ՇԱՐԺՄԱՆ ԱՐԵՎԻ ՀԵՏԱԳԻԾԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Անուշ Վարդանյանի նորահրատ «Շարժման արևը» գիրքը բանաստեղծուհու հոգու շարժն է օրվա խճանկարի միջով, մի այնպիսի անսպասելի խոհերի զիգզագընթաց դեգերումներում, երբ նա զգում է` «Արյունս շրշում է հորս ձայնով…», ու հասկանում` «ինչ ուժեղ է ձգողությունը Ճա-նա-պար-հի»: Ահա թե ինչպես է ձև առնում ու զարգանում պոետիկ կենսապատումը, որը, որպես ապրումի երգ, վերածվում է անակնկալ գեղարվեստական վավերագրի, ուր սուղ ու լարված ժամանակը չի փոխում պոետի ինքնությունը: Նա մնում է հախուռն ու անկեղծ, «Կյանքը այնքան կարճ է` ստելու համար» և, անշուշտ, բաց ու անդավ:
Դե, իհարկե, սա ես եմ,//Քայլում եմ ուղիղ, խոսում` շիտակ.//Դե, հոգի ունեմ տալու://Ոչ մի դիմակ դեմքիս չափով չէ:
Այո՛, «Շարժման արևը» գրքում Անուշ Վարդանյանը ոչ թե իրականությունն ու կյանքն է իր միջով անցկացնում ու տեսիլախոսքի ելևէջներով կայացնում իր ընկալումների պոեզիան, այլ ինքն է անցնում իրականության ու կյանքի միջով և այն առանց խմբագրման բերում հոգևոր տիրույթ` որպես ճշմարտությամբ փաստագրված անակնկալ պոեզիա: Առաջին հայացքից սովորական նկարագրությունները, որոնք շատ առօրեական են թվում, տեքստի ծավալման հետ, ներքուստ զարգանում են ու հագենում ԽԵՆԹՈՒԹՅԱՄԲ, որ թելադրում է այնպիսի մի կենսաշարժ, ինչը իմաստավորում է բանաստեղծության աշխարհ գալը, դրանով իսկ, մեկ անգամ ևս, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, ասես, ապացուցում է, որ պոեզիան կենսակերպ է, և ազնիվ գիրը կյանքի ճշմարիտ արտացոլանքն է, որ կա:
Գիտե՞ք` ինչ պարզվեց,//Պարզվեց` ես «գող» եմ,//թռցնում եմ մտքերը ուրիշի, բառերի//պատառիկները քամու միջից.//ընդօրինակում եմ շարժուձևը մոդել- մանեկենի,// չգիտեմ` ինչպես, բայց տողերը//ատելի գովազդի, որ վաղուց//հոգնեցրել են ականջ ու աչք,//դառնում են բանաստեղծություն//ինքնատիպ…
Ճիշտ է, Ա. Վարդանյանը գրում է` «Այժմ երջանիկ եմ օրով յուրաքանչյուր», բայց նրան խորթ չեն անհանգստացնող մտաբևեռումները դեպի անցյալ ու ապագա` պայմանավորված համաշխարհային գործընթացներով, որի արգասիքն են «Շարժման արև», «Երևան-Փարիզ տրանզիտ» պոեմները, ինչպես նաև «Կյանքի դիմակահանդես» և «Հարբած երկնքի ներքո» բանաստեղծական բաժինները:
«Շարժման արևը» պոեմը, ըստ Անուշ Վարդանյանի, ձոն է` ուղղված կործանված քաղաքակրթություններին, որոնց գաղտնախորհուրդը այսօր մեզ ամեն քայլում շրջապատում է. «Ճշմարտությունը մեր կողքին է` այստեղ», և այն անտարբեր է ու չի վախենում ժամանակից:
Անցյալի ու ապագայի միջև//քարացած սառցալեռ եք,// քաղաքակրթություններ` հզոր,//աշխարհներ` կորսված:// Ձեր ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ//անթիվ-անհամար են,//երբ բացվեն, բացահայտվեն,// կփրկեն, անշուշտ, //ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅԱՆԸ// ՃԱԿԱՏԱԳՐԻՑ//ԱՆՀԵԹԵԹ…
Կործանված ացտեկները սրբավայրերի որմերին փորագրել ու հաշվարկների տեսքով թողել են մարդկության զարգացման իրենց պայծառատեսությունը, որի համաձայն` մեր օրերը համընկնում են շարժման արևի ժամանակին, իսկ Անուշ Վարդանյանի համար շարժման արևը ասոցացվում է իր դռները մինչև վերջ բացած Սեր պոեզիայի լույսին, քանզի նրա համար էական չէ դուռ բախելը, կարևորը մուտքն է, անցումը, սուզումը աշխարհից աշխարհ ու այնտեղ որոնել այն ճանապարհը, որը երազներից կյանք է տանում: Այդ փնտրտուքներն են Ա. Վարդանյանի շարժման արև, որի էներգիան ո՛չ եթերային է, ո՛չ երազային, այլ դրանցով լիցքավորված, ինչը «Շարժման արևը», «Երևան-Փարիզ տրանզիտ» պոեմներում և ընդհանրապես բանաստեղծություններում ներկայանում է ուրախ հնչյուններով, բազմագույն պատկերներով, անգամ օծանելիքի բույրով, մի համայնապատկերում, ուր հնարավոր չէ սահման դնել անսահմանին:
Առտվան շաղին փշրանքները//Կտցող հավքեր,//Օգնեցեք ինքնաթիռ-պողպատ թռչունին//Անվրեպ հասցնել ինձ Փարիզ:
Եվ մենք կընդունենք թե չենք ընդունի, մեկ է, «խառնափնթոր ու անկատարյալ է» աշխարհը, խութերով հարուստ ու առեղծվածային: Այդպես էլ, միևնույն է, Անուշ Վարդանյանի չսասանվող սիրո շարժման արևը ճառագում է նրա մատնեմատի ադամանդից, որից էլ ածանցվում են կյանքը առաջ մղող սիրո դրսևորումները որպես կնոջ ճակատագիր.
Օ՜, ես չեմ կարող առանց//Կապանքների…//Առանց կապանքների սիրո…
Իսկ այդ ամենը բանաստեղծուհու համար սկսվեց անմեղ-անմեղ մի գեղեցիկ օր, քուն-արթուն հաճելի մեկ պահի, երբ առանց աղի բլիթի էլ, կյանքի աղը նրա շուրթերի պապակությունն էր դարձել իրականությանը լծորդված երևակայությունում.
Ինձ երևաց Սեաւն հեծած//Ասպետը Սարգիս,//նրա մուգ աչքերի շանթող հայացքը//ինձ հետ է հավերժ,//իսկ հետո՞, հետո ինձնից սկսեցին//հորդել տողեր,// տողեր բանաստեղծական…
«Էքսպրոմտ»,«Պատկեր», «Խոստովանություն», «Տողեր գովազդից», «Անվերնագիր», «Կրկներգ», «Երազն ինչպես կա», սրանք վերնագրեր են բանաստեղծությունների, որոնք կրկնվում են ու ստեղծում մի պոետիկ միջավայր կյանքի կրկնելիությունը վկայող, ուր մեղրագույն աչքերը հուշում են` «Ապրես այնպես, ասես վաղը չի գալու երբեք»: Այս անվերջությունից է իմաստավորվում որոշակի վերջավորությունը, ինչպես որ 127-րդ էջի «Կրկնություն» բանաստեղծության երկխոսությունն է խորհել տալիս:
– Իսկ դու կարո՞ղ ես ձեռքդ//մտցնել ընձառյուծի//երախը բաց…//- Իսկ ինչո՞ւ է քեզ//թվում, որ հեշտ է, դյուրին//ստել` նայելով իմ//աչքերին//կանաչ…
Անուշ Վարդանյանի պատկերային մտածողության մեջ, առաջին հայացքից, ինչ-որ անփույթ ու արձակ թողնված ընթացք կա, բայց երբ խորամուխ ես լինում իրավիճակում, հասկանում ես, որ սիրո գավաթն ըմպածի իմաստությամբ, խումհարություն է փոխանցված վարդանյանական բառերի շնչառությանը: Կյանքի դիալեկտիկան բանաստեղծուհին արժևորում է սիրո և ներման խորհրդում, որոնց անքակտելիությունն ու փոխլրացումն են հանգեցնում հոգու խաղաղեցնող երջանկությանը: Ինչքան էլ բանաստեղծուհու ձին խրտնած լինի ու սանձակոտոր, միևնույն է, նա այդ երջանկությամբ մնում է կին. կին` աչքը դռանը հառած.
Երբ կբացվի դուռը, դուռը իմ տան` //Հանկարծ, անսպասելի…//Եվ կմոռացվեն վիրավորանքները սին,// խռովքը հոգու կփոխարինվի,//որովհետև//ես նորից գտա //քեզ:
Ա. Վարդանյանի համար էական է ՄԱՔՈՒՐ ՀՈԳՈՒ ՁԱՅՆԸ: Նա մտածում է` «Ես կգտնեմ կարևորը, գլխավորը` ներդաշնակությունը աշխարհի», և այն նրան հայտնվում է մարդ արարածի և բնության ներդաշնությունում, երբ «Հարբած երկնքի ներքո» նա տրվում է սիրո տարերքին, և բնական է խոստովանությունը:
Երկինք-գմբեթի լեզվակները//ես ու դու ենք,//իսկ զանգի արծաթաշունչ ձայնը//սիրո հնչյուններն են`//բրոնզ ու ոսկի…
Քնարական է Անուշ Վարդանյանի պոեզիան, որի «Ժամանակը հոսում է ինչպես ջուր». նա դողում է իր հիշողությունների համար ու փորձում է անխաթար պահել, պահպանել այն: «Շարժման արևը» գրքի քնարականության ելևէջումները մեզ շրջապատող իրականության նման բազմաբնույթ են, բազմախորհուրդ և ունեն խոհափիլիսոփայական, անձնական, բնապատկերային և քաղաքացիական համապատասխան երանգներ, որոնք միշտ չէ, որ «փողոցի արևոտ կողմից» են գալիս, բայց, անկասկած, նրանց շարժման էներգիան Անուշ Վարդանյանի արևն է սնուցում, ուստի`
Չկան ավելորդ խոսքեր,//խոստումներ սին,//միայն տրոփում է//նորածին զարգացումը և//պտտվում ռիթմով//ֆլամենկոյի:
Այսքանը համարենք Անուշ Վարդանյանի «Շարժման արևը» գրքի մասին իմ հակիրճ նախախոսքը, բայց արժե հիշատակել նաև գրքի գեղեցիկ նկարազարդումը: Էդվարդ Միլիտոնյանի հեղինակած պատկերները, որոնք օգտագործված են գրքում, գծագրված են հոգու աչքերով, պարզ են ու անպաճույճ, միաժամանակ այնքան համահունչ բանաստեղծական ժողովածուի բովանդակությանը, որ կարծես «Շարժման արևը» գրքի պոեզիան բացող սիմվոլիկ բանալիներ լինեն, որպես Բրաբիոն ծաղիկ ու եթերային հայացք և, իհարկե, կենաց ծառին իջած հեքիաթային հավք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.