացումը և վառել մարդկանց հոգու լույսերը խղճի ու գթասրտության ազնիվ կերոնով:
Թեև դրաման ավարտվում է Նաղաշի ու Հարճի նահատակությամբ, սակայն ժողովրդի գիտակցության մեջ չի մարում հավատը Արտավազդի ազատության վերաբերյալ: Բռնությունը չի կարող հավերժանալ, որովհետև Նոր մարդը, որպես արարիչ, փյունիկ թռչունի նման պետք է բարձրանա մոխիրների ու բոցերի միջից և կառուցի Հարճի երազած աշխարհը: Միֆականի և իրականի զուգորդմամբ Շանթն արտահայտում է կյանքի տառապանքից ծնված հույսի զորավոր ուժի գոյությունը:
Մեր խոսքն ավարտենք հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի պատգամով՝ ուղղված իշխանավորներին. «Ականջներդ դեպի հայրենիք դարձուցե՛ք, անոր հառաչանաց ունկնդիր եղեք, ձեր եղբարցը օգնեցեք… ազգությունը հառաջադեմ ազգաց կարգը անցընելու աշխատեցեք, հաստատամիտ եղեք…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.