ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ. Ծաղկաձոր- 2015

Հունիսի 18-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 13-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանից, Արցախից և Վրաստանից:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց մարդկային հարաբերությունները, երիտասարդ գրողների շփումները, ավագ և երիտասարդ գրողների միջև երկխոսությունը: Նա պատմեց անցյալ դարի 80-ական թվականներից գրողների` Դիլիջանում հավաքվելու մասին, որտեղ հանդիպում-ծանոթանում էին արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ և քննարկում գրական-մշակութային կյանքին առնչվող հարցեր: Ընդգծելով, որ գրականության որակը չի չափվում տարիքով, Էդ. Միլիտոնյանը հավաստեց, որ այս խորհրդակցությունները, վարպետության դասերը փորձի փոխանակման, միմյանց ստեղծագործությունները քննարկելու հնարավորություն են տալիս: Այնուհետև ներկայացրեց Վրաստանից ժամանած հյուրերին` Վրաստանի գրողների միության առաջին քարտուղար Բաղաթեր Արաբուլուն, «Ցիսկարի» ամսագրի գլխավոր խմբագիր Ամիրան Գոմարթելուն, արձակագիր Իրակլի Շամաթավային և բանաստեղծ, նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանին:
Բաղաթեր Արաբուլին անդրադարձավ հայ և վրաց ժողովուրդների ավանդական բարեկամությանը, որի շարունակվելուն այսօր նպաստում են նաև երիտասարդ գրողների նմանատիպ հավաքները:
Գրաքննադատ, գրականագետ Ամիրան Գոմարթելին նշեց, որ ինքը հին թիֆլիսեցի է, մեծացել է հայերի շրջապատում ու պատմեց վրացի գրող Գուրամ Ասաթիանու` Վիլյամ Սարոյանի հետ հանդիպման մասին:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը խոսեց երիտասարդական գրականության մի քանի հիմնախնդիրների շուրջ, անդրադարձավ մասնավորապես այն հարցադրումներին, թե երիտասարդ սերունդը ինչպես է նայում կյանքին, մեր ազգային արժեքներին, ինչ մտածողություն ունի, ինչպես է գնահատում այսօրվա իրականությունը, կյանքի փոփոխություններն ինչպես են արտացոլվում նրանց հոգեբանության մեջ և ինչ արտահայտություններ են ստանում արձակում, պոեզիայում, դրամատուրգիայում: Նրա հավաստմամբ` զարմանալի շտապողականություն կա, և երիտասարդ գրողների ստեղծագործություններում նկատվող թերությունները դրա արդյունքն են: Նա անդրադարձավ նաև երիտասարդների գործերում նկատելի մենության, հուսահատության թեմային, նշելով, որ դա բնական է երիտասարդի համար, ով ինչ-որ տեղ չի կողմնորոշվում այսօրվա կյանքի թնջուկների մեջ, միաժամանակ հուսադրող համարելով այն, որ այդ թեմաներն աստիճանաբար պարզվում են: «Կարևորն այն է, որ կա հասունացման ընթացք»,- ասաց Պ. Դեմիրճյանը:
Գրականագետ Արմեն Ավանեսյանը «Երիտասարդական պոեզիայի արդի վիճակը» զեկուցման մեջ ներկայացրեց 2014 – 2015 թթ. պետական աջակցությամբ տպագրված գրքերը` Մհեր Բեյլերյանի «Ընկնող աստղերի անձրևի վկա», Թոնդրակի «Արարման ութերորդ եղանակը», Մարիամ Կարապետյանի «Պաստառներ խաղաղ օրերի համար», Քրիստինե Հովսեփյանի «Սև թուղթ», Անահիտ Հայրապետյանի «Սիրուն», Հրաչյա Մելիք-Սարգսյանի «Սպասումներ», Մհեր Դավթյանի բանաստեղծությունների ժողովածուն, «Երիտասարդ գրողների անթոլոգիան» (խմբագիր և կազմող` Սուսաննա Հարությունյան), ինչպես նաև տարբեր միջոցներով լույս տեսած գրքերը` Էդուարդ Հարենցի «Ինտերմեդիա ջրերից ներս», Դավիթ Մշեցու «Բռի աստվածներ», «Սիրո և մահվան տեսիլներ», Գոռ Հարությունյանի «Կոլապս» և Արա Ալոյանի բանաստեղծական երկու ժողովածուները, որոնք աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ. խայտաբղետ են թե՛ մտածումները, թե՛ գրելու սկզբունքները: Դա, ըստ Ա. Ավանեսյանի, պայմանավորված է ժամանակի գործոնով, քանի որ ժամանակն անընդհատ արագություններ է հաղորդում, ինֆորմացիոն հոսքեր են տեղի ունենում, և երիտասարդն էլ փորձում է ժամանակից հետ չմնալ: Այնուհետև բանախոսը արժևորեց գրական մամուլի («Գրանիշ», «Նարցիս», «Գրական թերթ», «Անդին», «Գրեթերթ», «Ցոլքեր») դերը, որոնց էջերում ներկայանում են երիտասարդներն իրենց ստեղծագործություններով: Այդ թերթերը, ըստ բանախոսի, փորձադաշտ են, որտեղ թրծվում են երիտասարդ գրողները: «Երբ երիտասարդը իր ստեղծագործությունները մամուլի միջոցով կարողանում է թրծել, գրքերն ավելի կառուցիկ, ավելի հավաք են լինում: Իսկ նրանք, ովքեր զանց են առնում մամուլը, և ինչ գրում` միանգամից հրատարակում են, նրանց գրքերն ավելի թափթփված են լինում շտապողականության պատճառով: Ճանաչման ավելի դասակարգված ընթացքը հենց մամուլի միջոցով կայանալու ճանապարհն է»,- ասաց նա: Ա. Ավանեսյանն անդրադարձավ նաև մի քանի հարցադրումների, ինչպիսիք են` ավանդույթ և նորարարություն, գրական լաբորատորիայի բացակայություն, արագագրություն և այլն:
Երիտասարդական պոեզիայի արդի վիճակի, լեզվամտածողության մասին դիտարկումներ արեցին բանաստեղծներ Հռիփսիմէն, Ա. Հարությունյանը, Էդ. Միլիտոնյանը, Շ. Մկրտչյանը, Մ. Քոչարյանը, Դ. Մշեցին, Ն. Աբասյանը, Ն. Կիրակոսյանը, Ա. Հովհաննիսյանը, արձակագիրներ Ս. Հարությունյանը, Ռ. Հովսեփյանը, գրականագետներ Պ. Դեմիրճյանը, Ա. Նիկողոսյանը, արձակագիր Ի. Շամաթավան և ուրիշներ:
Այնուհետև տեղի ունեցավ երիտասարդ գրողներ Դավիթ Մշեցու «Բռի աստվածներ», «Սիրո և մահվան տեսիլներ», Գոռ Հարությունյանի «Կոլապս» բանաստեղծական ժողովածուների գինեձոնը:
Երկրորդ օրը բանաստեղծ Արքմենիկ Նիկողոսյանը ելույթ ունեցավ «Երիտասարդական արձակի արդի վիճակը» խորագրով զեկուցմամբ: Նա նշեց նախորդ տարիների արձակի համակարգումը կատարելու և արձակի մասին խոսելու հեշտության ու այսօրվա պայմաններում այդ նույն խնդրի մասին ավելի դժվարությամբ խոսելու հնարավորության մասին, ինչի պատճառը էլետրոնային կայքերի, էլեկտրոնային տիրույթում ազատ դրսևորվելու հնարավորությունն է: Նրա հավաստմամբ` «Գրեթերթը», «Գրական թերթը», «Նորքը», «Նարցիսը» ապահովում էին գրական այն տարածությունը, որտեղ երևում էին անուններ, որոնց ստեղծագործություններն ընձեռում էին որոշակի համակարգում կատարելու, նոր անուններին, նրանց ընթացքին հետևելու և վերլուծելու հնարավորություն: Նա իր դժգոհությունը հայտնեց այսօր զտման գործընթացի բացակայության առումով. «Տպագրվում է գրեթե ամեն ինչ, և շատ հաճախ գրողներն իրենք իրենց հաշվետու չեն լինում, թե ինչ են տպագրում»,- ասաց նա: Խոսելով այսօրվա երիտասարդական արձակի վիճակի մասին՝ Ա. Նիկողոսյանն ընդգծեց այն հանգամանքը, որ այսօր էլ կարելի է ներքին բաժանում անել: Ըստ նրա` կա արձակագիրների մի խումբ, որն արդեն ճանապարհ է անցել, մեկ և ավելի գրքերի հեղինակներ են, նրանց ստեղծագործությունը գտնվում է զարգացման այնպիսի ընթացքի մեջ, որ պետք է բացառել սկսնակության գործոնը, նրանց մասին խոսելիս խուսափել դաստիարակչական, խորհրդատվական նոտաներից և պարզապես պետք է հետևել նրանց գեղագիտական զարգացումներին: Այս խմբում նա առանձնացրեց Մհեր Բեյլերյանին, Հրաչյա Սարիբեկյանին, Արամ Պաչյանին, ովքեր այս տարիների ընթացքում տպագրեցին վեպեր, վիպակներ, պատմվածքներ, որոնք ժանրային, թեմատիկ և գաղափարական առումով կարողացան ապահովել որոշակի ձեռագիր, ներկայություն: Տարիների ընթացքում այս խմբին միացան և սկսեցին գրքերով հանդես գալ մյուս արձակագիրները` Լիլիթ Կարապետյանը, Սարգիս Հովսեփյանը, Նառա Վարդանյանը, Արտավազդ Եղիազարյանը. նրանք ուրույն ձեռագրով առանձնացող արձակագիրներ են, և նրանցից յուրաքանչյուրը փորձում է հարստացնել պատմվածքի ժանրային դիմագիծը: Բանախոսը անդրադարձավ մի շարք խնդիրների, ընդգծելով, որ հատկապես երիտասարդ գրողների մոտ այսօր չկա թեմայի իրացման, գաղափարների որոշակի հստակություն և թիրախ, որի մեջ կնկատվի նաև որոշակի նպատակասլացություն: «Գրվում են պարզունակ պատմություններ ինչ-որ երևույթների, սեփական խոհերի մասին, բայց չեն իրացվում գեղագիտական այնպիսի մակարդակով, որպեսզի կարողանան ձեռք բերել ընդհանրական արժեքներ»,- ասաց նա: Ա. Նիկողոսյանը նաև կարևորեց, որ այսօրվա սերունդը պետք է ունենա իր տեսաբանը, երիտասարդ քննադատը, ով կփորձի իր ուսերին վերցնել սերնդակցին հանրությանը ճանաչելի դարձնելու առաքելությունը: «Այս ցաքուցրիվության պատճառներից մեկը ներքին տարածքում քննարկումների, միմյանց ընթերցելու կուլտուրայի բացակայությունն է: Այսօր չկա այն, ինչ կոչվում է ներքին երկխոսություն, դա էլ հանգեցնում է ինքնաբավ տեքստերի ստեղծման»,- ամփոփեց Ա. Նիկողոսյանը:
Ա. Նիկողոսյանի զեկույցում արծարծված գրական խնդիրների մասին կարծիքներ հայտնեցին Էդ. Միլիտոնյանը, Ն. Աբասյանը, Ա. Ավագյանը, Դ. Մշեցին, Ռ. Հովսեփյանը, Ն. Վարդանյանը, Ա. Ավանեսյանը, Անի Հովնանը:
Հայկ Համբարձումյանը «Երիտասարդական գրականությունը ԶԼՄ-ներում» խորագիրը կրող զեկույցում ընդգծեց այն փաստը, որ եթե տարիներ առաջ հնարավոր էր տարեկան տեսություններ անել, նկատի ունենալով գրական մամուլը, և ծաղկաքաղի միջոցով անթոլոգիաներ կազմել, այսօր այդ հնարավորությունը չկա, որովհետև գրականություն ներկայացնող հարթակները բազմազան են: Նա անդրադարձավ այն հարցին, թե հեռուստատեսությունը որքանով է տեղ տալիս գրականությանը և հատկապես պատանիների գրականությանը, քանի որ կարծիք կա, թե գրողներին ու գրականությանը անդրադառնում են միայն այն դեպքում, երբ սոցիալական, քաղաքական ինչ-որ հարց մեկնաբանելու խնդիր կա, և գրողները տարբեր հեռուստաշոուների ժամանակ մասնակցում են ոչ գրական-մշակութային թեմաներով քննարկումներին: Ըստ Հ. Համբարձումյանի` լրագրողների ոչ մասնագետ լինելու պատճառով տուժում է և՛ գրականությունը, և՛ գրականության հանրային ընկալումը, ու կարծիք է ձևավորվում, թե չկա ժամանակակից գրականություն: Ընդգծելով, որ գրականությունը ներկայացնելու խնդիր կա, բանախոսն առաջարկեց քննարկում ծավալել մի շարք հարցերի շուրջ` ինչպիսին է գրական դաշտը, ինչպես պետք է ներկայացնել գրականությունը, այս կամ այն հեղինակի մասին ինչ հաղորդում կցանկանային դիտել, ինչպես կարելի է հեռուստատեսությամբ հարցազրույցի ձևով կամ լրագրողական այլ ժանրերով ներկայացնել գրականությունը:
Նշված հարցերի շուրջ կարծիքներ փոխանակեցին Ռ. Հովսեփյանը, Հռիփսիմէն, Ա. Ավագյանը, Շ. Մկրտչյանը, Ն. Սարգսյանը, Ա. Կարապետյանը, Դ. Մշեցին, Գ. Հարությունյանը, Ն. Վարդանյանը, Ա. Վարդանյանը և ուրիշներ:
Երրորդ օրը տեղի ունեցավ Իրինա Գյուլնազարյանի անվան մրցանակների հանձնում:
Առաջին մրցանակը հանձնվեց Մհեր Դավթյանին, երկրորդ մրցանակը` Նառա Վարդանյանին, երրորդ մրցանակը` Ռուզաննա Ոսկանյանին:
Համաժողովի օրերին տեղի ունեցան հանդիպումներ թեմատիկ խմբերում, Հռիփսիմէն, Ռուբեն Հովսեփյանը, Արտեմ Հարությունյանը, Արևշատ Ավագյանը և ուրիշներ վարպետության դասեր վարեցին երիտասարդ գրողների հետ, ինչը լավագույն հարթակ է փորձի փոխանակման, գրական սերունդների միջև շահագրգիռ երկխոսության կայացման համար:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.