ՎԱՍՆ ՔԱՌՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՊԱՏՄԱՆ / Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանն իր գրական ուղերթը սկսել է բանաստեղծություններով: Քնարադրամատիկ շնչի բանաստեղծուհուն սեփական գույների, իր խառնվածքին և հոգուն հարազատ կետերի որոնման ճանապարհին հենարան եղան իր ճակատագրից, կյանքից ստացած փորձը, ամբարված գիտելիքները, ներաշխարհից եկող էներգետիկ լիցքերը, աշխարհի հետ անկեղծ զրուցելու անկասելի մղումը: Հիշենք նրա «Սիրո աղոթքներ», «Վիրավոր անուրջներ», «Ինձ մի՛ որոնեք», «Մի՛ չափեք ճնշումս» և այլ ժողովածուներ, որոնք քնարական հերոսի տրամադրությունների, խոհերի ու ապրումների, հուսալքության ու հուսավառության արտահայտություններ են: Բայց ինչպես հաճախ է պատահում, գրողներից ոմանք չափածոյից անցնում են արձակի: Ընդ որում, դա ինքնանպատակ քայլ չէ, այլ՝ ներքին պահանջ, քանզի տարիների ընթացքում կուտակված փաստերն ու իրողությունները գեղարվեստական մարմնավորման մի այլ «ձևաչափ», հունավորում են պարտադրում, իսկ դրա հնարավորությունը տալիս է արձակը: Ժաննա Հակոբյանի գրիչն այս տեսակում էլ բեղուն եղավ: Նա ընթերցողի դատին հանձնեց տարաբնույթ թեմաներով վեպեր ու վիպակներ: Դրանց շարքում, անշուշտ, առանձնանում է «Ղարաբաղի ճակատագիրը» ստվարածավալ պատմավեպը, որը նվիրված է Արցախի 18-րդ դարի մելիքական շրջանի պատմության դրվագներին ու պատմական դեմքերին: Գրողն անցյալում կատարված գործողություններին, դրոշմված փաստերին գեղարվեստական արտացոլանք է տալիս պատմության փորձի ու հիշողության դաս-բանաձևի լույսի ներքո: Պատմական ատաղձի վրա են ստեղծված նաև նրա «Արյան վրեժ», «Գողգոթայի երդվյալ վրիժառուն», «Չսպիացող հոգիների ցավը» վեպերը: Եվ ստեղծագործական այս վաստակի, գրական վարպետության հերթական ապացույցն է «Ապրիլյան հերոսամարտ» (ՎՄՎ-Պրինտ, 2017 թ.) գիրքը, որը նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյակին: Վիպակի խորագիրն իսկ արդեն հուշում է ընթերցողին, որ խոսքը վերաբերում է մեկ տարվա հեռավորություն ունեցող թուրք-ազերիների կողմից ուխտազանց հարձակման ապրիլյան քառօրյա պատերազմին` հավակնելով բռնազավթել հայկական տարածքները: Այսօրինակ բռնազավթումների համար է հավանաբար Դոստոևսկին գրել.«Եվ մենք կոչվում ենք ազգ, կոչվում ենք մարդ: Այդ դեպքում ո՞րն է գազանը»: Իրական դեպքերի, հերոսների, գրական կերպարների հենքի վրա էլ հյուսելով հերոսապատումի դրվագները, Հակոբյան-արձակագիրը գեղարվեստական ու հրապարակախոսական պաթոսի շաղախով ներկայացնում, մեկնաբանում է պարտադրված պատերազմի ողջ սարսափները, զինվորների ինքնակազմակերպման, տագնապների, երազանքների, գիտակցված պայքարի ու հավատի, բազմակնճիռ իրավիճակների հոգեբանական և կենսաբանական ապրումները ու զգոնության, ճիշտ կողմնորոշվելու, թշնամուն դիպուկ հարված հասցնելու անկոտրոմ կամքը, որոնք էական հատկանիշներ են կազմում վիպակի պոետիկայում: Ակնհայտ է, որ վիպակի բովանդակությունն ընկալվում է հիմնականում Մատաղիսի, Թալիշի (Մարտակերտի շրջան) ուղղություններով թշնամու հանկարծահաս հարձակումների դրվագներով: Բայց սյուժեի առանցքում պատերազմական գործողություններից զատ առկա են երիտասարդ հայ զինվորների ցուցաբերած սխրանքները, նրանց տագնապներն ու կամքը, երազանքներն ու կարոտը, հայրենազգացության ոգեղեն ուժը, թիկունքի աջակցությունը, դպրոցականների գրած սրտառուչ, գոտեպնդող նամակները: Սրանք, ըստ էության, առանձին-առանձին դիտարկելիս, բացահայտում են մարդու` հայի տեսակի հոգու և գոյի ներանձնական արժեքները, որոնք խորիմաստ դրսևորումներ են ստանում գնդապետ Տիգրան Աբրահամյանի հայրական հոգատարության, հորդոր-հրամանների, կարճատև զրույցների ժամանակ, Արսենի, Վարդանի, Սամվելի, Թաթուլի, Դավթի, Գոռի, Գևորգի, Արամի և մյուսների մարտական գործողություններում, կարճատև և թշնամու հրետակոծությունից ընդհատվող զրույց- երազանքներում, կարոտներում… Բոլոր դեպքերում հայ դիրքապահներից յուրաքանչյուրը մի հերոս է, գրական կերպար` իր նախատիպով, հաղթանակի նկատմամբ իր համոզմունքներով ու հավատով: Եվ առանձնացնել որևէ մեկին, կարծում ենք արդարացի չէր լինի, քանի որ նրանց բոլորին համախմբել, ինքնաճանաչման և անձնուրացության է մղել հայրենիքի, հարազատ հողի և օջախների զգացողությունը ժառանգաբար փոխանցված հիշողությունը: Այդ պատճառով էլ քառօրյա պատերազմում թշնամին արդեն որերորդ անգամ խայտառակ պարտություն կրեց:
Ժաննա Հակոբյանի անձնական և գրական կյանքի իմաստը կարծես Արցախ- Ղարաբաղի ճակատագիրն է, որովհետև թե՛ նախորդ գործերում և թե՛ «Ապրիլյան հերոսամարտ» վիպակում այնքան դիպուկ են պատկերված իրադարձությունները, պատերազմական իրավիճակում զգացնել տվող թերացումները, որ թվում է` գրողը ողջ պատերազմի ընթացքում եղել է մարտնչող, արժանապատվության բարձր զգացում ունեցող քաջարի և անվախ դիրքապահների, հրամանատարների մոտ: Տեղին է մեջբերել հեղինակի խոսքերը հայրենի երկրի մասին.«Հայրենիքն այն եզակի վայրն է, որի անվտանգության համար պատասխանատու ենք բոլորս, քանի որ ամեն մեկիս կյանքը և ճակատագիրը կախված է հայրենիքի ճակատագրից»:
Պատահական չէ, որ արձակագիր Ժաննա Հակոբյանը հայրենանպաստ գործունեության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Օհանյան» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալներով:

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Հունվար — 2018 (Հաշվետվության ևս մի տեսակ) | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.