ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՉԱՐԻՔ, ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-ԿոսյանՄոսկվան հոկտեմբերի 15-ից ցնցումների մեջ է, և դրամատիկ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին: Բիրյուլևոյի շրջանում, որը 20 կմ է հեռու Մոսկվայի կենտրոնից, ադրբեջանցի ներգաղթյալի կողմից 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը ոտքի է հանել ռուս ազգայնականներին: Ռուս փորձագետների կարծիքով, շարքային մոսկվացիները հոգնել են մի շարք ներգաղթյալների քրեածին գործողություններից, նրանց պատճառով տանը իրենց հյուրի կագավիճակից: Ինչպես նշում է ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Միլովը. «Սա դեռևս քաղաքացիական պատերազմ չէ, սակայն Բիրյուլևոյում մենք ականատես ենք լինում ժամանակի ընթացքում կուտակված ատելության դրսևորման առաջին լուրջ դրվագին, ինչը տեղի է ունենում զանգվածային անկարգությունների տեսքով»: Ներգաղթյալների խնդիրը միշտ էլ կոնֆլիկտային է եղել Ռուսաստանում: Հարցն առանձնապես սրվել է վերջին շրջանում, երբ հանրության մեծամասնությունը պահանջում է երկրի իշխանությունից խստացնել միգրացիոն գործող օրենքները, ընդհուպ մինչև վիզային ռեժիմ սահմանելը: Սակայն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլորովին այլ կարծիքի է, ըստ որի. «ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմի սահմանումը կնշանակի, որ մենք վանում ենք մեզանից այդ երկրներին: Իսկ մեզ նրանց մոտեցնել է հարկավոր, այլ ոչ թե վանել»: Անգամ մի թիզ հողի վրա ազդեցությունը չկորցնելու ռուսական քաղաքականությունը հաճախ է տհաճ անակնկալներ մատուցել, սակայն այդ երկիրը, նույնիսկ ի վնաս սեփական քաղաքացիների, չի կարողանում կամ չի ուզում արդեն կարծրատիպի վարածված կայսերապաշտական բարդույթը հաղթահարել: Թերևս այդ բարդույթը հաշվի առնելով էլ ազերիները հանցագործությունը պախարակելու, սպանվածի հարազատներին ցավակցելու, դիվանագիտական ուղիներով էթնիկ լարվածությունը մեղմելու փոխարեն, նույնիսկ սպառնում են: Ադրբեջանի սփյուռքի հարցերով միջազգային կենտրոնի ղեկավար Իսմայիլ Աղաևը վիրավորված հայտարարում է, իբր, մարդասպան Օրհան Զեյնալովը «Բեն Լադենը չէ և Ռուսաստանի կառավարությունը պետք է պատասխան տա իրենց քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացնելու համար»: Այնուհետև իշխանամետ կազմակերպության ղեկավարը նշում է. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` սփյուռքը ներկայացնող ադրբեջանական կազմակերպությունները եվրոպական երկրներում, Թուրքիայում և այլ պետություններում հակառուսական արշավ են սկսում»: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան, տխրահռչակ Փոլադ Բյուլբյուլ Օղլին էլ բացատրում է, որ Ադրբեջանում էլ ռուսներ կան, բայց հո իրենք չե՞ն հետապնդում ու սպառնում նրանց, մոռանալով, որ 90-ականներին արդեն սպանել, բռնաբարել ու ահաբեկել են, ինչի հետևանքով Բաքվի 400. 000 ռուս բնակչից մոտ 75 հազարն է մնացել, 75 հազար պատանդ, քանի որ սպառնալիքները շարունակվում են: Ճիշտ է Դոստոևսկին, որ եթե Աստված չկա (ասել է թե՝ պատիժ), ամեն ինչ կարելի է: Բաքվի ցինիկ կեցվածքը պայմանավորված է նրա հանցագործ գործողությունների դեմ Ռուսաստանի և այլոց լիբերալությամբ: Աշխարհը լոյալ էր նաև, երբ ազերիները հերոսացնում էին մարդասպան Սաֆարովին: Քաղաքականություն կոչվածը միշտ էլ ժողովրդի համբերության հաշվին է ու միաժամանակ լիցքավորվում է ժողովրդական ընդվզումներից: Չնայած ազերիների նկրտումներին, ժողովրդի կոչն է մարդասպանին չհանձնել Բաքվին, որտեղ նրան կարող են ազգային հերոս հռչակել: Նոյեմբերի 4-ին էլ, ի նշան բողոքի, ծրագրված է «Ռուսական երթ» անցկացնել, ստիպելով միգրացիոն ծառայություններին ու իրավապահներին անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել: Նախատեսվում է մոտ կես միլիոն ազերի Ադրբեջան վերադարձնել: Սակայն մեկանգամյա գործողությունները, որոնք կիրառվում են արտակարգ դրություններով թելադրված, ի վիճակի չեն իրավիճակը լրջորեն սրբագրել, քանի որ ներգաղթյալները եթե ոմանց համար չարիք են, ապա եկամտի աղբյուր են մյուսների, թերևս, առավել հզորների համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.