«ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՐԱԳՐՈՎ

2957
«Լիտերատուրնայա գազետայի» թիվ 29 (23-29 հուլիսի) թվով երկրորդ` «Երկիր Նաիրի» ընդհանուր խորագրով չորս էջանոց հավելվածն ամբողջովին նվիրված է Հայաստանին ու հայ մշակույթին: Մուտքը Համո Սահյանի բանաստեղծությունն է: Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Գարունդ ծաղկում է հայերեն» վերնագրով առավել ծավալուն շարքը տեղ է գտել երրորդ էջում` Մ. Դուդինի, Ն. Գրեբնյովի, Բ. Պաստեռնակի, Մ. Պետրովիխի, Օ. Չուխոնցևի թարգմանությամբ: «Դու իմ վերջին արդարացում» և «Քո տունը թողեցիր աստղերին» խորագրերով լույս են տեսել նաև Հրաչյա Սարուխանի և Խաչիկ Մանուկյանի բանաստեղծությունները Անահիտ Տեր-Ղազարյանի թարգմանությամբ: Հավելվածում միաժամանակ տեղ են գտել հայ մշակույթը ներկայացնող տարբեր նյութեր: Տպագրվել է Զորի Բալայանի «Բառի երկար արձագանքը» հոդվածը, Իրինա Աբրոյանի անդրադարձը «Ոսկե ծիրան» փառատոնին, որն այս տարի նվիրված էր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, ինչն էլ թելադրել է նյութի վերնագիրը` «Ոսկե ծիրանի» նռան համը…»: Երևանյան առօրյայի մի դրվագ է Գրիգորի Հարությունյանի «Ախ, վերնիսաժ… Ախ, վերնիսաժ» հոդվածը: Այս անգամ հավելվածի հարցաթերթիկին պատասխանել են Հայաստանից դուրս ծնված և ապրող իրանցիներ Ռուբինա Փիրումյան – Մինասյանն ու Անդրանիկ Խեչումյանը, ինչպես նաև մոսկվաբնակ Վալերի Պետրոսյանը: Հավելվածը անդրադարձել է Երվանդ Քոչարի 115-ամյակին` Ա. Շահխաթունու վերլուծականով և Վարպետի լավագույն մի քանի ստեղծագործությունների արտատպություններով: Հավելվածի տեսադաշտից դուրս չի մնացել նաև տարածաշրջանում միակ Արամ Խաչատրյանի անվան երաժշտական միջազգային մրցանակաբաշխությունը: Հավելվածի պատասխանատու խմբագիրն է Լիա Իվանյանը: Հավելվածը տպագրվել է Կարեն Բաղդասարովի հովանավորությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.