Բաց նամակ ՀՀ Ոստիկանության պետ պրն Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀՀ արդարադատության նախարար պրն Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ

Գրետա ՎԵՐԴԻՅԱՆՀարգելի պարոն Գասպարյան
Հարգելի պարոն Մանուկյան
Ստիպված եմ այսպիսի եղանակով դիմել Ձեզ, քանի որ անմիջականորեն Ձեզ հասցեագրված նամակները մնում են անպատասխան, իսկ Հայաստանի Ոստիկանության հիերարխիկ համակարգը կուրորեն պաշտպանում է յուրային ճանաչվածների շահերը և քողարկում ու չնկատելու է տալիս այնպիսի արարքները, որոնց համար յուրաքանչյուր քաղաքացի վաղուց պատասխանատվություն կկրեր: Խոսքս մի ընտանեկան զույգի մասին է. ամուսինը` Լիպարիտ Օհանյանը, ծառայում է ՀՀ Ոստիկանության ներքին գործերի համակարգում, կինը` Լիանա Տերտերյանը, ծառայել է ՀՀ Ոստիկանության համակարգում, ներկայումս ծառայում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում:
Հարցի էությունն այն է, որ ամուսինները, անտեսելով իմ սեփականատիրոջ իրավունքը, զավթել են իմ սեփականությունը հանդիսացող 118 քմ հողամասը, որը ես գնել եմ Երևանի քաղաքապետարանից 2011 թվականի օգոստոսի 17-ին N 348-1472-Ա «Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագրով որպես փաստացի տիրապետող անձ: Պայմանագրի հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ից ստացել եմ սեփականության վկայական:
Լիանա Տերտերյանը և Լիպարիտ Օհանյանը Լիանայի ծնողներ Անահիտ և Նշան Տերտերյանների հետ միասին ավիրել են իմ հողամասը, հանել են մուտքի դարպասը և փոխարինել այն, արգելում են ինձ մուտք գործել իմ տարածքը, կրկին անգամ քանդել են հողամասերի բաժանարար պատը, որը նրանք վերականգնել էին ԴԱՀԿ պարտադրմամբ` ԵԱՔԴ 0738/02 քաղաքացիական գործով 2008 թվականի հունիսի 13-ին արձակած վճռի համաձայն: Ասածս վկայում է, որ արդարադատության ատյանները նույնպես ճանաչել են իմ սեփականության իրավունքը:
Սակայն Տերտերյանների ընտանիքը չի ենթարկվում դատական որոշումներին, ներկայումս կրկին քանդել են դատարանի վճռի ուժով վերականգնված բաժանարար պատը, որն ի սկզբանե կառուցվել էր բացառապես իմ միջոցներով, բազմիցս սպառնալիքներ են հնչեցրել իմ հասցեին, մասնավորապես, Լիանա Տերտերյանը ինձ մի անգամ ասաց. «Ինտելիգենտ ես, կփչեմ – կթռնես», հնչել են նաև այլ սադրիչ և սպառնալից արտահայտություններ: Առկա են տեսագրություններ, լուսանկարներ, ինձ ծեծի են ենթարկել:
Ոստիկանությունը ինքնամեկուսացվել է իմ և Տերտերյանների վեճի լուծումից, սպայական կոչումներով պաշտպանված զավակները քողարկում են իրենց և ծնողների արարքները, իսկ ոստիկանությունում ես լսում եմ հետևյալ խոսքերը. «Տղամարդ գտի, որ իրանց հետ իրանց լեզվով խոսի», այսինքն՝ ոստիկանության սպաները, չցանկանալով իրենց կոլեգաներին «նեղացնել», ինձ առաջարկում են կազմակերպված հանցագործություն կատարել, պատվիրատուի դերում հանդես գալով: Պարզաբանեմ միտքս. ենթադրենք, մի որևէ «հեղինակավոր» տղա գալիս է Տերտերյանների հետ խոսելու, մազաչափ կասկած չկա, որ նրանք դիտավորյալ կսրեն խոսակցությունը, ստիպելով այդ մարդուն հունից դուրս գալ և որևէ չմտածված գործողություն կատարել, որը կարելի է որակել որպես իրավախախտում: Այդ դեպքում «հեղինակավոր» տղան դառնում է հանցավոր արարքի կատարող, իսկ ես, քանի որ նա եկել էր իմ շահերը պաշտպանելու, դառնում եմ հանցագործության կազմակերպիչ և պատվիրատու: Եվ այստեղ կհայտնվեն մեր իրավապահ մարմինները ու «կփրկեն» իրենց կոլեգաներին հանցավոր ոտնձգությունից:
Սակայն ինձ համար նման զարգացումները անթույլատրելի են, քանի որ ես հանցագործ չեմ ու ոչ իրավաչափ գործելակերպն ինձ համար խորթ է:
Արդյունքում ես ներկայումս կրկին անգամ ստիպված եմ Երևան քաղաքի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանել իմ` սեփականատիրոջ ոտնահարված իրավունքները, խնդրելով դատարանին վճիռ կայացնել սեփականությունն ապօրինի տիրապետումից ազատելու և պատճառված վնասները հատուցելու մասին: Փորձս վկայում է, որ ունենալով ուսադիրների ներքո գործող նման վարքագծով հարևաններ, ես չունեմ որևէ երաշխիք, որ ստիպված չեմ լինելու հաջորդ տարի նույնպես դատարանում պաշտպանելու իմ շահերը, և այդպես շարունակ: Ոտնահարվում է իմ սահմանադրական իրավունքներից մեկը` սեփականության իրավունքը:
Հարգելի պարոն Գասպարյան
Հարգելի պարոն Մանուկյան
Ձեր ղեկավարության ներքո գործող մարմինները այսպես կամ այնպես իրականացնում են իրավունքի պաշտպանության ֆունկցիան: Որքանո՞վ է համատեղելի ուրիշի իրավունքների (որոնք արդեն 2006 և 2008 թթ. ապացուցվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով) հանդեպ նման «հարգալից» վերաբերմունքը, ինչպես նաև հանցանքը` Ձեր կողմից ղեկավարվող մարմիններում ծառայելու հետ, չե՞ք կարծում արդյոք, որ նման ծառայողները պարտավորում են հարգանքի արժանի մարմինները:
Խնդրում եմ Ձեր միջամտությունը` Լիանա Տերտերյանի և Լիպարիտ Օհանյանի արարքները ըստ արժանվույն գնահատելու և նրանց կարգի հրավիրելու ուղղությամբ:

Հարգանքով` Գրետա ՎԵՐԴԻՅԱՆ
Աղասի Այվազյանի այրի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.