Դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Տարին գոնե մեկ անգամ ազգովի` բարձրաձայն կամ ճիչը ներսում պահած, արդարություն, դատ ու դատաստան ենք պահանջում օտարից ու թշնամուց: Իսկ ե՞րբ ազգովի արդարություն, դատ ու դատաստան կպահանջենք ինքներս մեզնից, նրանցից, ում «հասկացող» հայացքի ներքո ավելանում է Ծիծեռնակաբերդ բարձրացողների բացակայությունը: Այնքան, մինչև Երևանի մեկ այլ բլրի վրա վեր խոյանա Արտագաղթողի՞ հուշասյունը…
Այս տողերը գրել եմ մեկ տարի առաջ` «Դիտանկյունում», ու հիմա մտածում եմ` այս տողերը դեռ քանի՞ տարի այժմեական կլինեն… Ի դեպ, արձագանքների մեջ եղան մի երկուսն էլ, թե` «Այս օրով ինչը ինչի հետ է համեմատում»: Ու հիմա մտածում եմ` դեռ քանի՞ տարի այդպես մտածողներ կլինեն…
«Գաղափարախոսություն» բառի նկատմամբ երկակի վերաբերմունք ունեմ` անվստահությունը գալիս է խորհրդային օրերից, իսկ դրա անհրաժեշտության գիտակցումը` մեր օրերի թելադրանքից: Գուցե սխալվում եմ, բայց Ապրիլի 24-ի խորհուրդի մեջ մի շատ կարևոր բաց կա. այդ օրը ոչ միայն մեր, այլև մարդկության դեմ իրականացված ամենադժնդակ ոճրագործության դեմ բողոքի հետ մեկտեղ ու դրան հավասար մեր մեջ պիտի լիներ Պատասխանատվությունը: Պատասխանատվության գաղափարախոսությունը: Մեր անմեղ զոհերի հիշատակի խնկարկումը նաև նրանց առջև հաշվետու լինելու խորհուրդը պիտի ունենա: Ի՞նչ ենք արել նախորդ Ապրիլի 24-ից մինչև այս Ապրիլի 24-ը, որքանո՞վ ենք շենացրել ու ամրացրել մեր երկիրը, ինչքա՞ն ենք ամրացել ինքներս` իր մարդասպան էությունը այդպես էլ չխոստովանած, ամեն վայրկյան մեզ հետամուտ հարևան երկրի ամենատես հայացքի տակ: Ինչպե՞ս ենք բարձրանում Ծիծեռնակաբերդ ու չենք կոտրվում այն իրողությունից, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար բանակ իր օրվա հացը վաստակում է այդ նույն երկրում` ամեն վայրկյան այնտեղից դուրս քշվելու ահը սրտում: Ինչպե՞ս ենք ծաղիկ դնում Անմար կրակի շուրջ, ու սրտներս չի այրվում, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են այն մյուս հարևանի հետամուտ հայացքի ներքո… Անապատում հանգչող նահատակի շուրթերից պոկվող «Ո՛վ արդարություն…» աղաղակը մեզ չի՛ սթափեցրել, եթե նորօրյա հայ մարդասպանը դատ ու դատաստանից «մազապուրծ»` քմծիծաղում է արդարադատության վրա, իսկ եղբորը կորցրած հայ սպան գուցե մրմնջում է. «Ո՛վ արդարություն»… Վիրավորված ծառս ենք լինում, երբ դարավոր թշնամին ավերում ու հողին է հավասարեցնում մեր մշակութային հիշողությունը, ու լռում ենք, երբ Երևանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու` Առինջում, խաչքարեր են ոչնչացվում…
Ապրիլի 24-ը նաև մեր Պատասխանատվության օրը պետք է լինի: Վաղուց ենք հասկացել, որ աշխարհի հզորները մեզ արդարություն չեն տա: Բայց ե՞րբ ազգովի` վերևից ներքև կգիտակցենք, որ այդ նույն հզորների դեմ ընդամենը մեկ կռվան ունենք` մեր սրտին սիրելի, հարազատ ու տաքուկ Երկիր կառուցելը: «Հարևանների» ամենատես հայացքների ներքո, աշխարհին ի տես, արդարության ռեաբիլիտացիայի, բայց նախ և առաջ` մե՛զ համար:

2 thoughts on “Դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

  1. Շատ ճիշդ խօսք։ Արտագաղթը Եղեռն է, արտագաղթը կը շարունակէ Ցեղասպանութիւնը, նոյն Ցեղասպանութիւնը որուն 100-ամեակը ի զուր պիտի յիշուի եկող տարի։ Ցեղասպանութիւնը դեռ չէ՛ վերջացած, ու տակաւին ցաւակցութիւն յայտնել կը համաձակի Ցեղասպանը։
    Վրէժ-Արմէն

  2. Այո ճիշդ ես սիրելի կարինէ- երբ ուրիշներով շատ զբաղինք մերինները կը մոռնանք, ուրեմն նախ մեզի համար։Յաջողութիւն։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.