«ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ…»

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Օրերս Երևանի Համազգային թատրոնի դահլիճում ցուցադրվեց գրող, հրապարակախոս Լիլիթ Արզումանյանի նոր ֆիլմը:

Խառնիճաղանջ այս իրարանցումների մեջ հաճախ փնտրում և չենք գտնում մեր հոգին խռովող, մեզ շատ կարևոր թվացող մտքերով այլոց վարակելու հնարը: Վշտանում ենք, թե` մեր լեզուն չհասկացան… Լիլիթ Արզումանյանի հեղինակած նոր ֆիլմում ո՛չ փնտրվել և ո՛չ էլ հորինվել է` տրվել է այդ լեզուն:
Այն, ինչին ընտելացել ենք և կոչել հրապարակախոսություն, պոեզիա, ժողովրդական իմաստություն, արդեն առանձին-առանձին չեն ազդում ժամանակակից մարդու ո՛չ զգացմունքների և ո՛չ էլ մտքերի վրա: Բոլորս շատ խիստ ենք մտքերով ընկել, մոլորվել, հիմա չգիտենք, թե ո՞ր պահին, ո՞վ է մեր մտքի հետ խոսողը` մե՞նք, թե՞ մի ուրիշը, Վերինը` վերևի՞ց, թե՞ «պոզավոր-պոչավորը»` ներքևից:
«Ազատ, անկախ…» վերնագրված ֆիլմի դիտումից առաջ Լիլիթն իր խոսքում ասաց, որ ինքն էլ չգիտի, թե ինչ է արել… Ժամանակակից վավերագրական ֆիլմը աշխատում է քչախոս լինել` հույս ունենալով, թե միշտ կհաջողվի Արտավազդ Փելեշյանի նման միայն կինոյի, կադրի, մոնտաժի լեզուն ի գործ դնելով ասել ասելիքը: Լիլիթի կինոլեզուն բոլորովին էլ քչախոս չէ: Հեղինակի գեղեցիկ հայերենն ուղեկցում է կադրերին, մի քանի անգամ հեղինակային խոսքը հասավ բարձրակետին, թվում էր` սա արդեն ավարտն է, արդեն ափսոսում էինք, որ ավարտն է, բայց ասելիքը դեռ հորձանք էր տալիս, որ հասնի հաջորդ բարձրակետին… Կարծես նկարահանելիս կինո­խցիկը լսելիս է եղել ֆիլմի երաժշտությունն ու ռիթմը, իսկ հեղինակի մտքում արդեն շարադրված է եղել խոսքն իր զրուցակցի հետ: Լիլիթը լավ ասացողի նման գտել է խոսքի տուտն ու տոնայնությունը, որ ոչ միայն իմացածիդ հիշեցումն է, այլև վերաիմաստավորումը… Մեր ամբողջ պատմությունը, բնությունը, արվեստը շաղ տված մարգարիտների ամբողջություն է, բայց եթե չգիտես սնդուկիդ որ անկյունում ինչ ունես, ուրեմն հաշվիր` ոչ մի գանձ էլ չունես: Լիլիթին հաջողվել է կինոլեզուն արթնացնել հայրենի բնապատկերներով, ճարտարապետական մասունքներով, կարծես այդ քարերից բարձրացող ու ամպերից իջնող երաժշտությամբ, նաև մեր մեծ բանա­ստեղծների տողը, չգիտես թե ինչ առիթով ասած այս կամ այն խոսքը, բերել, ճիշտ իր տեղում հնչեցնել, նաև նոր պատկեր ու գույն տալ միջնադարյան մեր առակներին ու պատմություններին, և այս ամենը բերել այսօրվա մեր հոգսերի ու ծանր կյանքի ոլորտը… Ցուցափայտը կամ մատը ոչ թե թափահարվում, այլ դրվում է ցավող կետի վրա, որի հար և նմանը կա յուրաքանչյուրիս մեջ:
Խոսքն այս պատումի մեջ ոչ մի կաթիլ արցունք չունի… մենք մեր բոլոր լացերը լացել ենք արդեն: Հեղինակն իր նյութն առնում է մեր արժանապատվության ամենամաքուր ու ջինջ աղբյուրներից, որոնց կողքին զառանցանք ու անտրամաբանական հտպիտություն է թվում մեր մեջ ու մեր շուրջը կուտակված այսօրվա աղբը: Լիլիթ Արզումանյանի «Ազատ, անկախ…» ֆիլմի դիտումից հետո զգում ես` էլի ինքս եմ` երեկվա այս գետնի վրայով քայլողս, բայց իմ մեջ արթնացել է մի լավ մարդ, ում նեղացրել եմ հետևողականորեն և ուզեցել եմ մոռանալ նրա հետ կապված բարի հիշողությունները` խիղճս քնեցնելու չափ…
Ես չգիտեմ, թե Լիլիթի այս նոր կինոլեզուն, որ ըստ էության նոր էլ չէ, այլ միայն տան եղածից ամենաճոխն ու ամենաթանկը ըստ հարկավորության ու հարգի մատուցելու պատեհ առիթ, գուցեև ունենա իր հետևորդները, բայց կսպասեմ, որ ինքը շարունակի կարդալ իր բացած մատյանը: Իսկ այն, ինչ արդեն լսեցի, դեռ երկար կլսվի իմ մեջ…
Դիտման ընթացքում մի քանի անգամ դահլիճն ուզում էր պայթել ծափահարություններից, բայց շունչը պահում էր… Չդիմացանք, երբ Լիլիթի ոչինչ չպարտադրող, չծանրացող ձայնը մի նոր առակ էր պատմում (ի դեպ` բոլոր առակներն էլ, որ հնչեցին, մեր իմաստուն ժողովուրդը կարծես հենց այս պատումի համար էր ստեղծել), թե ինչպես մի գեղջուկ եզներին ազատ էր արձակել, գիշերը քնով էր անցել, արթնացել, տեսել էր` չկան եզները, փնտրել, չէր գտել… Գնացել էր թագավորի մոտ, նրանից պահանջել իր եզները… Թագավորը սկզբում չէր հասկացել (կամ էլ չհասկանալու էր տվել), թե` դու քեզ համար քնել ես, գողացել են եզներդ, ինձնից ի՞նչ ես ուզում: «Ես քնել եմ, որովհետև կարծում էի, թե իմ երկրի տերը արթուն է»: Թագավորը կարգին մարդ է լինում, բռնում է գողերին, վերադարձնում գեղջուկի եզները: Մեր ասացողի ձայնն այստեղ առանձնապես չի ելևէջում, փոխարենը էկրանին պարարտ հետույքներով, Կլաուդերմանի երաժշտության ուրախ ռիթմերով զվարճալիորեն շորորում է սագերի ընտանիքը… Ի՞նչ հասկանանք… Դե, իհարկե, մենք սագեր չենք, և մեր խելքն էլ սագի խելք չէ, որ այս իմաստուն առակը լսելուց հետո էլ անգիտանանք ու քայլենք որպես իր պարարտությունից գոհ և մինչև մորթվելը երջանիկ, երջանի՜կ հասարակություն…
Կեցցե՜ս, Լիլի՛թ ջան… Դու խիզախեցիր, իսկ մենք էլ, դե` ազատ, անկախ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.