ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Դավիթ Հովհաննես
Կյանքի 71-րդ տարում հանկարծամահ եղավ 60-ականների հայկական պոեզիայի անվանի ներկայացուցիչ` բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան):
Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թ. փետրվարի 17-ին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում: Անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասավանդել հանրապետության մի շարք բուհերում: 1980 -1990 թթ. Հայկական հեռուստատեսությունում վարել է հեղինակային «Նորք» ամենամսյա գրական հանդեսը: 1991-1999 թթ. տնօրինել է «Արևիկ» հրատարակչությունը, 1999-ից եղել է նրա տնօրենների խորհրդի նախագահը: 1999-2003 թթ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր: 1975 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Մոտ 30 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուների հեղինակ է: Առաջին իսկ «Երգերի պսակ» (1974) գրքով Դավիթ Հովհաննեսը հայ գրականություն մտավ որպես ինքնատիպ, իր բանաստեղծական հավատամքին հավատարիմ բանաստեղծ: Հետագա ժողովածուները` «Անցյալ կորուսյալ» (1979), «Նոր կյանք» (1983), «Հաց և բան» (1984), «Տագնապներ» (1986), «Քրոնիկոն» (1996), «Մայր Հայաստան» (1998), «Նոր քրոնիկոն» (2007), «Իմ առաջին գիրքը» (2013), «Անտիպ» (2015), «Բանաստեղծություններ» (2015) և այլն, շնորհիվ իրենց դրամատիզմի, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման, բանաստեղծական արտահայտչամիջոցների թարմության և քնարականության, հաստատեցին նրա կայուն տեղը հայ գրականության անդաստանում՝ մշտապես լինելով քննադատության և ընթերցողների ուշադրության կենտրոնում: Դավիթ Հովհաննեսը գրում էր նաև մանուկների համար: «Գազանանոց-տղան» (2002), «Պստիկ է, բայց ճստիկ է» (1981), որը լույս է տեսել նաև անգլերեն: Ռուսերենով ու անգլերենով լույս են տեսել նրա երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում: Դավիթ Հովհաննեսը միաժամանակ բազմաթիվ թարգմանական գրքերի հեղինակ է: Լայնորեն թարգմանել է աֆրոասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ինչպես նաև ամերիկյան դասական բանաստեղծներից: Նրա թարգմանությամբ Յուստինաս Մարցինկյավիչյուսի «Մինդաուգաս» դրամատիկական պոեմը բեմադրվել է Երևանի դրամատիկական թատրոնում:
Ժողովուրդը և կառավարությունը բարձր է գնահատել նրա գրական վաստակը: ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան, Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» և այլ մրցանակների դափնեկիր է:
2010 թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը: «Տագնապներ» ժողովածուի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:

ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ցավալի է լսել, որ Դավիթ Հովհաննեսի սիրտը այլևս չի բաբախելու մեր ցավին համընթաց, մեր բանաստեղծության խոսքի ռիթմերում, մեր երկրի հաջողություններին արձագանքող, մեր հոգսերը ցուցանող, վեր ու վարին ցուցամատը տնկած իր ճշմարտությունը բարբառող:
60-ականների սերնդի պոռթկուն ներկայացուցիչ էր: Հենց առաջին գրքով` «Երգերի պսակով» նա համարձակ քայլ արեց, որի մասին գրեցին, գնահատեցին: Հետագա գրքերը ևս արդեն դասական տաղաչափության ծիրի մեջ որքան ոգեկոչում էին Չարենցին ու Տերյանին, նույնքան և իր բանաստեղծական փորձառությունն էին ներկայի դեմքով վերածում բանաստեղծության հրայրքոտ գրի:
Դավիթ Հովհաննեսն աննկուն, նշավակող, երբեք հանգիստ չմնացող տեսակ էր: Կարող էիր նրան չհանդուրժել, կարող էիր և մեծարել, բայց նրա շուրջը երբեք անտարբերության դաշտ չէիր տեսնի:
Բանաստեղծական տոհմի զավակ էր, և որքան արդիական, նույնքան նորարարական ձգտումներով: Մեր սերնդի համար ծանր կորուստ:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Նա լեցուն կյանքով ապրեց

2012 թ. լույս տեսած «Տագնապներ» ժողովածուի բնաբանը Դավիթ Հովհաննեսի «Բանաստեղծի տենչանքը» փոքրածավալ քերթվածն է, որ կարդալիս յուրօրինակ կտակի տպավորություն ես ունենում: Դավիթ Հովհաննեսը, ի թիվս այլ մարդկային ու լուսավոր տենչանքների, գրում է. «Անմահություն չեմ ուզում- ես երկար կյանք եմ ուզում»: Ավա՜ղ, նրա այդ տենչը չիրականացավ. նա մեզնից հեռացավ ու անդենականների շարքն անցավ ուժերի ծաղկուն շրջանում՝ չծերացած ու կյանքից չհոգնած: Հեռացավ շատ նման իր խառնվածքին՝ միանգամից ու հատու: Դավիթ Հովհաննեսը իսկական և մեծ տաղանդի բանաստեղծ է, և եթե երբեմն սարկաստիկ ու բացախոս քերթվածներ ուներ, ապա դա նրա ազնիվ խառնվածքից էր. նա երբեք ոչ մեկին թիկունքից չէր հարվածում: Ուզում եմ, որ իմանան, թե որքան հետաքրքիր դասախոս էր նա մանկավարժական մայր համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնում, ուր աշխատեց մի քանի տարի: Նա ինչպես բանաստեղծության, այնպես էլ դասախոսության որակով նման չէր ոչ մեկին: Հախուռն էր Դավթի խառնվածքը, պոեզիայի հզոր շունչը հանճարեղ Եղիշե Չարենցից էր: Երջանիկ են այն բանաստեղծները, որոնց գործերը կրթված ընթերցողը կլանում է և հիշում, իսկ երբեմն կարդում է նաև բարձրաձայն: Դավիթը այդ երջանիկներից էր. ուներ բազմագիտակություն, և դա երևում է նաև այն հրաշք տողերում, որ իր վերջին գրքում նվիրել է Դերենիկ Դեմիրճյանին: Դավթի պոեզիան յուրօրինակ է ու հրաշալի: Նրա բանաստեղծությունները երկար ու երկար են կարդալու: Նա հայ բանաստեղծական պառնասի մշտական բնակիչն է:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Դավիթ Հովհաննեսը մեր գրական կյանքի և պատմության զարմանալի մեծություններից է: Իր մի բանաստեղծության մեջ նա ասում է.
– Պոետները մեռնում են, իսկ պոեզիան` ոչ:
– Նա տարրալուծված է բառում, որ հնչում ենք,
նա տարրալուծվում է օդում, որ շնչում ենք,
տարրալուծվում է ամեն ինչում աշխարհի…
Դավիթ Հովհաննեսն իսկապես գտավ իր ճշմարիտ ձայնը պոեզիայում, և նրա «Քրոնիկոն» ու «Տագնապներ» ժողովածուները դարձան դատավորները մեր ժամանակի: Դավթի պոեզիան զարմանալի հայերենի համաձուլվածքներից է կազմված: Եվ այն պատմում է դաժան գրչով ժամանակակից կյանքն ու պատկերում երկրի դիմագիծը: Սկսելով 60-ական թվականների իր սերնդի հետ պոետական առաջխաղացումը` նա հասցրեց այն կատարելության իր ուշ շրջանի ժողովածուներում և հատկապես «Քրոնիկոն»-ում: Իր կարծիքով` «Զի բոլորս մի ստեղծագործություն ենք լոկ, բայց մինչ այդ պիտի ապրենք ստեղծելով»: Ապրելը նրա համար ստեղծագործել էր նշանակում: Ստեղծագործական կյանքին, դաժան կյանքին նվիրյալ մնաց մինչև վերջ: Դավիթը իսկապես պատկերեց Հայաստանն ու նրա կյանքը և ինչպես ինքն է գրում` «Բանաստեղծի ներսում եռացող դժոխային հուրը, որը հաճախ մարդկանց աչքին չի երևում, մաշում-սպանում է նրան»: Ինչպես Դավիթն է գրում.
Մի աղաղակ աղաղակեց ու գնաց
բանաստեղծը, -ու խառնվեց դարերին,
ուրիշ էլ ինչ, ինչ կարող էր անել նա
իր երգերը արյամբ տալուց ավելի:
Դավիթ Հովհաննեսի ֆենոմենը հիմա է ամբողջանում մեր առաջ: Ինքը գրում էր.
Այնտեղ, ուր գնում եմ` կա լոկ ոչինչ անծիր,
և ազատումն բառից, կյանքից ու մարդկանցից:
Դավիթն ստեղծեց սոցիալական պոեզիայի զարմանալի աշխարհ: 1996 թ.-ի «Քրոնիկոնի» հայտնությունը կամուրջ գցեց 2007 թ. լույս տեսած «Նոր քրոնիկոն»-ի վրայով դեպի 2012 թ. լույս տեսած «Տագնապներ» ժողովածուի օգտին` եռերգության մեջ առնելով պոետական իր հավատամքը: Այն մարդկային է, մարտնչում է հանուն արդարության, հանուն աղքատի ու ոտնահարվածի, հանուն 20-րդ դարի զարհուրելի արատների ոչնչացման:
Դավիթ Հովհաննեսի պոեզիան միշտ մարդկային սրտի ոլորաններում է մնալու:

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ԵՍ – ԾԱՆՐ ՔԱՐ ԵՄ:
ԵՍ – ԿՄՆԱՄ»:

Մեր վերջին հանդիպումը եղավ մայիսի 13-ին: Իրենից գործ պիտի ընտրեի հայ պոեզիայի լեհական անթոլոգիայի համար: Չգիտեմ ինչու՝ կանգ էի առել ոչ այնքան հայտնի մի բանաստեղծության վրա: Ժպտաց դավիթավարի լայնորեն ու բազմանշանակ և առաջարկս ընդունեց առանց վերապահության: Շուտով երկլեզու գիրքը կհրատարակվի Լեհաստանում: Ահա այդ բանաստեղծությունը.

ԽՈՍՈՒՄ Է ՔԱՐԸ
Ես հնություն եմ: Ինձ լավ նայիր:
Տարեգրություն եմ: Ոգի ու կամք:
Կանխատեսություն ապագայի:
Եվ քո անցյալը: Եվ քո ներկան:

Ինձ մի՛ զարդարիր: Ես կամ այնպես,
ինչպես եղել եմ, և ինչպես կամ:
Եվ բոլորից լավ գիտեմ այն, թե՝
ինչ պիտի ասեմ ապրող մարդկանց:

Ես զրույց եմ: Եվ ինձ լսողին
պատիվ եմ տալիս խոնարհաբար,
քանզի իմ մամռած ամեն կողին
հազար անուն կա և հազար բառ:

Իսկ եթե խոսքս խրատ չեղավ՝
չքացի՜ր թեթև քամու նման…
Ինչքա՜ն եմ տեսել քեզ պես տղա:
Ես – ծանր քար եմ: Ես – կմնամ:

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Կհանդարտվի՞ արդյոք անհանգիստ հոգին

Փարիզն ինձ ընդունեց անգթորեն, դաժան մի հարված հասցնելով: Այսինքն, Փարիզն ի՞նչ մեղք ունի, որ «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի զանգն ինձ գտավ այնտեղ, օդանավակայանում, բառացիորեն նոր-նոր ոտքս գետնին դրած… Գերարդիական իմ սմարտֆոնն առավել քան հստակ փոխանցեց արտասանված մի քանի բառը, բայց նման դեպքերին հատուկ հիմար մի խորամանկությամբ, ստիպեցի կրկնել, իբրև թե չլսած լուրը, և երևանյան տապից դեռևս խելքի չեկած ու մեկ այլ դաժան շոգի մեջ հայտնված խոստացա կատարել խմբագրության պահանջը և նույն օրը գրել…
Գրել, այո, բայց ինչպե՞ս…
Ես հիմա կարկամած, կատարելապես անօգնական, ինչպես ասում են, ճանապարհի փոշին դեռ չթոթափած, նստել եմ համակարգչիս առջև ու ջանում եմ կատարել տված խոստումս` որպես ձախավեր մի սկսնակ, որը չգիտի ինչպես բառերը կապել իրար, զի դրանք բոլորն ինձ թվում են անկարող արտահայտելու գոնե չնչին մասն այն ամենի, ինչ ապրեցինք միասին անցած հիսունհինգ տարում, ինչն, անկասկած, կարող է հաստափոր մի հատոր դառնալ և իր կարևորությամբ ամենևին չնսեմանալ նույն ժամանակաշրջանը վերհիշող նման մյուս հատորների կողքին, քանի որ այդ տարիներին մեր ապրած ամեն մի օրը, մեր վեճերը, մեր ուրախությունները, մեր իսկապես բոհեմական կենցաղն իր ծայրահեղություններով, իր անկարգությամբ և մանավանդ իր վայրենախմությամբ անբաժան էր մեր ստեղծած գրականությունից, որն առանց կասկածի արժանի շարունակողը եղավ մեզ նախորդած մեծերի:
Բայց մի՞թե ես այսօր պիտի նստեմ և ապացուցեմ, թե ով էիր (Տե՛ր Աստված, արդեն «էի՞ր») դու մեր գրականության համար, երբ անցած տասնամյակներին արդեն արել եմ դա բազմիցս և ապրելիք կյանքումս դեռ առիթներ կունենամ անելու: Դրա համար սառը ուղեղ է պետք և հանդարտորեն տրոփող զարկերակ…
Եվ ինչպե՞ս անվանեմ այդ ժանրը, միակը, որը չէի ցանկանա երբեք քո առիթով գրել…
Ես հիմա պատրաստ եմ ոտնահարել տասնամյակների ընթացքում ձևավորված ու վերջնականորեն հաստատված` կյանքի և գրականության իմ սկզբունքները, ժխտելով ինքս ինձ, գնալ սրտիս դեմ և գրել բացասական, ջարդարարական հոդված, ասենք, քո վերջին, ամեն ինչով ծանրակշիռ հատորի մասին… Թող հետո ինչպես կուզեն ինձ անվանեն, բայց, ջհաննա՛մը, թող դա լինի խոսք ապրող, այս պահին դեռևս գոյություն ունեցող մարդու, ընկերոջ մասին, որը կարդալուց հետո, տեղնուտեղը պիտի զանգի և միայն իրեն հատուկ կերպով օրինակելի սկանդալ սարքի գլխիս… Ի սեր Աստծո, թող սարքի, բայց ես լսեմ նրա կենդանի ձայնը, և ոչ թե նրա… մասին: Ես պատրաստ եմ նույնիսկ հիմա անելու այն, ինչը չարեցի սկզբունքորեն առ այսօր` դիսերտացիա գրել նրա գրականության մասին, հրավիրել պաշտպանությանը, և, իհարկե, հաջորդող պարտադիր բանկետին և լսել նրա երկարաշունչ կենացները… Բայց ոչ այս մեկը:
Եվ ես հիշեցի, թե ինչպես, տասներեք տարի առաջ, նույն վիճակում էի այստեղ, Փարիզում, երբ Ժան Գուժոն փողոցի հայկական եկեղեցում տեղի ունեցած` Վահե Քաչայի հոգեհանգստից հետո եկա տուն, ճիշտ այսպես նստեցի համակարգչի առջև, որպեսզի թարմ տպավորությամբ հրաժեշտի խոսք գրեմ իմ ընկերոջ մասին, բայց չկարողացա անգամ մեկ բառ շարադրել, և քանի որ ոչ մեկին չէի խոստացել, որոշեցի չբռնանալ սրտիս, և թողնել հետագային: Եվ միայն տասն ամիս հետո, Երևանում, ի վիճակի եղա իմ խոսքն արտահայտելու:
Բայց այսօր չկարողանալով գրել, չեմ կարող նաև այդքան սպասել: Ոչ միայն, որ խոստացել եմ… Չէ՞ որ մեր մարմինն ու հոգին բնության անբաժանելի մասնիկն են ու ենթակա նրան, ուստի, ասենք, սաստիկ ցավից ու ցրտից մեր մարմինը, մեզնից անկախ, կծկվում է, և մենք աղաղակ ենք արձակում: Բայց հիմա ես, ասես ժխտելով բնության օրենքը, կծկված կոկորդով անկարող եմ նույնիսկ այդ աղաղակն արձակել, և միայն մտքերս են, որոնք ինձ, անենթակա, խառնիխուռն «խոսում» են իմ ներսում և դժվարությամբ ինձ ընտելացնում մահվան իմաստությանը, ճիշտ այն վիճակին, Դավի՛թ, երբ քո հրաշալի հոր, մեր բոլորի սիրելի Հրաչյա Հովհաննիսյանի հոգեհացից հետո ապրեցինք երկուսս, ուշ գիշերով… Հիշո՞ւմ ես, երբ բոլոր հուղարկավորները հեռացան, դու խնդրեցիր, որ ես մի որոշ ժամանակ դեռ մնամ կողքիդ, ասացիր, որ չես ուզում մենակ մնալ վշտի հետ: Դու պիտի գիշերեիր քո հոր` դատարկված տանը` Սայաթ-Նովայի վրա: Մենք երկուսով նստեցինք մինչև ուշ գիշեր, արդեն ամբողջ երեկո խմելուց հետո շարունակելով խմել այրող հեղուկը: Եվ որքան ավելի էինք խմում, այնքան ավելի սթափ էինք դառնում: Կեսգիշերը վաղուց անց էր, ժամը երկուսը կլիներ, թե՞ երեքը, երբ ասացիր, որ ես կարող եմ գնալ, որ հոգիդ արդեն հանգիստ է:
Ես չգիտեմ, հիմա արդյոք կհանդարտվի՞ հոգիդ այնտեղ, վերևներում, երկնային հավերժության մեջ, բայց հեռանալով, դու այստեղ թողեցիր քո անհանգիստ պոեզիան, որը հասկանալի ու սրտակից կլինի բոլոր նրանց համար, ովքեր սիրտ ունեն ու հոգի և չեն կարող այս դիվական աշխարհին նայել հանգիստ ու անտարբեր:

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.