Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Աղբյուր
Գայի հեռու հեռվից, խոնարհվեի ակիդ,
Եվ ջրերիդ մովը լցվեր իմ մեջ,
Նորից խենթանայի հոտից
ծիլ ու ծաղկի,
Ցոլանք տայի քեզ հետ խոտերի մեջ:

Ու մեն-մենակ գայի ու նստեի նորից
Արտասուքիդ ցողով թրջված քարին,
Գլգլոցդ կանչեր ինձ Աղավնաձորից,
Վրնջոցը կանչեր Ծծքար սարի:

Գլգլոցդ կանչեր ինձ կարոտի ճիչով,
Տաներ, զմրուխտներդ ինձ հագցներ,
Լույսի միջով տաներ,
ծիածանի միջով
Եվ արծաթե սրինգ ինձ դարձներ:

Աշուն
Այս ոսկրացավը խուլ ու սրտմաշուկ,
Մոլեգնող հողմն այս սև անհուսության…
Փաթաթի՜ր ինձ քո բուրվառով, աշո՛ւն,
Ու ճամփա ընկնենք,
քո՜ւյր իմ տխրության:

Գնանք ու մտնենք ձորերը թափուր՝
Բռնած տուտը այս քարոտ կածանի,
Եվ թող բուրվառիդ կրակը մաքուր
Ձորերում սուլող քամին ծածանի:

Դաշտերը գնանք, քերծերը ելնենք
Արևով, հողով, մասուրով բուրող,
Մկրտվենք այնտեղ ցողով անձրևի,
Վրնջոցների կապույտով սուրող:

Գնանք, ցոլացող կապույտն
այդ խառնենք
Ոսկե բուրվառիդ ծածանվող բոցին,
Ծփանքը խառնենք աղբյուրակների
Ծիածաններիդ մեղմ զրնգոցին:

Աշո՛ւն, նժույգն իմ այնտեղ է թաղված՝
Մերկ ձորալանջին, բլուրի վրա,
Մամուռի վճիտ արցունքով ցողված
Սև ապառաժն է տապանը նրա:

Այդ սև տապանին սարսուռ է լույսի,
Երևի հոգնած իմ ձին է մրսում,
Երբ օրը թիկնի սարերի ուսին,
Փռիր այդ քարին բուրվառը քո սուրբ:

Աշո՛ւն, հովերիդ քնքշանքը փռիր,
Անմոխիր այրվող գույները քո տաք,
Լեռան լազուրը խմած նժույգիս
Վրնջոցներն են այդ սև քարի տակ:

Ես նրա տխուր աչքերն եմ հիշում,
Արցունքը նրա մաքուր ու զուլալ.-
… Հովիտ էր կանաչ, և այդ հովտի մեջ
Հոգեվարում էր իմ նժույգը ալ:

Եվ առավոտը մորմոք էր քամվող,
Եվ խունկի պես էր կանաչը բուրում…
Հովիտ էր ծաղկած, և այդ հովտի մեջ
Ձիուս փշրված խրխինջն էր մարում…

Ա՜խ, հեռու հեռվից նա ինձ է կանչում.-
Մանուկ օրերն իմ այնտեղ են կորել,
Այնտեղ քարափը ձորում վրնջում,
Վճիտ աղբյուրն է լացում մանկորեն…

Դե, արի, աշո՛ւն, քո՜ւյր իմ տխրության,
Փաթաթիր ինձ քո բուրվառով ծավի,
Ընթանանք դեպի լույսը մաքրության,
Մեգ է, մշուշ է, մորմոք է ցավի…

* * *
Ճառագայթի պես բարալի՜կ աղջիկ,
Լեռներում բացվող առավոտների
Մաքրությունն ես դու,
Զուլալությունը
Կապուտակ ու ջինջ աղբյուրակների,
Ծփանքը նրանց:
Շրշող եղեգի քնքշանք ես կանաչ,
Ծաղիկ ցոլացող
Լուսայգի շուրթին:
Ճառագայթի պես բարալի՜կ աղջիկ,
Ճառագայթի պես բեկբեկուն ու սուրբ.
Ես այնպե՜ս կանեմ՝
Կամար կկապեն ծիածանները
Քո ճանապարհին,
Եվ անձրևները սեզով կբուրեն
Ու մանուշակով,
Եվ քեզ հովանի կլինեն ծառերն
Ամառվա տապին:
Ես այնպե՜ս կանեմ՝
Լույսը կդառնա
Քույրդ հարազատ:

Համո Սահյանին
1
Հուշերն իմ արթնացել,
Տանջում են ինձ նորից,
Ու հին ցավն է ծակում
Սիրտս տկար.-
Մի ծլնգոց բերեք ինձ
Աղավնաձորից,
Ծծքար լեռան փեշից
Մամռած մի քար:
Մի պուտ երկինք բերեք
Աղբյուրներիս ակից,
Մի կում լազուր բերեք,
Մի բուռ թախիծ,
Քիվերն ի վեր ելնող
Ծխի գեթ մի ծվեն՝
Պապիս շունչը պահող
Մեր օջախից:
Կանաչ մի ծիլ բերեք
Մեր տաք հովիտներից,
Կանաչ ծիվ-ծիվ բերեք
Առավոտի,
Շամանդաղով բուրող
Մայունի գեթ մի կանչ,
Շամանդաղով բուրող
Սոսափ խոտի:
Մորս քարին իջած
Լույսից մի շող բերեք
Ու շշուկն այդ լույսի
Մաքուր ու ջինջ,
Խնկահոտը բերեք
Մորս աղոթքների,
Էլ հարկավոր չէ ինձ
Ուրիշ ոչինչ…

2.
Մեր տան պատի քարերից
Հնության հոտ եմ առնում,
Օջախի հոտ, հացի հոտ՝
Եղինջներում ծվարած,
Մանկության հոտ եմ առնում
Մեր տան պատի քարերից՝
Ունջակալած քիվերի
Տրտմությունից շվարած:
Հողոտ, հոգնած ձեռքերի
Բարության հոտ եմ առնում,
Արևի հոտ, կավի հոտ,
Որ բերել են սարերից,
Կարոտի հոտ եմ առնում,
Որբության հոտ, ցավի հոտ՝
Լռությունից կարկամած
Մեր տան պատի քարերից:
Թողեք այսպես ծնկաչոք
Քարերն այս սուրբ համբուրեմ,
Լցվեմ մեր տան համերով,
Լուսայգի մեջ մանկանամ,
Մեր թթենու հովերով
Զրույց բացեմ նրանց հետ,
Նրանց հուշի անթեղով
Թողեք այսպես տաքանամ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.