Բանաստեղծությունը տուն է. Հասմիկ Սիմոնյան / թարգմանություններ

Հեղինակներին լավ ճանաչելու համար ոմանք քրքրում են նամակները, ոմանք՝ հարցազրույցներն ու օրագրերը, ես գտնում ու կարդում եմ բանաստեղծությունները:
Ֆրիդա Կալոն իր լավագույն սիրային նամակը գրեց բանաստեղծությամբ, նրա օրագրային գրառումներում էսքիզներին հաճախ գալիս էին փոխատեղելու բանաստեղծությունները՝ սաստող ցավը, մենությունը, սիրելիին սպասելու անհնարինությունը: Պատահական չէր, որ երբ կորցրեց ամենամտերիմ ընկերուհուն՝ Իսաբել Կամպոսին, օրագրում բանաստեղծությամբ գրեց.
Հեռացար ինձնից…
ինչպես արյունը,
որ
վազում է
խոցված եղնիկից…
Հեսսեն ասում էր. «Եթե չլինեին բառերն ու գրքերը, չէր լինի պատմությունը, մարդկությունը կզրկվեր կոնցեպտից»: Ինձ համար մարդ մնալու լավագույն տեղն ու կոնցեպտը բանաստեղծությունն է: Այստեղ Հիտլերը հուզական է, գրում է մորը նվիրված զգացմունքային բանաստեղծություն, Ստալինը գրում է մանկական ոտանավորներ, Պիկասոն իր նկարները մեկնաբանում է բանաստեղծությամբ, նույնքան պատկերային ու հյութեղ, որքան սովոր ենք տեսնել կտավին: Բանաստեղծությունը տուն է, որտեղ կարող են ապրել բոլորը՝ պայմանով, եթե դրսում թողնեն կոշիկները, հագուստը, ոսկորներն ու գնան՝ չիմանալով…

Հասմիկ ՍԻՄՈՆՅԱՆ

Սելինջեր
Լուսանկարում՝ Սելինջերի միակ ֆոտոն երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ գրում էր «Տարեկանի արտում անդունդի եզրին» վեպը:

Ջերոմ Դ. Սելինջեր (1919-2010թթ.)
*
Ինքնաթիռում նստած փոքրիկ աղջնակ
Որ շրջել է իր տիկնիկի գլուխը
Ինձ նայելու համար:

Հեմինգուեյ
Լուսանկարում՝ Հեմինգուեյը որդիների և կնոջ՝ Մարթա Գելհըրնի հետ, 1941 թ., ԱՄՆ, Այդահո: Լուսանկարիչ՝ Ռոբերտ Կապա

Էռնեստ Հեմինգուեյ (1899-1961թթ.)
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Միակ մարդը, ում երբևէ սիրել էի,
Ասաց՝ մնաս բարով
Ու գնաց հեռու:
Արևոտ մի օր
Փիքըրդիում նա սպանվեց:

 Հեսսե
Լուսանկարում՝ Հեսսեն Մոնտանյոլայի իր տանը, 1950 թ.

Հերման Հեսսե (1877-1962 թթ.)
ԴԱՇՏԵՐԻ ՄԵՋ
Երկինքների մեջ շարժվող ամպեր են,
Դաշտերի մեջ շարժվում է քամին,
Եվ դաշտերի մեջ կորած երեխան է
Մորս որոնումների:

Փողոցների մեջ քշվող տերևներ են,
Ծառերի մեջ՝ լացը թռչունների,
Եվ լեռների մեջ՝ ամենահեռվում,
Պիտի որ իմ տունը լինի:
1902 թ.

Այնշտայն
Լուսանկարում՝ Այնշտայնը Նյու-Յորքից հարավ գտնվող Սարանակ լճի ափին գտնվող հանգստավայրում, ուր գնում էր ամեն ամառ՝ սկսած 1936 թվականից:

Ալբերտ Այնշտայն (1879-1955թթ.)
ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Տեխնիկական բոլոր ձեռնարկների
գլխավոր խնդիրը
պետք է լինի մտահոգությունը
մարդկանց և նրանց ճակատագրերի շուրջ:
Դիագրամներն ու հավասարումները լուծելիս
երբեք մի՛ մոռացեք սրա մասին:
Եվ պետք չէ սարսափելի անհանգստանալ,
երբ ունենում եք դժվարություններ
մաթեմատիկայի բնագավառում:
Հավաստիացնում եմ՝
այդ բնագավառում
իմոնք էլ առաջվա պես շատ են:

Պիկասո
Լուսանկարում՝ Պիկասոն իր արվեստանոցում, Ֆրանսիա, Կանն, 1956 թ.

Պաբլո Պիկասո (1881-1973թթ.)
ՀԻՍՈՒՍԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ
շուրթերը
կեղծ են ծովափի պես
խոնավ
ինչպես մարգարիտը շուրթին
թրջված
սևությամբ արցունքի

անկում

մի կողմում
(խոնավ տերևները գրքի մեջ չեն չորանա)

անկում

հիշողությունը մեռնում է
դանդաղ

մի ափսե պահում է ինձ մինչև ամեն դեմք
ասում է՝ ով եմ ես

լուսին

(և ամեն ինչի վերջում լուսին)

Անգլերենից թարգմանեց Հասմիկ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.