Պատմությունը լուսանկարի ձևով ներկայացնելու առաքելությամբ

Մարտի 23-ին, ՀԳՄ-ի, Արցախի ժուռնալիստների միության և Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի նախաձեռնությամբ, ՀԳՄ Ճեմասրահում բացվեց «Շարժում 30-ը՝ Վալերի Պետրոսյանի 30 լուսանկարներում» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին: Արցախցի լուսանկարիչ Վալերի Պետրոսյանը առաջինն էր, ով լուսանկարել է Շարժումը հենց սկզբից՝ 1988 թ. փետրվարի 13-ի Ստեփանակերտի առաջին հանրահավաքից: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Վ. Պետրոսյանի 30 լուսանկարները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Արցախյան շարժման ակունքներում հսկայական դեր են խաղացել գրողները, նկատեց, որ ներկայացված լուսանկարներում երևում են Հայաստանի և Արցախի գրողները՝ ելույթներ, հանդիպումներ ունենալիս: «30 լուսանկարով հնարավոր չէ ամփոփ ներկայացնել պատմությունը, սակայն հետահայաց նայելիս զգում ես այն ամբողջ թափը, այն կուտակված լարումը, որ տարիներով եղել է, և թե ինչպես է դա արտահայտվում զանգվածների, մարդկանց արտահայտությունների մեջ»,- ասաց նա և հավելեց, որ լուսանկարը զսպանակի պես բացված ներկայացնում է մեր պատմության. դժվար ու զարթոնքի վեհություն ունեցող վայրկյանները, ժամերը, օրերը: Ապա արժևորելով Վալերի Պետրոսյանի՝ պատմությունը լուսանկարի ձևով ներկայացնելու առաքելությունը, Էդ. Միլիտոնյանը շեշտեց. «Պատմությունը պիտի իմանանք պատմություն կերտելու համար»:
Լրագրող, հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը, ով զբաղվում է Արցախյան շարժման և պատերազմի անձնական արխիվներով, նկատեց, որ դրանց մեջ պահվում է շատ կարևոր տեղեկատվություն, կարևոր այն իմաստով, որ շատ ավելի չեզոք են: «Հայ ժողովուրդը պիտի իմանա, թե մենք ինչ հավաքածուներ ունենք հայոց պատմության կարևորագույն ժամանակահատվածներից մեկի՝ Արցախյան շարժման ազատագրական պայքարի մասին»,- ընդգծեց նա:
Վալերի Պետրոսյանը, ով Շարժման սկզբին աշխատում էր Ասկերանի «Կարմիր դրոշ» շրջանային թերթում՝ որպես ֆոտոթղթակից, պատմեց առաջին հանրահավաքների մասին, նշելով, որ այդ թերթի շենքում էր տեղակայված գաղտնի շտաբը, որտեղ հավաքվում էին Շարժումը նախաձեռնող խմբի անդամները: Ուշագրավ էր այն փաստը, թե փետրվարի 13-ին կայացած հանրահավաքի լուսանկարները մարզից դուրս բերելու, ադրբեջանցիներով բնակեցված շրջաններով անցկացնելու, Երևան հասցնելու և այնտեղից էլ Մոսկվա ուղարկելու համար ինչպես է շարժման առաջամարտիկ Սլավիկ Միրզոյանի կինը ստիպված եղել շտապ բժշկական միջամտության կարիք ունեցող հղի կնոջ դեր ստանձնել՝ հագուստի մեջ թաքցնելով լուսանկարները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։