Փախչող քուլաների հետևից / Արմինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

– Էլի էդ անտերների ձենը… զզվեցրին,- ասում է Լիլյան ու գլուխը մտցնում բարձի տակ:
Ժամը վե՞ցն է, թե՞ յոթը: Չգիտեմ: Երբեք ժամացույցին չեմ նայում: Գիտեմ, որ արդեն լույս է: Որ նավերի՝ ափից հեռանալու ժամն է: Որ շոգու ձայնը աշխարհ է պատել: Որ, չնայած մեր սենյակի լուսամուտների ու դռների ապակիները «եվրո» են (պարզվում է՝ արաբական աշխարհում էլ «եվրալուսամուտը» նույնքան հարգի է, ինչքան մեր հնավանդ երկրում), գիշեր-ցերեկ էլ այն խեղճ անդադարը՝ օդակարգավորիչը, ձայնը գլուխը գցած աշխատում է, միևնույն է, շոգենավի գվվոցը հաղթահարել է բոլոր խոչընդոտներն ու թափանցել է քիչ չէ՝ մեր սենյակ, նաև՝ մեր ականջներ:
Նավի աղմուկն ինձ չի խրտնեցնում: Չի նյարդայնացնում: Քնահարամ չի անում:
Կանչում է:
Խալաթը գցում եմ վրաս ու դանդաղ սահում դեպի պատշգամբ: Բացում եմ ապակե դուռը, թողնում բաց, ու, գլուխը քարը, թե գրած չէ՝ «Բաց չթողնել դուռը, խոնավությունը ներս կթափանցի», ստվերի սահունությամբ սլանում դեպի բազրիքը ու կիպ հպվում երկաթե ձողերին: Զոմբիացածի պես նայում եմ ծովի ալիքներին ու հեռացող շոգենավերին: Արաբական այս երկրի օդը, որ առաջին օրերին խեղդում էր, շնչահեղձ անում, սովորական է դարձել, իսկ վաղ առավոտյան՝ անգամ հաճելի: Քիչ էր մնում՝ ասեի՝ թարմ, բայց ինչքան պիտի սովորես այդ օդին, որ, լեռնցի լինելով, ծովին հավասար ապրողների օդը, թեկուզ՝ առավոտ ծեգին, թարմ համարես:
Գվվոցի մեջ կորստախառն կարոտի զգացում կա: Տեսնես՝ բոլոր հայերի մո՞տ է այդպես: Ծովից ծով Հայաստանի ուրվականն է: Շոգենավի ընթացքի հետ առաջ գնալու, սահմանները ձգելու ցանկությունը:
Ծովի կարոտ ունենք: Սեր ունենք: Այդ կարոտից ու սիրուց մեր միակ լիճը ծով անվանելու հակում ունենք:
Լիլյան արդեն արթնացել ու միացրել է հեռուստացույցը: Բոլոր ալիքներով միայն արաբական հաղորդումներ են: Մուլտֆիլմ է նայում: Անապատում կռվում են հակառակորդ բանակները: (Լեռներ չկան: Ձորեր չկան: Զարմանալի է, չէ՞:) Փաթաթած գլուխներով, բեղավոր մարդիկ, Ալլահ կանչելով, հարձակվում են իրար վրա, հաղթում են բարի ժպիտովները (ո՛չ խաչ, ո՛չ եկեղեցի, ոչ բարոյական հաղթանակ): Ոնց որ, ինչպես բոլոր մուլտֆիլմերում, հաղթում է բարին: Բարին ու Ալլահ կանչողը մի տեսակ միասին չեն տեղավորվում իմ բարդույթավորված ուղեղում:
– Մարդ էլ առավոտը հոգնա՞ծ զարթնի,- տրտնջում է Լիլյան:
Ես չեմ արձագանքում: Լիլյան ամեն բանից դժգոհ է: Ինքն ընտրեց հանգստանալու վայրը, հյուրանոցը, բայց, միևնույն է, հենց բարձրացանք սենյակ, սկսեց բողոքել, թե՝ բա սա հինգաստղանի ռիզո՞րթ է, Եվրոպայում սրան երեք աստղ էլ չէին տա:
Լիլյան Ռուսաստանի հայ է: Ռուսաստանցի հայերը երևի միակ հայերն են, որ թե՛ Ռուսաստանում են հայ, թե՛ Հայաստանում: Մնացած սփյուռքահայերը իրենց երկրներում հայ են, Հայաստանում՝ օտարերկրացի:
Ես կողմ էի Անթալիայում հանգստանալուն. ավելի էժան էր: Լիլյան սփյուռքահայ հայրենասեր է: Նա չէր կարող մեզ թույլ տալ հանգստանալ մեր պապերին ու տատերին մորթած երկրում: Եղեռն կազմակերպած ու մինչ հիմա չճանաչած երկրում: Լիլյան լայն բացված աչքերով ինձ մատնանշեց Ֆեյսբուքում դրված մի նկար: Նկարը երկու մասից էր. մի կողմում ծովափին արյան հեղեղի մեջ ընկած մարդիկ էին, մյուսում՝ նույն ծովափին հանգստացողներ:
Եթե բնության մեջ կա արդարություն երևույթը, ապա անարդար է անմեղ մարդկանց, մի ամբողջ ազգի կոտորելը: Բայց նման բան եղել է ու լինում է:
SaveՔեսաբ ու SaveԵզդի շեյր անելու ու պրոֆայլի նկար դնելու փոխարեն ինձ հետաքրքրում են պատճառները:
«Այդ ամենը տեղի է ունեցել, որովհետև այն դադարեցնելու ճիշտ խոսքեր չեն եղել: Երբ մարդկությունն ասելիք չի ունենում, սկսվում է բռնությունը»,- ասում է Կլաուդիո Պոցցանին:
Հոգնել եմ թղթե շերեփով ողորմություն խնդրելուց: Պատերը ճանկռելով՝ «Don’t deny» գոռալուց: Անմոռուկների տոնական-բիզնեսային խրախճանքից:
Դպրոցում սովորեցնում են, որ մենք բարի ենք (դրա համար էլ այս վիճակում ենք), մեր հարևանները՝ չար (դրա համար էլ այդպես ծաղկում են. չէ՞, ոնց որ այդպես է ստացվում…): Միայն մեր հարևանները չէ: Բոլորը, ովքեր հարձակվել են մեզ վրա:
– Ընկե՜ր Վարդանյան, Ատրպատականի ժողովուրդն էլ մե՞զ էին չար համարում, երբ Տիգրան Մեծը գրավեց իրենց երկիրը:
– Նստի՜ր: Հիմար հարցեր ես տալիս: Տիգրան Մեծը Հայաստանի ամենահզոր թագավորն է եղել: Նրա օրոք երկիրը ծաղկում է ապրել ու դարձել Առաջավոր Ասիայի ամենամեծ տերությունը:
«Խոսիր թուրքերեն»,- մեկ-մեկ նետում էին վաճառողները հույն հաճախորդներին. այս ամենը ինձ ստիպում էր հավատալ, որ հույները, ինչպես աղքատներն ու անտունները, «պատկառելի» քաղաքացիների դասին չէին կարգվում: Ես մտածում էի, այն պատճառով է, որ սուլթան Մեհմեդ Նվաճողը գրավել է նրանց Ստամբուլը: 1953 թ.-ին՝ իմ ծնվելուց մեկ տարի անց, նշվում էր Ստամբուլի գրավման՝ «մեծ հրաշք»-ի հինգհարյուրամյա տարելիցը»:1
Էհ, Փամուկ, Փամուկ: Ում համար՝ հրաշք, ում համար՝ ցեղասպանություն:
Թուրքերին հասկանալու համար Փամուկ ու Շաֆաքի էի կարդում: Այդպես էլ բան չհասկացա: Երևի նրանից էր, որ դպրոցում գրականությունից ու պատմությունից միշտ հինգեր էի ստանում: Թուրքերն էլի աչքիս մնացին, չվախենաք, հիմա ածականների մի հսկա շարք եմ թվարկելու՝ ազգայնամոլ, հետամնաց, եվրոպացիներին նմանակող, բայց և շատ կոպիտ, կռվասեր, մոլագար, դաժան, ագրեսիվ մարդիկ: Այս վերջին՝ մարդիկ, բնորոշման մասին էլ դեռ կարելի է բանավեճ ծավալել:
– Ո՞ւր ես խորացել: Я готова. Пошли. (- Պատրաստ եմ: Գնացինք:)
Լիլյան արդեն պատրաստ է: Իջնում ենք ծովափ: Ափին բոլորից շատ ռուսներ կան: Դե, որ մենք ամենուր կանք, այդ հսկա ազգին էլ պիտի որ զարմանալի չթվա, ուր գնում, հանդիպում ենք: Բայց ծիծաղս չեմ կարողանում զսպել, երբ ավազների վրա կարդում եմ՝ «Вперед, Россия» («Առա՜ջ, Ռուսաստա՜ն»). ..
Ավազի խոնավ գորգը խուտուտ է տալիս ներբաններս: Քամու հոսանքի հետ դանդաղ առաջ եմ գնում ափի երկայնքով: Հենվել եմ արմավենուն: Աչքերս սառում են: Նայում են երկնքի խորությանը: Ոչինչ չեմ երազում: Երկու տարի առաջ էր: Գոշավանքի ճանապարհին հին, խարխուլ տներ կային: Երկար պատշգամբի նեղ սյուներից մեկին մի աղջիկ էր հենվել: Հայացքը պահ էր տվել հեռուներին: Դեպի ո՞ւր կամ ո՞ւմ էր ուղղված այդ հայացքը: Մտքովս անցավ, որ չտեսած հեռուների մասին է երազում. գուցե իմ ցանկությո՞ւնն էր: Հիմա, երբ շատ հեռուներ այլևս չտեսած չեն, կորել են նման երազները: Մոլորակը բավական միաբնույթ է: Համացանց տեսած մարդուն դժվար է զարմացնել: Ես երևի այլ մոլորակ գնալու տոմս փնտրեմ: Ցնցվելով զարմանալ եմ ուզում:
Իսկ այստե՞ղ… նայում ես աջ՝ երկնաքերներ: Ձախ՝ երկնաքերներ: Է՜հ, ո՞ւմ եք փորձում զարմացնել: Իմ երկրում աջ, ձախ, ետ, առաջ բնական երկնաքերներ են:
«Հայաստանն ուղղահայաց է»,- ասում էր Տոնինո Գուերան: Նա նկատի ուներ լեռների բարձրությունն ու պատմության խորությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Դավիթ Մուրադյանը:
Հիմա հասավ պահը, որ կրկին հիշեմ շոգենավի աղմուկը, քուլաները, որպեսզի պատմությանս սկիզբն ու վերջը համահունչ լինեն, հետն էլ՝ վերնագրի հետ հաշտ ու խաղաղ մնանք, բայց ոնց որ չի ստացվում. ոչ մի բան մտքիս չի գալիս: Աչքերիս առաջ անմոռուկներով մեքենաներն են, պայուսակները, թաշկինակները, պրոֆայլները… ու «Don’t deny, baby»2.
_______________

1. Օրհան Փամուկ, «Ստամբուլ. Հիշողությունների քաղաք»
2. «Մի՜ ժխտիր, փոքրի՜կ», կապ ունի Եվրատեսիլին ներկայացրած Հայաստանի երգի մեսիջի հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.