Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՊԱՏԵՐԱԶՄԻ  ԽԱՆՈՒԹ

ՊԱՏԵՐԱԶՄԻ  ԽԱՆՈՒԹ
(շարք)
Հանրախանութում բացված պատերազմի բաժնում վաճառվում են նորաձև տարբեր պատերազմներ՝
ընտանեկան, ազգամիջյան, միջանձնական, ներանձնական նաև միջմայրցամաքային, տեղական, գլոբալ, հրթիռային, կարճաժամկետ ու երկարաժամկետ, կայծակնային, քիմիական, թանկ են վաճառվում ատոմայինը, բիոլոգիականը, իսկ ամենաթանկը՝ միջմոլորակայինը:
Խանութի առջև հսկա հերթ է,
վաճառողուհին՝ երկարոտն, կարճազգեստ, բազմագույն եղունգներով՝ գեղեցկուհի, որի ժպիտն իսկը Ջոկոնդայինն է: Շատերը եկել են աղջկա համար: Նա այնպես է մատուցում պատերազմները, ասես քաղցրավենիք է բաժանում:
Իսկ ո՞վ է թխում կրեմով, հրաշագեղ այդ թխվածքը: Վրան չկա ֆիրմային նշան: Մեկն ասում է՝ Ամերիկան, մյուսը՝ Ռուսաստանը, էն մեկը՝ Գերմանիան, էն մյուսը՝ Ճապոնիան, մի քանիսն էլ՝ Ավստրո-Հունգարիան, Եվրոպան, Կուբան, Չինաստանը: Կռիվ է խանութում: Միայն վաճառողուհու ժպիտն է սաստում՝ սիրեցեք ինձ: Մի խենթ գոռաց՝ սիրելինե՛ր, նայեք Ջոկոնդային, հասկացեք, պատերազմները թխել է Լեոնարդո դա Վինչին, նա է նախագծել տանկեր, ուղղաթիռներ, այլևայլ զենքեր: Հերթը տնքաց.
– Ճիշտ է ասում, ինչ դյութիչ, գազանային է ժպիտը Ջոկոնդայի:
Իրարանցում
Պատերազմի խանութի դիմաց
Եվ հենց խանութում հսկա հերթ է:
Պարզ է, նրանք ուզում են պատերազմ գնել:
Իրար են հրմշտում:
Մի երիտասարդ ուզում է առանց հերթի
Մոտենալ վաճառողուհուն:
Սկսվում է պատերազմ:
Միայն վաճառող աղջիկն է ժպտում:
Այն կարգազանց ջահելի հետ
Նրանք համբուրվում են
Պատերազմի ֆոնին:
Հույսը վերջինն է մահանում,
Մինչ այդ խիզախ երիտասարդն
Ընկավ դաշույնի հարվածից:
Համբույրը հավերժ է:
Իհարկե, ըստ Ռոդենի:

Հերթը
Պատերազմի խանութում
Վարժանք է, իրենց մկաններն են ձգում
Հավակնորդ պետություններ,
Անպետություն ժողովուրդներ,
Չընդունված պետություններ՝ իրենց
Անճանաչ վիրավորվածությամբ:
Հերթի մեջ այս բոլորը
Կոխկրճում են միայնակներին,
Որոնք համարձակվում են գնել
Ներանձնական պատերազմ:
Զայրացած իր պոչն է բացում
Վերին ատյանի սիրամարգը:
Հետո իրար են ոտատակ տալիս
Անզեն ոտքերով,
Պայտած կոշիկների կրունկներով:
Մինչև վաճառող աղջկան հասնելը
Որոշները ոչնչանում են:
Վանդակի միջից թութակը կրկնում է՝
Հանգստություն հոգիներին:
Շարունակում են համբուրվել աղջիկն ու տղան:

Տղան
Պատերազմի խանութի հերթում
Տղային զորակոչեցին:
Նա մի օր Մերձավոր Արևելքում, թե՞ Դոնեցկում,
Թե՞ Արցախում ընկավ կրակահերթից:
Թութակը կրկնեց իր կրկներգը՝
Հանգստություն…
Վաճառող աղջիկը լաց չի լինում:
Նա պարտավոր է անվերջ ժպտալ:
Հիմա նրան համբուրում է մի ճաղատ բանկիր,
Որը զենք է վաճառում հավասարապես
Ախոյաններին:
Այո՛, առանց բանկիրների
Ի՞նչ համբույր ու պատերազմ:

Անավարտ պատերազմ
Աշխարհի տարբեր անկյուններում
Անավարտ պատերազմներ են:
Սպանում են մանուկների,
Իբր չգիտեն, որ նրանք հրեշտակներ են:
Սպանում են զինվորների,
Իբր չգիտեն, որ նրանք զավակներ են:
Սպանում են երկար մորուքով մարդու,
Իբր չգիտեն, որ նա Դարվինն է:
Խոսեք իրար հետ, Աստծու նմանակներ,
Մի՛ կրակեք լուռ ու անտարբեր,
Վարձու դիպուկահարներ,
Հերարձակ ամազոնուհիներ,
Խոսեք իրար հետ, ինչպես անառակ որդիներ,
Դուք տուն ունեք վերադառնալու:
Խոսեք իրար հետ, դա ավելի լավ է,
Քան պառկել իրար կողքի անշունչ ու պաղ:
Անավարտ պատերազմներ են խաղարկում
Ինչ-որ մարդիկ, ինչ-որ պետություններ,
Ինչ-որ գաղտնի աշխարհակալներ:
Ոչ ոք չի հաղթում,
Բայց պարտվում են բոլորը:
Աշխարհը չի փոխվում, նույն ցավն է,
Լև Տոլստոյ:

Հ. Գ.
Պատերազմի խանութում նոր հերթ է.
Սակայն նրանց մեջ՝ մի սկյութ:
Վաճառող աղջկա ազդրերն ավելի զգլխիչ են:
Դաշտային հրամանատարը կոպտորեն
Դեպի իրեն է քաշում մազերից ու համբուրում:
Աղջիկը ժպտում է,
Ես այդ պահին հիշեցի
Լեոնարդո դա Վինչիի ինքնանկարը,
Աստված իմ, որքան նման է ապագայի
տեսքից խելագարվածի:

Պատերազմի խանութի հողը
Պատերազմի խանութում
Վաճառվում է պատերազմի սերմերով լի հող:
Բոլորը դրան հայրենիք են կոչում,
Մեկը՝ պատմական, մյուսը՝ կիսապատմական,
Մեկն էլ հեգնանքով՝ նախապատմական:
Շատերը՝ ներկա և հավիտյան:
Սուտ- ճիշտ, չար ու բարի հունցում են:
Միջազգային մարզված բազուկներով:
Ոչ ոք չի փնտրում ճշմարտություն
Այդ ոտքերի տակ ճպճպացող ցեխում:
Հողը, այդ մի բուռ հողը
Երկրագունդն է խառնում իրար,
Որն էլի հող է ու հողածին:
Բանաստեղծը վախեցավ հող ու կավիճ խժռող
Մեծ ու սև աչքերով նիհար երեխայից:

Պատերազմի ժամանակ
Այդ ժամանակ մարդակերներն
Ուտում են նույնիսկ ագռավներին,
Էլ չեմ ասում՝ շուն, կատու,
Այդ ժամանակ ոչ ոք չի մտածում,
Որ ինքն է հաջորդ զոհը:
Որ ինքն է հաջորդ զոհ կայսրությունը,
Ինչ-որ տոնական ու վեհ հանդիսավորությամբ
Փչում են առաջխաղացի շեփորներ:
Վերջապես պատերազմը մի սավան է,
Որ ծածկում է բոլորին հավասարապես,
Ինչպես տափաստանն անլեզու:

Երկակի ստանդարտներ
Պատերազմի դաշտերում
Թշնամացածները նույն բանն են ասում՝
Մեղադրելով իրար
Եվ միևնույն պահին մտածում ուրիշ բան:
Դիվանագիտությունն այն է, որ պատերազմ ես
Ուզում, բայց ցույց տալիս
Անմեղ հրեշտակի թևեր:
Հոգևոր հայրերը չեն կարողանում փրկել մարդկանց,
Նրանց մնում է Աստծուն պահպանել
Մարդկանց բալիստիկ հրթիռներից հեռու:
Քերթողներն անխոնջ նույն գործն են անում,
Սիրո սերմեր են ցանում
Անջրդի հոգիներին,
Հավատալով, թե դրախտի պարտեզն առջևում է,
Ետևում՝ դժոխքի հուրը:
Ամենածանրը ինքն իրեն խաբելն է լուրջ դեմքով՝
Հոգու մեջ խրխնջալով զվարթ:

Ոմանք
Ոմանք արդեն գնել և ուրախությամբ
Հեռանում են,
Թևի տակ հացի պես սեղմած
Պատերազմը:
Ներքևից նրանց հետևում են
Սովալլուկ շներ,
Վերևից՝ ագռավներ:
Ավելի վերևից՝ սատանան,
Ամենավերևից՝ Աստված:
Պատերազմն ունի լուրջ արդարացում՝
Նա աշխարհ է եկել
Հանուն խաղաղության:

Մարդն ու ագռավը
Պատերազմի խանութում մշտապես
Վիճում են
Մարդն ու ագռավը՝
Ո՞վ է ավելի շատ սիրում պատերազմ:
Մարդն ասում է՝ ես,
Ագռավն էլ՝ ես:
Պատկերացրեք՝ երկուսն էլ ճշմարիտ են,
Ինչո՞ւ են վիճում, չես հասկանում:
Կռվից հետո ի՞նչ են փնտրում:
Մարդն ասում է՝ զոհված:
Ագռավն էլ՝ զոհ:
Պատկերացրեք՝ երկուսն էլ ճշմարիտ են:
Թե ինչո՞ւ են վիճում, չեն հասկանում:
Չեմ հասկանում, չեք հասկանում,
Եվ այստեղից՝ նոր պատերազմ:

Բանաստեղծը
Պատերազմ է հայտարարում
պատերազմի խանութին,
Հրեշտակի թևից պոկած փետուրով
Հրաման է գրում բառերով աղոթքի՝
Տուր մեզ այսօր բոլոր մարդկանցից քամած խիղճը,
Տուր մեզ այսօր բոլոր զոհվածների անմեռ կամքը,
Տուր մեզ այսօր բոլոր Աստվածների սերը,
Տուր մեզ այսօր այնքան թույն,
Որ բժշկի վիրավոր Արդարին, խոցված Զավակին,
Քարի պես լուռ Հորը,
թաց կավի պես ճմլվող սիրտը Մոր:
Տուր անհագուրդ թունավորին բավարար թույն՝
Ինքնախայթելու սաստկությամբ,
Ինքնահաղթելու սթափությամբ,
Ինքնամաքրության հարությամբ:
Եվ տուր մեզ այսօր բանալին,
Որ կփակի դուռը մահ և քրքիջ վաճառող խանութի,
Կբացի դուռը անվարձ ճախրանքների:

Վերևից նայելիս ի՜նչ փոքր է կապույտ Երկրագունդը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.