Անդրադարձ

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» ԽՄԲԱԳԻՐ

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻՆ

Հարգելի տիկին Խոդիկյան
Սույն թվականի հուլիսի յոթին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դիրեկցիայի նիստը, որում քննարկվեց ինստիտուտի աշխատակիցներից բ.գ.թ. Ամալյա Ալեքսանյանի «Ժամանակակից գիտական մշակույթ, թե՞ անգիտություն» վերնագրով «Գրական թերթի» 2015 թ. հուլիսի 3-ին տպագրված հոդվածը:
Դիրեկցիայի անդամները, ովքեր ներկայացնում են ինստիտուտի բոլոր բաժինները, ցավ հայտնեցին, որ «Հայ գրականության պատմության» ակադեմիական վեցհատորյակի երրորդ հատորը համակողմանի և լուրջ քննության ենթարկելու փոխարեն խմբագիրը նախընտրել է տպագրել նման մի հոդված, որում գրքի վերլուծությունը փոխարինվել է … ցանկի տեխնիկական թերությունների մատնանշմամբ:
Դիրեկցիայի անդամները կարևորեցին թե՛ հատորի հրատարակությունը և թե՛ այն մեծ աշխատանքը, որը կատարել է հատորի խմբագիր բ.գ.թ. Ս. Մարգարյանը:
Տիկին Ալեքսանյանին թեև զգուշացրել էինք, որ ցանկի այդ էջը կփոխվի, ինչպես նաև երրորդ և չորրորդ հատորների բոլոր հեղինակները կնշվեն չորրորդ հատորում, նա վրդովված է, որ Ամալյա Ալեքսանյանի փոխարեն ցանկում գրված է Ա. Ալեքսանյան, որով շփոթ է ստեղծվել իր և հոդվածագիրներից բ.գ.թ. Արամ Ալեքսանյանի գրածների միջև: Այս պատճառով փորձել է անվանարկել 568 էջանոց պատկառելի հատորը, ուր իր մասնակցությունը կազմում է 28 էջ և վեց տող:
Տիկին Խոդիկյան, որպես ինստիտուտի տնօրեն, մեր կողմից կցանկանայինք ավելացնել հետևյալը: Այստեղ զարմանալին ոչ այնքան հիշյալ հոդվածն է, այլ որ այն տպագրվել է Ձեր խմբագրած թերթում: Տիկին Ալեքսանյանը վրդովմունքի անհավասարակշիռ պահին կարող էր որևէ բան գրել, դա թող մնա իր խղճին, Դուք, սակայն, որպես խմբագիր, ինչպես եք հատորի վերլուծությունը թողած ցանկի վերլուծությունը տպագրում: Ո՛չ Գրականության ինստիտուտը և ո՛չ էլ ինստիտուտի տնօրինությունը այլ մոլորակում չեն գտնվում: Կարելի էր գոնե մի անգամ զանգահարել և ճշտել գրվածը: Խմբագրության աշխատակիցները եթե այդպես վարվեին, գոնե կիմանայիք, որ այս հատորը ոչ թե ընդգրկում է 17-19-րդ դարերի հայ գրականության պատմությունը, այլ 18-19-րդ դարերի:
Նաև եթե տիկին Ալեքսանյանը տիտղոսաթերթը և անոտացիայի էջը շփոթում է իրար հետ, էլի ոչինչ, բայց գոնե խմբագրությունում պետք է իմանային այդ տարբերությունը և հասկանային, որ տիտղոսաթերթին կոլեկտիվ աշխատանքի հեղինակների անունները չեն գրվում, ինչպես և որ չի գրվել նախորդ հինգհատորյակի տիտղոսաթերթին:
Այս ամենը ստուգելով կարող էիք հանգստացնել տիկին Ալեքսանյանին և ասել, որ հատորի երկու տիտղոսաթերթերից և ոչ մեկին չկա այս հատորի խմբագիր Ս. Մարգարյանի անունը, որ նրա անունը նշված է չորրորդ էջում:
Տիկին Խոդիկյան, կարիք չկա երևակայական մտասխեմաներ կազմել տիրող ապօրինությունների դեմ ընդվզող աշխատակիցների մասին և որոնել համապատասխան հերոսներ ու առավել ևս հերոսուհիներ: Կարելի է դուրս գալ այդ սխեմաներից և փորձել արժևորել ամենայն լավը, որը ստեղծվում է դժվարին մեր օրերում:
Այդ դեպքում գիտականորեն սպառիչ վերլուծություն կարելի էր կատարել ներկայացվող հատորի մասին և գնահատանքի խոսքեր ասել հատորի խմբագիր Ս. Մարգարյանին:
Ինստիտուտի տնօրինությունը և անձամբ ես երախտապարտ կլինենք, եթե տարբեր էժան էֆեկտներին տեղ տալու փոխարեն Ձեր թերթի և ընդհանրապես մամուլի էջերում տեսնենք ինստիտուտի հրատարակություններին վերաբերվող անաչառ և փաստարկված հրապարակումներ:
Լավագույն բարեմաղթանքով՝

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
գրականության ինստիտուտի տնօրեն

ՀՀ ԳԱԱ Աբեղյանի անվան
գրականության ինստիտուտի տնօրեն
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Դևրիկյան
Ես վստահ էի, որ Ամալյա Ալեքսանյանի «Ժամանակակից գիտական մշակո՞ւյթ, թե՞ անգիտություն» հոդվածին կանդրադառնա «Հայ գրականության պատմություն» ակադեմիական վեցհատորյակի երրորդ հատորի խմբագիր, բ.գ.թ. Սիրանուշ Մարգարյանը այն պարզ տրամաբանությամբ, որ հոդվածագրի կողմից բարձրացված հարցադրումները հասցեագրված են գրքի խմբագրին: Ինչպես և վստահ էի, որ պատասխանը կփորձեր բացահայտել Ա. Ալեքսանյանի հարցադրումների ճիշտ կամ սխալը «փաստերը չե՛ն համապատասխանում իրականությանը» վերջնագրով: Ավաղ… Պատասխանում է ինստիտուտի տնօրենը՝ թերթի խմբագրին և, առիթից օգտվելով, խորհուրդ է տալիս «երևակայական մտասխեմաներ» չկազմել, փոխարենը՝ «արժևորել ամենայն լավը, որը ստեղծվում է դժվարին մեր օրերում»:
Որ «ԳԹ»-ին և անձամբ ինձ հարիր է «արժևորելը», կարող եմ վկայաբերել «ԳԹ»-ի էլ.փոստը. Ձեր տնօրինած ինստիտուտից ուղարկված՝ հայտարարություն թե գրականագիտական հոդված, անմիջապես տպագրվել է թերթի ընթացիկ համարում: Սա նշեմ որպես Գրականության ինստիտուտի իսկապե՛ս նվիրյալ աշխատակիցների հանդեպ տածած մեր հարգանքի վկայություն և վստահեցնեմ, որ այդ բարի ավանդույթը մեր կողմից կշարունակվի հետագայում ևս:
Ձեր կողմից շեշտված «գրքի վերլուծությունը փոխարինվել է… ցանկի տեխնիկական թերությունների մատնանշմամբ» մտքի հետ, թույլ տվեք, չհամաձայնել: Մի քանի մեջբերում Ձեր կողմից նշված «ցանկից» (գրքում՝ «Բովանդակություն»):
Գլուխ չորրորդ – 19-րդ դարի առաջին կեսի հայ կրոնական վիպագրությունը (Ա. Ալեքսանյան)
Գլուխ իններորդ – Դրամատուրգիա (Ա. Ալեքսանյան)
Գլուխ տասներորդ – Միքայել Նալբանդյան (Ա. Ալեքսանյան)
Գլուխ տասնմեկերորդ – Ռաֆայել Պատկանյան (Ա. Ալեքսանյան)
Գլուխ տասներկուերորդ – Գաբրիել Սունդուկյան (Ա. Ալեքսանյան)
Գլուխ տասնվեցերորդ – Ղազարոս Աղայան (Ա. Ալեքսանյան)
Գլուխ տասնյոթերորդ – Րաֆֆի (Ա. Ալեքսանյան)
Հարց մերօրյա միջին վիճակագրական ընթերցողի, նաև այս գիրքը 50 տարի հետո կարդացողի կողմից.
ա. Այս 7 (Ա. Ալեքսանյան)-ները նո՞ւյն մարդն է:
բ. Եթե ոչ, նրանցից ո՞վ է Ամալյա, և ո՞վ՝ Արամ Ալեքսանյանը:
Հիմա իմ, որպես խմբագրի, այս «ցանկով» առաջնորդվելու պարզաբանումը:
«Ցանկում» թույլ է տրված ոչ միայն Գրականության ինստիտուտի աշխատակից, նաև ՀԳՄ անդամ Ամալյա Ալեքսանյանի հեղինակային իրավունքի խախտում (Տե՛ս՝ «ՀՀ օրենքը Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», հոդված 12. «Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները»): Այս «ցանկով» խախտվել է նաև Արամ Ալեքսանյանի հեղինակային իրավունքը. ո՞վ կարող է երաշխավորել, որ մեկնումեկը նրա հոդվածը(ները) չի վերագրի մյուս հեղինակին:
Պրն Դևրիկյան, Ձեզ համար (որպես ինստիտուտի տնօրեն) սա ընդամենը «ցանկ» է, ինձ համար (որպես խմբագիր)՝ օրենքի լուրջ խախտում:
Իրավացի եք, մենք չենք ուղղել վրիպակը (տիտղոսաթերթ-անոտացիա), բայց որպես փոխհատուցում այդ «ծանր մեղքի»՝ մանրազնին ստուգել ենք Ամալյա Ալեքսանյանի բոլո՛ր հարցապնդումների իրական, հավաստի լինելը, որպեսզի մեղադրանք չստանանք (և առայժմ չե՛նք ստացել), թե «փաստերը չեն համապատասխանում իրականությանը»:
Ի դեպ, «Խմբագրական խորհուրդ»-ի ներքո նշված հարգարժան անձինք նույնպես առանց հայրանուն են ներկայացված: Մինչդեռ «Հայ նոր գրականության պատմություն»-ում (օրինակ՝ չորրորդ հատոր, Հայկ. ՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտ, 1972) այսպես է՝
Խմբագրական կոլեգիա
Ս. Բ. Աղաբաբյան, Ա. Մ. Ինճիկյան, Էդ. Մ. Ջրբաշյան, Վ. Ս. Նալբանդյան, Խ. Ս. Սարգսյան, Ս. Ն. Սարինյան
Խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի
Այսքանը լիովին բավարար է, որ ավարտված համարեմ ասելիքս:
«ԳԹ»-ի խմբագրակազմը և անձամբ ես երախտապարտ կլինենք, եթե առողջ քննադատությանը լայնախոհ վերաբերմունք ցուցաբերեք և փորձեք գնահատանքի խոսք ասել մամուլի համար այս դժվարին օրերին իր գրական առաքելությունը իրականացնող «Գրական թերթին»:

Լավագույն բարեմաղթանքով՝
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ՀԳ. Ինչպես խոստացել էի՝ Ձեր գրությունը տպագրվում է առանց որևէ միջամտության:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.