«ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԵ ՄԱՐԴԸ» հեքիաթների գիրքը

1
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գրքի («Անտարես» հրատ., Երևան, 2018 թ.) շնորհանդեսը, որը ոչ միայն բազմամարդ էր, այլ նաև ձևաչափով նոր Լոռվա մշակութային կյանքում: Շնորհանդեսին ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Լոռու փոխմարզպետը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մտավորական-արվեստագետներ և այլք: Էլֆիք Զոհրաբյանի հեքիաթները բեմադրվել են տարբեր թատրոններում, բուհերում ու դպրոցներում, ինչպես նաև Մոսկվայում և Թբիլիսիում: Նրա բազմաթիվ հեքիաթներ արժանացել են մրցանակների: Կենդանի կատարումներով հանդես եկան Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի սաները՝ կատարելով Մ. Չյուռլյոնիսի ստեղծագործություններից: Գրքի խմբագիր, բ. գ. թ., գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը մասնավորապես նշեց. «Շատ կարևորում եմ, որ նմանատիպ շնորհանդեսներ տեղի են ունենում հատկապես մարզերում… Մանկագրություն ստեղծողների միջին տարիքը, ըստ վիճակագրական տվյալների, 67 էր… Տարիքն իր հետ բերում է ժամանակաշրջանների տարբերություն… Մեր հայտնագործություններից մեկը Էլֆիք Զոհրաբյանն է՝ որպես երիտասարդ հեքիաթագիր: Նրա ստեղծած հեքիաթներում բացակայում են ավանդական դևերը, երկնքից ընկնող խնձորները և այլն, դրա փոխարեն մեր ժամանակակից կյանքն է հեքիաթի լեզվով, նոր շնչով, ընտիր նկարազարդումներով: Գիրքը նախատեսված է 7-107 տարեկանների համար»:
Գրականագետ, դոցենտ Գայանե Մալումյանը նշեց, որ այս գիրքը միայն կրտսեր տարիքի համար չէ, սա, ընդհակառակը, այն մարդկանց համար է, ովքեր կորցրել են իրենց մանկությունը, կարծես ուզում են գտնել… «Ամոթի գույնը» հեքիաթի ամոթի գույնը հենց այն է, որ մանավանդ այս պայմաններում, երբ լռում ենք, երբ անտարբեր ենք, ուրեմն՝ բոլորս ենք ամոթի գույնը կորցրել և իրավունք չունենք այդ ամենավարակիչ ախտի դեմ կանգնել առանց որևէ միջոցի դիմելու: Այս հեքիաթների մեջ արդիական այլաբանական բազմաշերտ պատկերներ են…:
Բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանն իր ելույթում նշեց, որ հեքիաթների երկխոսությունների դինամիկ կառուցումից հասկացվում է, որ հեղինակը կապ ունի նաև թատերաշխարհի հետ, և որովհետև հեքիաթագիրն իր հեքիաթներում հաճախ թվային խաղերի է դիմում, Գասպարյանը հումորով բարեմաղթեց նրան 2040 թվականին ունենալ 4.000.000 ընթերցող: Գուգարաց թեմի առաջնորդը ներկաներին իր խոսքում ասաց, որ պետք է տեր կանգնել տաղանդավոր երիտասարդներին, և կոչ արեց անտարբեր չմնալ այն երևույթների հանդեպ, որոնք ուշադրության են արժանի: Վանաձորի պետհամալսարանի մագիստրանտ Կարեն Մանուչարյանը խոսեց մասնավորապես գրքի նորույթների մասին. «Ինչո՞վ է առանձնահատուկ զոհրաբյանական հեքիաթը. նախևառաջ ուզում եմ ընդգծել ժանրային փոխներթափանցումների հանգամանքը: Հեղինակը, պահպանելով հեքիաթի ժանրի հիմնական հատկանիշները, ձևավորում է հեքիաթ-սատիրա, հեքիաթ-քաղաքական պամֆլետ, հեքիաթ-պատմվածք տարբեր հարաբերություններ: Հեքիաթի ժանրի նորարարությունը պահպանվում է նաև ժանրի սահմանների հաղթահարմամբ: Հեղինակի այս երկերում արտացոլված են այնպիսի խնդիրներ, որոնք խորապես զբաղեցնում են այսօրվա հայ մարդուն: Այս ինքնատիպ հեքիաթներն ունեն նաև կանխատեսող նշանակություն, օրինակ՝ «Ամոթի գույնը»…»: ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքի դրամատիկական ստուդիայի սաները և Վանաձորի թատերական բուհի ուսանողները ներկայացրին մի հատված հենց «Բյուրեղապակե մարդը» հեքիաթից: Վերջում հեղինակը շնորհակալություն հայտնեց բոլորին: Միջոցառումը վարում էր «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Սարգիս Գոքորյանը:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.