ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ

Նախ, ուզում եմ ինձ համար ճշտել իմ և ժամանակի առնչությունը: Հավանաբար հեքիաթներից, երբ կարդում էի «Ժուկով-ժամանակովը»: Այսինքն` ինչ-որ ժամանակ: Ինչ-որ ժամանակ գնացի դպրոց, ինչ-որ ժամանակ ավարտեցի համալսարանը…
Այո՛, ինչ-որ մի ժամանակ պատմվածքներ գրեցի, վեպեր, գրքեր հրապարակեցի: Դարձա գրող… Ինչ-որ մի ժամանակ շրջապատված էի ախպեր- տղերքով, երկար տարիներ ուշադրության կենտրոնում էի… Այդպես ապրում էինք ավելի անհոգ, քան այսօր:
Փոխվեցին կարգերը, փոխվեցին մարդիկ, փոխվեց կյանքը: Չէ՛, չեմ ափսոսում, որ փոխվեցին կարգերը, որովհետև դրանք, իրոք, ենթակա էին տապալման, փլուզման, ոչնչացման: Նման հասարակարգը իրավունք չուներ երկար իշխելու: Կարոտախտ չունեմ, իրավ երջանիկ եմ, որ Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցու Գարեգին քահանա Տեր-Դուրգարյանցի ծոռս այսօր ապրում եմ անկախ Հայաստանում և մասնակցում եմ նոր պետականություն կառուցելու գործին, և որ մեր ապագան լավ է լինելու` դրանում համոզված եմ…
Միայն մի բանի համար եմ ափսոսում, զարմանում նաև. անցումն ինչո՞ւ էր այսքան ցավոտ: Ինչո՞ւ այսպես փոխվեցինք բոլորս… Փչացան մարդկային գեղեցիկ, ողջամիտ հարաբերությունները, անգամ սերը դարձավ շուկայական (չարչին ո՞նց կսիրի): Դավաճանություն, գզվռտուք ամեն քայլափոխի: Հարյուր տարվա ընկերդ մի այնպիսի ստորություն կանի, որ կկարմրես նրա փոխարեն, կայրվես, գետինը կմտնես, իսկ ինքը կշարունակի «կատարելագործվել»:
Տաղանդավոր արձակագիր Սուսաննա Հարությունյանը հարց էր բարձրացրել. ե՞րբ են փոխվելու գրող-հրատարակիչ հարաբերությունները, երբ գիրքդ տպագրվում է պետական աջակցությամբ: Ինչո՞ւ չի վճարվում քո քրտնաջան աշխատանքի դիմաց (այո՛, հավատացեք, քրտնաջան աշխատանքով է ստեղծվում թե՛ պատմվածքը, թե՛ վեպը): Սիրելի՛ Սուսաննա, մի՞թե կարծում ես, որ պետպատվերով տպագրված գրքի դիմաց այնքան հոնորար է տրվում, որ համարժեք է քո տքնանքին: Ո՛չ, երիցս` ո՛չ: Այդ գումարով չես կարող քո մտերիմներին անգամ սրճարան հրավիրել:
Ժամանակին, երբ ՀԳՄ-ն Հրազդան ձորի պռնկին, Ծիծեռնակաբերդի ճիշտ դիմաց, բնակելի կոոպերատիվ շենքերի շինարարություն էր կազմակերպել, Միության նախագահ Վարդգես Պետրոսյանն ասես նախանձով ասում էր. «Էլ ի՞նչ եք ուզում, գնում եք ամառանոցում ապրելու»: Այսօր այդ «ամառանոցը» մեզ համար վերածվել է դժոխքի: Ո՛չ քուն ունենք, ո՛չ հանգիստ: Էլ «Փարվանա», էլ «Գեղամա», էլ «Արջուտ» ռեստորաններ, կիրճում տեր ու տիրակալ դարձած թողնո՞ւմ են, որ ապրենք: Ժամը18-ից կիրճը լցվում է վայրենի երգերով, ու հանկարծ լսում ես քո դուռ ու պատուհան փակած ննջասենյակում` «Պատրոնդաշս կապել եմ…»: Եվ այն էլ գիշերվա 2-ին, այն էլ արդեն որերորդ անգամ:
Ահա այստեղ զվարճանում են թաղի տղերքը և մի երեկոյի ընթացքում հեռանում են՝ այդ «օբյեկտներում» այնքան գումար թողնելով, որ ՀԳՄ-ն կարող էր տասնյակ գրքեր հրատարակել: Երբեք այսքան խեղճ ու արհամարհված չի եղել հայ մտավորականը: Չկա մեկը, որ ականջալուր լինի նրանց բարձրացրած հարցերին, լուծի նրանց հուզող խնդիրները:
Դարձյալ Սուսաննա Հարությունյանը ցավով է խոսում հայոց լեզվի աղավաղման մասին, որ մեր մայր լեզուն պետականորեն անհապաղ պահպանման ու մաքրագործության կարիք ունի: Սթափվել ու լսել է հարկավոր: Չէ՞ որ անցած դարի 70-ականներին էր, որ հայ մտավորականության ջանքերով մեր լեզուն մեր Սահմանադրությունում ամրագրվեց որպես պետական լեզու: Ի դեպ, այսօր էլ բոլորիս շուրթերին է Սահմանադրությունը: Հենց սկզբից նշեմ. ես ո՛չ այո-ի և ո՛չ էլ ոչ-ի կողմնակիցն եմ: Մի՞թե այդքան հրատապ էր Սահմանադրության փոփոխությունը, երբ այսքան լարված է միջազգային դրությունը, այսքան անմխիթար՝ ազգաբնակչության սոցիալական վիճակը, այսքան անխաղաղ են հանրապետության սահմանները… Եվ էլի խնդիրներ, որոնց լուծումները շտապ վիրահատության կարիքն ունեն, երբ աշխարհի մթագնած երկնքում թևածում է պատերազմի ուրվականը:
Շատ բաներ են հուզում մեզ, մտահոգում, տանջում…
Բայց… Ասում ենք, չէ՞, ձայն բարբառո հանապատի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.