ԱՎԱԶԵ ԱՄՐՈՑԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ (հատված վեպից)

Քրիս ԲՈՀՋԱԼՅԱՆՔրիս ԲՈՀՋԱԼՅԱՆ

Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին, Ուայթ Փլեյնզում (Նյու Յորք), ավարտել է Ամհերստի քոլեջը (ԱՄՆ) և Զիելենոգորսկի համալսարանը (Լեհաստան), բնակվում է Լինքոլնում (Վերմոնտ, ԱՄՆ): Հեղինակ է տասնչորս վեպի և ակնարկների մեկ ժողովածուի, ամսագրային ու լրագրային բազմաթիվ հոդվածների: Նրա գրքերը թարգմանվել են 25 լեզվով և հրատարակվել աշխարհի 20 երկրում: Վեպերից յոթը գլխավորել են «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, երեքի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր: Ք. Բոհջալյանն արժանացել է «Անահիտ» (2000), Նյու Ինգլենդի լավագույն գրքի (2002) և Նյու Ինգլենդի հասարակական լավագույն գրքի (2012) մրցանակներին:
«Ավազե ամրոցի աղջիկները» վեպը (2012) Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող գեղարվեստական պատում է, որ հրատարակվելուց անմիջապես հետո դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Շուտով այն լույս կտեսնի նաև հայերեն:

Ռայըն Մարթինն Էլիզաբեթին նախազգուշացրել էր, որ անապատում սրանից հարյուր հազարներով ավելի շատ մարդ կար: Ժանդարմները աքսորյալներին երբեմն այստեղ` Հալեպ են բերում, բայց շատ անգամ նրանց շաբաթներով դեպի արևելք են քշում` Եփրատ գետի ուղղությամբ, մինչև ճամբարների մոտ կհասնեն, չնայած դրանք «ճամբար» անվանելը, ինչպես նա է շեշտում, սխալ է:
– Լսել եմ, որ ավելի հարմար է «սպանդանոց» կոչել:
Այժմ Ռայընը նստել է ռեստորանի հատակին` բարձի վրա, Էլիզաբեթի և նրա հոր դիմաց, մինչ թմբլիկ տղան, ում ձախ աչքը շիլ է, նրանց համար երկարուկ բաժակներով թան ու դաղձ է բերում: Հրապարակում ծվարած հյուծված կանանցից ու երեխաներից հեռու` Էլիզաբեթը միաժամանակ և՛ թեթևության, և՛ մեղքի զգացում ունի: Հոր հետ Օսմանյան կայսրության այս անկյունն է եկել, որովհետև զգում էր, որ Մաունթ Հոլյոքում իր ուսումնառության իմաստալից կիզակետը հենց դա էր լինելու, հատկապես հաշվի առնելով, որ նմանատիպ դպրոց Արևելյան Թուրքիայում նույնպես գոյություն ուներ: Պատերազմից առաջ Մաունթ Հոլյոքը թե՛ դպրոց և թե՛ վարժարան ուներ Բիթլիսի հայկական թաղամասում:
– Մենք նույնպե՞ս այնտեղ ենք գնալու,- հարցնում է Էլիզաբեթը` հուսալով, որ ներքին դողը ձայնին չի փոխանցվել:
– Անապատի ճամբարնե՞րը: Իհարկե, եթե թույլ տան,- ասում է Ռայընը:- Բայց հաստատ չէ: Հարցը քննարկում եմ այստեղի կառավարչի` վալիի, ինչպես նաև նրա ենթակաների հետ: Եթե հաջողացնեմ անհրաժեշտ թույլտվությունները ստանալ, փոքր ձեռքբերում չի լինի, հավատացնում եմ ձեզ: Թուրքերը չեն ցանկանում, որպեսզի հայերի համար արտասահմանից օգնություն բերվի, ոչ էլ ուզում են, որ իրենց արարքներին ականատես լինենք: Նրանք նույնիսկ Կարմիր Խաչին թույլ չեն տվել այստեղ այցելել:
Դռների մոտ իրարանցում է: Էլիզաբեթը շրջվում է և գերմանացի երկու զինվոր է տեսնում. հակառակ դրսի շշմեցնող տապին` նրանց համազգեստներն անբիծ են, երրորդ տղամարդ էլ կա` բրդյա տաբատով ու ճերմակ, վուշե վերնաշապիկով մի թուրք: Զինվորները հանում են գլխարկներն ու հարգալից պահում են սրտի մոտ, և ծանրամարմին տիկինը, որ ռեստորանի տիրուհին է, ներս է ընկնում վարագույրի ետևում գտնվող խոհանոցից և նրանց դեպի ցածրիկ սեղանն է ուղեկցում, որ ամերիկացի դիվանագետի ու Էնդիքոթների հարևանությամբ է դրված: Զինվորները շիկահեր են, բայց թուրքը կրիոսոտի գույնի խիտ բաշ ունի և նույնչափ մուգ աչքեր: Էլիզաբեթի կարծիքով, բոլոր զինվորների պես նրանք անզուսպ ու երջանիկ են և մի քիչ նման են ցեխոտ թաթերը բազմոցի վրա դնող բարեհոգի մեծ շներին: Նա գիտակցում է, որ զինվորները մարդ են սպանում, դրան են վարժեցրել: Նորեկներից մեկը նույնիսկ երկարուկ, բարակ սպի ունի, որ այտով մեկ ականջից մինչև քիթն է ձգվում, աշխարհագրական երկայնություն` գլոբուսի վրա: Բայց Էլիզաբեթն այդպես էլ ականատես չի լինի բռնության այն տեսակին, որը մեռած մարդ կամ հավերժ այլանդակված դեմք է թողնում խրամատում: Դրա փոխարեն նա զինվորներին տեսնում է միայն նման պահերին, երբ բարեսիրտ զվարթությամբ հայտնվում են զբոսաշրջիկների պես` մի գավաթ սուրճ կամ գարեջուր ըմպելու, կամ այստեղ` անիսոնաբույր արաղ վայելելու:
– Գուշակում եմ, որ ամերիկացի եք,- ասում է շիկահեր զինվորը, որի դեմքը դեռ չի նախշվել մարտի դաշտում, նրա առոգանությունը կոպիտ է, բայց բառերը խնամքով է արտաբերում:
Շաբաթվա սկզբում, երբ Էլիզաբեթն Օսմանյան կայսրություն էր մուտք գործում, ուրիշ գերմանացիների էլ էր հանդիպել: Այս մեկը լեյտենանտ է: Հետո լեյտենանտը ձեռքը Էլիզաբեթի հորն է մեկնում, վերջինս այն սեղմում է ներքին անհանգստությամբ:
– Անունս Էրիկ է,- ասում է լեյտենանտը: – Ծանոթացե՛ք, Հելմուտ և Արմեն:
Նրանք գլխով են անում, երբ Էլիզաբեթի հայրն ու Ռայընը նույնպես ներկայանում են: Դիվանագետը շատ ավելի նվազ ոգևորություն է ցուցաբերում, քան Էլիզաբեթի հայրը, բայց երկուսն էլ հազիվ թե ավելի, քան սիրալիր են:
Այդ պահին խոսք է առնում գիշերվա մթությունից էլ մուգ աչքերով թուրքը:
– Հայերի համար եք այստեղ եկել, այնպես չէ՞,- ասում է, և նրա առոգանությունը տարբերվում է մյուսներից:
– Այո՛, ճիշտ է,- ասում է Էլիզաբեթի հայրը: – Բարեգործական փոքրիկ արշավախմբի անդամներ ենք:
– Շնորհակալ եմ,- ասում է նա, և նրա բերանի անկյունները թեթևակի, համարյա աննկատ կծկվում են: – Միշտ կարող ենք օգտագործել … բարեգործությունը:
Եվ միայն այդ պահին է Էլիզաբեթի ուղեղը փայլատակում: Տղան թուրք չէ, հա՛յ է: Ռայընը նույնպես գլխի է ընկել և այնպես արագ է պտտվում տեղում, որ քիչ է մնում ծնկով հարվածի և թանի բաժակը շրջի: Եվ մինչ Էլիզաբեթը կպատասխաներ տղայի դիտողությանը, ամերիկյան հյուպատոսը մեջ է ընկնում:
– Դուք հա՛յ եք: Ենթադրում էի, բայց չէի ցանկանում հավակնոտ երևալ: Մտածեցի, որ գուցե սխալ լսեցի ձեր անունը, երբ ներկայացաք: Բայց Արմեն էր, չէ՞,- ասաց նույն մոլեգին, անշրջահայաց ձայներանգով, որով սովորաբար խոսում էր, երբ հուզված էր:
Էլիզաբեթը տարակուսում է, թե հայրն իր զուսպ ու զգուշավոր ձայներանգով երբևէ ջերմանալո՞ւ էր Ռայըն Մարթինի հանդեպ: Դժվար թէ:
– Որտեղի՞ց եք,- հյուպատոսը հարցնում է Արմենին:
– Վանից:
– Վանի՞ց: Իսկապե՞ս: Տե՜ր Աստված, ինչպե՞ս եք հաջողացրել դուրս պրծնել:
Արմենը, կարծես, մտքերի մեջ է ընկնում, մտածում է, թե տեղեկության ո՞ր մասը կարող է փոխանցել: Ի վերջո, ուսերն է թոթվում, դեմքը լարվում է:
– Ես և եղբայրներս կռվում էինք,- ասում է առանց հուզվելու: – Եվ հետո, երբ արդեն ժամանակն էր, հեռացանք այնտեղից: Երեքով էինք:
– Իսկ ձեր եղբայրնե՞րը…
– Մեկը ռուսների մոտ է, կռվում է ինչ-որ վայրում, համենայն դեպս այդպես էր որոշել, իսկ մյուսը զոհվել է:
– Ցավում եմ,- ասում է Ռայընը:
– Ես էլ,- համաձայնվում է տղան, ապա ավելացնում է,- շնորհակալ եմ:
– Սակայն ձեր ընկերներն այս …,- դիվանագետն ինքն է նախադասության կեսից ընդհատում իրեն` գիտակցելով, որ արդեն, քիչ էր մնում, խորապես ոչ դիվանագիտական բան ասեր:
Սակայն սպիավոր գերմանացին` Հելմուտը, դժվար կացությունից հանում է Ռայընին:
– Գերմանիան և Թուրքիան դաշնակիցներ են: Արմենը Թուրքիայի քաղաքացի է,- ասում է նա:
– Չնայած անհավատ եմ: Համենայն դեպս, փաստացի քաղաքացի եմ,- ավելացնում է Արմենը: – Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայում երկրորդ կարգի մարդ ես այս կյանքում, այդպես գիտեմ, և քեզ բավական նողկալի փորձություն է սպասում հանդերձյալ աշխարհում:
– Չնայած նա երբեք չի կռվել գերմանական բանակի դեմ,- շարունակում է Հելմուտը: – Բացի այդ, մենք էլ անհավատներ ենք:
– Երեքով ինչպե՞ս գտաք իրար,- հարցնում է Ռայընը:
Լեյտենանտն ուժգին թփթփացնում է Արմենի մեջքին:
– Նա էլ մեզ պես ճարտարագետ է: Երկաթուղային քարտեզներ է գծում, երկաթգիծ է կառուցում, համենայնդեպս, դրանով էր զբաղվում: Հելմուտն ու ես այստեղից մինչև Նուսայբին երկաթուղի էինք անցկացնում: Անցած շաբաթ ենք հանդիպել փողոցի անկյունի հեռագրատանը:
Էլիզաբեթն ուշադրությամբ զննում է գերմանացիներին:
– Ուրեմն հավանություն չե՞ք տալիս այն ամենին, ինչ ձեր դաշնակիցն է անում հայերի հետ:
– Ո՛չ, Աստծու սիրուն,- լեյտենանտն ասում է Էլիզաբեթին:
Հելմուտը թևերը կրծքին է խաչում, և Էլիզաբեթն առաջին անգամ հասկանում է, թե որքան թիկնեղ է նա:
– Բարբարոսությո՜ւն է,- ավելացնում է Հելմուտը: Խոսելիս նրա սպին թեթևակի ձգվում է: – Արմենին հարցրե՛ք, թող ասի՛, թե ինչե՜ր է տեսել:
– Այո՜, այո՜, պատմի՛ր,- ասում է Ռայընը, և նրա ձայնի մեջ այնպիսի պարտադրանք կա, որ եթե նրա ոգևորության շարժառիթը չիմանայիր, կարող էիր ենթադրել, թե պարզապես զազրելի այլասերվածի մեկն է:
Արմենը նայում է Էլիզաբեթին, և նախքան հայացքը կրկին դեպի ցածրիկ սեղանը կշրջեր, նրանց հայացքները մի կարճ պահ հանդիպում են: Արմենի մաշկը սերուցքով սրճի գույն ունի, և Էլիզաբեթի մտքում նա միանգամից դեպի իրեն ձգող ու արտասովոր մարդ է թվում: Նրա շուրթերը թաքնվել են սևաթույր բեղի տակ, կզակին դեռևս նշմարվում է փոսիկի հետքը, թեև կզակը քողարկված է մուգ խոզանի գանգուրներով: Նրա ճակատը Էլիզաբեթի հոր թեթևակի բարձր ճակատն է հիշեցնում, սակայն նրա թաց, ծանրացած աչքերն են, որ գրավում են Էլիզաբեթին: Թարթիչները երկար են և անսպասելիորեն աղջկական:
– Պատմելու շատ բան կա: Չգիտեմ, թե ինչից սկսեմ,- ամբողջ խմբին դիմելով` վերջապես ասում է Արմենը: Հետո ուշադրությունն Էլիզաբեթի վրա է սևեռում: – Էլլի՛, բայց ես ավելի շատ կցանկանայի լսել, թե դո՞ւք ինչու եք Հալեպ ժամանել:
– Էլիզաբե՛թ,- ասում է Էլիզաբեթը, որ քաջատեղյակ է հոր զննող հայացքից:
– Էլիզաբե՛թ,- ներում հայցելով կրկնում է Արմենը:
– Շարունակե՛ք, խնդրում եմ: Հասկանում եմ, որ շատ բաների միջով եք անցել,- համառում է ամերիկյան հյուպատոսը, նրա ձայնն աշխույժ է և կրակոտ, զույգ ձեռքերի մատներն այնպես է չռել, կարծես հսկայական քարակտոր է բռնել:
– Սակայն մարդիկ պետք է իմանան, թե թուրքերն ինչե՜ր են անում: Թուրքերը…
Նա անսպասելիորեն դադար է տալիս` հիշելով, թե որտեղ է գտնվում, և լռում է: Հետո գերմանացիներից մեկն է մեջ ընկնում.
– Խմե՛նք մեր անվախ դաշնակցի կենացը: Թալեաթ փաշայի և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենացը,- ասում է Էրիկը, նրա ձայնը նույնպես, ինչպես Ռայընինը, չափից ավելի բարձր է այդ փոքրիկ սրահի համար, և նա բաժակ է բարձրացնում հանուն շինծու կենացի:
– Լսե՛ք: Լսե՛ք:
Եվ կրկին Էլիզաբեթն իրեն այն մտքի վրա է բռնացնում, որ այդ զինվորներին պատկերում է անհոգորեն խանդավառ, բացարձակապես անտեղյակ խոշոր շների կերպարով: Կամ, որ ավելի վատ է, որպես տղեկներ: Բայց տվյալ դեպքում, հավանաբար, նույն բանն է:

Թարգմանությունն անգլերենից` Արամ ԱՐՍԵՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.