…Ացու, սյուն-սյուներ-սնացու / ՀՐԱՉՕ

ՀրաչօԱսել են, լսել եմ` խոսքը լրիվ կասեն, ասվող բառը կասեն, բառը կուլ չեն տա: Խոսքը չեն ծամի` կասեն: Բառը պիտի զգա, որ ինքը տուն ունի:
Պատերազմ էր` տուն չկար, որ գնացած չունենար: Տուն կար, մայր կար, որ տուն-մայր երեք գնացած ունեին: Եվ օրհնանք-աղաչանք-պաղատանք էր, Աստծո խնդրանք էր, որ աչք-գոգնոց լցվում էր: Եվ մենք սովորում էինք օրհնանքների: Եվ մենք սովորում էինք անեծքների: Կապո՜ւյտ-կապույտ երկինքը օրհնանք էր մանում: Եվ մենք սովորում էինք գույների: Եվ խղճի էինք սովորում ու խղճի տեր էինք դառնում: Սա գնացածի մայր է. սա գնացածի կին է. սա գնացածի երեխա է. սա գնացածի կով է. սա գնացածի չափար է. սա գնացածի տուն է… Եվ մենք սովորում էինք բառեր: Թանկ, շատ թանկ բառերից մեկը սերմացու բառն էր:
Ս ե ր մ ա ց ու…
Եվ ծղրտոցներ, ճչոցներ լսեցինք. «Տունդ փուլ գա, Հիտլեր…», «Երկինքը փուլ գա գեշ մարդու գլխին…», «Տարա՜ն, տարան, խեղճ տղիս գլուխը տարան կերան, վույ աման-աման-աման…»: Երբ սևակնում էր երկինքը, երբ Ճրագթաթի ծմակը սևակնում էր, երբ Կալքարը կորցնում էր հայացքը, թվում էր, թե գյուղի տները լողում են ջրերում, տները ձեռք են մեկնում իրար, որ քաշեն, հանեն, որ չխեղդվեն:
– Պա՛պ, երկինքը փո՞ւլ կգա… – Ես երկա՜ր-երկար նայում եմ իմ Ավետիք պապին:
– Վատ մարդու ձեռին ամեն ինչ էլ փուլ կգա: Տունն էլ փուլ կգա: Է՜…
Երբ «սև թուղթ» էր մտնում գյուղ` կնանիք ո՜նց էին ծղրտում, երբ լուր էր հասնում, թե էս ինչ գյուղում էս ինչ մարդու զավակը զոհվել է, հառաչանքը հալվում էր ու լցվում գլխիդ. «Վա՜յ, տունը քանդվեց»: Էսպես` մի գյուղ ու գյուղը լցված փլված տներ, ծռված տներ, հանգած օջախներ…
Ինչ գեշ ու զոռով էինք ապրում: Ու խոսք էր լսվում` ինչ էլ լինի, միայն թե սերմը չկտրենք: Երկինքը փուլ չի գա: Երկինքը երբ հոգնում է, նստում է Ճրագթաթի ծմակին, Կալքարին ու շունչ քաշում: Պապս ասում էր` մեր Ճրագթաթի ծմակը, մեր Կալքարը մեր երկնքի սյուներն են: (Նա չէր ասում սյուներն են, ասում էր` սներն են): Տունը պահողը սյունն է: Տան տղան է տան սյունը, տան տղամարդն է տան սյունը: Եթե տուն կա, որը սյուն չունի, մի ասեք, թե անսյուն տուն է: Անսյուն տուն չի լինում:
Խնձորենին էնքան է բռնել, որ ճղակոտոր է լինում: Ճյուղերի տակ պիտի սյուն դնես, սյուն-հենակ-դուչար-խչմար: Ինչ էլ լինի, եթե մինուճար զավակդ անգամ քաղցածությունից ուշաթափվի, դու քո ունեցած մի բուռ սերմացուին ձեռք տալու իրավունք չունես:
Սերմացու…
Հարսնացու… է (հարսնանալ):
Փեսացու… (փեսայանալ):
Զինվորացու…
Մատաղացու…
Նախագահացու…
Սնացու (մենք սյուն չենք ասում, ասում ենք` սին, սներ):
Ինչ էլ լինի` չկորցնենք հույսը: Աչքով չուտենք մեր փրկարար սերմացուն:
…1952-ին, օգոստոսին, ամառները ընտանիքով մեր գյուղ եկող հայերենի ուսուցիչ, բանաստեղծ Վահան Հովհաննիսյանը լավ քընընեց-հարցաքընընեց Հրանտ եղբորս, հիացմունքից շիկնեց ու կանչեց. «Դու քո հացը գտար, դու պիտի գրաշարություն սովորես, կարող է գրող էլ դառնաս, Ղազարոս Աղայանն էլ է գրաշար եղել»: Երես դեմ անելը երես դեմ անել էր. հորս, մորս խնդրանքով մի հատ էլ ինձ քննեց ու զննեց, ես էլ անցա ու… խեղճ հորքուրս երեք տղա երեխա է մեծացնում` Սեյրանը, Սամսոնը, Սարվանը. ամուսինը զոհվել է: «Գնացեք,- ասաց ուսուցիչ բանաստեղծ Վահան Հովհաննիսյանը (այո՛, հանրահայտ Հենրիկ Հովհաննիսյանի հայրը),- ներկայացեք արհեստագործական ուսումնարան, պոլիգրաֆ (երեք-չորս անգամ շեշտեց պոլիգրաֆ բառը), տնօրենը ձեզ է սպասում: Հովհաննես Հովհաննիսյան, լավ մարդ է, հարևաններ ենք… Պետությունը հացը տալիս է, հագուստը տալիս է, լավ արհեստավոր է դարձնում, էլ ի՞նչ ենք ուզում մեր արյան գնով հաղթած երկրից… Հիմա դուք սանացու եք, գնացեք ընդունվեք ու դարձեք սան»:
…Ացու… Կարող ենք տասնյակ ու հարյուրավոր բառեր գրել ու ավարտել ացու-ով: Ացու-ն երբեք էլ վերջածանց չէ: Ացու-ն հենց կերպար է, բառի ճիչ է, բողոք է, կյանք է: Ացու-ն նաև վախ է` մի սիմոնացու էլ հանկարծ քո զավակը չդառնա: Ամեն ինչ պետք է սյուն ունենա: Մենա՞կ ես, միայնությունդ էլ պիտի սյուն ունենա: Սյուն-սներ: Սյուն-սյուներ-սներ: Ինչո՞ւ են կնճռոտվում կանանց դեմքերը, ճակատները: Կին գրողները, լրագրողները բառի համար սյուն են դառնում, դառնում են լեզվի, մայրենիի սյունը, կյանքում տեղի ունեցող խարդախությունները նրանք ցանկանում են ջնջել, վերացնել: Մարդ ես, իբր մարդ ես ծնվել, ինչո՞ւ ես վնաս հասցնում մարդուն, ժողովրդին, երկրին, նրա պատմությանն ու անվանը: Եվ ամեն ինչ թողեք ու թերթերում կարդացեք լրագրողների, գրողների առաջին սյուն-սյունակում տպագրած ապրումական-կյանքային տառապանքները:
…Զանգ է տալիս մի կին, ներկայանում որպես բժշկուհի, ասում, որ յոթանասուն տարեկան է: Որ բժշկուհի է, լավ է, բայց ինչո՞ւ է ասում տարիքը: Անունը` Գոհար Էլբակյան, նաև դասախոս Բժշկական ինստիտուտում: Մի քանի բառն էլ մատնեց, որ կիրթ է, որ լավ ընթերցող է, Հրաչյա Աճառյան ասաց, Արարատ Ղարիբյան… Բանաստեղծների, գրողների անուններ, անուններ ասաց ու… «Գրական թերթ» ու` հարց. «Կարդո՞ւմ եք Կարինե Խոդիկյանի առաջին սյունակը»: Ասացի` ոչ միայն Կարինե Խոդիկյանի առաջին սյունակն եմ կարդում, այլև ամբողջ թերթը: Խմբագիրը ինչ-որ տեղ դառնում է հեղինակակից: Կարդում եմ նաև այլ թերթերի «առաջնորդողները»` առաջինը տվեցի Փիրուզայի «Իրատեսի», Կարմեն Դավթյանի, Անահիտ Ադամյանի և այլ թերթերի կին նշանառուների անունները: Ի՜նչ համարձակ են մեր կին-աղջիկ լրագրողները: Նրանք մտածում են մաքուր տան, մաքուր հայրենիքի մասին: Բժշկուհու կիրթ ու գրավիչ ձայնը մի պահ մոռանալ տվեց ինձնից անբաժան ցավերս: Սթափ չլինենք, երկիրն ավիրողների մռութին եթե չխփենք, ապա կկորցնենք դեռ իրեն չգտած ու իրեն չհաստատած, մեր հոգում ու սրտում դեռ լավ չգրանցված անկախությունը: Անկախությունը պահանջում է նվիրական, մաքուր աշխատանք բոլո՜ր-բոլոր բնագավառներում: Ասաց` գրողները, լրագրողները մեծ գործ կարող են կատարել անկախության ճանապարհին, գրչածեծ անել գող, օրինազանց իշխանավորներին, էն պատգամավորներին, որոնք պարզապես պատգամավոր են նրա համար, որ փրկեն իրենց ծալեծալ բիզնեսը, բոլոր նրանց, ովքեր խաթարում են մեր կյանքը, ում պատճառով շատերը հուսահատվում են, թողնում տուն, տեղ, մեկնում հեռացումի ճանապարհներով, դատարկվում է անունով անկախության ուղին բռնած Հայաստանը: Չտեսների, ագահների, ծակաչքների երկիր է Հայաստանը: Երկրի ողնաշարն էլ չի դիմանում: Փրկել է հարկավոր: Պիտի սյուն դառնանք փլվող երկնքին, պիտի սյուն դառնանք փլվող երկրին: Հենց հողին պիտի սյուն դառնանք: Հենց լեզվին պիտի սյուն դառնանք: Մի՞թե չենք զգում, որ տունը պահելու, լեզուն պահելու, երկիրը պահելու մեծագույն ցավն ու հոգսն ընկած են կնոջ՝ արդեն ոչ փխրուն ուսերին: Թե չէ, թե չէ, թե չէ` Աստծո տված դրախտավայր Հայաստանը չկարողացանք պահել, նաև մեր մեղքով փոքրացած, վերջին կտոր Հայաստանը չենք կարողանում պահել, մի հարցնող լինի` էլ ինչացո՞ւ ենք, ինչո՞ւ ենք ապրում: Մեծ, ուժեղ, սրբող ալիք է մոտենում: Սյուն դառնանք իրար ու փրկենք Հայաստանը: Հայաստանը լեռներից առաջ, երկնքից առաջ, հնություններից առաջ հայ մարդն է: Հայաստանում մնացած ամեն մի հայ իր տանը, իր դպրոցում, իր գործավայրում, հենց էն պարապ-սարապ վիճակում էլ պիտի հայի, միայն հայի գործ անի, եթե, իհարկե, ուզում ենք, որ մենք շնչենք Հայաստանում ու Հայաստանն էլ շնչի մեզանով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.