ՍԵՐԲ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ ՄԵԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՄԲ

ՌԻՍՏՈ ՎԱՍԻԼԵՎՍԿԻ
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
Հավատով ու լուռ
Տաճար է մտնում ժողովուրդը հեգ,
Փորձում քայլերով
չընդհատել հանկարծ
Պահը սրբալույս…
Ու խոնարհվում է սրբերին բազում,
Մոմակալներին մոտենում սիրով,
Որ մոմեր վառի
Ողջերի համար
Ու մեռածների:

Մեղմօրոր ձայնով, շշուկով ծածուկ
Հիշատակվում են անուննե՜ր լուսե,
Եվ հուրհրացող մոմերի լույսից
Լուսավորվում է
ճամփան մեզ ծանոթ
Երկրային կյանքի,
Նաև Երկնային:
Սեփական հրից
Դանդաղ մարում են
մոմերը վառվող,
Ջերմացնում ձեռքե՜ր,
Ջերմացնում դեմքե՜ր
Եվ հալեցնում են
Կրծքում ծանրացած
սառույցն անհաղորդ
Ու ամենքի մեջ ներարկում, ասես,
Ինչ-որ թանկ մի
բան անբացատրելի,
Որ կամրջում է մարդկանց
սիրաբար`
Հաղորդակցելով Աստծու սրբերին:

ԴՐԱԳԱՆ ԴՐԱԳՈՅԼՈՎԻՉ
ԵՐԵԿՎԱ ԵՎ ԱՅՍՕՐՎԱ ՄԻՋԵՎ
Ե՛վ երեկվա, և՛ այսօրվա միջև
Վստա՛հ եմ, ոչի՛նչ գոյություն չունի,
Դրանք կամրջող մի ուղի անգամ,
Թունել կամ միջանցք,
Նույնիսկ` արահետ,
Կամ էլ` ծով հսկա…
Ե՛վ երեկվա, և՛ այսօրվա միջև
Գոյություն չունի, վստահ եմ, ոչինչ:

Ճաղեր էլ անգամ գոյություն չունեն,
Որ թռչունները թառե՛ն, երգ ասեն…

Ու այդ ճաղերին հնարավոր էր
Սիրով փակցնել վառ պատկերները
Լուռ անհետացող այս
փուխր աշխարհի:

ՍՏԵՎԱՆ ՏՈՆՏԻՉ
ԲՈՒՅՐԵՐ
Ասում են, իբր, թե ունեցել ենք
Ժանտահոտ աշխարհ,
Դրա համար էլ բռնկվեց, գուցե,
Այս բուրումնավետ
պատերազմը սև…
Ո՞րն է գաղտնիքը քո արյան բույրի,
Եղբայր իմ, Աբել:

ՄԻՉՈ ՑՎԻԵՏԻՉ
ՏԱՆՏԵՐՆ ՈՒ ՀՅՈՒՐԸ
Երբ հեռուներից այցելում եմ ես
Տունն իմ հայրենի,
Անբացատրելի վիհն է ինձ ցնցում
Ժամանակների…
Եվ չկա մեկը,
Որ ուրախանա իմ այցով, ավա՜ղ:

Նա, ով խմոր էր հունցում
կարոտով
Եվ արեգակի կրակի վրա
Մեր հա՜ցն էր թխում
հանապազօրյա…
Իսկ հորս պարզած
Սուրբ ըմպելիքի փոխարեն հիմա
Անտեսանելի ինչ-որ մեկը ինձ
Գինեզոխով լի բաժակ է մեկնում…

Ու երբ որ հեռվից այցելում եմ ես
Տունն իմ հայրենի,
Տանտե՜ր եմ, անշո՛ւշտ,
Ավա՜ղ նաև` հյուր:

ՆԵՆԱԴ ԳՐՈՒԻՉԻՉ
ԱՆԶՈՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ էլ որ գրես վարդերի մասին
Անձրևից առաջ, անձրևից հետո`
Նույնն ես ասելու…

Ես ամեն ինչի մասին եմ գրում,
Որ չնվաճեմ տարածքներ իզուր…

Բաներ կան, սակայն,
Չեն դառնում, թեև, երգ ու մեղեդի,
Բայց երգ են ու տաղ,
Որոնք երգում են իրենց իսկ մասին`
Չսպասելով ինձ
Եվ, անշուշտ, նաև ինձ նմաններին:

ՌԱԴՈՍԱՎ ՍՏՈՅԱՆՈՎԻՉ
ԳԱԼԻՍ ԵՄ…
Մի՛ մտահոգվիր, գալիս եմ, գալիս,
Մի քիչ դանդաղկոտ ու
մի քիչ դժվար,
Գալիս եմ, ասես, անցյալ
այն դարից,
Գալիս եմ, հաստա՛տ:
Թող կայարանի սպասասրահում
Էլ ինձ չսպասե՛ն:

Ա՜խ, ուշանում է գնացքը, գիտե՛մ,
Ժամն է ուշանում,
դարն է ուշանում,
Բայց միևնույն է,
Գալիս, հասնո՛ւմ եմ
իմ ասած ժամին,
Ոչինչ չի՛ կարող ինձ արգելակել,
Ո՛չ տարօրինակ հիերոգլիֆները,
Ո՛չ էլ գիտական թեորեմները…
Գալիս եմ, իսկ դու մոմերը վառի՛ր:

Էլ ինչ ճամփորդ եմ,
Որ հույսս դնեմ ես մեքենային,
Գիտեմ, ամեն բան ինձ փորձելու է
Կանխե՛լ, խանգարե՛լ,
Բայց ես գալի՛ս եմ…

Հանդիսակարգը թող որ չուշանա՛,
Թող կոկորդումս չխամրի՛ բառը,
Լուրը, որ հիմա բերում եմ ինձ հետ,
Դարմանելու է ամեն, ամեն բան,
Ու այդ ամենը
Միտված է անշեղ իր նպատակին:

ՎԵՐՈԼՅՈՒԲ ՎՈՒԿԱՇԻՆՈՎԻՉ
Ի՜ՆՉ ԽԱՂԱՂ Է, ՏԵ՜Ր ԻՄ ԱՍՏՎԱԾ
Լյուբոստինյա վանքում

Ի՜նչ խաղաղ է, Տե՜ր իմ Աստված,
Այս տաճարում արքայական,
Լորենի՜ն է բուրում ծաղկած
Արծաթաշո՜ղ, սլովենակա՜ն:

Մեղունե՜րն են թռչում ոսկե
Փեթակներից վանքապատկան,
Բերում են տաք սիրո խոսքեր
Մեր Տիրոջից հավերժական:

Ի՜նչ խաղաղ է, Տե՜ր իմ Աստված,
Այս մենավոր հին տաճարում,
Աղոթքնե՜ր են վանքին փարված
Եվ շշունջը միանձնուհու:

ԼՅՈՒԲՈՄԻՐ ՉՈՐԻԼԻՉ
ԴԵՂՁԵՆԻ
1914-ի օգոստոսին մի աղջիկ,
չունենալով դեղձից բացի
ոչինչ, այն տվել է
կռվող սերբ զինվորին, որ զոհվել է
դեղձը շուրթերին, որից էլ հառնել է
երկրային հրաշք մի ծառ:

Միշտ կա ժամանակ
Բյուր հրաշքների համար
երկնային,
Երկրային կյանքի
նորացման համար

Աստվածներն անգամ չէին
հավատում,
Որ դեղձենի է ծաղկում մեր սրտից:

Լուռ նայում էին,
բայց չէին տեսնում,
Որ արթնանում է գարունը երկրի,

Կարծում էին, թե մեր ոսկորները
Չեն կերպափոխվի որպես
ծաղիկներ,
Իրենց թվում էր, թե հողից են լոկ
Բույսեր ընձյուղվում ու
դառնում ծաղիկ:

Զարմանում էին, թե այդ ինչպես են
Մեռածներն անգամ
հրաշքով հառնում`
Նայելով կյանքին
ծաղկա՜նց աչքերով:

ՌԱՇԱ ՊԵՐԻՉ
ԹԵ ՊՈԵՏ ԵՍ
Շողից ծնված մի ե՜րգ գրիր,
Որ ջերմացնե՛ս մեկին:

Քամուց ծնված մի ե՜րգ գրիր,
Որ զովացնե՛ս մեկին:

Ջրից ծնված մի ե՜րգ գրիր,
Որ հագեցնե՛ս մեկին:

Ու քո ձեռքով մի ե՜րգ գրիր,
Որ դու փարվե՛ս մեկին:

Կրծքիդ վրա մի ե՜րգ գրիր,
Ձոնի՛ր ինչ-որ մեկին:

Մի՛ հապաղիր, արա՛ իսկույն,
Թե պոետ ես` երգի՛ր:

ՊԱՈՒՆ ՊԵՏՐՈՆԻԵՎԻՉ
ԱՐՄԱՏՆ Է ՈՂՋ ՄՆՈՒՄ
Երբ գեղջուկն է մեռնում,
ցավից հետո անգամ,
Որպես մի ողջ արմատ,
զավակներն են մնում…
Ու զվարթ են նրանք,
ինչպես օրն է զվարթ,
Կյանքի կածաններով
ժպիտներ են տանում
Երազանքի այն նոր
այգաբացի համար,
Երբ շուշաններ դարձած`
շքեղաշուք ու վեհ,
Կիրագործեն մի օր սուրբ պատգամը նախնյաց:

Թարգմանությունները սերբերենից՝
Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.