ԵՐԲ ԵՎ ՈՎ ԷՐ, ՈՐ ՀԱՅ ԿՆՈՋ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՉՆԱԿ ՀՆՉԵՑՐԵՑ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Եթե կինը է մարդկային ընկերության գլխավոր քաղաքակրթիչ տարրերից մեկը՝ որպես ասում են գիտնականները, ուրեմն պետք է լավ ուսումնասիրել նրան: Եվ այդ կլինի իմ հետազոտության նպատակը»: Այսպես է սկսում Րաֆֆին իր հույժ կարևոր ու հանգամանալի «Հայ կինը» ուսումնասիրությունը, որ շարունակաբար տպագրվել է 1879 թ. «Մշակի» 34-43 համարներում՝ Մելիքզադե ստորագրությամբ:

Շատ ու շատ այլ նորարարությունների հետ, որ Րաֆֆին կատարել է իր գեղարվեստական և հրապարակախոսական երկերում, առաջին անգամ ահա նա է հանդգնել ձեռք զարնել մի այսպիսի բարդ ու բազում խորհրդավորություններով մարդկությանը հայտնի կին արարածի, մանավանդ իր ժամանակի հայ կնոջ կերպարին: Թեև հայտնի է՝ իր ազգին վերաբերող ինչ խնդրի էլ ձեռք զարներ Րաֆֆին, նյութը պետք է տնտղեր այն ամենախորքերից, որտեղ միայն մարդկային մտքին տրված է թափանցել: Բայց այլ է իրավիճակը կնոջ դեպքում: Նա ձեռնարկել էր մի գործ, որ գրեթե անկարելի էր իր ժամանակների համար: «Գրեթե» բառը այս նախադասության մեջ ներկայացնում է միայն այն եզակիությունը, որ կոչվում էր Րաֆֆի, ով իր աչքի առաջ ուներ թե՛ դարի խավարամտությունը, թե՛ դաժան գրաքննադատությունը բոլոր առումներով, թե՛ խնդրո առարկայի՝ մինչև իր կողմից արծարծվելու պահը տաբու լինելու հանգամանքը, թե՛ անձնական նախապաշարումների հաղթահարումը (չէ՞ որ նա ծնվել ու հասակ էր առել Պարսկաստանի խուլ անկյուններից մեկում): Ի վերջո, մեր մեծ մտածողը, տեսանողը հայ կնոջ ներաշխարհի ծանրածալ քողը բարձրացնելուց հետո էր, որ այնտեղ միայն անելանելիություն չտեսավ ու զինաթափված թափ չտվեց ձեռքը, չփակեց մեր ազգի այդ մթին էջը և մի կողմ չհրեց, այլ ճիշտ հակառակը՝ գտավ խորը անթեղված կայծը, հովհարեց իր շնչով և հայ կնոջ մոտալուտ ազատագրության կոչնակ հնչեցրեց: Րաֆֆին ոչ թե առաջիններից, այլ հենց առաջինն էր, որ ստեղծեց կանանց բազմաթիվ ու բազմատեսակ կերպարներ: Դրանք ոչ թե դիմանկարներ, այլ գործուն, դեպքերի վրա իրենց բնավորության ամուր դրոշմը դնող անհատականություններ են: Իր ուսումնասիրած հայ կնոջ բոլոր տիպերը իրենց գեղարվեստական արտահայտությունները գտան նրա տարբեր գործերում:
«Սառա» պոեմը պատկանում է «գեղջկուհի» տեսակին: Վկայություններ կան, որ իսկապես եղել է Սառա անունով աղջիկը՝ Րաֆֆու առաջին սերը: Սալմաստից Րաֆֆու հեռանալուց հետո նա սպասել է սիրեցյալի վերադարձին, և երբ ծնողների կամքով ստիպված էր ամուսնանալ մեկ ուրիշի հետ, հարսանիքի օրը թույն է խմել, մահացել է եկեղեցում: Ինչպես երևում է, այս անունով աղջկա հիշատակը երբեք չի ջնջվել նրա հոգուց: Սառա անվանը հանդիպում ենք «Խաչագողի հիշատակարանում», «Խենթում», «Դավիթ Բեկում»:
Րաֆֆու հերոսները հիմնականում բոլորն էլ ունեն իրենց բուռն սիրո առարկաները, որոնցից շատերը պատկանում են կնոջ այն տեսակին, որ անիրավված են ծնունդից էլ դեռ առաջ: Աղջիկը ավելորդ բեռ է ծնողների համար գեղջկական ընտանիքում: 19-րդ դարի 2-րդ կեսին աղջկա ծնունդին չէին սպասում ո՛չ հայրը, ո՛չ մայրը: Սոսկալի է Րաֆֆու ներկայացրած հայ գյուղի կամ գավառական քաղաքի՝ աղջկան վերաբերող պատկերը: Սոսկալի է նաև վերջերս հրապարակված վիճակագրությունն այն մասին, որ ներկայիս ազատ-անկախ Հայաստանում տարեկան 25000 հայ աղջիկ չի ծնվում անցանկալի հղիությունն ընդհատելու պատճառով: Այդքան աղջիկ դեռ չծնված՝ զրկվում է սիրելու, սիրվելու, մայրանալու իրավունքից: Բայց հակառակ այն պատկերի, որ միանգամայն իրական գույներով ցույց է տալիս Րաֆֆին իր ուսումնասիրության մեջ, նրա հերոսուհիներից անգամ նրանք, որ առևանգնված են և հարեմի զարդ են դարձել, չեն կորցնում իրենց դեմքը և մաքառում են հանուն ճշմարիտ սիրո: Րաֆֆին առաջինն էր նաև, որ հայ գրականության մեջ օտարազգի կանանց կերպարներ ստեղծեց՝ նպատակ ունենալով հայ կնոջ մեջ բացակայող, բայց կենսականորեն անհրաժեշտ հատկանիշներ մատնանշել: Նրանք են՝ հույն Զուբեյիդա խանումը, որ խանին տված իր սպանիչ պատասխանով ավելի է բորբոքում նրա սերը, Սուսանը, Նենեն, որ ազատության զավակ-բոշաներ էին, խափշիկ Փարիշանը, որ իր քաջությամբ նպաստեց Զևուի գրավմանը, իրենց կամայականություններն ու արժանապատվությունն ունեցող մի քանի քրդուհիներ, հրեա ոսկերչի կին Եսթերը: Մեկը մեկից հյութեղ դեմքեր:
Րաֆֆու ստեղծած ամենավառ կերպարներից մեկը Մարոն է («Կայծեր»)՝ բնության այդ ազատ զավակը: Նա ոչ մի ահ չունի. այդպես է դաստիարակել նրան ազատագրական պայքարին նվիրված հայրը՝ ազնվական ծագում ունեցող հուժկու որսորդ Ավոն, ում ոչ մի զրկանք ու կորուստ չէր կարողացել ընկճել: Մարոն դյուրությամբ Ֆարհատի սրտում բռնում է նրա առաջին սիրո առարկայի՝ Տեր-Թոդիկի հեզիկ աղջիկ Սոնայի տեղը: Մարոն թեև կարող էր ինքն իրեն պաշտպանել բոլոր հանգամանքներում, անգամ կյանքի ու մահվան կռվի բռնվել վայրենաբարո քրդուհու հետ ու գետնել նրան, բայց երբ հարցը գալիս է աղջկա բարոյականությանը, ասում է. «Աղջիկն ինչպե՞ս կարող է սիրել տղային, երբ հերն ու մերը ատում են: Հա թող սիրե, այդ ոչինչ, նրա կամքով հո չէ՞, որ օտար տղայի ետևից թրև է գալիս»: Բայց նա խորամանկում է. մինչև այս խոսքերն արտասանելը արդեն հայտնել էր իր սերը Ֆարհատին, անգամ ջերմորեն գրկել, համբուրել էր նրան: Սա այն Մարոն է, ով վեպի ավարտին արդեն այնքան էր ինքնակրթվել, որ անհամբեր սպասում էր նամակատարի բերած լրագրերին ու ագահաբար կլանում էր նորությունները: Ի դեպ, Մարոն առաջինն է մեր գեղարվեստական գրականության մեջ կին հերոսներից, որ թերթ է կարդում:
Րաֆֆու հերոսուհիներից՝ Մարիամ-Սյուրին («Դավիթ Բեկ»), Լալա-Ստեփանիկը («Խենթը»), Նենեն («Խաչագողի հիշատակարանը», «Կայծեր») յուրովի երջանիկ են, անգամ եթե նրանց սիրավեպը ողբերգությամբ է ավարտվում, քանի որ սիրել են ու սիրված են եղել:
«Ոչինչ վերանորոգություն մի ժողովրդի կյանքի մեջ չէ կարելի կատարել առանց կնոջ մասնակցության: Եթե մի ժողովուրդը մնացել է անշարժ, դրա գլխավոր պատճառը այն է, որ կինը չէ մասնակցում հասարակական գործերի մեջ»: «Ես այս անգամ պտտեցա ամբողջ Հայաստանում և ամեն տեղ ուշի ուշով ուսումնասիրում էի հայ կնոջը»: Ի՛նչ գնահատելի կլիներ այսօր որևէ մեկը՝ կին կամ տղամարդ, որ կատարեր նույնը այսօրվա Հայաստանում, Ղարաբաղում, արտերկրում: Եվ ի՛նչ երանելի մեկը կհամարվեր այս մարդուն հովանավորողը: Նրա անունն էլ կմտներ պատմության մեջ: Եվ չափազանց կարևոր է Րաֆֆու դիտարկումներից նաև այս մեկը. «Որքան տղամարդը թուրքերի ազդեցության տակ խարդախված է, փչացած է, որքան նա կորցրել է իր հայկական ինքնուրույնությունը, այնքան կինը պահպանվել է մաքուր, պահպանվել է իր բարքուվարքի անարատության մեջ»: «Այսպիսով անգիտակցաբար պահպանվում էր մի մշտական հավասարակշռություն: Տղամարդի կորստի տեղը լցնում էր կինը» («Խենթը»): Գրեթե նույն պատկերն է այսօր. մեր արտագնա աշխատանքի գնացող տղամարդը շատ հաճախ և արագորեն այլասերվում է, տրվում հենց այն երկրի բարքերին, որտեղ նրան նետում է պատահականությունը:
Րաֆֆու այս ընդարձակ, համակողմանի ուսումնասիրությունը հայ կնոջ մասին առաջինն է և առայժմ՝ 136 տարի անց էլ, միակն է: Նրանից հետո ժամանակներ շատ են եկել-գնացել, որոնցից յուրաքանչյուրն էլ պակաս արժանի չէր նման հետազոտության: Րաֆֆին հայ կնոջ տիպարը դիտարկել է իր ժամանակակից գյուղում, գավառում, Թիֆլիսում, Պարսկաստանում և այս ամբողջ շիլաշփոթի մեջ մի կարևոր երակ գտնելով՝ կարողացել է այսպիսի ընդհանրացում անել. «Ես ոչ մի ուրիշ պատճառ չեմ ճանաչում, որ պահպանեց հային իր աննախանձելի պատմության երեսից, բայց միայն ընտանիքի բարոյական զորությունն իր որոշ առանձնահատկություններով»: Թեև հիմա հայ կինը շատ ավելի բազմազան, բազմաբեղուն ու բազմափորձ է, և չափազանց դժվար է Րաֆֆու «Հայ կինը» ուսումնասիրության մեթոդով նրա տարատեսակությունները համակարգելը, բայց չէ՞ որ նրա փետրագրիչին փոխարինելու են եկել համակարգիչները, իսկ խելակորույս ժամանակն էլ երբեմն կանգ առնելու, շունչ քաշելու, հետ նայելու և եզրահանգումներ անելու պարտականությունն ունի:
Րաֆֆին շատ լավ գիտեր, թե որքան ծանր հարված էր հասնում ընտանիքին, երբ կյանքից հեռանում էր կերակրող այրը («Ոսկի աքաղաղ»): Մեզանից 136 տարի առաջ նա արդեն հասկացել էր, որ ընտանիքը բարեկարգ ու բարեկեցիկ կդառնա, երբ կինը դառնա իր ձեռներեց ամուսնու օգնականը: Սա նույնպես առաջադիմության պայման է, թեև կնոջ գործարարության իրավունքը ոչ մի տեղ ընդգծված չէ Րաֆֆու մոտ, բացի չսիրած ամուսնուն սպանած և գինեվաճառի նրա գործը շարունակող Սառայից: Նա, որ թունավորել էր չսիրած ամուսնուն՝ հանուն ազատ կյանքի ու թեև «հազարավորներին սեր էր ծախել և ոչ մեկին չէր սիրել», բայց անձնուրաց սիրով սիրում էր տեր Խորենին ու վայելում նրա սերը:
Եթե փորձենք Րաֆֆու մոդելով առաջնորդվել, ապա այսօրվա գավառացի կինը, ով դեռ գլուխը չի առել-փախել իր խղճուկ գյուղաքաղաքից, որտեղ անգամ սովետներից մնացած մի կինոդահլիճ չի մնացել, ուրեմն մնացել է կառչած իր տատական սովորություններից և շատ չի հեռացել Րաֆֆու ժամանակներից: Հիմա էլ նա հաճախ իրավունք չունի խնջույքի դահլիճում, տղամարդկանց հասարակության մեջ գտնվելու, նրանց սեղանակիցը լինելու: Ուրախությունների ժամանակ հաճախ եփող-թափող կանայք մինչև սրահի դուռն են հասցնում կերակուրը և փոխանցում սեղանն սպասարկող տղամարդկանց: Երբ 12-16 տարեկան աղջկա ատամը ցավում է, նրան ատամնաբույժի մոտ է ուղեկցում տարեց կանանցից կազմված մի թիկնազոր: Մեր երկրի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, հենց այսօր ընտանեկան այնպիսի պատմություններ կան, որոնց մասին Րաֆֆին 136 տարի առաջ իր հիշյալ հոդվածի «Քաղաքացուհին» ենթավերնագրի տակ գրել է հետևյալը. «Սերն ամենևին դեր չունի այս դասի ամուսնության մեջ, և եթե հայտնվում է նա, առաջ է գալիս այնպիսի մի րոման, որ ոչ մի գրիչը հարգող րոմանիստը չէր ցանկանա նկարել նրան»:
Րաֆֆին իր հոդվածում, ինչպես և գեղարվեստական գործերում («Խենթը», «Կայծեր», «Ոսկի աքաղաղ» և այլն) լուրջ բացահայտումներ է արել դեռ կին չդարձած աղջիկների և ծաղկուն տարիքից վաղուց դուրս եկած ծեր կանանց վերաբերյալ: Աղջկա ճակատագիրը, որ Րաֆֆու գրչի տակ շատ ու շատ դաժան իրողություններ է ներկայացնում, այսօր էլ կա հատկապես մեր գավառում, ցավոք այնքան շատ, որ սուտ կլինի դրանք միայն «անցյալի մնացուկ» անվանելը: Դա կենցաղավարություն է: Օրինակները շատ-շատ են: Դրանք ներկայացնելու և մանավանդ դասդասելու, վերլուծելու համար Րաֆֆու հանճարը կամ գոնե նրա հերոսական հետևողականությունը պետք է ունենալ: Իսկ ինչո՞ւ այստեղ չփնտրել արտագաղթի պատճառներից մեկը, երբ ընտանեսեր տղամարդը իր կնոջը, աղջիկներին տանում է ուրիշ երկիր, որտեղ երջանիկ լինելու իրավունք ունեն թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: «Տա՛ր ինձ, տա՛ր այն երկիրը, ուր աղջիկներն ազատ են»,- աղերսում է Հռիփսիմեն Միքայելին («Ոսկի աքաղաղ»): Գուցե այստեղ է նաև գյուղերում ու գավառական քաղաքներում նորմալ հանրաքվեներ, տեղական և հանրապետական ընտրություններ անցկացնելու անհնարինության գաղտնիքը: Այդ ո՞ր կինը կամ չափահաս աղջիկը կհամարձակվի հակառակվել ընտանիքի տղամարդկանց կամքին:
Այն հայրերը, որ հիմա էլ հիմնականում չեն զբաղվում ո՛չ աղջիկների և ո՛չ էլ տղաների դաստիարակությամբ, ուրախությունից խելքները թռցնում են, երբ տղա է լույս աշխարհ գալիս, և տխրությունը խեղդում են օղու մեջ, երբ աղջիկ է ծնվում: Այսպիսով մեծանում է «չսիրված երեխայի» բարդույթով ապրող հայ աղջիկների և երեսառած, տղամարդու պատվի մասին իրենց ուրույն պատկերացումն ունեցող տղաների թիվը: Հաճախ, երբ չլռող համազարկեր եք լսում, ուրեմն տղա է ծնվել: Գուցե սա էր պատճառը, որ երբ մի ամբողջ ընտանիք էր ոչնչանում Գյումրի քաղաքում, հրացանաձգության սովոր ականջները քնի մեջ չտարբերեցին տոնական համազարկերը մարդկանց կյանքերը խլող կրակոցներից:
«Աղջիկը միշտ իրան այն դալար ծառի դրության մեջ է զգում, որ առանց նեցուկի իսկույն ցած կընկներ»,- ասում է Րաֆֆին: «Աղջկա երեսը պինդ կլինի, նրան եթե ջրաղացի քարի տակն էլ դնելու լինես, էլի ողջ կդուրս գա»,- ասվում է նույն տեղում: Այս երկու տեսակի աղջիկներից առաջինը քիչ թե շատ սիրվածն է, ում վրա Արգոսի հարյուր աչք պահելը և «ջուրը երեսին» ամուսնացնելը ընտանեկան սուրբ պարտքն է, իսկ երկրորդ տեսակը պարզապես հիանալի առողջությամբ ծնվածն է, որ դիմանում է բոլոր դժվարություններին, չի մեռնում և անգամ առողջ սերունդ է տալիս, եթե, իհարկե, զուգընկերը առողջ է: Այսօրվա նույն գյուղից կարելի է երկու նմուշ վերցնել, որոնցից մեկը չխոսկան հարսն է, իսկ մյուսը՝ Ստամբուլ-Երևան առևտրական ճանապարհները անգիր իմացող, ջորու ուժ և դիմացկունություն ունեցող, նաև մարմնավաճառությամբ ընտանիք պահող կինը: Չխոսկան հարսները կա՛մ երկար տարիներ լուռումունջ կսպասեն պանդխտության մեջ գտնվող իրենց անհավատարիմ ամուսիններին, կա՛մ էլ Լոսում, Մոսկվայում, Նախոդկայում, չինական սահմաններում և այլուր կծավալեն իրենց բազմաբնույթ գործարարությունը: Իսկ սերը միայն հեքիաթներում է, ահա թե ինչու է հայ գեղջկուհին սիրում հնդկական մյուզիքլները:
Համադրելով մեր և Րաֆֆու ժամանակները՝ ակներև է՝ կան բաներ, որ շատ չեն փոխվել 136 տարվա ընթացքում: Բայց լավ է սույն գրությունը եզրափակել Րաֆֆու հետևյալ հարատև գաղափարներով. «Ես սիրում եմ կնոջ «գրացիան», սիրում եմ նրա նազելիությունը» և «Կինը է այն առանցքը, որի շուրջը պտտվում է քաղաքակրթությունը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.