ԱՐԱՔՍԸ ՇԱՏ Է ՏԵՍԵԼ, ՇԱՏ ԲԱՆ ԳԻՏԻ

Սամվել-ԿոսյանԱրդեն քանի  ամիս  է  աշխարհը  սպասում  է ԱՄՆ-ի  ու  Իրանի  միջև  հակամարտության   ելքին,  հակամարտություն,  որն  ավելի  սրվեց,  երբ  աշխարհի  լրատվամիջոցները տարածեցին Ատոմային  էներգիայի միջազգային  կազմակերպության / ՄԱԳԱՏԵ/ Իրանի  մասին  զեկույցը, որում  նշվում  էր,  իբր  Իրանը  մոտ  է  միջուկային  զենքի  ստեղծմանը:   ԱՄՆ-ի  կողմից  Իրանի  դեմ ռազմական  գործողությունները  սպասվում  էին  անցյալ  տարվա  դեկտեմբերի 25-ից:  Ու  չնայած  պատերազմական  գործողությունների  բացակայությանը,  այդուհանդերձ,  կրքերը  իրանական  միջուկային  ծրագրի  շուրջ  ոչ միայն  չեն  դադարում,  այլև  գնալով  ավելի խորանում  և  ագրեսիվ  դրսևորումներ  են  ցուցաբերում:  Իրանը  որքան  էլ  փորձում  է  համաշխարհային  հանրությանը  համոզել,  որ  երկիրը  միջուկային  զենք   ստեղծելու   մտադրություն  չունի,  որ   իրենց  միջուկային  ծրագրերը  միտված  են   միայն  խաղաղ  նպատակների,  միևնույն  է,  անհնար  է  թվում    ԱՄՆ-ի ու  Իսրայելի  կողմից  աշխարհին  պարտադրված  անվստահության  պատնեշի  հաղթահարումը:  Վերջերս   Լատինական Ամերիկայում   շրջագայության  ժամանակ  Իրանի  նախագահ  Մահմուդ  Ահմադինեժադը  շարունակում  էր  շեշտել, որ իր  երկիրը  «խաղաղ»  ատոմի  կողմնակից  է,   սակայն  նրա   հավաստիացումները     նախկինի պես   ի  վիճակի  չեղան    մեղմացնելու   լարվածությունը,  առավել  ևս  խաղաղ  բովանդակություն  հաղորդելու  հակամարտությանը:  Այս   առումով,  ըստ   Էկվադորի  նախագահ  Ռաֆայել  Կարրերայի. «Իրանի  միջուկային  զենքի  ծրագրի  առիթով ԱՄՆ-ի  հայտարարությունները նույնն  են,  ինչ  Իրաքի պարագայում  էր,  որն  էլ  Իրաք  ներխուժելու  պատճառ  դարձավ և  մեկ  միլիոն  կյանք  խլեց:  Ինչպե՞ս  կարելի  է վերջին  շրջանի  թարմ  պատմությունից դասեր  չքաղել»:  Պատմությունը  ցույց  է  տալիս,  որ  անցյալի   դասերը  հրաշալի  ու  կիրառելի  են  միայն  տեսության  մեջ,  իրականում   ժամանակի  հզորները  միշտ  էլ առաջնորդվել    են  ոչ  թե     սթափ  բանականության,  այլ   շահի թելադրանքով:  Ասվածի  լավագույն  օրինակը  մոլորակի  վրա  շարունակվող  պատերազմներն  են:  Այն  տպավորությունն  է,  որ  ոչ  միայն մարդկությունը,  այլև  աստվածներն  են  դարձել  շահի  հպատակները:   Այլապես  անհասկանալի  ու անբացատրելի  է   ԱՄՆ-ի  շահագրգռությունը`  ժողովրդավարությունը  տարածել  այնպիսի  երկրներում,  ինչպիսիք  են  Իրաքը, Աֆղանստանը,  Պակիստանը  և  հիմա  էլ  Իրանը…  Նույնն  է, եթե  փորձես  կրիային  թռչել  սովորեցնել…   Չի  թռել  ու    չի  թռչելու:  Արաբական  երկրներում  ծայր  առած  ընդվզումները,  որոնք  Արևմուտքը  շտապեց  ժողովրդի  ազատ կամքի  դրսևորում  կամ  ժողովրդավարական    զարթոնք  որակել,  ի վերջո  ավարտվեցին  կամ  կավարտվեն  իսլամական  ուժերի  աշխուժացմամբ,   որոնք   այդ  երկրներում ավելի  ու  ավելի  են  ընդարձակում  իրենց  ազդեցությունների  ոլորտը:    Կասկած չկա,  որ   վերջնական  հաղթանակից  հետո  նրանք   իրենց  պատկերացրած  ազատություններն  ու  իրավունքներն են  շրջանառելու  և  հազիվ  թե  համաձայնեն  իսլամի   բարոյական  արժեքները  Արևմուտքի  կողմից  պարտադրված  ժողովրդավարությամբ փոխարինել:  Ու  պիտի  համակերպվել  նրանց ընտրության  հետ,   շփման  եզրեր  գտնելով   իսլամական  և  ժողովրդավարական  կենսաձևերի   միջև,  առաջնայինը  համարելով  բարի­դրացիությունն  ու  փոխշահավետ  համագործակցությունը:  Հակառակ  պարագայում առճակատումները  վերանալու  փոխարեն  խորանալու  են,  մեծացնելով  մարդկային  ողբերգությունների  տրամագիծը: Թերևս ամերիկա-իրանական    հակամարտությունը  նման  առճակատումների շարքին  պիտի  դասել,  երբ  համբերատար, երկու կողմերի  համար  հավասարազոր բանակցությունների  փոխարեն,   ռազմական  ուժի  կիրառումն  է   խնդրի  լուծման  բանալի  ընտրվում:  Առայժմ  ռազմական  միջա­մտությունը  ոչնչի  չի  հանգեցրել  ո՛չ  Իրաքում,  ո՛չ  Աֆղանստանում,  ո՛չ  Լիբիայում  և,  ամենայն  հավանականությամբ,  զերոյական  արդյունք  կգրանցի  նաև  Իրանում:   Պատահական  չէ, որ ի պատասխան իսրայելաամերիկյան  սպառնալիքների, Իրանը  իր  կողմից  սպառնում  է  փակել  Հորմուզի  նեղուցը, որով  անցնում  է  Եվրոպա հասնող  էներգակիրների 40  տոկոսը,  իսկ  նույն Լատինական  Ամերիկայում  Մահմուդ Ահմադինեժադը  հայտարարում  է,  որ.  «Իրանի  ժողովուրդը պատրաստ  է  տոկուն  լինել և  արժանի պատասխան  տալ  ամերիկացիներին,  որ  ուզում  են  անհանգստացնել,  վնասել  և  հարվածել  Իրանի  ժողովրդին»:  Պայծառատես  պետք  չէ  լինել, հասկանալու  համար,    ինչ  ողբերգական  հետևանքներով   են  հղի    ռազմական  գործողությունները:  «Մենք  ներկայումս  պիտի  հրաժարվենք  Իրանում  ռազմական միջամտության  տարբերակից,- հայտարարել  է  Մերձավոր  Արևելքում ԱՄՆ-ի  նախագահի  ներկայացուցիչ Ջորջ  Միտչելը,-   քանի որ  այդ  երկիրը  մեծ  հաջողությունների  է հասել  ռազմական  ոլորտում:  Այդ  իսկ  պատճառով  ռազմական  ցանկացած  հարձակման  դեպքում  Իրանի  հակահարվածը  կարող  է  սարսափազդու  լինել»:  Թերևս  այս  հանգամանքով   պիտի   պայմանավորել,  որ  Արևմուտքը,  այնուամենայնիվ,  փորձում  է  առճակատումը  բանակցությունների  դաշտ  տեղափոխել:  Իսկ  Ամերիկայի  հավատարիմ  դաշնակիցներից` Թուրքիան,    հրաժարվելով  Իրանի  դեմ  պատժամիջոցներից,   պատրաստ  է  բանակցությունների  համար  իր  տարածքը  տրամադրել:  Իրանը  նույնպես  դեմ  չէ բանակցություններին:  Ինչպես  հայտնել  է  այդ երկրի  արտգործնախարար Ալի  Աքբար  Սալեհին,  Իրանի  միջուկային  խնդրով բանակցային  վեցյակի / ԱՄՆ,  Մեծ Բրիտանիա,  Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան,  Գերմանիա/ և  Թեհրանի միջև   բանակցությունները,  ամենայն  հավանականությամբ,  տեղի կունենան Ստամբուլում: «Բանակցությունների  վերսկսման  ամսաթիվը  որոշված  չէ,  սակայն  հույս  ունեմ, որ դրանք տեղի կունենան  մոտ  ապագայում»,-  ասել  է  նա: Իր հերթին  զգուշավոր  հայտարարությամբ  է  հանդես  եկել Եվրոպայի  և  Եվրասիայի  գործերով ԱՄՆ-ի  պետքարտուղարի  տեղակալ  Ֆիլիպ  Գորդոնը,  ասելով.  «Վաշինգտոնը  մտադիր  չէ  ռազմական ուժի  դիմել Իրանի միջուկային  խնդրի  լուծման  հարցում,  քանի դեռ   Թեհրանի գործողությունները  մարտա­հրավերներ  չեն  նետում  միջազգային  հանրությանը:  Մենք շեշտը դնում ենք  ոչ  թե  ռազմական ուժի  կիրառման,  այլ տնտեսական ճնշման` նպատակային  պատժամիջոցների  խստացման  վրա»,  ապա  հավելել  է,  որ   «եթե  Իրանը  մարտահրավեր նետի միջազգային հանրությանը,  ապա  դա  հետևանքներ  կունենա»:  Ցավոք, նմանատիպ   մեղմաբարո   «երկխոսությունները» հաճախակի  են  կողմերից  մեկի  որևէ  անզգույշ  արտահայտության   կամ  պահվածքի   պատճառով  վերաճում  ագրեսիվ  հայտարարությունների:  Այս  պայմաններում  դժվար  է   կողմերի  անկեղծությանը  վստահել  ու  դրական   արդյունքներ  ակնկալել:  Միաժամանակ     հակամարտության  «կլիմայի»  անկանխատեսելիությունը   թույլ  չի  տալիս  հաստատուն  եզրահանգումների  գալ,  որով  էլ  իրավիճակը մնում  է  ռիսկային  ու  վտանգավոր,    ոչ  միայն  հակամարտող  կողմերի,  այլև  տարածաշրջանի  բոլոր  երկրների, այդ  թվում`  և  Հայաստանի  համար:   Ամերիկացի,  ռուս  և  այլ  փորձագետներ` ռազմական  սցենարի  դեպքում,   չեն  բացառում    Հայաստանի  դեմ Ադրբեջանի  ռազմական  ավանտյուրայի    հնարավորությունը:   ՌԴ ԳԱ  Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական  Ասիայի և  Կովկասի  հետազոտական  կենտրոնի  փորձագետ  Անդրեյ  Արեշևը կարծում  է,  որ. «Իրանի  հետ ԱՄՆ-ի  պատերազմը  կարող  է հանգեցնել ԼՂՀ-ի  վրա  Ադրբեջանի  վերահսկողության վերականգնմանը»:  Իսկ նրա գործընկերոջ`  ԱՊՀ երկրների  ինստիտուտի  փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի կանխատեսմամբ.  « Ադրբեջանը  Վրաստանի  հետ  կընդգրկվի  ՆԱՏՕ-ի կազմում:  Կասպից ծովում  ամերիկյան  նավատորմ  կհայտնվի,  իսկ  Ռուսաստանից  կտրված  Հայաստանը,  ստիպված լինելով  դուրս  գալ  ՀԱՊԿ-ից  և  Ադրբեջանին  հանձնելով ԼՂՀ-ն,  ևս  կմիանա  ՆԱՏՕ-ին»: Իր  համերկրացիների  կարծիքներից  մի  փոքր այլ  է  ՌԴ Հանրային  պալատի  անդամ,  քաղաքագետ Իգոր  Կորոտչենկոյի  կարծիքը,  որի  համաձայն  ամերիկա-իրանական  առճակատման  դեպքում. « … հնարավոր  է  Իրանը  հարվածներ   հասցնի հարևան,  ոչ  բարեկամ  երկրներին  և  այդ  դեպքում Ադրբեջանի  առաջնահերթ  խնդիրը  կասպյան  նավթային  ենթակառուցվածքների  պաշտպանությունն  է  լինելու»:  Անդրադառնալով  Ղարաբաղյան  հակամարտության  շուրջ  հնարավոր  զարգացումներին,   քաղաքագետը  կասկած է հայտնել,  որ  Բաքուն  կարող  է  ամերիկա-իրանյան  պատերազմն  օգտագործել  հակամարտության կարգավորման համար  և  այդ  հարցում  Թուրքիան  կպաշտպանի  Ադրբեջանին:

 Եթե  նույնիսկ   այս  կարծիքները ենթադրությունների և  կանխատեսումների  դաշտից  են,  այդուհանդերձ,   լուրջ  տագնապներ  և   զգուշացումներ  են  պարունակում:   Օսմանյան  Թուրքիան  20-րդ դարասկզբի  Հայոց  ցեղա­սպանությունն   իրականացրեց`    օգտվելով Առաջին  համաշխարհային  պատերազմի   քաոսից:  Բացառված  չէ,  որ տարածաշրջանային  անկայունությունը  դրդի  նրան ազերիների  հետ     նույն  ոճիրն  իրականացնել այս  անգամ   էլ  Ղարաբաղում:  Եվ  այս  տարբերակը  ֆանտաստիկայի  ժանրից  չէ:  Ոչինչ չի  փոխվել,  պարզապես  նոր ջարդի  առիթն  է ուշանում:  Կարելի  է  չկասկածել,  որ  աշխարհն  այս  անգամ  էլ  է  լռելու,  ձևացնելու  է, իբր,  տարված  ամերիկա-իրանական  պատերազմով,  հայկական  ողբերգության  մասին չի  լսել  ու  չի  տեսել:  Եվ  հետմահու  իր բողոքի ձայնն է  բարձրացնելու,  երբ   բանը բանից    անցած կլինի  արդեն:  Գուշակություններ  պետք  չեն  համոզվելու,  որ այդպես  էլ  լինելու  է:  Արդեն ինչքան ժամանակ հայկական  կողմը  ահազանգում  է , որ  Բաքուն  պարբերաբար խախտում  է  սպառազինությանը    առնչվող  միջազգային  բոլոր հնարավոր  պայմանագրերը…  Սակայն  միջազգային   հանրության  աչքերը  չեն  տեսնում և   ականջները   չեն  լսում, որովհետև  չեն  ուզում  տեսնել  ու  լսել:  Շահը  չի  թողնում`   քաղաքական  շահը,  տնտեսական շահը…:   Եվ  ավելի  վատ  է,   որ  համաշխարհային  խլության  մթնոլորտում մենք    չենք ուզում  լսել  իրար  և    խորհրդարանական  ընտրություններից  նույնիսկ  շատ  առաջ փորձում  ենք  թիմերի  բաժանվել,  ժողովրդին  ոտքի  հանել  ոչ  թե  հայրենիքը  պաշտպանելու,  այլ իշխանափոխության  համար, մոռանալով,  որ կամրջի վրա  ձիերին  չեն  փոխում,  անտեսելով  գերագույնը`  հայրենիքի  պաշտպանությունը,  որը  միասնությամբ է  միայն  հնարավոր:  Ահա  թե ինչու  է  անհանգիստ  Արաքսը,  ինչու  են  նրա  պղտորված  ալիքները  փորձում  դուրս  գալ  ափերից:  Արաքսը  շատ  է տեսել  ու  զգացել,  մայր  գետը  շատ բան գիտի:  Եվ  եթե  փորձում  է  դուրս  գալ  ափերից,  ուրեմն  վտանգն  իրական  է  ու  մեզանից  այնքան  էլ  հեռու  չէ:

ՍԱՄՎԵԼ  ԿՈՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.