Գրական անցուդարձ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
ՀԳՄ նախագահության հերթական նիստը հունիսի 19-ին տեղի ունեցավ ՀԳՄ Սևանի ստեղծագործական տանը: Նախագահության անդամները նախ ծանոթացան անցած տարիների ընթացքում համալիրում կատարված բարեկարգման աշխատանքներին, դրանց շարունակման խնդիրներին ու հեռանկարներին՝ միջազգային հեղինակավոր կառույցների աջակցությամբ: Մտքերի փոխանակությանը մասնակցեցին Դ. Մուրադյանը, Հ. Էդոյանը, Ա. Ավագյանը, Պ. Դեմիրճյանը: Տնօրինության աշխատանքը գնահատվեց դրական: Այնուհետև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանգամանորեն ներկայացրեց վերջին կիսամյակում Գրողների միության կողմից իրականացված բազմաբնույթ աշխատանքների (համաժողովներ, քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, միջազգային կապեր և այլն) հաշվետվությունը, որը նախագահությունը գնահատեց բավարար:

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀԳՄ վարչության նիստը: ՀԳՄ կես տարվա գործունեության մասին զեկուցեց ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը: Վարչությունը միաձայն որոշեց ՀԳՄ հերթական համագումարն անցկացնել հուլիսի 11-ին:

***
Հունիսի 17-ին Զանգակատուն գյուղում նշվեց Պարույր Սևակին նվիրված հիշատակի և պոեզիայի օրը: Մինչ այդ, վթարի վայրում, ՀԳՄ պատվիրակությունը՝ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ (Գ.Դավթյան, Շ. Մկրտչյան, Ա. Ավանեսյան), Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ ծաղիկներ դրեցին Պ. Սևակի հուշաքարին:
Այնուհետև Պարույր Սևակի թանգարանում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ելույթ ունեցան Էդվարդ Միլիտոնյանը և Գագիկ Դավթյանը:

***
Հունիսի 18-ին ՀԳՄ-ում հյուրընկալվեց Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Հայաստան-Սփյուռք գրական, մշակութային կապերի վերաբերյալ զրույցի ընթացքում կարևորվեց գրականության դերը Սփյուռքի կրթական կյանքում՝ Սփյուռքի հայ երեխաների հայեցի դաստիարակության գործում: Հատուկ նշվեց Հայաստանից արտասահման տարածվող հեռուստաալիքների բովանդակային մասի կարևորությունը: Նաև խոսվեց Կալիֆոռնիայի և Գլենդելի գրողների հետ տարվող աշխատանքի մասին: Նախանշվեցին երկուստեք հանդիպումների ծրագրեր:

***
Հունիսի 18-ին Ազգային ժողովում ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը և ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը անցկացրեցին խորհրդարանական լսումներ «ՀՀ մշակութային քաղաքականության հիմնահարցեր, համագործակցության հեռանկարներ» խորագրով: Հրավիրվել էին մշակութային հիմնարկների ղեկավարներ, ստեղծագործական միությունների նախագահներ, մշակույթի բնագավառի փորձագետներ ու անհատներ: Ելույթ ունեցավ նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա իր խոսքում կարևորեց հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների դերը, նաև պետություն-հասարակական կազմակերպություններ առնչությունները: Երբեմն պետական կառույցներից փորձում են միջամտել ստեղծագործական միությունների ներքին գործերին: Հատկապես կարևորվեց, որ վերջին երկու տարում ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչական քաղաքականության ծրագրից դուրս մնաց ժամանակակից գրողների գրքերի տպագրության աջակցությունը: Այս առումով, Էդ. Միլիտոնյանն ակնկալեց Ազգային ժողովի և Մշակույթի նախարարության նոր կազմվող ծրագրերում վերականգնել այդ բացը: Անդրադառնալով եվրաինտեգրման հարցին՝ ՀԳՄ նախագահն առաջարկեց տարիներով տարբեր երկրների գրական կազմակերպությունների հետ ստեղծված փորձը՝ թարգմանական գրքերը, ժամանակակից և դասական հայ գրողների ստեղծագործությունների թարգմանությունները տպագրելն ու տարածելը, ինչպես նաև գրքերի ցուցահանդեսներին մասնակցությունը, հանդիպումներ, փառատոներ, պոեզիայի օրեր, այս ամբողջ փորձը նորովի վերածել ծրագրի և ներկայացնել Մշակույթի նախարարություն և Ազգային ժողով՝ մասնակցելու եվրաինտեգրման այդ ծրագրին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.