ԻՄԱՍՏԸ ՀԱՂԹԵԼՆ Է (Արա Նազարեթյանի պատերազմական պատմվածքները) / Վալերի ՓԻԼՈՅԱՆ

Այս վերջին պատերազմն իր ներկայով ու շարունակական հետևանքներով արդեն բազմիցս դարձել է գեղարվեստական պատկերման նյութ ու առարկա Ռ. Հովսեփյանի, Զ. Բալայանի, Լ. Խեչոյանի, Հ. Վարդումյանի, Հովհ. Երանյանի, Արա Նազարեթյանի, Լ. Ջավախյանի, Վ. Հակոբյանի, Կ. Գաբրիելյանի, այլոց ստեղծագործություններում: «Արցախյան պատերազմ» բառակապակցությունը թեև ճշմարիտ է, սակայն ճշգրիտ չէ, քանզի սա հայոց պատերազմն է, որտեղ չի անտեսվելու հայրենիքում և ի սփյուռս աշխարհի ամեն հայի ջանքն ու մասնակցությունը, անգամ ուրացումն ու փախուստը: Արցախյան պատերազմի գեղարվեստական տարեգրությունը մինչ օրս հորինումի կարիք համարյա չի զգում. այդ տարեգրությունը նախ և առաջ վավերագրական արձակ է` կյանքից եկող, կյանքին հավատարիմ և կյանքի չափ անսպասելի ու անկրկնելի: Կյանքից առնված փաստը, դեպքն ու դիպվածը, այս կյանքի դիմագծությունը ներկայացնում են կոնկրետ հեղինակներ, մարտիկներ, որ այսօր զենքը փոխարինել են գրչով. չկա միջնորդավորվածություն, կա անմիջականություն, որ այս գործերի ամենամեծ արժանիքն է անգամ երբեմն գեղարվեստական ինչ-ինչ անկատարությունների դեպքում:
Մարդու պատասխանատվությունն ու անպատասխանատվությունը, զոհվելն ու փախուստը, մարդու մղած պատերազմն ու մարդու ապրած ժամանակը ձևավորում են ոչ միայն իր կեցությունը, այլև մարդու և մարդկային հավաքականության պատմությունը: Արդյունքի ու հետևանքի տարբերություն այստեղ էլ է դրսևորվում, քանզի արդյունքը պատերազմն է, հետևանքը` մարդու հետագիծը` տեսանելի և անտեսանելի: Ի՞նչն է կարևոր` մա՞րդը, թե՞ պատմությունը: Չէ՞ որ մարդուց հետո մի փշուր է մնում կամ չի մնում, իսկ պատմությունը գոնե միլիոնավոր փշուրներից մնացած շերտ է` մամլված ժամանակով: Պատմության օբյեկտն ու սուբյեկտը, պատմության նյութն ու աղը ոչ թե թիվն ու փաստն են, այլ անցավոր մարդը, մահկանացուն: Պատահական չէ այս իմաստով Ա. Նազարեթյանի գրքի «Մահկանացուներ» վերնագիրը: Ամենահասարակ մարդիկ, որոնք իրենց ապրածով պատմություն են կերտում, չնայած ամենասովորականներից են: Այս ամենին գումարենք ևս մի իրողություն. տեսակի պաշտպանություն իրականացնում է ոչ թե տեսակը, այլ կոնկրետ մարդը: Այս մարդն է կարևորվում ու կարևոր է բոլոր տեսակի հարաբերություններում ու գոյակերպի մեջ: Այս մարդուն է դիտարկում Ա. Նազարեթյանն իր պատմվածք-նովելներում` չհավակնելով մեծ-մեծ գաղափարների, չպատկերելով ի ծնե հերոսների: Այս ամենասովորական մարդկանց կյանք-ապրածն ասես նրանց նախորդած վարքի շարունակությունն է, նրանց բարոյականության բնական վիճակը:
Եվս մի իրողություն. այս գործերում չկա հերոսի փնտրտուք, հերոսականի պատկերման մոլուցք, չկա պոռոտախոսություն ու բարձրագոչ հայրենասիրություն, կա մարդը, ավելի հաճախ, իր թերություններով: Հերոսի ու հերոսականի ռեգիստրը, փառքն ու փառասիրությունը («էդ փառք կոչված քաղցրավենիքից մի տակառ ստացել էինք, տղերքը կերան, հատավ» [1, 37]) հեռու են այս մարդկանցից. նրանք ապրում են իրենց դժվար ու ճշմարիտ կյանքը: Այս դեպքում էլ կարելի է հիշել Ժ. Ռասինի միտքը. «Նրանք <ողբերգության կերպարները> պետք է ունենան միջին արժանիքներ, այսինքն` թուլության ընդունակ առաքինություն»: Եվ ոչ միայն, նաև առաքինության ընդունակ թուլություն: Եթե Ա. Նազարեթյանի Հակոբը («Բեռը» պատմվածքից) առաջիններից է, ապա Իգորյոկ-ռոստովցին` թվացյալ երկրորդներից, նաև մեր շատ կորուստների մի չնչին մասը փոխհատուցողներից` որպես ինքն իրեն գտած որդու վերադարձ («Հետախուզում` մարտով»):
Նազարեթյանի` պատերազմական թեմայով պատմվածքներն ամփոփված են «Մահկանացուներ» [1], «Ռազմավար պատմվածքներ» [2], «Հայկական պատմություններ դուդուկի համար» [3] ժողովածուներում: Սրանցում տարբեր հաճախականությամբ տեղ են գտել պատերազմին ու հետպատերազմյան առանձին դրվագների վերաբերող 26 գործեր, որոնք ասես բեկորներ են պատերազմի հիշողություններից: Կան մեծ ու փոքր բեկորներ, ամբողջական ու, թերևս ների հեղինակը, թերի, որոնք չեն հասնում ամբողջական պատմվածքի կամ նովելի մակարդակին, սակայն բոլոր դեպքերում գործ ունենք ազնիվ ինքնարտահայտման հետ, որ բացառում է կեղծիքը, սարքովին: Սրանք հատվածական են նաև ժամանակային ընդգրկման տեսակետից: Մեկ դիպված, փոքրիկ զրույց, փոքր պատմություն, որ ժամանակային փոքր տարողություն ունի, սակայն կա ներուժ և իր ասելիքով ամբողջը հաստատելու գործառույթ: Իսկ եթե այս գործերը դիտարկենք որպես ամբողջ իրենց թեմայով, ասելիքով («իմաստը-պիտի հաղթենք»), ուրվագծվող, երբեմն գործից գործ փոխանցվող կերպարներով, ապա կունենանք յուրահատուկ մի վիպակ, որ դեռ գրվում է ու չի ավարտվել, քանի որ տարիների հետ նոր հատվածներ են հայտնվում նրա տարբեր էջերին:
Հեղինակը փորձում է յուրաքանչյուր դեպքում անկրկնելի դարձնել պատումը` գտնելով կյանքի նորավեպը, անսպասելին: Ամեն դեպքում յուրովի է կառուցվում գործը` հաշվի առնելով կոնկրետ թեմայի «առաջադրանքը»:
«Մահկանացուներ» ժողովածուն բացվում է հեղինակային ծանուցմամբ, որ թանկ է ինչպես ճշմարտությունը բացահայտելու, այնպես էլ ժամանակը ճշգրտելու տեսակետից: Եվ քանի որ այս երկու իրողություններն առինքնում են, և քանի որ կցանկանայի, որ այդ տողերը նաև իմը լինեին, մեջբերում եմ.
«Այս ժողովածուի գրեթե յուրաքանչյուր պատմվածքը կարելի է սկսել` «…Դա այն ժամանակն էր, երբ փայտն ու գիրքը վաճառվում էին կշռով և նույն գինն ունեին, ու երկուսն էլ վառելու համար էին գնում…» բառերով, բայց եկող սերունդը դրան երբեք չի հավատա, ինչպես մենք չէինք հավատա մի հինգ տարի առաջ. ժամանակի հարահոսում այսքան արագափոխ ու բացառիկ հատված է մեր ապրածը:
Ու տեսնես մարդ-մահկանացուից բացի այս մոլորակի պտտապատճենած օր-միավորների հաշիվն ուրիշ պահող կա՞» [1,3]:
«Գնում էին երկուսով» պատումը պատերազմի մի փոքրիկ դրվագ է, մարդկային մի կորստի արձանագրում, որ միաժամ այդ մարդու ճակատագրի արտահայտություն է: Քիչ անտեղյակ ու անհաղորդ էինք Պապո Ազատի գոյության խորհրդին, բայց մարդու անհետացումից հետո արդեն հաստատագրվում է իր գոյությունը, և ձորը, ուր անհետացավ, սկսում են կոչել իր անունով: Բայց մինչ այդ` «Քամին մի բանով է լավ, որ թե հանկարծ մրսում ես, կարող ես ասել քամուց է: Ուժեղ քամի էր» [1, 13]:
«Ավերակ տունը» պատմվածքի թեման թերևս ագահությունն ու պատիժն են: Թշնամական կողմից դիպուկահարը, որ թուրք չէ, այլ այլազգի վարձկան, չի սպանում, այլ վիրավորում է. «Չսպանեց, որովհետև ականջների համար, ասում են, դրանց հարյուր դոլար են տալիս, իսկ գերին, կենդանի գերին շատ ավելի թանկ է գնահատվում, դեռ ականջներն էլ վրան» [1, 20]: Սակայն այս դեպքում էլ ազդեցությանը պիտի հետևի հակազդեցությունը. «Ձախ` հիմնական աշխատող ձեռքն աշխատեց ինքնաբերաբար ու ճշգրիտ: Ստվերի պես ոտքից գլուխ հանդերձանքով, փչովի-մարդահասակ տիկնիկ հիշեցնող մեկը զարմացած վրացու հանգույն ձեռքերը կողմերի վրա շպրտելով, տատանվեց անվճռական` փորի վրա ընկնի, թե մեջքի, ապա, ասես փուքսը թողնելով, դանդաղ փլվեց ու երբ հերթը հասավ գլխին, շիֆերի դարսը խուլ դխկաց» [1, 19]:
Սակայն հեղինակը չի բավարարվում այսքանով, քանի որ կա ապրելու մեծ առեղծվածը. «Քերոբը վերջում հասավ: Շունչը կտրելով, դեռ տեղ չհասած, կանչեց զառիվերից.
– Բուշլատն իմն ա:
Ձմեռ էր» [1, 20]:
«Եթե որևէ բան ապացուցման կարիք ունի, ապա դա ոչ թե անմահության, այլ մահվան ֆենոմենն է» [4,130],- ասում է Է. Կասսիրերը: Մահվան կողքին, նրա հետ մերձավորագույն հարևանությամբ ապրողները «վճռականորեն ժխտում են մահվան հնարավորությունն իսկ» [4, 130]:
Իսկ «Ինչպես հազար տարի առաջ» պատմվածքում դիպուկահար է մոջահեդը: Միքանիօրյա լռիկ մենամարտից հետո վաշտի հրամանատար Ծերուկը վիրավորում, իսկ Ղուկասն էլ ոչնչացնում է այս մոջահեդին. «Հիմա գալու են դիակի հետևից. դրանք մոջահեդներ են, գալու են տանեն: Նայեք` չվրիպեք: Դրանց միայն վերջին դիակն է մնում անտեր» [1, 26]:
Արա Նազարեթյանի պատերազմական պատմվածքների մեջ մի շարք գործերի հետ առանձնանում է «Ճշմարիտ ախպերության կենացը» երկը` ավարտուն, ամբողջական, առանց ավելորդ խճողումների, և կարող ենք այն իրապես դիտարկել նովելի տիրույթներում:
Պատերազմի չգրված օրենքներով բնական իրողություն է «էլածը»` ավարը` լինի անասուն, քար ու փայտ, ոսկի ու կահույք, ցորեն ու քիչ առաջվա բուշլատը…
Գյուղի բարձրադիր կողմի մեծ առանձնատուն են ներխուժել զրահամեքենայի վարորդն ու նշանառուն: «Սալօջախին թեյնիկն իրեն ուտում էր, սեղանին փլավը պաղել էր: Ունևոր տուն էր, քաղաքային բնակարանի կահավորանքով, պատերն ու հատակը գորգապատ» [1, 28-29], սակայն երկուսն էլ նշանառել են հյուրասենյակի կահույքը: Մեկմեկու հանդեպ գերազանցություն ստանալու նպատակադրմամբ հոգեբանական «դիվերսիաների» են դիմում` մոտենալուվ ախպերության գաղափարին ու կենացին: Բայց այդ պահին այդ ախպերություն կոչվածին հակադիր է կահույքը. «Էս կենացն էսպես չի խմվի… Ես դրա շինողի:
Ու ավտոմատն առնելով, երկար մի կրակահերթ թողեց պատը գրաված եվրոպական կահույքով մեկ:
Լռություն տիրեց, ականջներում զնգացող լռություն: Ապա մեծ պահարանի դռները դանդաղ-ծանր բացվեցին…
Ավտոմատները գրկած երեք տղամարդու մարմին գլորվեց հատակի գորգին» [1, 33-34]: Ու հայտնիանում է ամենամեծ ճշմարտությունը. «Էս կռիվը նախ հաղթել է պետք, ախպերս: Քիչ մնաց առաջ ընկնեինք: Հաղթանակի կենացը» [1, 34]: Սա էլ պատերազմի հազարավոր դեմքերից մեկն է` անկանխատեսելի, մեր տեսակն ու մեր դեմի այլատեսակը բացահայտող:
Եթե Լ. Խեչոյանն իր «Սև գիրք, ծանր բզեզ» վեպում իրեն հատուկ պացիֆիզմով պատկերում է պատերազմի հոտը (ավելի շուտ` «հոտը պատերազմն էր» [5, 135]), ապա Արա Նազարեթյանն էլ պատկերում է «Պատերազմի համը»: Զինվորներից Սեյրանը իր զինակիցների ու թղթակցի համար խորոված է պատրաստում. «Կգնաս քաղաք, կասես կխտարի միս եմ կերել» [1, 57]: «Կրակը թեժ արած, Սեյրանը միսը քաշում էր հոնե ճիպոտների ու հրացանի շամփուրների վրա: Փափուկ, յուղոտ ոչխարի նման միս էր, միայն կողոսկրերն ավելի կլոր էին» [1, 56]: Վերջին միտքը հանգուցալուծումը հուշող պայման է, որին վերադառնալու ենք քիչ անց (հեղինակն արդեն նովելի համար «թույն է կաթեցրել» կամ ինտրիգ է կառուցել), քանի որ «Պատերազմի համը բերանով չեն առնում, այլ ուղեղով զգում են» [1, 59]: Այնինչ հանգուցալուծումն արդեն հաստատորեն փաստում է, որ զինվորների կերածը շան մսից «նրբախորտիկ» է, որից հետո «ուղեղը լարվածությունից բժժում էր, ասես գլխարկը սեղմում էր, իսկ քունքերին մրջյուններ էին վազվզում: Գլխի մեջ ամայություն էր` անիմա՛ստ, անելանելի… անե՜զր ու ՓԱՍՏ» [1, 61]:
«Ծանր երազ» երկն իր պայմանականությամբ ու հանգուցալուծմամբ միայն վերջին մի քանի տողում է վերածվում նովելի, որ բառացիորեն կրկնում է Շ. Շահնուրի նախաձեռնած, բայց չգրած «Որդիք որոտման» վեպի միակ գլուխը` «Պույնուզլըները» վերնագրված: Սա դաժանության վերջնասահմանն է, ծանր երազ, թերևս ճշտենք` մղձավանջ: Թշնամին արել է իրենը. « մի վիրավորի գրպանից նկարաշար դուրս եկավ… Առաջին նկարում ինքն էր` անվեհեր կտրիճի տեսքով, ոտքը գետնաթավալ մեկի մեջքին: Հաջորդում դարձյալ ինքն էր` զոհի կրծքին ծնկած, դանակը բկին: Շեղբը կիսով չափ մտել էր, մինչդեռ ինքը, դեմքը դարձրել լուսանկարչի կողմը, ժպտում էր ճիգով: Մյուս ձեռքը չռված մատներով ամուր գետնին էր սեղմում երևի թպրտացող մատաղացուին: Երրորդ նկարում էլի ինքն էր, մարմնից անջատված գլուխը ձեռքին: Գլխի մազերը կտրած վզից երկար էին…» [3, 88]: Եվ նրանից ետ չի մնում նաև մեր յուրայինը: Արդյունքում տեսնում ենք պատերազմի անմարդկային դեմքը: «Էդ դաժանությունը իրենցից սովորեցինք»,- ասում է «Գնում էին երկուսով» պատմվածքի կերպարներից մեկը, և պատմվում են դաժան պատմություններ, որոնք, ինչպես ասում են, բացարձակ սարսափի վկայություններ են` երկուստեք դաժան, և հաստատում են, որ «Հուշը հիշատակով է լինում»:
«Դավաճանություն» և «Հրադադար» պատմվածքներն ընդդիմադիր տեսակների տարբերություններն են բացահայտում: Քանի որ «հրադադարի լարված պարապությունը տղերքը դժվար են տանում», լեյտենանտ, նախկին բաքվեցի Ավակիմովը հակառակորդից տանկ է առգրավում, իսկ «Դավաճանություն» պատմվածքում հակառակորդ զորաջոկատները պայմանավորվում են իրար վրա չկրակել, սակայն… «Դավաճանության պես մի բան, իրոք, եղել է: Մինչև գետափ, լանջն, ախր, լրիվ ականապատած է: Նեղ մի արահետ կա, արահետով իջել, թուրքերը դրանց գնալ-գալու ԻԾԱՇԱՐՈՒԿԸ տեսել են, գիշերը նույն ճանապարհով եկել… Բայց հիմա ո՞ւմ պատժես: Իրենք իրենց պատժել են» [3, 75]:
Աստ հիշված Ավակիմովը թերևս «Հարևանները» պատմվածքի Միշա Ավանեսովն է. «Մինչև բաքվեցի փախստական ինժեներ Միշա Ավանեսովի գալը գումարտակի անձնակազմի ավելի քան քսան տոկոսը, զոհ թե վիրավոր, թշնամու ականանետը շարքից հանել էր առանց կռիվ-ճակատամարտի: Միշա Ավանեսովը եկավ-չեկավ, հակառակորդի ականանետին ինչ-որ բան պատահեց: Դիրքերի վրա այլևս չէր աշխատում, խփածն էլ բարձր էր գնում կամ լցվում էր ձորը» [1, 36]: Պատերազմական դժվար օրերին թշնամական դիրքերը գնալ-գալու իրավունք ունեցող, մեկ ամիս առաջ Բաքու գնացած-եկած Ավակիմովը «փախչելու օրը տան բանալին հարևանիս էի տվել` ինչ կարող է ծախի, ինչ չէ` վերցնի իրեն: Էսքան ժամանակ չէի կարողանում գտնել: Վերջը գտա» [1, 38]:
Երեկվա հարևաններն այսօր «հարևան» են հակառակորդ խրամատներում: «Կեսօրի մոտ Միշա Ավանեսովը ուտելիքի կապոցն առավ, իջավ ձորը: Երեկոյան հետ եկավ քեֆը լավ, ադրբեջանական մուղամը ծլուլի պես քթից կախ, կոթ բեղերի վրա փռած: Դժվար թե հարևանը իրենց դիրք վերադառնալիս Կոմիտաս երգեր, բայց Միշա Ավանեսովն արդեն գումարտակի թալիսմանն էր» [1, 39-40]: Ու այս պատմությունը դառնում է սովորական իրողություն: Ու որ փորձանք չդառնա, ուղարկում են թիկունք, բայց գնալուց առաջ «Միշա Ավանեսովն ասաց.
– Սիրտս դնգում ա, մի վատ բան ա լինելու: Քանի էստեղ էի, տղերքն ապահով էին, հիմի չգիտեմ: Երրորդ, հինգերորդ, վեցերորդ դիրքերին ասեք զգույշ կենան» [1, 40]: Տղաները պարզում են, որ «երրորդ, հինգերորդ, վեցերորդ դիրքերի ընդհանուրն այն էր, որ երեքն էլ, տարբեր կողմերից, նայում էին գետի մյուս ափի հանդարտ բլրի վրա ուլի պոզի պես աճած ժայռակտորին» [1, 41], կարգաբերում զենքը, որ ագռավներն այդ ժայռի քերծի վրա շուտ-շուտ իջնեն:
Արա Նազարեթյանի «Առաջին բարձունքը» երկը հաստատապես լավագույններից է պատերազմական թեմայով գործերի շարքում: Տեղ է գտնում ոչ միայն կոնկրետ ենթաթեմայի իրացումը. սրանից առաջ հարկ է ընդգծել պատումի անսպասելիությունը, որ իրականացվում է խոսքի խաղային տարրերի կիրառմամբ:
Ջոկապետի «խոսքը խաղում էր, ինչպես ձին հմուտ վարժեցնողի տակ» [2, 18]: Խոսքի խաղը նշանակալի գործառույթ ունի` հավաստիացնել նորակոչիկներին, որ նրանք գնում են «թիվ «իքս» բարձունքում տղաներին փոխարինելու, քանի որ վերջիններս ավելի կարևոր առաջադրանք ունեն: Անհրաժեշտ հանձնարարականներից ու պարզաբանումներից հետո էլ «նրա արտիստիկ խոսքը խաղում էր ու փայլատակում, փայլատակում էր ու խաղում» [2, 20]: Այդպես խաղով էլ անփորձ տղաների կողմից գրավվում է թշնամական բարձունքը. «Պիտի ներեք, տղերք, որ նախօրոք չասացի Հիմա զինվոր դառնալու ճանապարհի ձեր առաջին բարձունքը նվաճված է, փորձ արդեն ունեք. հետագա գործողությունների համար անցնում եմ բաց տեքստի» [2, 21]: Նմանատիպ իրավիճակի մասին է ասում Յոհան Հայզինգան. « գրական նյութի կենտրոնական թեման մի առաջադրանք է, որը պետք է կատարի հերոսը, մի փորձություն, որին նա պետք է դիմանա, մի խոչընդոտ, որը պետք է հաղթահարի» [6, 191]: Փորձություն-խոչընդոտը հաղթահարված է, այլևս չկա փակ տեքստը: Ծաղրածուի գործառույթ ունեցող ջոկապետը վերադառնում է իր հայրական տեսքին, դեն նետում դիմակը. «<Հերոսը> չի ճանաչվում, ինչպես որ է, որովհետև թաքցնում է իր էությունը, կամ ինքն այն չի ճանաչում, քանզի կարող է փոխել իր արտաքինը, կերպարանափոխվել: Մի խոսքով` հերոսը դիմակ է կրում, գործում է ծպտված, իր մեջ գաղտնիք կրում» [6, 191]: Պատանյակների կռիվ գնալու էպոսային պայմանաձևը, որ իր ներսում ենթադրում է մանկան արքետիպը, հաստատվում է Նազարեթյանի այս անհավակնոտ նովելում` իր հերթին հաստատելով մեր տեսակի գենետիկ ու միֆական ընդհանրականությունը:
«Տոթ օր» երկը Լ. Խեչոյանի համանուն պատմվածքի հետ աղերսներ չունի և ոչ կրքի, այլ աշխարհավերման պատմություն է: Սա Ա. Նազարեթյանի պատկերած բացարձակ ողբերգություններից և բացարձակ հաջողություններից մեկն է, որին ուշադիր վերաբերմունք է պետք, ոչ մեկ-երկու նախադասությամբ հպանցիկ անդրադարձ: Նույնը կարող ենք ասել «Պատասխան չի լինելու» նովելի վերաբերմամբ: Այս դեպքում գերակա է ոչ թե ի՞նչ-ը կամ ինչպե՞ս-ը, այլ ինչո՞ւ-ն, որ իր ետևից բերում է պատասխանը: Երիտասարդը տուն չի դառնալու, չի հանդիպելու իրեն սիրահարված աղջնակին, քանի որ «Դեմքի վրա բարձրացված մուգ կանաչ թաշկինակի տակ տափաշշից օղին գուլ-գուլ լցվեց այնտեղ, ուր բերանը պիտի լիներ, բայց բերանի խոռոչն էր այլանդակ բաց-ահարկու. արկի բեկորը ծնոտը տարել էր: Չկար» [2, 86]:
Պատերազմի մի այլ դիմագծություն կա «Կյանքի նովելը» և «Ծաղկամանը» պատմվածքներում, որ ներկայացնում են այդ օրերի թիկունքի կյանքի փոքրիկ դրվագներ: Մասնավորապես «Ծաղկամանը» կյանքն է պատմում` նորաստեղծ ընտանիքի զավակի նախածնունդը մանրամասնելով, կնոջ հանդեպ վիրավոր ամուսնու վերաբերմունքով, աղքատությամբ ու սպասմամբ… Հոգեբանական նուրբ դիտարկումները, քչախոսք, սակայն բազմացույց այս պատումն իրոք աշխատված է, գուրգուրված և հեղինակի շնորհի առհավատչյան է:
Ա. Նազարեթյանը շատախոս չէ: Իրեն վերադարձնենք իր իսկ նախադասությունը. «Ինքը երկար խոսքը, խոսքի ջուրը չի սիրում» [3, 84]: Եվ հեղինակն իր նպաստն է բերում արցախյան պատերազմի գեղարվեստական վավերագրությանը: Ավելի հաճախ իրավացիորեն շրջանառվում են Լ. Խեչոյանի անունն ու վաստակը, բայց այս մարտիկ-գրագետը միայնակ չէ. նրա կողքին ու իր հետ ջո՞կ, դասա՞կ, վա՞շտ, թե՞ գումարտակ է քայլում, ուր հայոց գրի ու զորքի զինավորներ կան, և այս շարքում չենք կարող ուրանալ Արա Նազարեթյան նրբանկատ գրագետի անունը և այլոց, որոնց գործին անդրադառնալու պատեհությունը մի օր պիտի գտնվի:
—————————–
Նազարեթյան Արա, Մահկանացուներ, Ե., «Նաիրի», 1995,
Նազարեթյան Արա, Ռազմավար պատմվածքներ, Ե., «Ապագա», 2001,
Նազարեթյան Արա, Հայկական պատմություններ դուդուկի համար, Ե., ՀԳՄ հրատ., 2015,
Կասսիրեր Է., Էսսե մարդու մասին, Ե., «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2008,
Խեչոյան Լևոն, Ձայներ և տեսիլքներ, Ե., «Նաիրի», 2006,
Հայզինգա Յոհ., Homo ludens. մշակույթի խաղային տարրի սահմանման փորձ, Ե., «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2007:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.