ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՆ / ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ

Բանաստեղծության և ռեալության միջև անջրպետի վերացման մղումով հայ նորարարական պոեզիան XX դարի 60-ական թթ. դիմեց պարականոն պոետիկաների, որոնք այսօր արդեն կանոնիկ են: Նորարար հեղինակների համար, ինչպես պնդում են քննադատները, ամեն ինչ վճռում է կառուցվածքը: Սակայն կառուցվածքը պետք է ընդունել ամբողջ ասելիքի հետ մեկտեղ, նրանից անբաժան: Պարականոնությունն ընդգրկում է ներքինն ու արտաքինը, ձևն ու բովանդակությունը: Բաժանումն ավելորդ է. կառուցվածքն ու ասելիքը փոխպայմանավորված են: Նորակազմ կառուցվածքն ու բովանդակային նորահայտնությունները նույնական դրսևորում են:
1960-ական թթ. հայ պոեզիայում իշխող դարձավ բանաստեղծական վերաշրջումների հայեցակետը: Նկատի ունենք օբյեկտի փոփոխությունը՝ գեղեցիկի փոխարեն գոյի դրսևորումների ընտրությունը, որով 60-ականների պոեզիան վերադարձավ 20-րդ դարասկզբի մոդեռնի ակունքներին: Գոյաբանական փիլիսոփայությունը շարունակական է:
Հետսևակյան պոեզիան ուղղորդվեց դեպի եվրոպա-ամերիկյան տիպաբանական ընթացումները (Սևակը լուծում էր դասականի նորոգման, վերաձևումների խնդիրներ):
«Մշակութային ենթակառուցվածքների քայքայման ընթացքում առաջանում են այլ համակարգեր»,- գրում է Ժակ Դերիդան1:
20-րդ դարի 60-ական թվականների հայ բանաստեղծական ինքնատիպ համակարգերից մեկը Հովհաննես Գրիգորյանինն էր: Բանաստեղծը «պարականոն» պոետիկական բևեռացման սկզբնավորողներից է: Եթե նրա սերնդակիցներից ոմանք անդավաճան են մնում բանաստեղծական փիլիսոփայական կշռույթների աճին, ապա Գրիգորյանը՝ կյանքի հոսքի ուժգնացման սկզբունքին: Ահա, նաև այս սկզբունքով են պայմանավորված վերջինիս պոեզիայի լարված բնույթը, նրա շարժուն ձևը: Բանաստեղծը հենվում է սուր «կենսափաստերի» անցման վրա: Հումորիկ դիտանկյունով նա միաժամանակ ներկայացնում է «կենսափաստերին» տրվող զգացական գնահատականը:
Ի տարբերություն հետմոդեռնիզմի հերոսի, Գրիգորյանի քնարական «ես»-ը, որը նաև էպիկական բնութագրություն ունի, ամբողջական մարդն է, «միջին վիճակագրական» (ընդգրկումի լայնությամբ) մի տիպ, մտավորական: Նա ներկայացնում է սեփական գոյության ու կեցության ինքնակենսագրական նյութով (դա բոլորի «ինքնակենսագրականն» է):
Բանաստեղծը մարդուն ներկայացնում է ենթագիտակցական ենթաշերտերով, դրական ու բացասական «պրոյեկցիաներով» (Յունգյան արտահայտություն է): Ինչպես տեսնում ենք, մարդուն ներկայացված հոգևոր դաշտն ընդլայնվել է՝ դասական պոեզիայի չափումների համեմատ, որը և դրամատիկական լիցքերի աճ է ապահովում (դրական և բացասական «պրոյեկցիաների» բախումը շարժման մեջ է պահում հակադրության սլաքը): Արդյունքում մարդակենտրոն (մարդը՝ ափի մեջ) բանաստեղծություն է: Թեև թեմայով հեռու չէ նախորդ փուլի պոեզիայից, սակայն գեղարվեստական խնդիրները լուծում է միանգամայն առանձնահատուկ եղանակներով (մշակութային ընդվզումի պահվածքը ելակետային է):
… և դինոզավրն ութ անգամ ավելի էր անճոռնի և այնքան//շատ բան կար սովորելու այդ զարմանալի մոլորակում…// Քայլում էին նրանք և ուզում էին երազել և ոչինչ//չէր ստացվում՝ երազները թեթև էին այստեղ ուղիղ ութ անգամ, ութ անգամ անգույն… («Վերջին մոլորակը»):
Բանաստեղծի հումորն ու հեգնանքը նկատված երևույթ են, միայն ավելացնենք, որ դրանց շնորհիվ է դիտողականությունն անընդմեջ թարմ: Նա երբեմն առարկաներն ու երևույթները ներկայացնելիս «կողմնակի անձի» դիրք է բռնում, իբրև թե ասում է ի միջի այլոց, սակայն դրանով նորացնում է բանաստեղծական դիտանկյունը (այն ինչ-որ աստիճան սովորականից թեք է. հիշենք Վան Գոգի գծի թեքությունը):
Հումորը մոտեցնում է առարկան, հեգնանքը չի ժխտում:
… Եվ հենց նույն այդ անցնող կյանքն է հիշել հավաքարարը//ծերացող, և գլուխը փոշեծծիչին դրած ընկել է երազների մեջ… («Հյուրանոց»):
Գծերն ու ստվերագծերը ստեղծում են պատկերային անցում – համակարգումների տարողունակ խաղեր, երևակայությանը հաղորդելով կյանքից «մեջբերումներ» կատարողի դեր: Մենք տեսնում ենք բանաստեղծական անշրջելի լուծումներ, որոնք եզակի արտահայտման ձևի մեջ առնված դրաման համահավասարեցնում են բնօրինակի՝ կյանքի դրամային: Ձևի և բովանդակության միատեղված դրաման է, որ գրիգորյանական բանաստեղծությունը պահում է արդիականության մշտարթուն դիրքում: Բանաստեղծը ժամանակի պարտամուրհակի դիմաց արագ է հատուցում: Հումորն ու հեգնանքը սրում են ծիծաղի ու արցունքի զուգորդությունը ((Չարենցի «Երկիր Նաիրի» վեպն այս տեսանկյունից մի մեծ բանաստեղծություն է): Տեքստը սովորականից ավելի ջերմ է (միայն՝ ոչ պաթետիկ), խորքային ու զուսպ, որքան էլ բանաստեղծը քողածածկի նույն այդ «ջերմը» (որի դեմ օգտագործում է պարոդիկ հնարանքներ): Արցունքը մարդու դրական և բացասական «պրոյեկցիաների» «սահմանապահն» է, հոգու երկատման, ապա և դրանք մի ընդհանուր համակերպության մեջ մուտքագրումի նշանն է: Գրիգորյանը արդիականացնում է հոգեբանության դրսևորումները: Նա կենտրոնանում է հոգեբանական լարումների վրա, որը շարունակվում է տեքստից – տեքստ: Ստեղծվում է հոգեբանական ընդհանուր հիմքով զարգացող «սյուժեի» տպավորություն: Տեքստային ընդհանուր կառուցվածքի շրջանակում ենթակառուցվածքային սահմանները ջնջվում են: Դրամատիզմն ընդգրկում է տեքստային ամբողջ համակարգը: Հակադրությունները պատկերի «միջուկում» են: Բովանդակության առումով բանաստեղծը հակադրում է հոգևորի և հոգեզըրկության «փաստերն» ու «հանգույցները»:
… Ցնծացեք, անհավատներ, ձեր դարձի բերման, հոգու // փրկության հարցն էլ է լուծված;
Կամ՝ «…առանց ամաչելու լալիս են նաև // գույնզգույն լաչակավոր մարդասպանները…»:
Քնարական ու էպիկական գծերով օժտված «ես»-ը գրքից-գիրք անցնում է հոգեզրկության ողբերգության միջով: Ըստ այդմ՝ ամբողջ իրականությունը չափածո-պատումում վերաձևվում է և վերակարգվում: Ներքին դրաման զարգանում է աներևակայելի ընթացքով: Հումորը, հեգնանքը, համընդգրկուն պարոդիան ընդլայնում են դրամայի արտահայտման հնարավորությունները՝ իմաստային նոր աստիճանակարգումներում պահելով պոետիկական ուղղորդումները:
… որսորդներ են վազում բոլոր կողմերից, // տեսնելու, թե ինչպես է մեռնում վերջին սոխակը // նոտաների տետրը արյունոտ կրծքին սեղմած…(«Վերջին բառեր»):
Այս հատվածը համադրում է պատկերային զանազան հոսքեր՝ սկսած նվազաբերությունից, սրբանկարից ու նրբագծից: Նրանում խտացված են քնարականն ու ողբերգականը: Նվազաբերությունը ծնունդ է տալիս ողբերգականին ուղղված մի անվերջավոր հայացքի: Այլաբանությունն օգնում է անհատի ներաշխարհը ներկայացնելու բոլորովին ուրիշ գաղափարա-հուզական գնահատականով («Բոլորովին ուրիշ աշուն»):
Թերևս մի առանձին թեմա է Հովհ. Գրիգորյանի բանաստեղծական չափածո տեսությունը: Մեզ հայտնի է, որ Հյոլդեռլինն է «բանաստեղծություն գրել հատուկ բանաստեղծության էության մասին»2: Գրիգորյանի յուրաքանչյուր բանաստեղծություն սեփական փորձի և տեսության խառնուրդ է, կառուցվածքի «դիդակտիկ» կազմախոսություն: Նա, ընտրելով պատումային եղանակը, ստեղծում է փոքրիկ «դրամաներ»՝ տիպաբանական կապ պահպանելով հայ հնագույն պոեզիայի հետ (անմիջական չէ այդ կապը):
Ա. Սեդրակյանը «XX դարի 90-ական թվականների ամերիկյան բանաստեղծության զարգացման հիմնական ուղենիշները» հոդվածում («Համատեքստ – 2004») խոսում է ամերիկյան բանաստեղծության «մշակութային բազմազանության, միջազգայնացման և համահարթեցման ընդհանուր հասարակական ուղղվածության» մասին, այդ պոեզիայի համար հատկանշական համարելով «պատմողական գործառույթը»: Բանաստեղծությունը ներկայանում է որպես «պատմողական ակտ», «շարադրանք»:
Հովհ. Գրիգորյանի ստեղծագործական սկիզբը 1960-ական թվականներին էր: Ա. Սեդրակյանը գրում է 1990-ական թթ. ամերիկյան պոեզիայի մասին: Փաստը հուշում է, որ Հովհ. Գրիգորյանը, ազդակ ստանալով եվրոպական պոեզիայից, նրա պատումային սկսվածքներից, ընտրում է ճանապարհ, որը տիպաբանական ընդհանրության մեջ է նաև 90-ական թվականների ամերիկյան պոեզիայի հետ (բանաստեղծությունն իբրև «շարադրանք», «պատմողական ակտ»): Գրիգորյանի «պատումը», սակայն, բոլորովին առանձնահատուկ է: Նկատի ունենք քնարական հերոսի ազգային հոգեբանությունը, կյանքին տրվող առանձնահատուկ գնահատականը՝ պայմանավորված ազգային միջավայրով: Նրա հումորն ու հեգնանքը գյումրիական են, որոնք ընդլայնում են քնարականի արտահայտման հնարավորությունները:
Գրիգորյանի պոեզիայում մարդն իր գոյաբանական անդրադարձումների մեջ է, որը թույլ է տալիս հասնելու հոգեկանի ներքին չափումներին: Տարածությունն ու ժամանակը հանգում են մարդուն: Նա կենտրոնանում է իր հայտնագործած բանաստեղծական կերպի հղկման ու զարգացման վրա: «Պատումը» խորանում է, հանդիսանալով եզակի քնարականության հայտնաբերման միջոց (միանգամայն ինքնատիպ է քնարական հերոսի հոգու «հատակագիծը»):
Այն, որ բանաստեղծը պատումային կառուցվածքին տվել է պարոդիական ուղըղվածություն, վաղուց նկատվել է: Հարցը լիարժեքորեն քննել են, մասնավորապես, երիտասարդ գրականագետներ Հ. Հակոբյանն ու Արք. Նիկողոսյանը: Վերջինս իր «Պարոդիկ կերպընկալման բանաստեղծությունը» հոդվածում հանգել է միանգամայն ճիշտ եզրակացության.«Երևույթների պարոդիկ կերպընկալումը բանաստեղծությունը դուրս է բերում բուն պարոդիայի կազմաբանական տիրույթից, և բուն պարոդիային հատուկ հստակ այլտեքստային կրկնությունը փոխարինում ընդհանրական-հանրահայտ կրկնությամբ, որն այս դեպքում պարտադիր գործում և ընկալվում է նաև իբրև սեփական տեքստ» («Գրառումներ ընթացքից», էջ 49):
Պարոդիկ կերպընկալումը, այո, ելակետային է, որպես ստեղծագործական եղանակ: Տվյալ պարագայում այն արձակունակ չափածոյի դրամատիզմի (երկփեղկումի) հանգույցն է: Պարոդիկ սկսվածքը, որպես համակարգային և ներհամակարգային բանավեճ, պահպանվում է մինչև վերջ: Պարոդիան, թափանցելով բանաստեղծական պատկեր, դառնում է դրամատիզմի կորիզը՝ իր այլակեցական ուղղվածությամբ: Քնարական հերոսը երկպրոյեկցիոն դաշտում է, որը ևս դրամատիզմի պաշարի ընդլայնում է: Պարոդիական են պատկերը, թեման, երբեմն՝ «սյուժեն», մանրամասնը: Կառուցվածքը համադրական է (հիմնված պոետիկական հակադրությունների վրա): Հակադիր կառուցվածքային զարգացումներն ու անավարտության տպավորությունը ևս դրամատիզմի հենարանն են: Պարոդիան ծնում է նոր տեքստ, որը, սակայն, պարզ է: Սա արդյունք է կայուն աշխարհազգացման:
Գրիգորյանի բանաստեղծության ամենակարևոր առանձնահատկությունը, ի վերջո, նրա և թատերական ժանրի փոխներթափանցումն է: Բանաստեղծը ոչ թե պատմում է, այլ ցուցադրում է (գործողությունը դրամատիկ է): «Պիես» վերնագրով բանաստեղծությունը «ժանրային» ակնարկ է անում: Բանաստեղծն ստեղծում է ամենակարճ «դրամաները»: «Ես»-ը ցուցադրվում է իր մենախոսական տեքստում: Չափածոն ներկայացնում է հերոսի մոնոդրաման: Բանաստեղծություն – «դրաման» կյանքի հավասարարժեք կառույցն է: Դրամատիկ իրավիճակի առումով Գրիգորյանի պոեզիան երկկենտրոն է (բանաստեղծության դրամա և կենսական դրամա): Տեքստից տեքստ՝ կենսական դրաման հատույթավորվում է: Բանաստեղծության դրաման մնում է նրա էութենական ձևվածքը: Բանաստեղծը հաճախ է խոսում ողբերգության մասին.
…Բայց դա կլինի բոլորովին ուրիշ ողբերգություն…
Հեգնանքի շնորհիվ ամրակայվում են դժվարին ու բարդ ասոցիացիաները, որոնք, իրենց հերթին, ձևավորում են բանաստեղծական ժամանակը: Ըստ այդմ, գերակայող ժամանակը ներկան է, որովհետև պիեսի օրենքով, հերոսը «ցուցադրվում» է: Հավաքական ժամանակը աշուն է անվանվում: «Հավաքական կերպարի մահը՝ աշնանային դրվագներով» վերնագիրն ակնարկում է թե՛ հերոսի և թե՛ ժամանակի հավաքականության մասին: Անցյալը, այնուամենայնիվ, հոգեմաքրման ժամանակն է, ներկան գնում է դեպի կատարսիս: Անցյալն ու ներկան ժամանակի սիմետրիաներ են:
Ժամանակն ընկալվում է ոչ միայն որպես ընդհանրական ներկա, այլև հատույթավոր՝ առավոտ, կեսօր, երեկո, որը տագնապի, անհանգստության դրսևորման միջոց է.
… ամենադժվարն առաջին
հազար տարին է, հետո ամեն ինչ
դառնում է սովորական,
հետո սկսում է կրկնվել անվերջ՝
առավոտյան, կեսօրին, երեկոյան…
Գրիգորյանը հավատարիմ է կյանքի հոսընթացին՝ առանձնահատուկ իմաստավորումների տևականությամբ: Նա ժամանակի բոլոր փուլերի հագեցումով կյանքի ավելի թարմ ու վավերական «քաղվածքներ» է անում: Նա հրաժարվում է եղելության փորձից, գնում դեպի կյանքի դրամատիկ ծայրակապերը:
…Ներեցեք, բայց չէ՞ որ այս ամենը
ճիշտ է,
ճիշտ է ամեն օր…

1. «Զրույց Ժակ Դերիդայի հետ» – «Գրականագիտական հանդես», 2005 թ., N2, էջ 17:
2.Ֆ. Հյոլդեռլին, «Բանաստեղծություններ», Երևան, «Նաիրի», 2002 թ.: Մ. Հայդեգերի «Հյոլդեռլինը և բանաստեղծության էությունը» հոդվածից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.