Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ուզենք, թե չուզենք Հայաստանում 2017 թ. ամենակարևոր քաղաքական իրադարձությունը Ազգային ժողովի հերթական ընտրությունն էր, որը վերջնականապես զրոյացրեց ազատության, ժողովրդավարության չափաբաժինները մեր երկրում, գրեթե վերջնականապես վերացրեց հավատը ներկա և գալիք ժամանակների հանդեպ, արդյունքում` հուսալքությունը ավելի խթանեց շուրջ քառորդ դար պտտվող ու դինամիկորեն արագություն հավաքող արտագաղթի թափանիվը: Բացահայտ արտոնյալ պայմաններում տասը հազար դրամանոցը մեր, ընտրողներիս ճակատներին դարձավ խարան, իսկ Ազգային ժողովի մուտքին` կանաչ լույս:

2. Նման պայմաններում, նման երկրում, կարծում եմ, դժվար է խոսել մշակութային իրադարձություններից, քանզի տարանջատելի չեն կեղծ ու իրական մշակութային արժեքները, ավելի ճիշտ` կեղծ արժեքները ստվերում են իրական արժեքները: Դա ցցուն երևում է մշակութային բոլոր ոլորտներում: Միտումը մեկն է` մեկուսացնել իրական արժեքներ ստեղծող, քիչ թե շատ հեղինակություն ունեցող մտավորականին, ինչպես մեկուսացրին, գնեցին, տարբեր ճանապարհներով շարքից հանեցին քիչ թե շատ ընդդիմություն համարվող քաղաքական գործիչներին, որպեսզի վերջնականապես ազատվեն ազատ ընտրությունների արդյունքում իշխանափոխության սպառնալիքից:

3. Թվում է, թե այսքանից հետո իմ ստեղծագործական կյանքում կարևոր իրադարձություն չպետք է լիներ: Բարեբախաբար, կա և շարունակվում է ամեն օր. այն իմ ստեղծագործելու կարողությունն է, որ դեռևս չի դավաճանել ինձ: Ուստի հնարավոր է և արժե պայքարել ազատ, ժողովրդավար, զարգացած ու մշակութային հայրենիք ունենալու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.