ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ ՆԱԽԸՆՏՐԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՇՈՒՇԻՆ… / Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ռուբեն Արուտչյան«Ես նայեցի դեմքիդ, փորձեցի թափանցել հոգուդ խորքը և անասելի ցավ զգացի: Սակայն ինձ թույլ չտվի արտասվել… Հայացքիս առաջ դու էիր` իմ հայոց Շուշի, բարբարոսների կողմից ավերված իմ հուշերի, իմ երազների քաղաք…»: Չհաշտվելով պապերի ծննդավայրի, երբեմնի ծաղկուն կենտրոնի, հայրական օջախի կորստի հետ, այսպես է Շուշիի նկատմամբ իր կարոտն ու սերն արտահայտել Հայաստանի ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանը, ով այսօր կդառնար 100 տարեկան:
Աստվածահաճո զուգադիպու­թյամբ Արուտչյան արվեստագետների գերդաստանում մի քանի օրերի տարբերությամբ միանգամից 3 հոբելյան են նշում: Լրանում է նաև Հայաստանի ժողովրդական նկարիչ, Եղիշե Չարենցի մեծ բարեկամ, ծննդով շուշեցի Միքայել Արուտչյանի ծննդյան 115 ու տոհմածառի «ամենակրտսեր» արվեստագետ, ճանաչված գեղանկարիչ ու ճարտարապետ Ռուբեն Արուտչյանի 65-ամյակը, ով որդին է երջանկահիշատակ Սերգեյ Արուտչյանի ու իր հոր փառավոր ճանապարհն է արժանապատվորեն շարունակում` ստեղծագործական ներշնչանքի աղբյուր նախընտրելով հայոց Շուշին, Արցախը…
Արուտչյանների աստղաբույլի ներկա­պնակն այնքան պայծառ է, լուսավոր, ջերմությամբ ու նեկտարով լի, որ գույների համադրումից` մեծածավալ մեկ կտավի մեջ ամբողջ Հայաստանի համայնապատկերը կարելի է ըմբոշխնել… Միևնույն ժամանակ յուրաքանչյուրն ինքնատիպ է` թեմաների ընտրությամբ, երևույթների ընկալմամբ, մտածողությամբ, գունաարտահայտչամիջոցներով ու վրձնահարվածներով… Ու վայելելով նրանց ստեղծագործությունները` կրկին համոզվում ես այն հայտնի ճշմարտության մեջ, որ իսկական արվեստը հմայում, սրտեր է գերում, այն հող հայրենիք ավիշով լի արմատից է սերվում, սնվում ժողովրդական ակունքներից… Ու պատահական չէ, որ Արուտչյանների կտավներն ու արվեստի մյուս գործերն այնքան հոգեհարազատ են մեզ:
Սկսած մեծից (Միքայել Արուտչյանից) մինչև կրտսերը` Ռուբեն Արուտչյանը, արվեստագետների եռյակն իր շռայլ տաղանդը դրսևորել է նկարչական արվեստի (ընդհուպ` կիրառական) բոլոր ուղղություններում: Ու դատելով կենսագրականից, դժվար չէ համոզվել` թե՛ ձևով և թե՛ բովանդակությամբ որքան ազգային, խորքային ու համամարդկային են նրանց կողմից ստեղծված գործերը: Միքայել և Սերգեյ Արուտչյանները երկար տարիներ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Ա. Սպենդիարյանի անունը կրող օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնների գլխավոր նկարիչներն են եղել (հատկանշական է նաև, որ Մ. Արուտչյանը անցյալ դարի քսանական թվականների «Կարմիր մոծակ» հայկական երգիծական հայտնի ամսագրի գլխավոր նկարիչն էր, իսկ Ս. Արուտչյանը` «Ոզնիի» հիմնադիր նկարիչը): Ու եթե Միքայել Արուտչյանը, շարունակելով Գեորգի Յակուլովի նորարարական ավանդույթները, արմատապես վերափոխել է հայ թատրոնի բեմական մշակույթը (ի դեպ, նա ներկայացումներ է ձևավորել նաև Թբիլիսիի և Գյումրու թատրոններում), ապա Սերգեյ Արուտչյանը շարունակել է նրա ավանդույթները: Երկուսն էլ եղել են նկարիչները տասնյակ թատերական և օպերային բեմա­դրությունների, ինչպես նաև հայկական հայտնի կինոֆիլմերի, որոնք պահվում են Ազգային ֆիլմադարանի ոսկե ֆոնդում և լայն արձագանք են գտել ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային Միության և աշխարհի տարբեր երկրներում: Հեղինակել են այնպիսի մեծածավալ կտավներ, որոնք ազգային արժեք են ու այսօր զարդարում են հայկական ազգային թատրոններն ու պատկերասրահները:
Ավագ հորեղբոր և սիրելի հոր դժվարին ու պատվաբեր ճանապարհն է ընտրել և Ռուբեն Արուտչյանը` տքնանքով, արվեստագետի հաճելի տառապանքով ստեղծելով նկարչի իր ինքնատիպ դիմանկարը:
Ամենատարբեր պարգևների ու մրցանակների (այդ թվում` պետական) արժանացած արվեստագետը, որ մասնակցել է հանրապետական ու միջազգային մի շարք մրցույթների, շահելով առաջին մրցանակը լավագույն կտավի կամ գրաֆիկական աշխատանքի` պլակատի, հայկական նոր թղթադրամների, ճարտարապետական մի շարք նախագծերի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ձևավորման, գեղանկարչական պաննոների համար, հեղինակն է հանրահայտ «Գարեգին Նժդեհ», Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված «Անտունի», Հայոց Մեծ եղեռնի կապակցությամբ` «Երդվյալներ» դիմանկարային կոմպոզիցիայի, «Արածանիի ճակատամարտը» մեծածավալ գեղանկարի, ՀՀ պաշտպանության բանակի զինանշանի, մարտական մի շարք շքանշանների ու մեդալների, մի քանի տասնյակ շարժերի ու ծաղրանկարների, բարձրարվեստ այլ գործերի: Տարիներ առաջ հանդիսանալով Երևանի գլխավոր նկարիչն ու ճարտարապետը` քիչ բան չի արել Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական դեմքն անխաթար պահելու, մշակութային առումով քաղաքն առավել գրավիչ ու ճանաչելի դարձնելու համար:
Արժեքների ստեղծման ու զարգացման գործում անուրանալի է Ռ. Արուտչյանի ներդրումը նաև «արցախյան հավաքածուներում»: Հոբելյանական տարբեր միջոցառումների, այդ թվում` ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, նա բազմաթիվ հուշատախտակներ է ստեղծել Շուշիում և Ստեփանակերտում: Սակայն հասարակության մեջ առավել մեծ հնչեղություն են ստացել նրա հեղինակած գեներալ-լեյտենանտ Վալերիան Մադաթովին նվիրված հուշաքարը (տեղադրված է Շուշիում) և հայոց բերդաքաղաքի զինանշանը: Պատահական չէ, որ Մեծ հաղթանակի օրվա, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցու­թյամբ գեղանկարիչ Ռուբեն Արուտչյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևա­­տրվել է «Երախտագիտություն» մեդալով:
«Իմ սերունդը հետաքրքիր է նրանով, որ մեր անցած կյանքի ճանապարհին տեղի են ունեցել բազմաթիվ բախտորոշ իրադարձություններ: Ճանապարհ` սկսած «ժողովուրդների վերաբնակեցումից» մինչև կայսրության անկումը: Մենք ամեն ինչին արձագանքում էինք յուրովի: Վաղ սկսեցինք ըմբռնել, որ այնտեղ` մեզանից հեռու ինչ-որ տեղ, մարդիկ ապրում են ավելի լավ ու հետաքրքիր կյանքով,- ասում է Ռ. Արուտչյանը: – Վաթսունականների ճարտարապետական վերելքը, իմ­պ­րեսիոնիստների և ժամանակակից արվեստի առաջին անգամ տեսած վերարտադրությունները, Բիթըլզ, մեր Շարլը և շատ այլ բաներ լցնում էին մեր կյանքը մինչև վերջին սահմանը: Բայց ամենից կարևորն այն էր, որ մենք ունեինք կրթության և հնարավորինս շատ բան իմանալու պաշտամունք: Մենք վայրկենաբար հետևեցինք Երևանի Թատերական հրապարակ կանչող շեփորի ձայնին և մասնակցեցինք Ղարաբաղյան շարժմանը` ով ինչպես կարողացավ: Եվ մեզանից շատերի մտքով անգամ չէր անցնում օգտվել հեղափոխության արդյունքներից… Միայն մեկ բան էինք ուզում` ապրել նորմալ երկրում և հպարտ լինել նրա համար: Վերհիշեցինք 1964 թվականը, երբ խանդավառ հույս ունեինք, թե կարող են Ղարաբաղը վերադարձնել Հայաստանին: Այն օրերին մեր տունը վերածվել էր մի իսկական շտաբի: Տոհմիկ շուշեցի հորս մոտ էին հավաքվում բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին իրենց ստորագրությունը դնել իշխանություններին հասցեագրված խնդ­րա­գրի տակ: Որքան էինք միամիտ… Հետո արդեն պարզ դարձավ, որ հողը կարելի է հետ բերել միայն այնպես, ինչպես արեց մեր ժողովուրդը»…
Արվեստագետի մանկական հուշերում մնացել են հոր արվեստանոցի ներկերի ու լուծիչի հոտերը: «Եթե ծնվել ես նկարչի ընտանիքում, ապա շատ դժվար կլինի չդառնալ նկարիչ: Ուզում ենք այդ բանը թե ոչ, սակայն արվեստը վիթխարի ուժ է: Այն մեզ վրա ներգործում է ամենաանմիջական կերպով: Որևէ գլուխգործոց դիտելուց, ունկընդրելուց կամ ընթերցելուց հետո մարդու հայացքն է նույնիսկ ավելի գեղեցկանում և դադարում նկատել այն, ինչ պիտանի չէ»,- եզրակացնում է Ռ. Արուտչյանը` համոզված, որ արվեստն օգնում է լուծել նույնիսկ ամենակարևոր հարցը: «Մենք ինչպե՞ս կարող էինք բարձրացնել Ղարաբաղի հիմնախնդիրը, եթե արցախյան հողը ծածկված չլիներ հայկական հուշարձաններով: Նրանք են մեզ տալիս այդ իրավունքը, այլ ոչ թե անտառներն ու լեռները»,- փիլիսոփայում է Արուտչյանը:
Ալբոմի էջերից մեկում Ռ. Արուտչյանի ընկերը` փիլիսոփա Կարեն Սվասյանն, ահա թե ինչ է գրել գեղարվեստի մասնագիտության մասին. «Հավանաբար, մեր ժամանակներում նկարիչ լինելը նույնքան դժվար է, որքան առաքինի մարդ լինելը: Աշխարհը լիքն է բաց աչքերով կույր մարդկանցով, որոնց հայացքը կողքով է անցնում, եթե նույնիսկ նայում են դիմահար: Սակայն տեսնել աշխարհը նշանակում է այնտեղ տեսնել ոչ թե պատրաստի իրերի գերեզմանոց, այլ սկիզբ, որ ծնվում է ամեն վայրկյան ու չունի պատճառ: Նկարիչը նա է, ով ընկալում է տեսանելի այգաբացի շարժումները և լսում իրերի ճիչը: Միայն չպետք է մտածել, թե նա նկարում է այն, ինչ տեսանելի է: Ավելի շուտ, հակառակը` նա նկարում է, որպեսզի տեսանելի լինի և որպեսզի հետո արդեն այդ նկարվածի վրա երևա, թե նա ով է և ինչի է ընդունակ»…
Ռուբեն Արուտչյանի համոզմամբ` այս ընդհանրացումը նկարչի աշխատանքի, շրջակա աշխարհի հետ նրա հարաբերությունների շատ տարողունակ և ճշգրիտ բնորոշում է. «Առհասարակ, նկարիչը պիտի ազնիվ լինի իր և իր ստեղծագործության նկատմամբ: Միայն այդ ձևով կարող է մի նոր, տպավորիչ գործ ծնվել»: Որքան էլ որ տարօրինակ հնչի, ըստ գեղանկարիչ- ճարտարապետի, հիմա աշխատելն ավելի հետաքրքրիր է նաև այն պատճառով, որ արդեն ամեն ինչ հնարված է… Ասել է թե` մնում է աշխատել յուրովի: Ու հենց դա է ամբողջ գաղտնիքը` կտավի ամեն մի վրձնահարվածի, թղթի ամեն մի շտրիխի անկրկնելիության գաղտնիքը: «Նույնիսկ բջջային հեռախոսների, DVD- ների ու բրազիլական սերիալների ներկա դարում նկարիչը մոտենալու է նկարակալին, որպեսզի հրաշքներ գործի,- փառք Աստծու, որ շտրիխի անկրկնելիությունը դեռ հարգի է»…
Երբեմն նրան ցավ է պատճառում այն միտքը, որ մի քանի դար շարունակ չենք ունեցել եվրոպական չափանիշներով գեղա­նկարչու­թյուն: «Հավանորեն միայն երկրի բարեկեցությունը կարող է միջավայր ու հող դառնալ արվեստի համար: Չնայած մեզ հաջողվել է ամբողջական քաղաքներ կառուցել` լինելով ոչ այնքան բարեկեցիկ», – կարծում է արվեստագետը: Նա այն համոզմունքն ունի, որ Երևանում, ինչպես ցանկացած տեղ, մեկնած և ընդմիշտ հրաժեշտ տված համաքաղաքացիների փոխարեն գալիս և ծնվում են նորերը ու լրացնում ազատ տարածությունը: «Այդ տեսակետից հիշարժան է 80-ականների կեսերի Երևանի իրավիճակը: Մշակութային առումով քաղաքը դառնում էր ճանաչելի: Այսօր այդ բանը, ցավոք, չկա: Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչու: Սակայն չեմ ուզում կարոտախտից խոսել: Քաղաքն ապրում է բոլորովին այլ պայմաններում, այլ համատեքստով: Ինձ որոշ չափով մտահոգում է այն, որ լրացնելով բաց թողնված ժամանակը, մենք ուզում ենք Երևանը ավարտուն տեսքի բերել հինգ տարում: Բայց չէ՞ որ քաղաքը բարդագույն օրգանիզմ է և զարգանում է դարերի ընթացքում: Գուցե պետք չէ ժամանակից շուտ հուշարձանների մրցույթներ հայտարարել քանդվածների փոխարեն: Ավելի լավ կլինի սպասել` ժամանակ անցնի, իսկ հետո այդ բանը մի այլ մշակութային միջավայրում կանի մեկ այլ սերունդ, որը իր նախորդներից ժառանգած կլինի սերը դեպի իր քաղաքը և պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ կկատարվի այնտեղ: Մի խոսքով, ինչպես իմաստուն չինացիներն են ասում` պետք է շտապել դանդաղորեն»…

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: ՄԱԳԱՂԱԹ.AM » Ռուբեն Արուտչյան. Կենսագրություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։