ՈՉ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ. ԸՆԴԱՄԵՆԸ… / ՆԱՆԵ

Երբեմն իրականությունն ընդունելիի և ընկալելիի սահմաններից այնքան է հեռանում, որ չեն հերիքում հույզերը, միտքը, կամքը, ոչինչ չի հերիքում նրան դիմանալու համար:
Ու… փակեմ աչքերս, որ չտեսնեմ դառնացած, հուսահատ մարդկանց տխուր աչքերը, որոնցից շատերը գուցե հայացքով հրաժեշտ են տալիս իրենց թանկ ու պաշտելի Մասիսներին, հարազատ մայթերին, ծանոթ-անծանոթին, իրենց կամ պապերի ձեռքերով քար քարի վրա բարձրացրած տանն ու թուփ առ թուփ, ծառ առ ծառ աչքի լույսի պես խնամած այգուն… ուր գուցե թուրքի յաթաղանից մազապուրծ նախնիներն են իրենց օջախը հիմնել, հույսով, որ այս անգամ արդեն հայրենյաց հողի, օդ ու ջրի տերն են լինելու և շարունակվելու են` հայոց արևի ոսկեղեն շուքի տակ:
Փակեմ ունկերս ու… չլսե՜մ, թե ինչպես է գրեթե ամեն հանդիպող` իր ապրելու իրավունքի տերը լինելու համար, մոլորակի այս կամ այն ծայր մի կերպ հասնելու ծրագրից է խոսում կամ մեղավոր խոնարհում աչքերը, որ գլխի չընկնեմ իր մտքինը:
Փակեմ…
Բայց, չէ՛, չեմ ուզում չինական կապիկներին կապկել. դրա մեջ չէ, հաստատ, իմ աշխարհ գալու իմաստը: Կարծում եմ` ձերը նույնպես: Այս պահը մերն է, և առանց այն էլ արդեն քսան տարուց ավելի հայաթափվող երկրի ավելի մեծ թափ ստացած արտագաղթը մեր ցավը պետք է լինի, մեր ճիչը պետք է դառնա, մեր ամոթը… Մի երկրում, ուր բնակչության փոքրաթիվ լինելը, անկախացման առաջին պահից սկսյալ, երբ կարծես ինքներս մեր տերը դարձանք, ամենակարևոր և արագ լուծում ենթադրող խնդիրը պետք է լիներ: Քանզի երկիրը ժողովրդով է պահվում և իր բանակի մեծությամբ ու հզորությամբ միայն կարող է գոյատևության հույսեր փայփայել: Եվ պետք է ամեն բան արվեր, որ ամեն հայ ընտանիք ամենաքիչը հինգ որդով սեղան նստեր, որ Սփյուռքի ինչ-որ մի մասը գոնե բռներ տունդարձի ճանապարհը: Բայց արվեց և արվում է լրիվ հակառակը…
Ի՞նչ է կատարվում մեր երկրում… Այս հարցն արդեն միայն մենք չենք մեզ տալիս: Հարցնում են վրացիները` Վրաստանի սահմանի անցակետում, ամեն օր` ոտքով կամ ոնց պատահի, սահմանը հատող հայերի տեսքից ապշահար. «Արհավի՞րք է, աղե՞տ, համաճարա՞կ, որ այսպես փախչում են երկրից… Ասեք, մենք էլ գուցե զգուշանանք»: Չէ՛, զգուշանալու հարկ չկա. այս արհավիրքը չափից դուրս շատ է մերը, այս համաճարակը՝ խիստ ազգային և միայն մեզ պատուհասող: Գնում են` ով ինչպես, որտեղից կարող է: «Մեր լուսի կտորի պես երկիրը լքում ենք, թե ե՞րբ կգանք, էդ էլ պայմաններից է կախված»,- ասում է գյումրեցի կինը` ճամպրուկներում խնամքով դարսդարսած «լուսի կտորի պես երկրի» իր փոքրիկ բաժինը:
Գիտեմ, որ այլևս նորություն չեմ ասի, եթե նորից խոսեմ համաշխարհայնականներ, մասոններ, օթյակներ՝ նույն իմաստը կրող բառերով` աշխարհակործան այն ծրագրի մասին, որն արդեն մեր ամեն պահի վրա է կնքում իրենը` իր կամքը, իր հրամանը, իր իրողություն դարձած խավարը: Վարագույրն արդեն բացված է, և նրանք գրեթե անթաքույց են իրենց գործին և ամենուր… Բայց մեր երկրում նրանց տանտիրոջ կարգավիճակն արդեն դուրս է ամեն սահմանից: Ողջ երկիրն է գորգի պես փռված նրանց ոտքերի առաջ: Ու գալիս-գնում են` վճիռներ կայացնում, իրենց առաջ հաշվետուներին ցուցումներ տալիս, ուղղումներ ու շտկումներ անում, ամեն բան ավելի արագացնելու համար` դեռ է՛լ ծանրացնում նրանց գրպանները…
Որպես քրիստոնյա՝ ինձ թույլ եմ տալու ես էլ ընդամենը ինչ-ինչ հիշեցումներ անել` գիտե՞ք, ինչ դժվար է այդ ծանր գրպաններով, բոլորի համար ինչ-որ պահի անպայման, երկինք բարձրանալու գործընթացը…
Եվ ամեն բան սկսվեց այն ակունքներից, որ միայն մի կարճ պահ էին ջինջ ու զուլալ, շատ շուտով նրանց խառնվեց միջազգային մեղրի կաթսայի պռունկից մի կաթիլ արդեն լպստած ու հաճույքից արյունը գլուխներին տված ազգի ջոջերի «մեր դեմ խաղ չկայով» կյանքի կոչված «շոկային թերապիան», ասել է թե` ով կդիմանա` լավ, ով չէ` մեղքը իր վիզը: Կարծես հային ու Հայաստանը ջրից էին գտել, այդպես հեշտ ու հանգիստ նետում էին աշխարհի խաղասեղանին: Հետո… դե, հետո եկանք ու հասանք այս օրերին. ընթացքը ավելի պղտորվեց, ավելի հորդացավ, ավելի դժվար դարձավ շրջելի…
Եվ հիմա թվում է` խոսքերն անգամ ավելորդ են արդեն, և հետո` խոսքերից վախեցո՞ղն ով է, խոսեք` որքան ուզում եք, այդպես
կլիցքաթափվեք, և պայթյունը մի քիչ էլ կերկարաձգվի: Բայց չվախեցողների համար նորից հիշեցում՝ ի սկզբանէ էր խոսքը… և ուրեմն` ամենահզորն է ու վտանգավորը:

Շատ է խոսվում ազգային գաղափարախոսության բացակայու­թյան մասին, բայց, կարծում եմ, այդ գաղափարախոսությունը մի քիչ ավել, մի քիչ պակաս ձևակերպումներով այս դժվար տարիների ընթացքում ամեն մի հայ մարդ ինքն իր մտքում մի հարյուր անգամ մշակել, ճշգրտել է և ունի անգամ երկիրը պահելու ու մարդավարի ապրելու ծրագիրը: Դրանցից ամենապարզն էլ` ամենապարզ մարդու կողմից առաջարկված, եթե կյանքի կոչվեր, էլի երկիր էր շենանալու: Իսկ լրացումներն ու խորիմաստ մանրամասները կարելի էր հետո էլ ավելացնել…
Չէ՛, ի՞նչ եմ ասում. ծրագիր էլ չլիներ, պարզապես չքանդեին, չխանգարեին հային իր հողում ապրել, ոչ մի պաշտոնյա ու աթոռ չլիներ մեր գլխին փորձանք ու պատուհաս` մեր արյունն ու հյութերը քամող, և ամեն մեկն իր տեղում իր գործն աներ` բարգավաճելու էինք, այն էլ ո՜նց էինք բարգավաճելու` միջազգային բոլոր հարցերն էլ խորովածի բույրից ու մարդկային հոգու տաքությունից շշմած ու մի քիչ մարդացած այդ օտարների հետ միայն մեր օգտին լուծելով:
Արցախը ձեզ օրինակ: Ի հեճուկս պատերազմի բոլոր օրենքների` թվաքանակի, զենքի, տարածքի չափ ու քանակի անհամեմատ նվազ լինելուն, հաղթեցինք, որովհետև սովորական հայ մարդն էր կռվում` հայրենի հողի հանդեպ իր սիրով ու պատասխանատվությամբ: Ու թե այդ վերևներից, այդ աթոռատեղերից չխանգարեին` խարդավանքներով, լավագույններին թիկունքից վերացնելով, սխալ ու հակահայ վճիռներով, ավելիին էինք տեր լինելու, և բանակցությունների սեղանին լրիվ այլ տարածքների հարցեր էին դրվելու:
Չթողեցին… Նրանք կան, որպեսզի չթողնեն, արգելեն կռվել, աշխատել, ապրել, շնչել, հայ մնալ ու հայրենիքում մնալ: Եվ մարդիկ գնում են…
Միայն մի փոքրիկ օազիսում` իրականությունից ասես կտրված, ամեն բան և ամեն ոք առաջվա պես է. կուշտուկուռ, ամենաթողության արբեցնող իրավունքից գլուխները կորցրած, Աստված ու մարդ մոռացած, ինքնաբավության հրճվանքից` էյֆորիկ. «Լավ ապրողներն էլ են գնում»,- նետում են կողքանց: Իբր` գնում են` թող գնան: Մինչդեռ, ավելի վատ, որ լավ ապրողն էլ է գնում, ուրեմն` կենցաղը չէ միայն անհարիր կյանքին: «Մենք նման տեղեկատվություն չունենք»,- ներկայացված թվերին հեգնանքով խեթում են: Դե, նրանց թվերն ուրի՜շ են, և հիմքում իրենց գրպանների հաշվեգումարն է, մնացյալը պտտվոււմ է այդ առանցքի շուրջ: Եվ ի՜նչ հրճվանքով է եթերից հայտարարվում Հայաստանին տրամադրվող, ավելի ճիշտ` Հայաստանի վզին խեղդող օղակի պես փաթաթվող հերթական ու ահռելի վարկի մասին, որով նորից նույն շոուն է խաղացվելու` փոքր քանակը փոշիացվելու է անկարևոր այս ու այն գործերի վրա, դե, արդեն բոլորս էլ գիտենք` ճանապարհներ, ծաղիկներ ու ծաղկային թիթեռներ, խախուտ հիմքերի վրա սնկերի պես աճող` անպայման էլիտար շենքեր, մեր Երևանի այնքան հարազատ ու թանկ տուֆակերտ ու հայաշունչ կառույցների հիմնահատակ ավերում, որ երևի ոչինչ չհիշեցնի մեզ, որ 21-րդ դարից առաջ էլ ենք կառուցել ու ապրել գեղեցիկ: Ու թե անելու ոչինչ չգտնեն` Հանրապետության հրապարակը հո միշտ կա ու կա, երկու տարին մեկ կավերեն, կքանդեն-կսարքեն-կքանդեն-կաղճատեն… չակնածելով ո՛չ Թամանյանի հանճարից, ո՛չ հրապարակի տակ հայտնաբերված հին շինություններից, որոնք մի այլ տեղ փայփայանքով թանգարանային արժեքի կվերածվեին: Իսկ գումարների մնացած մասը կբռնի նույն ճանապարհը… դեպի ուր` բոլորս գիտենք:
Մեր առօրյան ու կյանքը արդեն միայն խնդիրներ ու նորանոր ազգակործան ներխուժումներ են` ներս ու դրսից: Նախ, ջանադրաբար, չեղած տեղում ստեղծվում է պրոբլեմը, հետո այն խճճվում է մինչև անլուծելի գորդյան հանգույց դառնալը: Եվ ամեն բան արվում է մի երկու թատերական, նույն սցենարով անցկացված քննարկումից, կողմ ու դեմի մտավարժանքների այդ շոուից հետո, երբ արդյունքում երկուսն էլ` կողմն էլ, դեմն էլ, սղվում են, և մնում է խնդիրը` ավելի հաղթական իր անլուծելիությամբ, այն օրենքի ուժ է ստանում և… մնացյալը դարձյալ` ինչպես միշտ:
Հենց գազն ու իր գինը… հաշվեցին, հաստատեցին, համոզեցին, պարտադրեցի՛ն: Իսկ այդ հաշվից դուրս մնաց ամենակարևոր թիվը, այն պարզապես չկա` դա աշխատանք չունեցող կամ աշխատանք ունեցող` աշխատավարձ գրեթե չունեցող մարդկանց ունեցածն է, ավելի ճիշտ` չունեցածը, որից դեռ ոսկեբեր գետեր են ուզում քամել:
Ու ժողովուրդը գնում է…
Բայց որքան էլ գնան, փակ դռների ետևում խիստ գաղտնիությամբ անցկացվող մարդահամարի արդյունքները երեք միլիոնից չեն իջնելու: Եվ այդ մասին տեղյակ են լինելու աշխարհի տարբեր ծայրերում, միայն ո՛չ մեզ մոտ: Միայն մենք` ընդամենը մեր աչքերի տեսածով, սրտի ցավով ամեն մեկին ճանապարհելով, մեր սեղանների շուրջ պակասող սիրելիների թվով, արդեն փակված ու պատրաստ ճամպրուկներով և թափառումների առագաստը բացած ու համընթաց քամու սպասողներով պիտի ենթադրենք իրական պատկերը: Իսկ «ընտրելու ենք» մեր իրական թվից կրկնակի ու եռակի ավելիով, հարկ ու տուրք վճարելու դարձյալ բազմապատիկով, նաև գնացողների փոխարեն, և դրանից է, որ այն օրեցօր մեր ուժերից ավելի ու ավելի վեր է դառնում: Չէ՞ որ հայրենյաց բախտի հաշվին ուռճացողների ախորժակը նույնն է, չէ՛, ի՞նչ նույնը, ավելի է գրգռվում: Նրանց թվերն ուրի՜շ են. այն են, ինչ իրենց շահին է հարիր: Ու որքան էլ մարդկանց թիվը նվազի` նույն կաշին, նույն չափով պլոկվելու է ընդհանուրի մեջքից. եթե դեռ չես գնացել, ուրեմն` բարի եղիր…
«Ձեզ հայի պես պահեք ու նստեք ձեր տները, այդ փողոցային շարժումներից վախեցող չկա… մենք ոչնչի առաջ կանգ չենք առնի…»,- մոտավորապես այսպես… Միայն թե ի՞նչ ասել է` հայի պես պահելը… տեսնել կործանվող երկիրը, կործանվող ճակատագրերը, ցրվող մի ողջ ազգ ու լռե՞լ: Ոմանք սխալ պատկերացում ունեն հայի մասին ու երևի արդեն չեն հիշում Արցախում հաղթած հային, որովհետև որքան էլ կարիքի մեջ խեղդած ու խեղճացրած լինեն այդ առյուծասիրտ այրերին, որքան էլ նվազած լինի նրանց թիվը, ոգին անթեղված մեր գենի մեջ` նորերի մեջ է բոցկլտալու ու թե պետք է` հրդեհ է դառնալու նորից:
Բայց, ա՛յ, հայի այն տեսակը, որը կարող է այս խոսքերը նետել ժողովրդի դեմքին, որը կարող է… էհ, ո՞րն ասեմ… Ա՛յ, ա՛յդ տեսակն է անհարիր ու խորթ:
Հիշեցի այս գործընթացի ձնծաղիկները… Առաջինն այն սկսեց հենց այն առաջինը, ով խիստ «ազգապահպան ու խելամիտ» միտք կարողացավ հղանալ և խորհուրդ տվեց մեկը մեկին պարտք տալով ապրել: Չասեր էլ, արդեն ելք չունենալուց հենց այդպես էլ վարվում էինք: Տվեցինք-վերցրինք, տվեցինք-կորցրինք… ու եկանք, նորից հասանք մեր օրերին: Հիմա արդեն ոչինչ չունենք, ի՜նչ պարտք տալու մասին է խոսքը, ու նաև հիմա ո՞ր դարն է, որ այդպես տնավարի, մեկս մյուսով ապրենք: Հազարամյակ է փոխվել, և այս քաղաքակրթված նոր հազարամյակում «քաղաքակրթվել» է նաև Աստծուց նզովված, մեզ վաղուց ծանոթ ու հին վաշխառություն կոչվածը: Եվ բանկեր ունենք, որ գրեթե միշտ պատրաստ են հսկա տոկոսներով` մի քիչ էլ քո հողի վրա քո ապրելու ցանկությունն ու հնարավորությունը «բարեհոգաբար» երկարաձգել: Իսկ ոտնահարված ու խլված ապրելու իրավունքը վաղուց է արդարություն, դատ ու դատաստան աղերսում: Ումի՞ց… Երբ դատն էլ է իրենցը, դատաստանն էլ:
Վաղուց ականջովս չի ընկնում «Մի բուռ ազգ ենք» արտահայտությունը, որովհետև մի բուռ հաստատ է՛լ չկանք: Ի՜նչ քամիներ ասես այդ բռան վրա պար չեկան, ու մեզ պես ցրված ու նժդեհ աշխարհի ճանապարհներին` մեկ էլ մենք ենք… «Ձեր երկրում այս ի՞նչ է կատարվում»…
Մինչդեռ ամեն ինչ պետք է արվեր, որ ավելի շատ մանուկներ ծնվեին, որ նորմալ կյանք ու աշխատանք ունենար հայ մարդը, որ չը-գը-նա՜ր… որ դեռ Սփյուռքն էլ բռներ տունդարձի ճամփան… Այսօրվա քարը ծանր է, մարդի՛կ: Ու ինչ թվեր էլ մեզ դեմ տան, մենք հո գիտենք, որ երկիրը օրհասի մեջ է, որ դատարկվո՜ւմ է: Որ այսպես մեկ էլ եղել է: Կարևորը` հասկացաք… Եվ այսպես շարունակվելու դեպքում շուտով բանակի փոխարեն ի վիճակի կլինենք միայն օլիգարխների թիկնազորն ապահովել, ոչինչ ավելի:
Պահը մերն է, և բոլորս ենք պատասխանատու այս վիճակի համար: Գալիքը չի ներելու անտարբերու­թյունն ու անզորության թմբիրը: Մենք պարտավոր ենք ցանկացած ձևով պահանջել և տեր կանգնել մեր իրավունքներին, որ արդեն պարզապես մեր Երկրի՛ իրավունքներն են, նրա գոյատևության վերջին հենարանները: Չեմ չափազանցնում, դուք էլ գիտեք, որ չեմ չափազանցնում: Եվ սարսափելին այն է, որ նրա՛նք էլ գիտեն: Գիտեն, որ արդեն վերջին առուծախն է, եթե կանգ չառնեն… Եվ ամեն բան պետք է անել` հնարավորը թե անհնարը, համոզելով թե պարտադրելով, հաշտությամբ թե անհաշտ` միայն թե կա՛նգ առնեն հեռացողները… կա՛նգ առնեն հեռացնողնե՜րը… Որովհետև չեմ ուզում հավատալ, որ հայրենիք կորցնելու մտքի հետ որևէ մեկը կարող է հաշտվել:
Մեր թանկ, մեր «լուսի կտորի պես» երկիրը, մեր Նաիրին, դարերի արհավիրքների ու դավերի միջով անցած, հերոսների թափած արյան գնով ու, ով ինչ ուզում է ասի, ի վերջո, լոկ Աստծու պահպանությամբ մեզ հասած Երկիրը չի կարող ընդամենը մի քանի զրնգացող ոսկի դառնալ ոմանց գրպանների մեջ: Չի՛ կարող:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.