ԳՈՀԱՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ԳՈՀԱՐ  ՆԻԿՈՂՈՍՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
արձակագիր
ԳՈՀԱՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ
ծննդյան 50-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

Բերման ենթարկվածը
Ուջմանեցի Մըկոն ճաշի աղոթքը չհասցրեց ավարտել: Բերանը բաց մնաց, աչքերը շուռ եկան, խոլոռվեցին, հենց էն պահին, երբ մոռացավ պապենական աղոթքն ու ստիպված եղավ շարունակել իր բառերով… Աստծուց խնդրելու հանապազօրյա բարի ու բարիք…
…Տնեցիք արդեն հացի էին նստել: Իսկ տան գլխավորը ուշանում էր: Սկզբում թոռները նկատեցին, որ պապն ինչ-որ երկա՜ր է լռում: Հետո… նստած տեղից վեր թռավ տատը և իր վաթսուն տարվա կողակցին երկա՜ր ուսումնասիրելուց, սրտին ականջ դնելուց և կոպերը սեփական մատներով մի քանի անգամ բացել-փակելուց հետո հայտնաբերեց, ապա հայտարարեց, որ… նա… գնացել… է…
Որդին վեր թռավ: Ինչպե՞ս թե` գնացել է: Ի՜նչ իրավունքով: Մոտեցավ 85-ամյա հորը, ապտակեց, քաշքշեց, գրկեց, միամտաբար հրեց-գցեց թախտին (Կներես, պապա ջան), ապա… Հորը շուռումուռ տվեց, հետո թողեց փորին, մոռանալով, որ Մըկոն ծովումը խեղդվողներից չէ: Հետո զայրացավ, հորը նորից նստեցրեց ու մի հավեսով սիլլա էլ զարկեց, էն նույնի մյուս հինգ ախպերը: Ու էս ամենը` իր կյանքում առաջին անգամ:
– Հորդ սպանեցիր, տղա՛՜… Հորի՞ կզարգիս,- ճչաց մայրը:
– Թո՛ղ հետ գա:- Պահանջեց որդին, ապա մի դույլ թարմ ջուրը կիսով չափ` հոր, կիսով չափ էլ` մոր վրա շփեց ու թրջված հորը մին էլ որ… չզարկե՜ց թաց-թաց, Մըկոն ելավ, նստավ: Կես ժամով երկինք գնացածը այսպես խոսեց.
– Հիսուսի քովն էի, ասեց` Պողո՛ս, շո՜ւտ իս եկի: Լուսի՛կ: Ծննդականումս էլ, չէ՞, Պողոս իմ գրվուկ:
Ու… կատակելով ընթրիքի նստեցին… Հիշեցին էն, որ մի տարի խաղողի թարմեքից ընկավ` մայր որթը էտելիս, ու թեև… կոտրվածք չուներ, բա՜յց… նեղացած էր ու հայհոյեց խաղող տնկողին, որ ինքն է, խաղող ստեղծողին, որ… Աստված է:
– Է՜լ չկպա մայր որթին, մենակ ճյուղերն եմ կտրտում:- Խոստովանեց պապը:- Էդ օրվանից, ձագեր ջան, Պողո՛ս, Լիլի՛թ, շատ բարձր չըմ հե՜լնի:
Մի տարի էլ փոսն ընկավ: Ոչ մի կոտրվածք, բայց երևի թե ինքն իրեն շփոթել էր փորողի հետ:
– Աստվա՛ծ պայեց,- ասեց ու… Մի անգամ էլ… էլի` խաղող էր էտում, «օգնություն» կանչեց, որ մոտ վազեն ու ներքևից պահեն բա՜րձր կրկնաստիճանը` տնեցիք: Ճիշտ է, ամենավերևում չէր, բայց շատ էր բարձրացել: Տատը առաջինը վազեց, սակայն շփոթմունքից աստիճանը մկրատաձև փակեց, իսկ պապը թռավ վերև և իջավ կտուրին:
… Ե՜րբ իջավ կտուրից, ե՜րբ բարիշեց Աստծո հետ ու ո՜նց հասավ էս օրվան, որ իրանից ծնվածը
Երկնքից Երկիր
իրեն…
ծեծելո՜վ ետ բերի:

Բա… փե՜չը
Մեր գյուղում բոլորն իրարու ազգական են: Մի կիրակի էլ մայրս գնաց էն ազգականի հուղարկավորությանը, որը երկկողմանի էր` հայրական-մայրական: Ուշացավ:
Ծանոթ-սրտացավանք` ինչքա՜ն ասես: Մենակ որ բարևով պրծնես, էլի լավ է: Հերս թեթև կաթվածը դեռ չէր հաղթահարել` դժվարանում էր ինքն իր առաջ հաց-կոֆե դնել: Խեղճացավ-ձանձրացավ: Թույլ էր ու մտածեց` լա՛վ, բա էս կնիկն ինչի՞ ուշացավ: Արի՛ մի քիչ քնեմ, մինչև գա: Աչքը նոր-նոր էր կպել, որ դռան չխկոցն առավ, բարձրացող ոտնաձայներ, ու սուտմեռուկի տվեց:
Մերս դեռ միջանցքից կանչելով եկավ`
– Դու էլ կասես` ինչի՞ եմ ուշացել, չէ՞, մարդ ջան, բա չե՞ս հարցնում` ում տեսա` ֆլանին, ֆստանին, բեյֆանին տեսա…
Ու մեկ էլ զգաց, որ ինքը պատասխանող չունի: Մոտեցավ հորս, համեմատած ծանր քաշային է` շուռումուռ տվեց, թփթփացրեց մեջքին, ականջ դրեց սրտին, ճակատը շոյեց, էլի շուռումուռ տվեց, հանեց նստացրեց, վերստին պառկեցրեց ու.
– Այ տղա Վաչո՛, դե հելի, փեչը մնաց: Հանգա՛վ, գյադա՛, ի՞նչ ես քնել-մնացել, կարող ա՞ մեռել ես: Վա՜շ… Այ տղա, մեռնելու վախտ ես գտել, հելի փեչին տեր կանգնի` սոված մեռայ, մի կտոր հաց ուտենք, նոր…
Մայրս հորս ուսերից բռնեց, պառկած տեղից վեր քաշեց, դեմ տվեց պատին:
– Գյադա՛, ամո՛թ ա, բա երեխեքը ի՜նչ կասեն, մեզ խայտառա՞կ ես անում…
Տեսավ` մենակով չի կարողանում հորս մեռած տեղիցը հանի, կանչեց կողքի, դիմացի, ետևի, աջուձախի հարևաններին, որ էլի բարեկամ են գալիս կամ բարեկամի բարեկամ, ազգական կամ ազգականի ազգական ու առա՛նց լացուկոծի, միանգամայն սթափ, հրամայեց.
– Վաչոյիս հանե՛ք:
Հայրս հասցրեց թաքուն աչքով-ունքով անել-հասկացնել դիմացի հարևանի ժիր, աչքաբաց տղուն թե` սուտմեռուկի եմ: Տղեն համոզեց մորը, կատակը հաղորդվեց հարևան-բարեկամին, կամաց-կամաց հեռացան:
Երբ հերս ու մերս էլի մենակ մնացին, մի վերջին անգամ էլ մայրս հորս կանգնեցրեց, կրկնեց, խնդրեց, որ վերադառնա, էս անգամ արդեն ոչ պահանջաձայն: Ապա սեփական մատներով բացեց թրթռացող կոպերը, հո՜ արեց, շունչ փչեց, երեսին թեթևակի ապտակներ պարգևեց, ողջ մարմինը թափահարեց ու է՜լ… Հերս չդիմացա՜վ…
– Այ կնիկ, իմացի հենց` մեռած եմ, ո՞ւր ես չարչարում: Մեռնելու իրավունք չունե՞մ:
– Չէ՛: Չունես, Վաչո ջա՞ն… Վա՜յ… խոսացի՞՜ր… Բա չէ՜, թողնեմ էթա՞ս: Քեզ ջրի՞ց եմ գտել… Բա փեչը, բա ճաշը… բա մեր երեխե՞քը… Էլ թաղումի չեմ գնա, հելի, հելի՛, մարդ ջան, էլ չմեռնես…

Կոլաժ տառերով
Եթե… միլիարդատերը անցնելիս լինի և տեսնի` ոտքի տակ 100 դոլարանոց է ընկած, կվերցնի, չէ՞: Դե ուրեմն այնքան էլ մեղավոր չեմ, որ կռանում ու վերցնում եմ այ այս 100 դրամանոցը:
Եթե միլիոնատերը անցնելիս իր ոտքի տակ ընկած սև ադամանդով մանյակ նկատի ու վերցնի… Անպայման կվերցնի, չէ՞: Դե ուրեմն… ես այնքան էլ մեղավոր չեմ, որ խոնարհվում-վերցնում եմ հասարակ զարդերը` իմ ճանապարհից:
Միլիարդատե՜րը: Անդրադառնանք նրան: Եթե տեսնի, նշմարի՜ եթե իր առջև դրված հեքիաթային սափորը… վրան էլ մեծամեծ տառերով արձանագրված` Անմահություն, կվերցնի՞: Կվերցնի: Կվերցնի:
Ես իզո՞ւր…
Ես իզո՜ւր…
Ա՜խ, իզո՜ւր չվերցրի փշրված հայելու տձև փշուրները: Փշրված սիրտս էդ հայելու մեջ որքան, որքան, ա՜խ, որքա՜ն դեղին, ոսկի, կապույտ, ծիրանի ու հարուստ կերևար…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.