Օրերից մի օր թարգմանելու թաքուն երազանքով

Մայիսի 19-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցան գրական ընթերցումներ: Իվ Բոնֆուայի «Մեծ արջը» (բանաստեղծություններ) և Ժերար դը Ներվալի «Սիլվի» վիպակից հատված ներկայացրեց բանաստեղծուհի, թարգմանչուհի, գրականագետ Շուշան Թամրազյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով Շ. Թամրազյանին, ով վերջին տասը տարիների ընթացքում թարգմանել է մի շարք գրքեր, նշեց, որ ներկայացված են 19-րդ և 20-րդ դարերի ականավոր գրողներ Իվ Բոնֆուան և Ժերար դը Ներվալը, ովքեր ֆրանսիական գրի, պատմության, ոգու արտահայտողն են: Նա նշեց. «Չպետք է բացառել գենետիկ հսկա ժառանգությունը, որ մարդը ընդունում է և արտահայտում: Կարծում եմ՝ Հրանտ և Հրաչյա Թամրազյանների լեզվական ամբարումները ժառանգականորեն անցել են Շուշանին, և նա մեր լեզվի՝ հայերենի տարբեր շերտերի աննման զուգակցումով ու ներթափանցումով թարգմանել ու ներկայացրել է այդ հեղինակներին վայել փառավոր լեզվամտածողությունը»: Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ՝ այսօր շատ կարևոր են նշված ստեղծագործությունները՝ ընթերցելու և ճանաչելու համար ֆրանսիական այն գրականությունը, որ համարվում է զուտ ֆրանսիական մտածողության արգասիք: Շուշան Թամրազյանը խոստովանեց, որ իր համար գոյություն ունեն այնպիսի ստեղծագործություններ, որոնք թարգմանելիս հայրենիք վերադառնալու անբացարելի, շատ խոր զգացողություն է ունենում: «Իսկապես կան այնպիսի ստեղծագործություններ, որոնք կարողանում են իրենց խորքերում և հյուսվածքներում ընդունել, ամփոփել այն կենսաշերտը, այն կենսապրումը, որի մեջ մեզնից յուրաքանչյուրը կարող է ճանաչել ինքն իրեն, գտնել իր սկիզբը»,- մասնավորապես ասաց նա: Շ. Թամրազյանը տեղեկացրեց, որ Իֆ Բոնֆուա գրողին հայտնաբերել է Ֆրանսիայում ժամանակակից ֆրանսիական գրականությունն ուսումնասիրելիս: «Օտար ստեղծագործության միջոցով սեփական ակունքը, սկիզբը վերաբացահայտելու փորձը ինձ ցնցեց»,- նկատեց նա և հավելեց, որ Ժերար դը Ներվալին նույնպես հայտնագործել է ուսանողական տարիներին: «Դարձյալ անսպասելի էր, որովհետև կորչում էի այդ ստեղծագործության ոլորաններում, չէր համապատասխանում ֆրանսիական ռոմանտիզմի մասին պատկերացումներիս, կորցնում էի ուղենիշներս, մինչև ինձ համար բացահայտեցի պարզ մի ճշմարտություն, որ ստեղծագործության ժամանակայնությունն ու տարածականությունը տեղակայված է հենց հերոսի ներաշխարհում, և պատումը պատմվում է ներսից: Ու երբ հանձնվեցի ներաշխարհի այդ շարժմանը, ամեն ինչ դարձավ պարզ, հասկանալի, նույնիսկ՝ օրինաչափ: Տարիների ընթացքում անընդհատ վերադառնում էի այդ ստեղծագործությանը՝ օրերից մի օր այն թարգմանելու թաքուն երազանքով»,- ասաց նա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։