ՔՆԱՐԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ՝ ԾՆՆԴԱՎԱՅՐ / ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

Անանյան-1Ես գալիս եմ դեպի քեզ, ինչպես ուխտավայր են գնում, ինչպես հիշողության զրնգուն գնացքներով գնում են դեպի սեփական մանկություն: Ո՛չ հոգին ու մարմինը պճնած տարեց զբոսաշրջիկի նման, որ մի ոտքը էն աշխարհում՝ երեխաներին ամուսնացնում է օտարների հետ, թոռներին կնքում երկու անունով և օտարալեզու կրթության տալիս, իսկ ինքը մեկնում է հայրենիք… հրաժեշտի քաղաքավարական այցով: Ես գալիս եմ դեպի քեզ, ինչպես կգնան խորքը հոգու՝ անքննելի ու անթեք… Եվ ամեն անգամ քեզ գտնում եմ նույնը, նույնը, նույնը…
Եվ ամեն անգամ քեզ գտնում եմ տարբեր, տարբեր, տարբեր…
Գալիս եմ ոտաբոբիկ, անձրևաշիթի խշշոցր ծակ տրեխներիս կաշեթել հանգույցներում, գլխաբաց, չձևավորված դիմագծերով, խակ, ինչպես հուլիսի մասուրը: Գալիս եմ իմ սերնդի, մեր հայրերի ու պապերի դժվար անցյալը փնտրելու քո խոհուն ու ներամփոփ ձորերում, քո բարձր ու հպարտ լեռներում, քո աստղաշեղջ երկնքում: Կապույտ-կապույտ մի երկինք, որ բոլորինս է և ոչ մեկինը չէ, ուր ամպի ծվեններից ասեղնագործում էինք մեր մանկության նախշանկար ապարանքները, որ հետո՝ անհավանականորեն հեռու թվացող հասունության տարիքում, մեր որդիներին կտակենք ապրելու և երազելու իրավունքը:
Երազելու իրավունքը…
Պառկում ես մեջքի վրա, գույն-գույն երիցուկների և դեղին խատուտիկների բացատում, հայացքդ՝ թափառ ամպերին: Կաթնագույն քուլաներից պատկերներ ես հյոաում և այնտեղ բնակեցնում քո իսկ հորինած հեքիաթների հերոսներին: Նրանք, ովքեր գնացել՝ ամպ են դարձել: Թեթև, աննյութեղեն, բարի: Այնպես վարժ ես նկարում նրանց դեմքը, մազերը, մարմինը, նույնիսկ հուզմունքն ու ուրախությունը: Դու նրանց ճանաչում ես, ինչպես սեփական զավակիդ՝ մինչև չափահաս դառնալը: Ջերմում ես անրջատենդի մեջ, իսկ ոսկեգեղմ գառները վաղուց խախտել են արտի սահմանները և դաշտապահի զգոն աչքից վրիպելով խաղաղ մակաղել ծնկահաս ցորենի ստվերում: Գյուղի խոր երկինքն աննկատ, պռնկեպռունկ լցվում է աստղերով, ասես մարգարիտով լի պնակ լինի՝ կապույտ արծնապակիով ընդելուզված: Եվ օդը զնգում է առասպելներից: Եվ առասպելները ճախրում են թափանցիկ-ծակոտկեն օդում, մի մասը խունացած ժամանակի գոլ մշուշներից, մի մասը թարմ… դիցաբանական հումք:
Ապրելու իրավունքը…
Մտահոգ, կորուստներից ու կարիքից ասես գդակն աչքերին քաշած տները, որոնք քարայծերի նման մագլցում են լեռներն ի վեր, սրսփում են ձեթի ճրագների դողէրոցքով՝ խավարի մեջ հիշեցնելով մեռնող լուսատտիկների: Դեռ հետո պետք է փողոցներիդ ասֆալտապատ մայթերը եզերվեն բնական գազի խրամատներով: Դեռ հետո պետք է գյուղը վտարի խավարը, և ծիծեռնակը, ուրիշ թաքուն ծերպ չգտնելով, բույնը շինի մետաղե էլեկտրասյան լապտերի խոռոչում… դառնա լույսի նահատակ:
Դեռ պիտի գար (եկե՛լ է) բարեկեցության առասպելի վերջի վերջը, և ցրտի, մութի, սովի ուրվականը Բերդաղ սարի կատարին իր անցակետն էր բացելու:
Եվ ապառաժի պես պինդ տղամարդիկ, որ մերկ ձեռքերով թուրքի կռնակը կոտրեցին՝ անառիկ պահելով հայրենի սահմանը, ձեռնունայն տուն դառնալով, պիտի ամաչեն նայել իրենց երեխաների աչքերին…
Եվ նրբագեղ բնության մաս կազմող կանայք, որ փշեջրի ու փթրուկի ալքիմիայով անմար են պահում օջախների ծուխը…
Եվ միս-մենակ Սոնա տատի հուսահատ մրմունջը. «Տե՛ր Աստված, ետ վերցրու իմ բաժին ազատությունը և տուր ինձ կուշտ փորով քնելու մարդկային պարզ երջանկություն»:
Եվ մի գիշերվա մեջ գյուղում չորս մահերի բոթն ու երկվորյակ տղաների ծննդյան ավետիսը:
Այս մեղր ու լեղի անկախությունը…

***
Ես կրկին տեսա քո առավոտը, որ Կաթնծիրի պես սփռվում է բնակիչներիդ դաշտերում, այգիներում, ֆերմաներում, անտաոում և (այո՛, այո՛) գործարանում: Մաշկիս տակ ձուլեցի քո կեսօրը, կիզիչ արևից կծղած արտերով, թթենիների գանգուր սաղարթներին բզզացող մժեղներով: Վերստին համոզվեցի, որ այգիներդ բուրում են մանուշակով և երբ թեթև, կամերային իրիկունդ լվանում է մարդկանց հոգնությունը, դու ցնորք ես թվում, տեսիլք:
Եվ երբ բաժանվեցի քեզնից ու կրկին հայտնվեցի քաղաքի փողոցներում, ինձ թվաց, թե քարե ջրվեժներ են թափվում վրաս, քարի կարկուտն է պատել աշխարհը: Եվ մի անհագուրդ զգացում տենդի պես հալածում է ինձ ամենուր:
Քո կարոտն է:
Ես կարոտում եմ քո կուսական անտառներին, ոտաբոբիկ վազվզող քո տղեկներին, քո տապ ու հասուն կեսօրին, որի քուրմն եմ ես… Եվ ամեն անգամ քեզ հիշելիս, մտածում եմ. այդ ե՞րբ է եղել, որ իմ ժողովուրդը 35 տարի կռիվ ու կոտորած չի տեսել: Աստված թող շատ չհամարի: Թող աճես այսպես, օրորոցներդ բազմանան, և զավակներդ վազվզեն անապական սարերում՝ կարմիր քերքեշը այտերին…
1980-2003

Մեկ մեկնաբանություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.