Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ

Ռոլանդ  ՇԱՌՈՅԱՆ
Չու

Էս տարվա աշունը իր տունը ժառանգեց ձմռանը,
իսկ աշունը մազերիս միջից տեղափոխվեց սրտիս մեջ-
և՛ ապրելու, ու նաև մեռնելու հույսով:

***

Մայրս դեռ այս աշխարհում է ապրում,
հայրս այն աշխարհում է տնավորվել:
Ես այլ աշխարհում եմ ապրում-
բայց չեն թողնում – ամբողջովին:
Մարդիկ մի վայրկյանում փոխվում են – լրիվ:
Կարկուտն ու անձրևը` փոխակերպվում:
Սատանան ձորում լացում է –
փորացավ ունեցող աղվեսի պես,
բայց մանկան նման- սրտակեղեք:
Մեծ թոռս ուրիշ աշխարհում է ապրում,
փոքր թոռնուհիս` բոլորովին այլ:
Աննման կյանքով է ապրում
ամեն բան-
հավքերը գիշերը
տիեզերքում են նիրհում,
լուսաբացին` ծիրանի լույսի
շողերի մեջ,
կեսօրին գուռերից կտուցով
ջուր են փախցնում,
մայրամուտին աղոթում Մարի ձագուկիս պես:

***

Այսօր էլ Աշնակում ուրբաթ էր-
լավը շաբաթն է ու կիրակին:
Պատշգամբից ցամքած ձոր էի նայում-
հորս ոտնահետքերը տեսա-
Ջաղցի ձոր էր ուշիկ սահում:
Աջ ոտքն էլի ցավում էր-
կրնկի տեղը հազիվ էր նշմարվում:
Շոգ էր- օգոստոս 11`
ծիծեռնակը նրա մազերի մեջ
բույն էր շինում,
երկնքից Մշո թութուն էր թափվում
նրա կանաչ զոլավոր կրակե շապիկին:

***

Այսօր
Ուզում եմ գնալ Էրգիր-
կյանքի ժամանակը չի թողնում:
Ուզում եմ գնալ Աշնակ-
Երևանը չի թողնում:
Ուզում եմ գնալ մորս մոտ-
թոռնիկս բաց չի թողնում:
Ուզում եմ գնալ հորս մոտ-
բնավ գերեզմանոց չեմ սիրում:
Ուզում եմ գնալ աշխատանքի-
սիրտս հոգնել է:
Ուզում եմ տուն գնալ-
չգիտեմ ու՞մ տուն:
Մտքով վաղուց բանտարկյալ եմ դարձել-
թեպետ օրենքները կպած չեն թողնում:

***

Շնասիրություն
Ինձ սովորեցրել են շանը նմանեցնել թուրքի,
Բայց ոչ դպրոցում:
Թուրքին սովորեցրել են հային ասել շուն-
Ամենուր և դպրոցում:
Կինս շնից վախենում է ու չի սիրում շուն:
Աղջիկս, թոռնիկներս սիրում են շուն,
Որովհետև շներն էլ նրանց են սիրում:

***

Աստված ինձ ժպիտ է տվել,
որ փոխանցեմ մարդկանց
Աստված ինձ միտք է տվել,
որ ամեն ինչից հասկանամ,
Աստված ինձ կյանք է տվել,
որ նվիրեմ մարդկանց:
Աստված ինձ սեր է տվել,
որ անսահմանը հասկանամ,
Աստված ինձ թև է տվել,
որ երբ ուզեմ տիեզերք հեռանամ:
Չէ, Աստված ինձ երկիր է
տվել ու խլել,
որ անզորությունից խենթանամ,
Աստված ինձ մի փշուր քարքարոտ հող է թողել,
որ քարերն իմ անեծքից նեղանան-
Բայց Աստված ինձ մի էգ թռչուն է նվիրել,
որ ապրեց ինձ հետ հատիկ-հատիկ,
և տակավին եղնիկ հասակում –
պատգամել էր, որ դարձնեմ տատիկ:

***

Վրեժից հետո շատ ծանր եմ մտածում-
մարդկանց մեկ-մեկ նմանեցնում եմ պարապ տակառի,
ճպուռներին – 20-րդ դարասկզբի ելուզակների,
երեխաներին- անմորուս իմաստուններ`
ճերմակ անուրջներով:
Հայրենիքս մեկ-մեկ օջախ է դառնում-
իսկ տունն ուր այսօր ապրում եմ`
քոչվորի համար ապաստան…

***

Փառքդ շատ, Աստված, որ համբարձման
Երկուշաբթիից հետո- մարդիկ շարունակում են
ամաչել անամոթների փոխարեն:
Աղբյուրների կարկաչը դարձել է
չոր հիշողություն:
Մարտադաշտի արցունքները բնավ ցամաքել են-
մայրերի աչքերի մեջ պահվածից բացի –
էշերին այնքան են համբակները նսեմացրել,
որ իրենք իրենց են տալիս աքացի:

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Հանդիպում Ռոլանդ Շառոյանի հետ | Գրական ակումբ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.