ԻՍԿ ԴՈՒՔ ԴԵՌ ԿՈՏՈՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-Կոսյան
Թուրք լրագրող Էլիֆ Աքգյուլը Երևանում կայացած «Արարատի ստորոտին» մեդիա ֆորումի օրերին, անդրադառնալով Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը, գրել է. «Հայոց ցեղասպանություն, 1915, տեղահանություն… Սա պարզապես ժխտում չէ: Սա պետության կողմից սեփական ազգին խաբել է, սեփական ժողովրդին այդ ստով մեծացնել է: Այդ ստով մարդկանց սպանել է, այդ ստի վրա հիմնվելով՝ մեղավորներին արդար ներկայացնել է: Այդ պատճառով, 100-ամյակը միայն Ցեղասպանության ենթարկված հայերի հարցը չէ: 100 տարի առերեսվելու փոխարեն սուտ խոսողների համար առերեսվելու հնարավորություն է, որքան էլ որ նրանք փորձեն նոր պատմություն ստեղծել»: Զուգահեռ, Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Կարսլըօղլուն, խոսելով «1915-ի դեպքերի» մասին, ասել է. «Ոչ ոք չի կարող ասել, որ թուրքերը պետք է ամաչեն իրենց պատմությունից և առերեսվեն իրենց պատմությանը: Եթե Հայկական հարցում, հարյուրամյակի տարում մեզ ասեն՝ հայերին դո՛ւք եք կոտորել, հայերին դո՛ւք եք ոչնչացրել, նրանց դեմ ցեղասպանություն իրականացրել, դա պետք է ընդունեք, մենք այդ հարցում չկանք»: Կարծիքների այսօրինակ հակադրությունը Թուրքիայի հասարակության վերջին տարիների իրողություններից է: Առանձին մտավորականներ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելով՝ փորձում են պաշտոնական Անկարայի ժխտողականության ապառաժը տեղաշարժել, ազգայնականներն ու իշխանությունները` հակառակը, հնարավոր բոլոր միջոցներով շարունակում են իրենց մարդասպան նախնիների երգը երգել, որն արդեն հիստերիայի է վերածվել, ինչի ապացույցը նախագահ Էրդողանի օսմանյան արխիվի շենքում կազմակերպված «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը` 100 տարում» սիմպոզիումի և ցուցահանդեսի բացմանը հնչած ելույթն է: Դիմելով հայկական սփյուռքին՝ Էրդողանը համարյա խուճապահար դուրս է տվել. «Սփյո՛ւռք, Հայաստանի՛ ղեկավարություն, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք: Երկրներով շրջելով ու որոշ տեղերում փող կերցնելով արշավներ կազմակերպելով արդյունքի չեք հասնելու»: Իսկը հիստերիկին բնորոշ վարք, երբ այլևս անհնար է թվում թուրքական գիպսե դիվանագիտության մեծացող ճաքերը թաքցնել: Եթե ցեղասպանություն չի եղել, ապա ցեղասպանությունը դատապարտող երկրներն ի՞նչն են ճանաչում ու դատապարտում, ինչո՞ւ Թուրքիան, որ զարմանալի զգայուն է իր հասցեին հնչող քննադատությունների նկատմամբ, ամեն անգամ բավարարվում է ընդամենը սնամեջ սպառնալիքներով: Եթե ցեղասպանություն չի եղել, Եվրախորհրդարանը ի՞նչ պատճառաբանությամբ է ԵՄ անդամներին կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե աշխարհի վերաբերմունքը այդ խնդրին զրպարտանք է, Թուրքիան ինչո՞ւ չի խզում իր հարաբերությունները Եվրախորհրդարանի և բոլոր նրանց հետ, ովքեր ճանաչել կամ ճանաչելու են 20-րդ դարասկզբի մարդկության ամենաողբերգական ոճրագործությունը: Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը, անդրադառնալով Եվրախորհրդարանի կոչին, ընդամենը կարծիք է հայտնել, որ նման քայլերը «լուրջ վնաս են հասցնում Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև բարդացնում են ապագայում հայերի և թուրքերի` սեփական ապագան միասին կառուցելու հնարավորությունը»: Մնում է գուշակել՝ միասնական ինչ ապագայի մասին է խոսքը, երբ թուրքական շողոքորթության յոթը շերտի տակից էլ թափանցում է հայերի նկատմամբ ատելությունն ու անհանդուրժողականությունը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլին շարունակում է մեղադրել Հայաստանին, իբր, «մենք բարեկամություն հաստատելու համար ձեռք ենք մեկնում, սակայն Հայաստանը տգեղ ձևով մերժում է այն: Հարավային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է: Բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է կանգ առնի և հետ նայի»: Թուրքական տրամաբանության ևս մի նմուշ, երբ մարդասպանի համար հայերի ընդառաջ քայլը Ցեղասպանությունը մոռանալը պիտի լինի, եթե հնարավոր է ողջ ժողովրդի հոգին կիսած սպին չտեսնել ու մոռանալ: Քանի դեռ արդարությունը չի հաղթանակել, հայերը չեն կարող հետ չնայել, թեկուզ 500 տարի հետո էլ շարունակելու են նայել: Հետ չնայելը, անցյալին առերեսվելու սարսափը թուրքերի ողբերգությունն է: Թուրքերը կա՛մ չեն գիտակցում, կա՛մ չեն ուզում գիտակցել, որ իրենց առջև` ինչ ուղղությամբ էլ գնան, դեպի իրենց անցյալն է տանելու, որից փախչում ու ահաբեկվում են: Հանցագործը որքան էլ խուսափի, փորձի հեռու մնալ ու մոռանալ, ի վերջո դեպի իր հանցագործությանն է մոտենում: Այս իրավիճակում թուրքերն արժե, որ լսեն իրենց երկրացուն՝ լրագրող Ֆաթիհ Թուհչիին. «Նայեք անցյալին, ովքե՞ր են մահացել, խաղաղություն և հանդարտություն են ուզում նրանք, իսկ դուք դեռ կոտորելու ցանկություն ունեք»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.